Համախմբման Հրամայականը

0 0
Read Time:5 Minute, 40 Second

Sahmanatroutioun_

Սպարտակ Սեյրանեան

Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ

«168 Ժամ»

«Կայ աշխարհի բոլոր բանակներից հզօր մի բան. դա գաղափարն է, որի ժամանակը եկել է»
Վիքթոր Հիւկօ
Սահմանադրական հանրաքուէից յետոյ երկիրը մտել է որակապէս նոր փուլ. Հայաստանի Հանրապետութիւնը անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Ըստ էութեան, մենք գտնւում ենք անցումային փուլում, եւ այսօրուայ շատ գործընթացներ պայմանաւորուած են հէնց այդ` անցումային փուլին բնորոշ յատկանիշներով: Երկրի ու հասարակութեան զարգացման նոր ծրագիր առաջ բերելու, այն իրականացնելու հնարաւորութիւնը կախուած է բազմաթիւ գործօններից, տարաբնոյթ, յաճախ` իրարամերժ միտումներից:
Բնական ու տրամաբանական է, որ հասարակութեան մէջ տիրապետում է դրական եւ որակական փոփոխութիւնների ակնկալիքը, դրանք արագ տեսնելու սպասումը: Սահմանադրական փոփոխութիւններն այդ առումով անհրաժեշտ հիմք են` ստեղծուել են բոլոր նախադրեալները զուտ քաղաքական եւ օրէնսդրական առումներով: Բայց այդ փոփոխութիւնները դեռ բաւարար չեն երկրի առջեւ ծառացած բազմաթիւ մարտահրաւէրները դիմագրաւելու համար: Այդ փոփոխութիւնները պէտք է վերածուեն գործուն ծրագրերի:
Ահա այստեղ է բարդութիւնը, քանզի անհնար է հին գործիքներով, հին մեթոտաբանութեամբ լուծել նոր խնդիրներ: Անհնար է ընդհանրապէս գտնել որեւէ լուրջ հիմնախնդրի արդիւնաւէտ լուծում` մնալով այն մակարդակում, որում այդ հիմնախնդիրն առաջացել է: Այլ կերպ ասած, ունենք առկայ եւ գալիք հիմնախնդիրներին համարժէք լինելու` որակապէս համապատասխանելու պարտադրանք: Նման իրավիճակում ամենավտանգաւորը իներցիոն մօտեցումն է, իներցիոն պահուածքը, որը, ցաւօք, այսօր դրսեւորւում է թէ քաղաքական դաշտում` իր իշխանական եւ ընդդիմադիր հատուածներով, թէ հասարակութեան մէջ: Կայ պատրանք, որ առաջացած նոր իրավիճակում հնարաւոր է արդիւնաւէտ լուծումներ գտնել` կիրառելով հին մեթոդաբանութիւնը, հին մեխանիզմները, հին կադրային զինանոցը: Համակարգային հիմնախնդիրները հնարաւոր է արդիւնաւէտ լուծել միայն համակարգային փոփոխութիւնների, այսինքն` համակարգի անխտիր բոլոր բաղադրիչների որակական վերափոխման ճանապարհով:
Պատկերացրէք իրավիճակ. ձեր համակարգիչը սկսել է վատ աշխատել` դանդաղում է, պարբերաբար «կախւումէ է, ծրագրերը չեն բացւում, հակաւիրուսը չի գործում, եւ այլն: Նման իրավիճակում որքան էլ համակարգիչը վերագործարկէք`«ռիսթարթ» անէք, ոչինչ չի փոխուելու: Միակ տարբերակը համակարգիչը վերաբեռնել` «ֆորմատ» անելն է: Բայց դրանից յետոյ անհրաժեշտ է ներբեռնել նոր ծրագրեր, նորացուած գործիքակազմ եւ, բնականաբար, ունենալ այդ նոր ծրագրերի իմացութիւն, նոր գործիքակազմը կիրառելու հմտութիւն:
Սահմանադրական փոփոխութիւնները, պատկերաւոր ասած, ֆորմատի ենթարկեցին պետական կառավարման համակարգը: Հիմա ժամանակն է համակարգը ներբեռնել նոր` իրավիճակին համարժէք, իրատեսական, իրագործելի գաղափարներով, ծրագրերով, մեթոտաբանութեամբ: Խելայեղ արագութիւնների ու յարաճուն փոփոխութիւնների մեր ժամանակներում ցանկացած համակարգ արագ հնանում է, իսկ մարտահրաւէրները` թարմանում: Նման դէպքում էական է կառավարման համակարգի արդիւնաւէտութեան հիմնախնդիրը, քանզի խնդիրներն աւելի քիչ ու դանդաղ են լուծւում, քան դրանք առաջանում են:

Հետեւաբար` անհրաժեշտ է որդեգրել հիմնախնդիրների լուծման իննովացիոն մօտեցում, անհրաժեշտ են հիմնախնդիրների կառավարման մասնագէտներ, որակական փոփոխութիւն անելու համար պահանջւում է բոլորովին այլ կարգի մտածելակերպ: Արեւելեան մի ասոյթ կայ. բոլոր գեներալները պատրաստւում են անցած պատերազմին: Հասարակութեան կենսագործունէութեան բոլոր ոլորտների համար նոր ծրագրեր են անհրաժեշտ` պարտադիր ու խստօրէն պահպանուող ժամանակացոյցով, յստակ պատասխանատուներով, հաշուետուութեան յստակ մեխանիզմներով, միջանկեալ արդիւնքների յստակ սահմանումով:
Անշուշտ, հասկանալի է, որ այդ փոփոխութիւնները պէտք է իրականանան սահուն, մտածուած ու կշռադատուած ժամանակացոյցով, քանզի վատ աշխատող համակարգը գերադասելի է ընդհանրապէս չաշխատողից կամ էլ համակարգի բացակայութիւնից: Անշուշտ, անցումային փուլերում հարկաւոր է զգոյշ լինել, չվտանգել պետական կառավարման համակարգի ներքին կայունութիւնը: Սակայն միանշանակ է. ցանկացած համակարգի, իսկ պետական կառավարման համակարգի պարագայում` յատկապէս, կայունութեան գրաւականը զարգացումն է: Չի կարող կայուն եւ անվտանգ լինել մի համակարգ, որը չի զարգանում, աւելին` ներքին ու արտաքին ազդակների ու մարտահրաւէրների կողմից պարտադրուած արագութեամբ չի զարգանում: Եւ զարգացման չափորոշիչները լոկ սոցիալ-տնտեսական ցուցանիշները չեն, չափանիշը որակականն է` նորացումը, ընդ որում, շարունակական նորացումը, պետութեան ու հասարակութեան կենսագործունէութեան անխտիր բոլոր բնագաւառներում ժամանակի հրամայականներին ու մարտահրաւէրներին համարժէք պատասխաններ ունենալը:
Բանաձեւը շատ յստակ է. համակարգի կայունութիւնն ու զարգացումը պայմանաւորուած են ժամանակի թելադրած արտաքին ազդակների ու մարտահրաւէրների բազմազանութեանը ներքին պատասխանների համարժէք բազմազանութեամբ հակակշռելու համակարգի կարողականութեամբ: Բազմաբնոյթ մարտահրաւէրներ ու լուրջ հիմնախնդիրներ ունեցել են, ունեն եւ ունենալու են բոլոր երկրներն ու հասարակութիւնները: Խնդիրը հիմնախնդիրներին դիմակայելու, դրանք արդիւնաւէտ լուծելու` պետութեան եւ հասարակութեան կարողականութիւնն է: Սա է պետութեան` որպէս գործիքի, արդիւնաւէտութեան չափորոշիչը: Սա է հասարակութեան` որպէս հաւաքականութեան, սեփական կեանքը տնօրինելու, ներքին իմունիտետ զարգացնելու, ներքին ռեսուրսները հզօրացնելու կարողականութեան չափորոշիչը: Որեւէ հասարակութեան զարգացուածութեան չափորոշիչը միայն մշակութային հարուստ ժառանգութիւնը չէ, կամ կրթական համապատասխան մակարդակ ունեցող մարդկանց քանակը, դա նախ եւ առաջ` ազգային, պետական, հասարակական հիմնախնդիրների ձեւակերպման կարողականութիւնն է, դրանց քաղաքական լուծման տարբերակների մշակումը:
Ճիշտ է, երբ ասում ենք, որ սահմանադրական փոփոխութիւններով մենք կ՚ունենանք նոր որակի իշխանութիւն: Բայց այդ փոփոխութիւնները հասարակական -քաղաքական դաշտի միայն իշխանական հատուածին չեն վերաբերում: Չի կարող միասնական համակարգի մի հատուածը փոխուել, նորանալ, արդիականանալ, իսկ միւսը` ոչ: Համակարգը ամբողջական է եւ արդիւնաւէտ, եթէ այն ունի նոյն նպատակը` երկրի անվտանգութեան ու կայունութեան ապահովման հրամայականը, հասարակութեան զարգացումը, առկայ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, մարդու իրաւունքների ու ազատութիւնների երաշխաւորումը, անհատի ստեղծագործական կարողութիւնների դրսեւորման համար բոլոր պայմանների ստեղծումը, եւ այլն: Եւ ամենակարեւորը. հասարակութեան կազմակերպումը նշուած նպատակին հասնելու համար:
Իշխանութիւն-ընդդիմութիւն միասնական եւ պատասխանատու պետական կառավարման համակարգ ձեւաւորելու անհրաժեշտութեան մասին, նոր քաղաքական մշակոյթի մասին է խօսքը: Հետեւաբար նաեւ` հասարակական-քաղաքական կեանքի որակապէս նոր համակեցութեան ձեւաւորման անհրաժեշտութիւն կայ: Ի՞նչ է լինելու այս կամ այն ուժի կամ անհատի քաղաքական ապագան, առաջիկայում որ քաղաքական ուժը ինչ մասնաբաժին կ՚ունենայ ձեւաւորուելիք նոր խորհրդարանում կամ կառավարութիւնում, ու նմանօրինակ հարցերը զուրկ են բովանդակութիւնից, քանի դեռ դրանք չեն դիտարկւում երկրի ու հասարակութեան զարգացման տեսլականի ներքոյ: Էական չէ, թէ քանի կուսակցութիւն կայ Հայաստանում` երկո՞ւ, թէ՞ հարիւր: Կարեւոր է, որ նրանք բոլորն ունենան նոյն նպատակը եւ մրցակցեն այդ նոյն նպատակին հասնելու ճանապարհների, մեթոտների, առաջնահերթութիւնների ու շեշտադրումների շուրջ: Երկրին ու ժողովրդին պէտք են նոր ու արդիւնաւէտ, յստակ ու իրագործելի ծրագրեր, թէկուզ կոշտ ու ոչ այնքան հաճելի լուծումներ, եւ ոչ թէ` պաթետիկ ելոյթներ, բարի ցանկութիւններ, դեկլարատիւ հայրենասիրութիւն, քաղքենու կամ ամբոխի ականջը շոյող խօսքեր, երկիրը մի քանի ամսում դրախտի վերածելու մասին անկապ նախընտրական խոստումներ, մի քանի հոգով պարբերական հանրաքուէներով երկիրը փրկելու մասին պոռոտախօս ինքնադրսեւորումներ:
Երկրի զարգացման համար իշխանութիւնները կամ իշխանութեան յաւակնութիւն ունեցողները, պարզապէս մտածող, ծրագրեր ու գաղափարներ ունեցող մարդիկ պէտք է երկրի խնդիրները ձեւակերպեն` իրենց լուծման տարբերակներով: Անհրաժեշտ է խրախուսել քաղաքական, հասարակական, գիտական, փորձագիտական էլիտաների բանավէճը: Պէտք է տեսակէտներ հնչեցուեն հասարակութեանը յուզող, երկրի ներքին խնդիրների լուծմանը միտուած, արտաքին վտանգներին ու մարտահրաւէրներին պատասխանող կարեւորագոյն խնդիրների վերաբերեալ. Արցախի հարցի լուծում, Թուրքիայի հետ յարաբերութիւններ, տնտեսութեան վերականգնում, ընտրական համակարգի հանդէպ վստահութեան վերականգնում, սոցիալական ոլորտի բարեփոխումներ, աղքատութեան յաղթահարում, օտարերկրեայ ներդրումների ներգրաւում, գիտակրթական, մշակութային հիմնախնդիրներ եւ այլն (վերոնշեալ հիմնախնդիրների լուծումների տարբերակների եւ մեթոտաբանութեան վերաբերեալ տեսակէտներ ներկայացնելու հնարաւորութիւն դեռ կ՚ունենանք):
Բայց դա քիչ է. այդ ծրագրերը պէտք է ներկայացուեն հասարակութեանը, հասարակութիւնը պէտք է ներքաշուի իր իսկ խնդիրների քննարկման եւ լուծման մէջ: Հասարակութիւնը, քաղաքացին տարբերւում են երկրի լոկ բնակչից նրանով, որ մասնակից են իրենց հիմնախնդիրների լուծմանը: Դրանով է միայն հնարաւոր յաղթահարել պետութիւնից ու քաղաքականութիւնից մարդկանց օտարումը, դրանով է միայն հնարաւոր յոռետեսութիւնն ու կասկածը փարատել, վախի ու թշնամանքի բացասական էներգիան վերածել ստեղծագործ ներուժի, վերականգնել մարդու հաւատը վաղուայ օրուայ ու իր ուժերի հանդէպ: Ոչ մի, թէկուզ ամենալաւ ու իրատեսական ծրագիր անհնար է իրագործել` առանց հասարակութեան վստահութեան ու աջակցութեան, այլ կերպ ասած` ցանկացած ծրագիր պէտք է ունենայ հասարակական լեգիտիմութիւն: Միայն այդօրինակ լեգիտիմութեան պարագայում կարող են ընկալուել թէկուզ ամենացաւոտ լուծումներն ու դժուարութիւնները: Հետեւաբար` հասարակական-քաղաքական համախմբում է անհրաժեշտ:
Անհրաժեշտ է միասնական համակարգում, թիմային աշխատանքում համախմբել բոլորի հնարաւորութիւնները` համադրելով իւրաքանչիւրի ներուժը` անկախ քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքից ու գաղափարական տարաձայնութիւններից: Չափանիշը կարող է լինել բացառապէս ազգային եւ պետական շահը, պրոֆէսիոնալիզմն ու կարողականութիւնը: Երկիրը աննախադէպ բարդ հիմնախնդիրների ու մարտահրաւէրների առջեւ է կանգնած, բայց բարդութիւններն ու հիմնախնդիրները նաեւ հնարաւորութիւններ են ստեղծում, անխուսափելիօրէն առաջացնում վերափոխումների, ուժերի համախմբման անհրաժեշտութիւն: Իսկ այդ հնարաւորութիւններից օգտուելն արդէն մեզանից է կախուած: Բոլորիցս:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles