Հայոց Բանակը

0 0
Read Time:2 Minute, 54 Second

«Դրօշակ»

Խմբագրական
Յունուար 27, 2017
Յունուարի 28-ը հայոց բանակի ծննդեան օրն է: Նորաստեղծ հանրապետութեան զինուած ուժերը ծնուեցին կռուի դաշտում, յընթացս մարտական մկրտութիւն անցնող կամաւորական ջոկատների հիմքի վրայ: Հայոց պետական բանակը երկար ժամանակ դեռ պիտի կրէր կամաւորական իր թթխմորի ազդեցութիւնը: Նորաստեղծ պետական բանակը ձեւաւորուեց խորհրդային բանակից կամաւորապէս հայրենիք վերադարձած արհեստավարժ սպաների, բայց հիմնականում պատերազմի դպրոցն աւարտած կամաւորականների ուժերով: Չժխտելով խորհրդային զօրքերից վերադարձածների վաստակը, այնուամենայնիւ նրանք գործող կամաւորական-պետական զօրամիաւորումների հետ ներդաշնակուելու խնդիր ունէին, իսկ միւս կողմից իրենց թուաքանակով որակ չէին կարող կազմել ինքնաբուխ ձեւաւորուած հաւաքականութեան մէջ: Որակ կազմող նախկին ֆետայի-կամաւորներն էլ զօրամիաւորումներ ղեկավարողի, դաստիարակի, հոգեբանի, գրքային գիտելիքով զինուած արհեստավարժի կայացման ճանապարհով պիտի տանէին իրենց ենթակայ նորակոչիկ պետական զինուորին: Մինչ առկայ ներուժը կը համալրուէր հայկական ռազմական դպրոցի շրջանաւարտ սպայական սերնդով: Մեր բանակը դժուարին կայացման ճանապարհ անցաւ, մշտապէս քթի տակ զգալով վառօդի հոտը եւ հակառակորդի դաւադիր շունչը: Դիմագրաւելիք բոլոր մարտահրաւէրներով հանդերձ հայ սպան ու զինուորը մշտապէս կրողը եղան հոգեբանական ու բարոյական այն ամուր գիտակցութեան, որ յաղթած եւ հայրենիք ազատագրած նախորդների գործը շարունակողն են:
Ինքնախաբէութիւն կը լինի մտածելը, թէ հասարակութեանը մաս կազմող բանակը կարող է անհաղորդ լինել այդ հասարակութեան բարքերին եւ արատներին: Միւս կողմից վտանգաւոր մեղք է բանակը ներքաշելը ներհասարակական եւ ներքաղաքական խնդիրների ու հակասութիւնների դաշտ: Ինչի ականատեսը եղանք նաեւ 2016 թուականի Ապրիլի քառօրեայ փորձութեան ժամանակ: Այն պահին, երբ զինուորը չէր լքում մահուանը ընդառաջ գնացող հրամանատարին, իսկ հրամանատարը զոհաբերում էր իրեն փրկելու համար ենթակային, այն պայմաններում, որ զոհուողների մէկ երրորդը սպաներ էին բոլորովին ժամանակը չէր խրամատներ հասնող ձայնով գոռալը, թէ գեներալները թալանում են բանակը ու ման են գալիս «ճիփ»երով:
Թէեւ տարիներ շարունակ մեր մտքի միջի կասկածի որդը հասունացնում էր այն որոմը, թէ երկրում առկայ անարդարութիւնների պատճառով անհրաժեշտ պահին ոչ բանակը կը կռուի ու ոչ էլ նախկին կռուողները զէնք կը վերցնեն, քառօրեայ պատերազմի ժամանակ եւ 18-20 տարեկան զինուորը կռուեց եւ ազգը վերածուեց ազգ բանակի:
Պետական ու համաժողովրդական այս բանակը դիմագրաւեց անակնկալ հարուած, որի ժամանակ, թշնամին դիրքապահների դէմ գրոհի անցաւ մեծաքանակ մարդուժով, հայկական դիրքերի վրայ նետեց միայն 120մմ-ից բարձր չափի աւելի քան 30 հազար հրետանային արկ, «Կրատ» կայանքներից արձակեց աւելի քան հազար հինգհարիւր արկ: Չնայած մանրակրկիտ նախապատրաստութեանը, անակնկալ ու լայնամասշտաբ գրոհին թշնամին չյաղթեց, ունեցաւ «տեխնիկա»ի շօշափելի կորուստ եւ, ըստ որոշ աղբիւրների, տասն անգամ աւելի զոհ:
Պատերազմը, յարձակուող կողմի խնդրանքով, դադարեցուեց չորս օրից, թշնամու ծրագրերը ձախողուեցին, հայկական կողմը չպարտուեց (զերծ մնանք յաղթանակ բառը գործածելուց, որովհետեւ թէկուզ փոքր չափի, այնուամենայնիւ հողի կորուստ ունեցանք): Ճշմարտութիւնը սա է եւ այն չպէտք է աղաւաղուի վասն ներքին հաշիւների կամ իշխանութիւններին չսիրելու ինքնարդարացմամբ:
Փաստն այն է, որ չնայած այս ու այն հանգամանքներին, հայկական բանակը մնում է մարտունակ, հայ զինուորը մեռնելուց աւելի սարսափելի է համարում թշնամու առաջ հայկական բնակավայրերի ճանապարհը բացելը:
Թէ մարտական գործողութիւնների ժամանակ եւ թէ խաղաղ զօրավարժութիւնների մէջ մեր բանակն դրսեւորում է յաղթողի ժառանգական կապը, ոգին եւ արհեստավարժութիւնը:
Աւանդոյթ է դարձել, որ հայկական սեղանների շուրջ պարտադիր խմուի հայոց բանակի եւ հայ զինուորի կենացը: Այլեւս այդ բանակն ու զինուորը շօշափելի ու «կոնկրէտ» են, թէ իրենց եւ թէ իրենց պաշտպանած հողի մերձութեամբ ու հարազատութեամբ:
Հայոց բանակն ամենաթանկ բանն է, որ անկախութեամբ ձեռք են բերել Հայաստանի ու Արցախի պետութիւնները: Այն պարզ գիտակցութեամբ, որ ազգի ու պետութեան անվտանգ ներկան եւ բաղձալի ապագան երաշխաւորող գլխաւոր գործօնը հայոց զինուած ուժերն են:
Պիտի կարողանանք լինել ազգ բանակ: Ոչ այն պարզունակ հասկացողութեամբ, թէ զինուորական ծառայութեան շրջանակ պէտք է ներգրաւուեն բոլորը, առանց սեռի ու տարիքի խտրութեան, այլ գործող բանակի առջեւ ֆիզիքական ու բարոյական պարտք ու պարտականութիւն ունենալու անհատական գիտակցութեամբ, ինչը չի կարող սահմանափակուել միայն կենացներ խմելով: Եւ այո՛, նաեւ այս երկրում այնպիսի արդար յարաբերութիւններ հաստատելով, որոնք բարոյական եւ հոգեբանական առումով միշտ ամուր կը պահեն սահմանապահ զինուորի ողնաշարը: Խաղաղ լուսաբացներ, անսասան հաւատ ու անկոտրում կամք հայոց բանակին:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles