Հանրահաւաք Եւ Խաչերթ Ստեփանակերտի Մէջ

0 0
Read Time:5 Minute, 44 Second

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ․- Մայիսի 9-ին, հոծ բազմութիւն մը ներկայ էր «Վերածնունդ» հրապարակ, ուր կազմակերպուած էր հանրահաւաք մը «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» լոզունքով։

Նախքան այս հաւաքը, տեղի ունեցած էր Սուրբ Աստվածամօր Յովհաննու Մայր Տաճարին մէջ հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ հայրենական մեծ պատերազմին, Արցախեան առաջին, Ապրիլեան եւ 44-օրեայ պատերազմներուն նահատակուած հերոսներուն։ Ապա, կատարուեցաւ խաչերթ յուշահամալիր եւ բազմահազար հայորդիները ուղղուեցան «Վերածնունդ» հրապարակ՝ միանալով հանրահաւաքի մասնակիցներուն։

Հանրաւաքի նպատակը յաղթանակներու օրը վերստին իմաստաւորելն էր Արցախը հայկական պահելու սրբազան ուխտով:

Հանրահավաքի ընթացքին, ելոյթներով հանդէս եկան Արցախի թեմի Քրիստոնէական դաստիարակութեան եւ քարոզչութեան կեդրոնի տնօրէն արժանապատիւ Տէր Վաչական քհնյ․ Կիւրճեանը, «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի եւ ստորագրահաւաքի նախաձեռնող խումբի անդամ Դաւիթ Բաղրեանը, «Մենք ենք մեր սարերը» գործակալութեան համահիմնադիր, նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանը (տեսնել՝ https://hairenikweekly.com/%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%ab%d6%82%d5%b6%d5%a8-%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%a7-%d5%b8%d5%b9-%d5%a9/), արցախեյան երեք պատերազմներու մասնակից Կարմեն Ավետիսեանը եւ երիտասարդներ։

Նախաձեռնողները հաւաքաեցին 120 հազար ստորագրութիւն, ինչպէս նաեւ ներկայացուցին Արցախը ապաշրջափակելու իրենց պահանջը, վերահաստատեցին ազատ, անվտանգ ու անկախ ապրելու իրենց իրաւունքին տէր կանգնիլը։ Անոնք ցոյց տուին, որ Արցախը պիտի չյանձնուի եւ վճռական են՝ շարունակելու իրենց պայքարը, ինչպէս նաեւ զգոնութեան, սթափութեան, համախմբման ու պայքարի կոչ ուղղեցին բոլոր հայրենակիցներուն։

Այս հանրահավաքին մասնակցեցան Արցախի ներկայ եւ նախկին նախագահներն ու Ազգային Ժողովի պատգամաւորները:

Արցախի թեմի քրիստոնէական դաստիարակութեան եւ քարոզչութեան կեդրոնի տնօրէն արժանապատիւ Տէր Վաչագան քհնյ․ Կիւրճեանը նշեց, թէ․ «Մայիսեան եռատօնը տարիներ շարունակ բոլորիս համար եղել է ուրախութեան եւ ուժի աղբիւր: Իհարկէ, այսօր մենք չենք կարող ինքներս մեզ խաբելով նոյն ոգեւորութեամբ տօնել եւ ուրախանալ, բայց չենք կարող նաեւ անտեսել եւ մոռանալ` այն պարզ պատճառով, որ ներկայի որեւէ անյաջողութիւն չի կարող արժէզրկել անցեալում եղած սխրանքը, սերն ու նուիրումը: Ուստի, չնայած այդ տօները դադարել են մեզ համար ուրախութեան աղբիւր լինելուց, բայց չեն դադարել ուժի աղբիւր լինելուց:

Մեր հայրերը ամբողջական նուիրումով մասնակցեցին երկրորդ համաշխարհային պատերազմին: Պատմութիւնը յստակ ցոյց է տուել, որ չարի ամենավտանգաւոր գործիքներից մէկը, որով նա աւէր է գործում ամբողջ աշխարհում` ֆաշիզմն է, որը թէ՛ հակամարդկային է եւ թէ՛ հակաքրիստոնէական: Ցաւօք սրտի, պատմութիւնն ունի մի անցանկալի յատկութիւն` կրկնուելու բնոյթ, եւ պարտուած չարիքը ժամանակ առ ժամանակ նորից գլուխ է բարձրացնում: Մենք նորից բախուեցինք ազգային ատելութեան ու դրա վայրենի դրսեւորումների 44-օրեայ պատերազմի ընթացքում, երբ թշնամին հաճոյք էր ստանում անօգնական գերիներին խոշտանգելով, որովհետեւ նրանք իրենց ազգից չէին: Նացիզմի այդպիսի մի խայտառակ դրսեւորում էր նաեւ Պաքւում բացուած յաղթանակի պուրակը:

Մայիսի 9-ը նաեւ Արցախեան Շարժման անդրանիկ զաւակի` Արցախի Պաշտպանութեան Բանակի ծննդեան օրն է, որը, հերոսական ուղի անցնելով, հայ ժողովրդին նուիրեց հայրենի երկիր ազատագրելու ուրախութիւնն ու դարերով չիրականացուած երազի իրականացումը: Վերջին ծանր փորձութիւնից յետոյ Պաշտպանութեան Բանակը վիրաւորուել է, բայց չի մահացել եւ ի զօրու է անսպասելի հրաշքներ գործելու:

Եւ վերջապէս արցախեան գոյամարտի մատանու քարը եղաւ ազատագրուած Շուշին: Որքան մեծ էր ուրախութիւնը այն օրերին, նոյնքան եւ աւելի խորն է կորստի ցաւը այսօր: Աստծոյ նախախնամութեամբ օրուայ ռազմական ու հոգեւոր իշխանութիւնները որոշեցին Շուշիի ազտագրման օպերացիան սկսել Խաչի երեւման տոնի օրը` յիշելով հէնց այն պատգամը, որ Կոստանդիանոս կայսրը ստացաւ Երուսաղէմի երկնքում Տիրոջ Խաչի նշանի յայտնութեամբ`թէ «սրանով կը յաղթես»: Մեր զինուորականնները իրենց վրայ սպիտակ խաչի նշանն ունենալով, հայոց բերդաքաղաքի ազատագրումը վերածեցին լեռներում կատարուած մի մեծ հարսանիքի:

Հայրենիքի կերտման գործում յաղթանակ նուաճելը դեռ գործի կէսն է, միւս կէսը այդ յաղթանակը պահելն ու դրան արժանի լինելն է: Յաճախ մենք մեծարում ենք մեր նահատակներին եւ յաղթանակը ենթագիտակցօրէն վերագրում միայն նրանց ու բաւարարւում սրանով: Բնականաբար նրանց զոհողութիւնն ամենամեծն է ու անգնահատելին, բայց նրանց բաժին գործը արդէն կատարուած փաստ է, իսկ ապրողների գործը եւ պատասխանատուութիւնը մնում է ընթացքի մէջ, որպէսզի կարողանան պահել արեամբ ձեռքբերուածը: Ցաւօք, շատ յաճախ յաղթում ենք արիւնոտ պատերազմներում եւ պարտւում անարիւն պատերազմում:

Կարող է խիստ հնչել, բայց Արցախը կործանման տարանք մենք, որ Աստծոյ օգնութեամբ ազատագրել էինք Արցախը:

Բայց ոչինչ անհետ կորած չէ, եւ փրկութիւն միշտ էլ կայ: Այսօր մեր հարեւանները, չարի ձեռքին գործիք դարձած, փորձում են հէնց չարի վաղեմի զէնքերով ընկճել մեզ: Վախ, անորոշութիւն, հացի խնդիր եւ նիւթական նեղութիւններ, որոնցով փորձում են մեզ ներքաշել քաոսի մէջ: Իսկ չարի դէմ մարտնչելու զէնքերը մեզ համար միշտ էլ իրական են ու հասանելի. Յոյս, Հաւատ, ՍԷր, ահա սա է իրականում Խաչի ամբողջ իմաստն ու խորհուրդը եւ քաոսը յաղթահարելու զինանոցը: Ինչքան էլ տարբեր հարթակներում բանակցութիւններ լինեն, մենք որպէս հաւաքական ազգ, պիտի հասկանանք, որ առաջին հերթին պիտի յաջողենք Աստծոյ հետ բանակցութիւններում, իսկ Աստուած դիւանագիտօրէն չի բանակցում, այլ պարզ եւ յստակ. «դարձէք դէպի ինձ, եւ ես կը դառնամ դէպի ձեզէ: Ինչքան էլ փակ լինեն բոլոր ճանապարհները եւ բոլոր դռները, Աստծոյ ողորմութեան դուռը միշտ բաց է, իսկ բանալիները մեր ձեռքում․․․»:

«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի եւ ստորագրահաւաքի նախաձեռնող խումբի կողմէ խօսք առաւ Դաւիթ Բաղրեանը, որ յայտնեց․ «Յաղթանակած սերունդների ժառանգների անունից շնորհաւորում եմ ձեզ` Եռատօնի կապակցութեամբ եւ շնորհակալութիւն յայտնում բոլոր նրանց, ովքեր մեր ժողովրդին 1992 թ. մայիսին պարգեւել են բերդաքաղաք Շուշիի ազատագրումը: Սա փաստ է, որն արդէն մտել է հայ ժողովրդի պատմութեան մէջ:

Իմ ձեռքին 2 թուղթ կայ. մէկը 1988-ի ստորագրահաւաքի թղթերից է, միւսը` մեր այսօրուայ ստորագրահաւաքի թուղթը: 35 տարի առաջ այս նոյն ձեւով է սկսուել նպատակի շուրջ մեր համախմբումը, եւ հիմա էլ այս հանրագիրը նոր համախմբման շարժում է: Սա մի նոր հանրաքուէ է, վերահաստատելու, որ Արցախն Ատրպէյճանի կազմում չի եղել, չկայ ու չի լինելու:

 

Մենք պայքարելու ենք մեր տանը ազատ ապրելու մեր իրաւունքի համար: Նրանք, ովքեր ստորագրել են, բարձրացրե՛ք բռունցքները, որպէսզի աշխարհին ցոյց տանք, որ սա մեր բոլորիս պահանջն է, որ մենք Արցախի Հանրապետութիւնն ենք, մենք Ատրպէյճանը չենք եւ մենք ենք տէրը մեր երկրի: Մենք ենք որոշելու` ինչպէս ապրել, որտեղ ապրել եւ ում հետ բարեկամութիւն անել:

Ես իմ հազարաւոր հասակակիցների անունից դիմում եմ Հ․Հ․ մեր հայրենակիցներին` միացէ՛ք մեզ, թոյլ մի՛ տուէք, որ Հայաստանի գործող իշխանութիւններն Արցախի անունից ստորագրեն փաստաթղթեր, կամ այնպիսի յայտարարութիւններ անեն, որոնք վտանգի տակ կը դնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը:

Դիմում ենք Արցախում խաղաղապահ առաքելութիւն իրականացնող Ռուսիոյ զօրախմբին` անվերապահօրէն կատարէք ձեր պարտականութիւնները, տէր կանգնէք Ռուսիոյ նախագահի անմիջական ջանքերով եւ միջնորդութեամբ ստորագրուած եռակողմ փաստաթղթի դրոյթներին:

Արցախի իշխանութիւններին` կոչ ենք անում եւ պահանջում ճիշտ գիտակցել ժողովրդի հանդէպ ձեր պատասխանատուութիւնն ու չտրուել արտաքին ազդեցութիւններին, տեղի չտալ Ատրպէյճանի օրէցօր աճող պահանջներին: Առաջնորդուէ՛ք միմիայն Արցախի ժողովրդի կամքով:

Այսօր մենք առաւել շատ մտահոգուած ենք ոչ միայն ապօրինի տեղադրուած անցակէտով, եռակողմ յայտարարութեան խախտուած դրոյթներով, այլ աւելի շատ մեր այն հայրենակիցների ճակատագրով, որոնք լրիւութեամբ մնացել են շրջափակման մէջ, եւ կտրուել է նրանց կապը մայրաքաղաք Ստեփանակերտի եւ մնացած այլ համայնքների հետ: Խօսքը Շուշիի շրջանի Հին Շէն, Մեծ Շէն, Լիսակոր եւ Եղծահող համայնքների մեր քոյրերի, եղբայրների մասին է: Եթէ իրենց հետ մի բան պատահի, Աստուած չանի, դուք էք պատասխան տալու: Ժողովո՛ւրդ, այսօր մեզ ղեկավարներ պէտք չեն: Միայն ղեկավար լինելը քիչ է: Մեզ պէտք են առաջնորդներ, ղեկավարներ, որոնք կարող են ժողովրդին մի գաղափարի շուրջ համախմբած պահել, որպէսզի ամէն մէկը վերմակը դէպի իրեն չքաշի, մի մուրճով մի մեխ խփեն:

Այստեղից յայտարարում եմ, որ մեր վրանային պայքարը չի աւարտւում: Այսօրուանից մի վրան էլ Վերածննդի հրապարակում ենք տեղադրելու: Մեր պայքարն անկոտրուն է: Մեզ միացնողը մի գաղափար է` մեր հայրենիքը փրկելու հրամայականը»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles