
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների` Սէնթ Փիթըրզպուրկեան համատեղ յայտարարութեան մէջ որպէս Վիեննայի պայմանաւորուածութիւնների բաղադրիչ նշւում էր միայն շփման գծում ԵԱՀԿ-ի դիտորդների թուի աւելացման մասին: Այնտեղ ոչ մի ակնարկ չկար միւս բաղադրիչի` հրադադարի խախտման արձանագրման եւ հետաքննութեան մեքանիզմների ներդրման մասին: Թէ ինչո՞վ է սա պայմանաւորուած` առայժմ յայտնի չէ: Պաշտօնական Երեւանն այս կապակցութեամբ առայժմ մեկնաբանութիւն չի տուել: Չնայած դրան` կարծես թէ սկսւում են այդ մեքանիզմների ներդրման նշանակութիւնը նուազեցնելու փորձերը: Քաղաքագէտ Հրանդ Մելիք-Շահնազարեանն այսօր ասել է, թէ հետաքննական մեքանիզմների ներդրումը չի աւելացնի Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը եւ չի կանխի հնարաւոր պատերազմը, քանի որ պատերազմ սկսողն իր այդ որոշումը չի պայմանաւորում նրանով, թէ սահմանին կա՞ն դիտորդներ, թէ՞ ոչ:
Եթէ խնդիրը դիտարկենք զուտ պատերազմ սկսել-չսկսելու հարթութիւնում, ապա փորձագէտը լիովին ճիշտ է: Աւելին, այդ մեքանիզմները ոչ միայն չեն կարող կանխել պատերազմը, այլեւ չպէտք է կանխեն. որոշ դէպքերում պատերազմ սկսելն ուղղակի այլընտրանք չի ունենում: Այս պահին դրա մասին մտածում է Ատրպէյճանը: Բայց ինչ-որ պահից պատերազմ սկսելը Հայաստանի կամ Արցախի համար կարող է դառնալ այլընտրանք չունեցող: Սահմանին միջազգային դիտորդների առկայութիւնը կամ հրադադարի խախտման միջադէպերի հետաքննութեան մեքանիզմները չեն կարող եւ չպէտք է այդ հարցում կապեն հայկական կողմի ձեռքերը: Բայց խնդիրը միայն այս կտրուածքով ներկայացնելը նշանակում է հարցը կտրել բնագրից ու քննարկել իրականութիւնից կտրուած: Իսկ իրականութիւնն այն է, որ մի կողմից գոյութիւն ունի Ատրպէյճանի կողմից պատերազմի վերսկսման իրական վտանգ, իսկ միւս կողմից` կան 1994 եւ 1995 թուականների կնքուած անժամկէտ հրադադարի մասին համաձայնագրերը, որոնք ուղղակի արգելում են ռազմական գործողութիւնների վերսկսումը: Այդ մեքանիզմների ներդրումը ոչ թէ պատերազմը կանխելու նպատակ է հետապնդում, այլ Հայաստանին դիւանագիտական առաւելութիւն տալու:
Առաջին պատճառն այն է, որ այդ մեքանիզմների ներդրման վրայ պնդում անելն ուղղուած է միջազգային հանրութեանը համոզելուն, որ պատերազմի վերսկսումը բացարձակապէս հայկական կողմի շահերից չի բխում, հետեւաբար հրադադարի խախտման իրաւական պատասխանատուութիւնն ամբողջութեամբ ընկնում է այն կողմի վրայ, որը չի ցանկանում նման մեքանիզմների տեղակայումը: Սա չափազանց լուրջ խաղաքարտ է, որի ճիշտ կիրառումը աստիճանաբար կարող է եւ պէտք է ծառայեցնել Աչցախի անկախութեան միջազգայնօրէն ճանաչմանը հասնելուն: Միջազգային հանրութեանը պէտք է համոզել, որ եթէ Ատրպէյճանը խախտում է իր իսկ ստորագրած համաձայնագիրը եւ ընդդիմանալով այդ մեքանիզմների ստեղծմանը` պատերազմի հող է նախապատրաստում, ապա Արցախցիների անվտանգութեան ապահովման միակ տարբերակը Արցախի ներկայիս կարգավիճակը ճանաչելն է:
Երկրորդ պատճառն այն է, որ եթէ գործընթացը լիովին մնար Վիեննայի պայմանաւորուածութիւնների դաշտում, ապա այդ մեքանիզմների ներդրումը հայկական կողմին մի կողմից պատերազմը յետաձգելու, իսկ միւս կողմից դրան նախապատրաստուելու եւ սպառազինուելու համար անհրաժեշտ ժամանակ շահելու հնարաւորութիւն էր տալիս: Ակնյայտ է, որ առանց դրանց Ատրպէյճանը աւելի հեշտ եւ աւելի շուտ կ՚անցնի յարձակման, ընդ որում` ինչպէս ապրիլեան պատերազմի դէպքում` պատճառաբանելով թէ հայկական կողմն է դրան սադրել, քան` այդ մեքանիզմների առկայութեամբ, որոնք գոնէ թոյլ կը տան հիմնաւորել, թէ ով է եղել նախայարձակ կողմը: Հարցն այն չէ, որ դրանք կը խանգարեն ատրպէյճանական բանակին յարձակուել: Հարցն այն է, որ յարձակման դէպքում Ատրպէյճանը լիարժէք կը դառնայ իր այդ որոշման հետեւանքների իրաւական պատասխանատուն: Եթէ դա այդքան էական չլինէր, Պաքուն այդքան հետեւողականօրէն չէր ընդդիմանայ հետաքննութեան մեքանիզմների ներդրմանը եւ դիտորդների թուի աւելացմանը:
Եւ վերջապէս հարցը սկզբունքի մէջ է ու վերաբերում է ազգային ու պետական շահերը, դիմագիծը պաշտպանելու կարողութեանը: Ապրիլեան պատերազմից յետոյ այդ մեքանիզմների ներդրման պահանջը հէնց հայկական կողմն էր դրել, ընդ որում` որպէս Արցախի հարցով որեւէ տեսակի բանակցութիւն սկսելու կամ շարունակելու նախապայման: Եւ հիմա, երբ համակերպուածութիւն է հանդէս բերւում այդ մեքանիզմների ներդրման հարցը օրակարգից հանելու միտումների հանդէպ, ի՞նչ է փորձում ասել աշխարհին. որ Հայաստանի խօսքը ոչ մի արժէք չունի, որովհետեւ կարող է նախապայմաններ ներկայացնել, յետոյ յաջորդ օրը համակերպուել դրանց չէզոքացման փորձերի հե՞տ: Այդ դէպքում ի՞նչ արժէք ունէր Վիեննայից առաջ ու դրա ընթացքում յամառօրէն պնդել, որ այդ մեքանիզմները ներդրուեն:
Միւս կողմից, այդ պահանջները դրւում էին որպէս ապրիլեան պատերազմի հետեւանք: Դրանք առաջ էին քաշուել, որպէսզի Ատրպէյճանը հասկանար, որ Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը ինքը կարեւոր էջ է շրջել, աններելի այնպիսի քայլ է կատարել, որ հնարաւոր չէ այլեւս վերադառնալ մինչապրիլմէկեան իրականութեանը: Եւ երբ հայկական կողմը Արցախի հարցով բանակցութիւնների մասնակից է դառնում` առանց այդ պայմանների գոնէ մի մասի կատարման, անուղղակիօրէն հասկացնում է, որ ապրիլեան պատերազմը, կրած մարդկային ու տարածքային կորուստները ոչինչ չեն փոխել: Իսկ դա այլ բան չէ, քան արդարացնել Ատրպէյճանի պատերազմական քաղաքականութիւնը, նրան ներշնչել անպատժելիութեան զգացում եւ դրանով իսկ հնարաւորինս մօտեցնել անցանկալի պատերազմը:
Երբ այս պայմաններում հայկական կողմը սկսում է բովանդակային բանակցութեան մէջ մտնել Արցախի կարգաւորման շուրջ, կարող է տպաւորութիւն ստեղծուել, որ պատրաստ է զիջումների: Սէնթ Փիթըրզպուրկեան յայտարարութեան մէջ նշւում է, որ կողմերը որոշ հարցերում եկել են այնպիսի փոխհամաձայնութեան, որոնց «լուծումը հնարաւորութիւն կ՛ընձեռի պայմաններ ստեղծել` առաջընթաց արձանագրելու Արցախի հիմնախնդրի կարգաւորման հարցումէ: Հարց է առաջանում` ի՞նչ լուծումների մասին է խօսւում յայտարարութիւնում: Արդեօք փորձ չի՞ արւում կողմերին մղել լուծումների` այն համաձայնութիւնների դաշտում, որոնք արդէն ձեռք են բերուել: Եթէ այո՛, ապա գործընթացը դուրս է գալիս «ոչինչ որոշուած չէ, քանի դեռ համաձայնեցուած չէ ամէն ինչ» սկզբունքի շրջանակից եւ տեղափոխւում «փուլային համաձայնութիւններ եւ փուլային լուծումներ» տրամաբանութեան դաշտ, որտեղ հիմնական չհամաձայնեցուած, հետեւաբար անորոշ ապագային թողնուող հարցը Արցախի կարգավիճակի որոշումն է: Հէնց նմանատիպ լուծումների պարտադրանքից խուսափելու հրամայականն է հիմնաւորում, թէ ինչու է անհրաժեշտ սկզբունքայնութիւն հանդէս բերել այդ մեքանիզմների ներդրման հարցում: