Հարցեր, Որոնք Կարօտ Են Պատասխանների

0 0
Read Time:2 Minute, 9 Second

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Լսեցի սեպտեմբերի 26-ին Լեւոն Տէր  Պետրոսեանի հետ անցկացուած հեռուստահարցազրոյցը եւ ցաւով համոզուեցի երկու բանում. առաջին` տարիներ ու տասնամեակներ շարունակ սխալուած չեմ եղել այս մարդու քաղաքական մտասեւեռման հարցում, եւ երկրորդը` Լեւոն Տէր Պետրոսեանը չի փոխուել եւ գաղափարապէս նոյնական է իր քաղաքական հոգեզաւակի, Նիկոլ Փաշինեանի հետ` անկախ նրանից, թէ սրանցից իւրաքանչիւրը անձնական ի՛նչ տրամադրուածութիւն ունի միւսի նկատմամբ: Յիշեալ հարցազրոյցում հնչած զանազան նախադասութիւնները թողնելով մի կողմ` ընդգծում եմ երկու հիմնական միտք: Ակնյայտ է, որ Լեւոն Տէր Պետրոսեանը համաձայն է Նիկոլի կնքելիք «ցաւոտ» պայմանագրի հետ, եւ դա այն է, ինչը ինքը հետապնդել է տասնամեակներ շարունակ:

Պարզ խօսքով, նա ասում է, թէ բոլոր պատրանքները պէտք է դնել մի կողմ եւ ստորագրել պայմանագիր, ըստ որի, նախ եւ առաջ Արցախը պէտք է մնայ Ատրպէյճանի կազմում: Սա այն նոյն միտքն է, ինչ տարիներ շարունակ, հետեւողականօրէն կրկնել է Լեւոն Տէր Պետրոսեանը «Խաղաղութիւն թէ՞ պատերազմ» եւ այլ հարցադրումների ներքոյ, յօդուածների ու ելոյթների մէջ: Այդ դէպքում առաջի հարցս` եթէ կարծում էիք, թէ ելք չկայ եւ Արցախը չի կարող դուրս գալ Ատրպէյճանի կազմից, ինչո՞ւ 88 թուականի գարնանից ստանձնեցիք մի շարժման առաջնորդութիւնը, որի նպատակն էր Արցախի անկախացումը Ատրպէյճանից: Անտեղի չէ աւելացնելը, թէ ինչո՞ւ ստանձնեցիք պետութեան ղեկավարի պաշտօնը, երբ այդ նորաստեղծ պետութեան ամենահիմնական խնդիրներից մէկը Արցախի պետական ինքնիշխանութեանը հասնելն էր:

Անցնենք առաջ: ՔՊ-ի Պետրոսը հարցնում է, թէ շատերն ասում են, որ որեւէ պայմանով Հայաստանի կողմից պարտուողական պայմանագիր կնքելուց յետոյ էլ ատրպէյճանական կողմը (աւելացնենք նաեւ` թրքական կողմը) չեն դադարեցնի իրենց պահանջները եւ Հայաստանին կը պարտադրեն նորանոր զիջումներ: Լեւոն Տէր Պետրոսեանը փորձում է թեթեւ անցնել սրա վրայով` որպէս թէ երկրորդական հարցի, ներկայացնելով իբրեւ տեսականօրէն միշտ էլ կարելի է ենթադրութիւններ անել, թէ յետոյ ինչեր կարող են պատահել: Իսկ ես հիմա Լեւոն Տէր Պետրոսեանին ուզում եմ տալ որոշակի հարց` դուք համոզուա՞ծ էք, որ Հայաստանի համար ամենախայտառակ պայմանագիրը կնքուելուց կարճ ժամանակ անց Ատրպէյճանաթուրքական կամ, աւելի շուտ, թուրքատրպէյճանական զոյգը չի ներկայացնելու Հայաստանի համար աւելի կործանարար պահանջներ եւ զանազան սադրանքների, պատերազմների միջոցով նրանք չեն փորձելու հասնել իրենց նոր յաւակնութիւնների բաւարարմանը:

Ես վստահ եմ, որ Լեւոն Տէր Պետրոսեանը դրանում համոզուած չէ, իսկ որ աւելի ճիշդն է` նա համոզուած է, որ հէնց այդպէս էլ կը լինի: Եւ դրանում համոզուած լինելով` նա, ըստ էութեան, մեզ հրում է համաձայնելով միանալու Նիկոլ Փաշինեանի ստորագրելիք այն դաւադիր ծրագրին, որով կը նախանշուի Հայաստանի վերջի սկիզբը: Ես իմ համոզումն ունեմ, թէ արցախեան ազատագրական պայքարի առաջնորդն ինչո՞ւ է արդէն 32 տարի փորձում Հայաստանին պարտադրել Արցախի ազատագրման գաղափարից հրաժարումը եւ Հայաստանի կողմից Թուրքիայի հետ կործանարար պայմանագրի կնքումը: Ունի՞ Լեւոն Տէր Պետրոսեանը պատասխաններ վերոնշեալ հարցադրումներին` ժողովրդի համար: Կարո՞ղ է նա հիմնաւորել տասնամեակների խաղաղութեան հնարաւորութիւնը, որը մեզ կը պարգեւեն թուրքերը: Յիշենք` ռուսներն ու խորհրդային կայսրութիւնը այս նոր յարաբերութիւնների վրայ ազդող գործօն չեն լինելու:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles