Հ․Յ․Դ․ Ընդհանուր Ժողովը

0 0
Read Time:4 Minute, 54 Second

«Դրօշակ»-ի Առաջնորդող Յօդուած

Մարտ 2022 

2022 թ․ Փետրուար 28-ից Մարտի 8-ը Հայաստանում տեղի ունեցաւ Դաշնակցութեան 34-րդ Ընդհանուր ժողովը։ Գաղտնիք բացայայտած չենք լինի, եթէ ասենք, որ Ընդհանուր ժողովները Դաշնակցութեան ընթացիկ կեանքում տեղի ունեցող ամենակարեւոր իրադարձութիւնն են։ Իբրեւ Հ․Յ․Դ․ աշխարհատարած ողջ կառոյցի բարձրագոյն ժողովներ՝ դրանք գալիք քառամեայ շրջանի համար ընդունում են ռազմավարական բնոյթի որոշումներ։ Այդպիսով ժողովները նաեւ ամրապնդում են կուսակցական կազմակերպօրէն ապակենտրոն կառոյցի, ինչպէս եւ նրա գաղափարախօսութեան ու ռազմավարական առաջադրանքների միասնականութիւնը։ Բնական է, որ Հայաստանում, Աւստրալիայում, Գանատայում, Շուէտում կամ մէկ այլ վայրում Դաշնակցութեան կառոյցների առջեւ ծառացած կոնկրետ խնդիրները կարող են լինել միանգամայն տարբեր, սակայն տեղական խնդիրների լուծումները չեն կարող հակասել կուսակցութեան Ընդհանուր ժողովների ոգուն ու տառին։ Առաւել եւս հակասութիւն չի կարող լինել Ընդհանուր ժողովների ընդունած ուղենիշների, որոշումների ու հայեցակարգային մօտեցումների հարցում։

Ընդհանուր ժողովները յաճախ որակւում են որպէս պատմական ժողովներ, եւ սա հաճոյախօսութիւն չէ, որ իրենց հասցէին անում են իրենք՝ դաշնակցականները։ Ցաւօք, Հ․Յ․Դ․ 131-ամեայ կենսագրութիւնն անցել է հայոց պատմութեան դրամատիկ ու դժնդակ փուլերով, որոնց ընթացքում Հ․Յ․Դ․-ի ստանձնած յանձնառութիւնը եղել է նոյնը՝ մասնակից լինել հայ ժողովրդի ճակատագրի կերտմանը՝ այդ նպատակին անմնացորդ նուիրաբերելով իր ֆիզիքական ու բարոյական ողջ ներուժը։

Հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար այդպիսի մի դժնդակ ժամանակ էլ գումարուեց Հ․Յ․Դ․ ոչ արտահերթ, բայց իր բնոյթով արտակարգ 34-րդ Ընդհանուր ժողովը։ Բնականաբար, հայ կեանքի տագնապները չէին կարող անարձագանգ մնալ այս կարեւոր ժողովում։ Ընդհակառակը՝ մթնոլորտում գերիշխողը հէնց այդ մտահոգութիւններն էին, որոնք էլ առաջնորդեցին ժողովն ու արտացոլուեցին որոշումներում։ Կարելի է հաստատել, որ Հայաստանում ու Արցախում ստեղծուած իրավիճակի, նրանց առջեւ ծառացած մարտահրաւէրների գնահատման, ինչպէս եւ դրանցից բխող անելիքների յստակեցման առումով ժողովը եղաւ միակամ, բոլոր ելոյթ ունեցողները եւ ընդհանրապէս ներկաները համամիտ էին այն գնահատականներին, որոնք արտացոլուեցին ժողովի բանաձեւերում եւ նախանշուող անելիքների հիմքը դարձան։

Ժողովը տագնապով արձանագրեց, որ այսօր գերխնդիր է դարձել Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների անվտանգութեան, տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան, կայունութեան ու զարգացման ապահովումը, եւ Հայաստանի իշխանութիւնների վարած ապազգային քաղաքականութեան շարունակումը յանգեցնելու է Հայաստանի թուրքացմանը, Արցախի հայաթափմանը, իսկ սպառնալի չափերի հասնող արտագաղթը կարող է ժողովրդագրական աղէտի վերածուել թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի համար։ Հայաստանի Հանրապետութիւնը դադարել է լինել Արցախի Հանրապետութեան եւ Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը, նուազում է Արցախի՝ որպէս համահայկական գործօնի դերակատարութիւնը: Ատրպէյճանական զօրամիաւորումները շարունակում են խախտել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, սասանել երկրի ինքնիշխանութիւնը:

Ժողովականները արձանագրեցին, որ Հայաստանի պետական ինստիտուտները կազմաքանդուած են, բանակը, ինչպէս եւ ազգային անվտանգութեան դէմ ուղղուած սպառնալիքներին դիմակայելու ներուժը՝ քայքայուած։ Սրան զուգահեռ ոտնահարւում են հայկական ինքնութիւնը կերտող ազգային եւ աւանդական արժէքները, երկրի քաղաքական օրակարգից դուրս են մղւում Հայ Դատը, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման գործընթացը, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հռչակագրում ամրագրուած համահայկական յանձնառութիւնները։ Համազգային պառակտուածութեան եւ անհանդուրժողականութեան վտանգաւոր մակարդակը, ազգային արժէքների եւ տեսլականների ոտնահարումը, քաղաքական ուժերի եւ ազգային ինստիտուտների հանդէպ հանրային հաւատի եւ վստահութեան պակասը, քաղաքական կայուն համակարգի եւ ստեղծարար օրակարգերի բացակայութիւնը, երկրում իրականացուող բռնաճնշումները, քաղաքական, մշակութային, գիտական եւ հոգեւոր ընտրախաւերի հեղինակազրկումը գրեթէ բացառում են հանրային երկխօսութիւնը, անէացնում հեռանկարի յոյսը, նպաստում արտագաղթի տեմպերի աճին։

Երկրի հակասահմանադրական ընթացքը, համատարած բռնաճնշումներն ու քաղաքական հետապնդումները ամրապնդում են երկրում հաստատուած աւտորիտար ռեժիմը։

Կատարելով այսպիսի գնահատումներ՝ Հ․Յ․Դ․ Ընդհանուր ժողովը հաստատեց այս բախտորոշ շրջանում կուսակցութեան յանձնառութիւնները՝ ի շահ հայ ժողովրդի եւ հայոց երկու պետականութիւնների։ Ընդ որում, ազգի ու հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրները յաղթահարելու նպատակով Դաշնակցութեան ժողովն ընդունեց, որ կուսակցութիւնը կարող է համագործակցել նոյն նպատակները հետապնդող ազգային բոլոր ուժերի հետ, պահանջել, որ օրուայ ցանկացած իշխանութիւն ձեռնամուխ լինի ծագած խնդիրների լուծմանը, իսկ այլ պարագաներում միշտ պատրաստ լինի ինքնուրոյնաբար ու միայնակ դուրս գալու պայքարի հրապարակ։

Որպէս ստեղծուած իրավիճակի յաղթահարմանն ուղղուած ռազմավարական նպատակ նախանշուեց ազգային բանակի հզօրացումը՝ իբրեւ հայրենիքի անվտանգութեան անփոխարինելի երաշխիք։ Դաշնակցութեան պատկերացրած «ազգ-բանակ»-ի գաղափարից է բխում համաժողովրդական բանակի կազմաւորումը, որն օժտուած կը լինի 21-րդ դարին համապատասխան կարողականութեամբ։

Ժողովը արձանագրեց, որ Հայաստանում համակարգային ճգնաժամի յաղթահարման համար անհրաժեշտ են ռազմավարական հեռանկարային համապարփակ ծրագրեր, որոնք թոյլ կու տան վերականգնել պետական անվտանգութեան ողջ համակարգը։

Կարեւորագոյն հիմնախնդիրներ համարուեցին Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան, տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան, կայունութեան ու զարգացման ապահովումը, Հայաստանի եւ Արցախի հայաթափման կանխումը։

Անհրաժեշտ նկատուեց սահմանել եւ յստակացնել համազգային այն կենսական շահերն ու կարմիր գծերը, որոնցից դուրս որեւէ զիջում անընդունելի է։ Մասնաւորապէս՝ նկատի ունենալ, որ յանուն Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատման հայութիւնը չի կարող ընդունել որեւէ նախապայման, որն ուղղուած կը լինի Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան դէմ, կը պարտադրի Հայաստանին ճանաչել ներկայումս ձեւաւորուած փաստական սահմանները, ինչպէս եւ հրաժարուել Հայ Դատի պայքարից՝ հայութեան արդար պահանջատիրութիւնից։

Այժմէական որակուեց Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական փոխգործակցութեան պայմանագրի կնքման անհրաժեշտութիւնը։ Անհրաժեշտ համարուեց նաեւ Հ․Հ․ իշխանութիւններին մղելը, որ միջազգային հարթակներում հանդէս գան Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ ազգային իրաւունքների երաշխաւորի յանձնառութեամբ։

Հայաստանի եւ Արցախի քաղաքական կշիռն ու դերակատարութիւնը վերականգնելու նպատակով անհրաժեշտ համարուեցին աւանդական դաշնակիցների հետ խարխլուած յարաբերութիւնների վերականգնումը, կապերի զարգացումը նախկին դաշնակիցների ու գործընկերների հետ, այդ թւում՝ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ա․Մ․Ն․-ի, Եւրոմիութեան երկրների, Չինաստանի ու Հնդկաստանի եւ այլն։

Որպէս սոցիալիստական կուսակցութիւն՝ Դաշնակցութիւնը ազգային հիմնահարցերի կողքին չէր կարող չկարեւորել նաեւ հայ մարդու եւ հայ հասարակութեան առօրեայ կենսական խնդիրները։ Ժողովը վերահաստատեց, որ իբրեւ ընկերվարական (սոցիալիստական) քաղաքական ուժի՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան» համար մարդը եւ նրա բարեկեցութիւնը հիմնական արժէքներ են: Ընկերային (սոցիալական) արդարութեան, հանրային համերաշխութեան եւ եկամուտների արդար բաշխման խնդիրները տակաւին լուծուած չեն: Մեր ազգային անվտանգութեան համար սպառնալիքի աստիճանի հասած հանրութեան բեւեռացումը մնում է Հայաստանի ներքաղաքական հիմնական մարտահրաւէրներից մէկը:

Դաշնակցութիւնը չէր կարող մոռանալ Սփիւռքը՝ իր հիմնահարցերով եւ հայութեան ու հայոց պետութեան կեանքում դերակատարութեամբ։ Գնահատուեց Սփիւռքի ռազմավարական դերը՝ որպէս հայկական եռամիասնութեան կարեւոր օղակի։ Նշուեց, որ անհրաժեշտ է նոր աւիւն ներարկել Սփիւռքի առաւել կազմակերպման եւ համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։

Հայաստանում ճգնաժամի յաղթահարման կարեւոր պայման դիտուեց քաղաքացիական հասարակութեան ձեւաւորումը։ Շեշտուեց, որ ազգային կրթութիւնը եւ դաստիարակութիւնը, ազգային դպրոցի եւ մշակոյթի պահպանումն ու զարգացումը ռազմավարական եւ քաղաքական առաջնահերթութիւններ են Հայաստանի ու Սփիւռքի համար։ Ազգային նկարագիր ունեցող հայ քաղաքացու, հանրութեան ու ընտրախաւի (էլիտա) ձեւաւորումը, Հ․Հ․ քաղաքացու բարոյահոգեբանական նկարագրի բարեփոխումը հայոց պետականութեան ամրապնդման եւ հզօրացման նախապայմաններ են։

Հ․Յ․Դ․ 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներն ընթացան 9 օր։ Այդ ընթացքում քննարկուեց համահայկական կեանքին, համընդհանուր մարտահրաւէրներին վերաբերող համապարփակ օրակարգ։ Ընդունուեցին բազմաթիւ կարեւոր որոշումներ, որոնց բոլորին անհնար է անդրադառնալ մէկ հրապարակման սահմաններում։ Այո՛, Ընդհանուր ժողովը արդիւնաւէտ եղաւ իր կայացրած որոշումներով, սակայն այն պատմական կշիռ ձեռք կը բերի, երբ Դաշնակցութեան համահայկական ընտանիքը միասնական կամքով եւ վճռականութեամբ իրականացնի ժողովի կողմից իրեն թելադրուած յանձնարարութիւնները։

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles