
Ուրբաթ, Յունիս 7, 2013 ժամը 8.00ին Նիւ Եորքի Հայ Կեդրոնում (woodside) տեղի ունեցաւ շքեղ համերգ, մասնակցութեամբ աշուղական երգերի սիրուած մենակատար երգիչ Էլի Պէրպէրեանի եւ իր նուագախումբի: Սրահը լեցուն էր, հայ երգի սիրողներով: Ներկայ էին, Առաջնորդական տեղապահ Գեր. Տ. Անուշաւան Դանիէլեան, արժանապատիւ հայրեր` Տ. Մեսրոպ Քհնյ. Լագիսեան, Տ. Մալխասեան եւ Համազգայինի Շրջանային Վարչութեան ներկայացուցիչ` ընկհ. Արեւիկ Գաբրիէլեան:
Հանդիսութեան բացումը կատարեց, Համազգայինի նորընտիր վարչութեան ատենապետ ընկ. Աւետիս Հաճեանը: Ընկ. Հաճեանը իր բացման խօսքին մէջ նշեց` “Յանուն Համազգայինի Նիւ Եորքի մասնաճիւղի, պատիւը ունիմ բարի գալուստ մաղթելու, Սայեաթ Նովայի ծննդեան 300 ամեակին նուիրուած այս համերգին, որը միասնաբար կազմակերպած ենք, Սուրբ Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ հետ, Տէր Մեսրոպ քհնյ. Լագիսեանի ազնիւ համագործակցութեամբ“: Ընկ. Հաճեանը Սայեաթ Նովայի մեծութիւնը որպէս արտակարգօրէն մեծ “Սիրոյ Երգիչ“ ներկաներին փոխանցեց, մի կարճ դրուագով, որը տեղի է ունեցել, Սուրիայի Գամըշլի քաղաքում 60 տարի առաջ.և Գամըշլիում հրաւիրում են ուսուցիչ` պրն. Պետրոս Գալստեանին, Սայեաթ Նովային նուիրուած դասախօսութիւն տալու համար: Դասախօսութեան օրը, պրն. Պետրոսը գալիս է 15 հատոր գիրք շալկած: Ներկաները սարսափում են, մտածելով պրն. Պետրոսը մտադիր է այդ բոլոր գրքերի մասին խօսել եւ մեկնաբանել: Բայց դասախօսը նայելով գրքերի դէզին ասում է.և “Սայեաթ Նովան սիրոյ մեծ երգիչ էր“, եւ այս ասելով թողնում է սրահը:
Ընկ. Աւետիսը, այս դրուագի փոխանցումով, պատգամեց Սայեաթ Նովայի արտակարգ մեծութիւնը, որպէս “Սիրոյ երգերի` անզուգական յօրինող եւ կատարող“: “Եթէ ասկէ վաթսուն տարի առաջ Գամըշլիի մէջ, տասըևտասնըհինգ գիրք կարդալէ ետք, պրն. Գալուստեանը, Սայեաթ Նովայի մասին, աւելցնելիք բան, խօսք չունէր, ուրեմն ինձ ալ աւելցնելիք չի մնար, բացի բոլորիդ ցանկալ բարի վայելում“ նշեց ընկ. Հաճեանը:
Սայեաթ Նովան (Արութին, Յարութիւն), ծնուել է Վրաստան (Թիֆլիս) 1712և1717 կամ 1722ին եւ մահացել 1795 թուին Թիֆլիսում:
Հայրը Մղդսի Կարապետը, Հալէպցի (Սուրիա), հայ պանդուխտ էր, մայրը Սառան Թիֆլիսի Հաւլաբա թաղից:
Ս. Նովայի նախնական կրթութիւնը սահմանափակուել է գրաճանաչութեամբ եւ ապագայում զարգացրել է ինքնակրթութեամբ:
12 տարեկանում սովորել է ջուլհակութիւն, բայց հրապուրել է երգևերաժշտութեամբ եւ սովորել է նուագել մի քանի լարային նուագարաններ:
Ենթադրւում է որ մասնակցել է “Նադէր Շահի Հնդկաստանի արշաւանքին“ (1738և1739, որպէս երգիչ նուագածու):
1752 թուից ստեղծագործել է մայրենի լեզուով: 1759ին օծուել է քահանայ, վերամկրտուելով Ստեփանոս անունով: Հովուել է Պարսկաստանի Գիլան Նահանգի (Կասպից Ծովի շրջան) Էնզէլի քաղաքում (Փահլաւի նաւահանգիստ):
1768 թուին ընդունել է կուսակրօնութիւն` գործելով Հաղպատում եւ մերթ Թիֆլիսի Ս. Գէորգ Եկեղեցում:
Սայեաթ Նովայից պահպանուել են շուրջ 70 հայերէն երգ: Երգերի մեծ մասի թեման Սէրն է, ինչպէս որ ճանչուել է “Սիրոյ Երգերի անզուգական վարպետ“:
Ս. Նովայի երգերը թարգմանուել են աշխարհի բազմաթիւ լեզուներով: 2003 թուին տպագրուած, հայկական համառօտ հանրագիտարանում (Երեւան): Կարդում ենք` Մեծ մարդասէր եւ մարդերգու է Ս. Նովան` (Արի համով ղուլուղ արա, խալխի նոքար Սայեաթ Նովա) եւ դրա մէջ է նրա ստեղծագործութեան գաղտնիքը: Բանաստեղծի սիրոյ զգացմունքը իր առաւել վառ արտայայտութիւնն է գտել, նրա սիրերգներում` (աշխարհումս ախ չիմ քաշի, քանի որ ջանիս ինձ համար): (Անմահական ջրով լիքն, օսկէ փընջան իսկ ինձ համար), (մի խօսք ունիմ իլթիմազով…) եւ շատ ուրիշ սիրերգներ: “Սայեաթ Նովայի պատկերած կինը աստուածութեան եւ կատարելութեան, կնիքն է կրում, սակայն չի վերածւում վերացականութեան եւ դա իրական եւ կենդանի մարդն է, բնութեան զարդն ու գլուխ գործոցը“:
Հայ աշուղական երգերի, մեկնաբան, մեներգիչ, Էլի Պէրպէրեանը եւ իր սքանչելի նուագախումբը քլարինիստ տուտուկահար` Վաղարշակ Ալեքսանեան (Գիւմրեցի) եւ Փօլ Մալախանեան, էլեքտրոնային դաշնամուր մեծ վարպետութեամբ, նուագակցում էին մեներգիչ Պէրպէրեանին, որը մեծ յաջողութեամբ կատարեց Սայեաթ Նովայի եւ այլ աշուղների երգերից:
Պէրպէրեանը իւրաքանչիւր երգից առաջ բացատրութիւններ էր տալիս, երգի իմաստի եւ բառերի մասին:
Համերգի վերջում, մեծ յաջողութեամբ երգեց` Արցախին նուիրուած, ժողովրդականացած “Գետաշէն“ երգը, որը մեծ ոգեւորութիւն ստեղծեց: Բեմ հրաւիրուեց, Տ. Մեսրոպ քհնյ. Լագիսեանը, որը անդրադարձաւ նման ձեռնարկների կարեւորութեան շուրջ եւ դրուատեց Համազգայինի համագործակցութիւնը, Ս. Լուսաւորիչ Մայր եկեղեցւոյ հետ:
Փակման խօսքով եւ աղօթքով, ելոյթ ունեցաւ Առաջնորդական տեղապահ, Գեր. Տ. Անուշաւան Դանիէլեանը եւ անդրադարձաւ Սայեաթ Նովայի մեծութեան եւ նրա ստեղծագործութիւնների ազդեցութեանը, հետագայ հայ աշուղների եւ հայ երաժշտութեան բանաստեղծութեան վրայ: