
Սեպտեմբեր 13-ին ատրպէյճանական զինեալ ուժերի ստորաբաժանումները` հրետանային միջոցներով, խոշոր տրամաչափի զինատեսակներով լայնածաւալ յարձակման են անցել Սիւնիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղութեամբ: Թշնամին կիրառում է նաեւ անօդաչու թռչող սարքեր: Թիրախաւորուել են բնակավայրեր եւ ռազմական կառոյցներ:
Սա Ատրպէյճանի հերթական ռազմական յանցագործութիւնն է, որին նախորդել էին տեղեկատուական ներթափանցման գործողութիւններ:
Ատրպէյճանի գործողութիւնները գնահատում ենք որպէս միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտում եւ դատապարտում ենք իրականացուող յանցագործութիւնը:
Ատրպէյճանը, օգտուելով միջազգային լարուած իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգութիւն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Տեղի ունեցող իրադարձութիւնները բացայայտում են, այսպէս կոչուած, խաղաղութեան դարաշրջանի իրական դէմքը եւ հայ ժողովրդին մատուցուող կեղծ օրակարգի վտանգաւորութիւնը:
Ակնկալում ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնութիւնից` հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսուած գործողութիւնների իրականացում:
Կոչ ենք անում միջազգային հանրութեանը` ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղեան հակամարտութեան բանակցային գործընթացում ներգրաւուած համանախագահող պետութիւններին` Ռուսաստանի Դաշնութեանը, Ֆրանսային, Ամերիկայի Միացեալ Նահանգներին, անյապաղ միջոցներ ձեռնարկել Ատրպէյճանի յանցաւոր գործողութիւնները կանխելու եւ դրանց համարժէք գնահատական տալու համար:
Ակնկալում ենք նաեւ մեր բարեկամ երկրների, յատկապես Իրանի Իսլամական Հանրապետութեան աշխուժ ներգրաւուածութիւնը` Ատրպէյճանական յանցաւոր վարքագծին գնահատական տալու եւ Ատրպէյճանի նախայարձակումը զսպելու համար:
Զօրակցելով Հայաստանի զինուած ուժերին` մեր ժողովրդին կոչ ենք անում խուճապի չմատնուել, պահպանել զգօնութիւնը, պատրաստ լինել պաշտպանելու Հայոց պետականութիւնը:
13 Սեպտեմբեր 2022