
Ազգային անվտանգութեան տնօրէն Արթուր Վանէցեանի յանկարծակի հրաժարականից յետոյ իշխանութեան ներկայացուցիչների ու նրա միջեւ լարուած կրքերը կարծես թէ չեն հանդարտւում: Փաշինեանը Վանէցեանին հակադարձեց Ովկիանոսի այս կողմից` Լոս Անճելըսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասելով` թէ «Ինքը, տը եուրէ լինելով Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն, ըստ էութեան յայտարարութիւն է անում իր գերագոյն հրամանատարի դէմ, եւ լինելով վարչապետին ենթակայ մարմին, յայտարարութիւն է անում իր ղեկավարի դէմ, դրանից աւելի մեծ անարգանք սպայի պատուին չկայ: Յետոյ իմացայ, որ ծառայութեան կայքում է տեղադրուել այդ նիւթը: Հանել են, բա ի՞նչ պիտի անէին, բա պիտի շարունակէր մնա՞լ…»:
Աւելի ուշ Փաշինեանի կոշտ յայտարութեան անդրադարձել է նաեւ ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէնը: Ըստ նրա Նիկոլ Փաշինեանը Լոս Անճելըսում կրկին խօսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում: «Չնայած իմ հրաժարականից յետոյ նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մօտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպէսզի իրավիճակը հանդարտուի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանաւորուածութիւնները եւ հանդէս գալիս անհասկանալի, ըստ էութեան` ոչ մի բանի մասին պոպուլիստական յայտարարութիւններով»,- ասել է Վանէցեանը, ըստ որուն իշխանութիւնները մոլորեցնում են հանրութեանը:
Ներքաղաքական լարուածութիւններից, բացի աշխատանքային այցով Միացեալ Նահանգներում գտնուող Փաշինեանը իր ասուլիսում խօսել է նաեւ Ճորճ Սորոսի մասին: Նա նշել է, որ Տաւոսի ֆորումին մեկնելուց առաջ Սորոսը ցանկութիւն էր յայտնել իր հետ հանդիպել, բայց աշխատանքային ծանր ու խիտ յայտագրի պատճառով Փաշինեանին չի յաջողուել ցանկութիւնը բաւարարել: Սորոսին յիշելու առիթը լրագրողների դիտարկումն է եղել այն մասին, որ շատերը Փաշինեանի կապում են Սորոսի հետ եւ պնդում թաւշեայ յեղափոխութիւնը, ինչպէս աշխարհի շատ երկիրներում վերջին տարիների տեղի ունեցած յեղափոխութիւնները ՛՛ սորոսական» ուժերի ձեռքի գործն է: Փաշինեանը, սակայն, հերքել է սա , ասելով թէ նրանք , ովքեր այդպէս էոն մտածում վիրաւորում են հայ ժողովրդի ինքնասիրութիւնը:
***
Այս շաբաթ լարուած էին կրքերը Վայոց Ձորի մարզում: Այստեղ ծեծկռտուք է տեղի ունեցել այս մարզի ղեկավարի օգնականի ու մի խումբ սպաների միջեւ: Վէճի հետեւանքով սպաներից մէկը ծանր վնասուածքներով տեղափոխուել է Պաշտպանութեան նախարարութեան կեդրոնական հիւանդանոց: Կատարուածից յետոյ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսեանը հրաժարական է տուել , իսկ սպային դաժան ծեծի ենթարկած նրա օգնականը կալանաւորուած է: Աւելացնեմ նաեւ , որ այդ միջադէպից յետոյ , շատերը յայտարարեցին , որ Տրդատ Սարգսեանը վաղուց հարցերն այս մարզում իր յանցաւոր խմբի միջոցով է լուծում: Ի դէպ դաժան ծեծի ենթարկուած սպայի վիճակը շարունակում է ծանր մնալ, իսկ կատարուածը պարզելու հարցում հետեւողական լինելու խոստում է տուել նաեւ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը:
Այս շաբաթ դատարանը մերժեց Ազգային Ժողովի նախկին պատգամաւոր՝ զօրավար Մանուել Գրիգորեանին գրաւի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդութիւնը: Պատճառա\բանելով , որ այն անհիմն է: Ըստ նրա պաշտպանների Գրիգորեանի առողջական վիճակը օր օրի աւելի է վատանում: Այս ամէնի առնչութեամբ իր մտահոգութիւնն է յայտնել պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը: Նա նշել է, որ մտահոգւում է Գրիգորեանի առողջական վիճակի համար:
***
Շաբաթուայ երկրորդ կէսին Բջնիի իր առանձնատանը յայտնաբերուել է նախկին ոստիկանապետ Հայկ Յարութիւնեանի դիակը: Նա 1999-2008 թուականներին Հ.Հ. ոստիկանապետն էր: Հայկ Յարութիւնեանը ՛ Մարտ 1-ի գործով վկաններից մէկն էր, քանի որ այդ օրերին ոստիկանապետի պաշտօնն ինքն է զբաղեցրել: Ի դէպ ըստ որոշ լրատուամիջոցների ոստիկանապետը ինքնասպան է եղել , քննարկում է նաեւ սպանութեան վարկածը: Սպանութիւնից յետոյ Հայաստանեան երկու լրատուամիջոց «ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, Ռոպերթ Քոչարեանն ու Գեղամ Պետրոսեանը մեղաւոր չեն՛՛ Հայկ Յարութիւնեանի վերջին խօսքերը ինքնասպանութիւնից առաջ եւ «Հայկ Յարութիւնեանը դէպքի պահին միայնակ չի եղել. յայտնի են նրա վերջին խօսքերը՛՛ վերտառութեամբ յօդուածներ գրեցին հայկական երկու լրատուամիջոց: Հեղինակներին պարզելու եւ գործով պարզաբանման ենթակայ հանգամանքների վերաբերեալ նրանց հարցաքննելու համար Քննչական կոմիտէն երկու լրատուամիջոցի խմբագրութիւն էլ ծանուցում է ուղարկել: `
***
«Հակառակորդի հնարաւոր յարձակումի դէպքում զինուած ուժերը ինչպէս են դիմակայելու»` այս մարտավարական խօսքով Հայաստանի տարածքում այս շաբաթ լայնածաւալ զօրավարժութիւններ են սկսել: Հսյ զինուորականները իրենց առջեւ դրուած մարտական խմնդիրները գերազանց են կատարել: Արդիւնքներից պաշտպանութեան նախարարն ու բարձրագոյն զինուորական կազմը գոհ են: Հակառակորդի հնարաւոր ու «իրական՛՛ յարձակումի դէպքում հայ զինուորները պատրաստ են արժանի հակահարուած տալ:
***
Արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման մասին Նիկոլ Փաշինեանի մեկնաբանութիւնը Ա.Մ.Ն. -ում միանշանակ չի ընդունուել: Նա նշել էր, որ «Արցախի խնդրի ցանկացած լուծումը պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ատրպէյճանի ժողովրդի համար»,- Փաշինեանն ընդգծել է` ինքը Հայաստանի առաջին առաջնորդն է, ով ասում է` լուծումը պէտք է ընդունելի լինի նաեւ Ատրպէյճանի ժողովրդի կողմից: Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի փոխխօսնակ Վահրամ Բալայեանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի` կոչին, նշել է «Լաւ միտք է, բայց եթէ, օրինակ, քո դիմաց լինի ֆրանսացին կամ գերմանացին, այդ դէպքում միգուցէ աշխատի, բայց քո դիմաց թուրքն է նստած: Ատրպէյճանի հետ մենք կարող ենք խօսել, բայց պէտք է առաջին հերթին խօսի Արցախը եւ հաւասար պայմաններում պէտք է խօսի, բանակցութիւնների ընթացքում առաջինը պէտք է լուծուի Արցախի ինքնորոշման իրաւունքը, անկախութեան ճանաչման հարցը, չգիտեմ վարչապետը կոնկերտ ինչ հանգամանքներ է հաշուի առնում, յամենայնդէպս իմ մօտեցումն այն է, որ Ատրպէյճանի հետ կարելի է խօսել, միայն եթէ ինքը պատրաստ է դրան»,- շեշտել է Վահրամ Բալայեանը:Ազգային Ժողովի փոխ խօսնակը յիշեցրել է, որ Ատրպէյճանը շարունակում է խօսել ռազմական հռետորաբանութեամբ:
***
Ա.Մ.Ն.-ում եկեղեցուոյ մասին Նիկոլ Փաշինեանի մեկնաբանութիւնն էլ շատ հոգեւորականների է վրդովեցրել: Այս հարցով է Փաշինեանը նշել է, որ ծնկի կը բերուեն այն բոլոր հոգեւորականները, ովքեր կը փորձեն քանդել այս կառավարութեան ոտքերի տակը: Ի պատասխան Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը նշել է, որ Փաշինեանը երեւի պէտք է բացատրի, թէ ինչ է նկատի ունեցել: «Եթէ, իրօք, բառացի ուզել է նկատի ունենալ, որ կարող է հոգեւորականներին ծնկի բերել, ցաւում եմ: Հայ հոգեւարականին ծնկի բերելը ծիծաղելի է, հայ հոգեւորականը ծնկի է գալիս միայն Աստծոյ առջեւ եւ ամէն օր, ոչ թէ երբեմն: Աստծուց բացի որեւէ մէկի առաջ ծնկի գալու դէպք չի գրանցուել: Եթէ, իրօք, նկատի է ունեցել, որ ինքը կամ որեւէ մի իշխանութիւն կարող է ծնկի բերել հոգեւորականութեանը, չարաչար սխալւում է»,- նշել է սրբազանը:
***
Շաբաթուայ , թերեւս ամենադրական լուրը Մեղրիի Սուրբ Յովհաննէս եկեղեցւոյ եզակի որմնանկարների վերականգնման լուրն էր: Մեղրիում օրէր առաջ վերաբացուել է Փոքր թաղի Սուրբ Յովհաննէս (Սուրբ․Սարգիս) եկեղեցին (17-րդ դար): Երեք տարի տեւած վերակառուցման ու պահպանութեան ծրագիրն իրականացուել է «Ա.Մ.Ն. դեսպանների մշակութային արժէքների պահպանութեան հիմնադրամ»-ի միջոցներով, եւ եկեղեցին ընտրուել էր իր` որմնանկարչութեան հայկական ու պարսկական ոճերը մէկտեղող` տարածաշրջանում նմանը չունեցող բացառիկ որմնանկարների համար: Աշխատանքների համար ամերիկեան կողմը 510 հազար տոլար է նուիրաբերել: Ծրագրի շնորհիւ յաջողուել է կործանումից փրկել ու վերականգնել եզակի որմնանկարները, եկեղեցին ապահովուել է ջրահեռացման, օդափոխութեան համակարգերով, փոխուել է տանիքն ու բարեկարգուել դէպի հոգեւոր տուն տանող ճանապարհը:
***
Շաբաթուայ մշակութային ամենամեծ միջոցառման առիթը Կ’ոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեակն էր: Այս շաբաթ մեկնարկեցին յոբելեանական միջոցառումները, որոնք տեղի կ’ունենան նաեւ Արցախում` Ստեփանակերտում, Շուշիիում եւ Գանձասարում: Իսկ յետոյ` նաեւ արտերկրում: Իսկ «Եունեսքօ»-ի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում ընդգրկուած դաշնամուրային գործերն ու երաժշտութինը կը հնչեն նաեւ Երեւանի փապուղիի կայարաններում :
***
Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ , իսկ աշխատանքային այցով այս օրերին Իտալիայում գտնուող Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանին ոտնագնդակը, աւելի ճիշդը Հենրիկ Մխիթարեանը տարաւ Հռոմի Ողիմպիական մարզադաշտ: Մխիթարեանի մասնակցութեամբ Ռոմա- Աթալանթա հանդիպմանն Արմէն Սարգսեանն էլ է հետեւել:
***
Այս շաբաթ Հայաստանը աշխարհի մրցանիշ հաստատած ծանրամարտիկ ունեցաւ: Թայլանտում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնութեանը Հայաստանը ներկայացնող 109 քլկ. քաշային աշխարհի ախոյեան Սիմոն Մարտիրոսեանը մրցանիշ է սահմանել բարձրացնելով 199 քլկ. ծանրութիւն:
***
Եւ շաբաթուայ ամէնահամեղ լուսանկարը: Հայաստանցիները համտեսեցին աշխարհի ամենաերկար գաթան: Գաթայի երկարութիւնը 65 մեթրի է հասել :
***
Շաբաթուայ ամենաուրախ լուրը… Երեւանի շէնքերից մէկի վեցերորդ յարկից ինկած 2.5 տարեկան Արուինն առողջացած դուրս է գրուել «Սուրբ Աստուածամայր» բժշկական կեդրոնից: Դէպքը տեղի էր ունեցել Ա.Մ.Ն. -ից հանգստանալու համար Հայաստան ժամանած մի ընտանիքի հետ: Փոքրիկին երկար ժամանակ միացուած էր արհեստական շնչառութեան սարք: Բժիշկները նրա ապաքինումը հրաշք են համարում: