
Յովհաննէս Մկրեանը ծնուել էր Դամասկոս, Յունուար 1, 1924-ին: Զաւակն էր 1915-ի Ցեղասպանութիւնից վերապրող Յարութիւն եւ Երանուհի Մկրեանների: Փոքր տարիքից իր ծնողների հետ մեկնել է Պէյրութ (Լիբանան):
1946-ի ներգաղթի օրերին, 22 տարեկան հասակում հազարաւոր տարագիր հայերի նման, իր ընտանիքի հետ, հայրենի ուղին են բռնում դէպի Մայր Հայաստան: Հայաստանում Յովհաննէսը զբաղւում է կօշկակարութեամբ, ապա աշխատանք է գտնում Միասնիկեան Կահոյքի Գործարանում մինչեւ Ամերիկա գալը:
Նոյեմի Գայլաճեանի ծնողներն եւս եղել են Մեծ Ջարդի վերապրողներից նոյնպէս ընտանիքով Ալեքսանտրէթ-Էսկուտարից տարագրւում են Հալէպ – մի քանի տարի անց ներգաղթում Հայաստան: Շատ չանցած, բախտի բերմամբ Յովհաննէսն ու Նոյեմին ծանօթանում եւ ամուսնանում 1950-ին: Նրանք բախտաւորւում երեք տղայ եւ մէկ աղջիկ զաւակներով` Յարութիւն, Րաֆֆի, Թորոս եւ Երան: Ամուսնացած են եւ ունեն զաւակներ:
1974թիւն էր, երբ որոշ կենցաղային դժուարին պայմանների ազդեցութեան տակ, պարտաւորուած թողնում են Հայաստանը եւ հաստատւում Ամերիկա, Նիւ Եորք` ուր Յովհաննէսի հօրեղբօր տղան Ճան Մկրեանը, (ծնուած ու մեծացած Նիւ Եորքի մէջ), արդէն եւ իսկ տեղում զբաղւում էր գորգագործութեամբ: Յովհաննէսի տղաներն եւս հետեւելով իրենց հօրեղբօր տղայի գործունէութեան 1976 թուին բացում են իրենց անձնական գորգի առեւտրական խանութը Նիւ Եորքի յայտնի Հինգերորդ Պողոտայի վրայ, ուր նաեւ, մաքրում ու նորոգում են թանկարժէք գորգեր: Յովհաննէս Մկրեանը յանձինս իր ժրաջան զաւակների այսօր Հայաստանի տարածքում գոյութիւն ունի 22 “ՄԿՐԵԱՆ ՐԱԿԶ“ գործարաններ ուր աշխատում են բազմաթիւ հայրենակիցներ նպաստելով իրենց ընտանիքների ապրուստին ու երկրին: Ցուցափեղկեր ունեն նաեւ մի շարք երկրներում: (“Մկրեան Գորգ“ տեսնել “Հայրենիք“ի Մարտ 15, 2013-ի թիւ):
Յովհաննէս Մկրեանը կարճատեւ հիւանդութիւնից յետոյ վախճանուեց Յունուար 16-ի առաւօտեան ժամը երկուսին իր բնակարանում` շրջապատուած իր սիրելի ընտանիքով տղաները` Յարութը եւ Րաֆֆին ընտանիքով եկել էին Հայաստանից շաբաթներ առաջ. Թորոսը եւ Երանը իրենց ընտանիքով (Նիւ Եորք), եւ քրոջ աղջիկը` վարդուհին Փարիզից, իսկ Մարի Թորոսեանը եւ դուստրը Անահիտը Լոս Անճելըսից, որ եկել էին օր առաջ թաղման հոգեհանգստեան պաշտօնը տեղի ունեցաւ Յունուար 19-ին Սուրբ Սարգիս Եկեղեցում պատարագից անմիջապէս ետք: Ներկայ էին հանգուցեալի տիկինը` Նոյեմին, զաւակները, թոռները, ընտանիքի հարազատները, եղբօր կինը` Աննիկը զաւակներով‘ Ասատուր եւ Արմէն Սինանեանները (Լոս-Անճելըսից), Եղբօր տղան Արշակն ու Ֆլօրան ընտանեօք (Ֆիլատելֆիայից), եւ եղեղեցին լեցուն ազգայիններով ու ծանօթներով: Հոգեհանգստեան արարողութեան էին մասնակցում` եկեղեցւոյ հովիւ Արժ. Տ. Նարեկ Թրթռեանը, Գերաշնորհ Տ. Անուշաւան Եպսկ. Դանիէլեանը, Աւ. Քհնյ. Արժ. Տ. Մուշեղ Տէր Գալստեանը եւ Սբ. Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ հովիւ Արժ. Տ. Մեսրոպ Լագիսեանը:
Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ դամբանական ասաց Արժ. Տ. Նարեկ Թրթռեանը նշելով հանգուցեալի երկար տարիների անդամակցութիւնը Սբ. Սարգիս Եկեղեցւոյն եւ Ֆլաշինկի “Հայ Տուն“ ծերանոցին, ուր յաճախ իր տիկնոջ Նոյեմիին հետ այցելութեան էին գնում: Յովհաննէսը պատւոյ անդամ էր նաեւ Հայ Օգնութեան Միութեան “Էրէբունի“ Մասնաճիւղին: Նրա հաւատքը, բարութիւնը, սէրը անսահման էր հանդէպ իր տիկնոջ, ընտանիքին ու ազգին: Սրբազան Հայր Անուշաւան Դանիէլեանը հաղորդեց Բարձ. Տ. Օշական Արք. Չօլոյեանի ցաւակցութիւնն որը բացակայում էր տեղից, ապա համառօտ անդրադարձաւ Յովհաննէսի կենսագրութեան: Նրանց գերդաստանի տեղահանութեան ու երկրից-երկիր գաղթելու դժուարութիւններին: Մինչեւ որ տարիներ անց յաջողեցին վերջնականօրէն հաստատուել Նիւ Եորքի մէջ: Որքան ուրախ էր նա իր զաւակներով, ութ թոռ-թոռնիկներով, ուրախ էր տիկնոջ` Նոյեմիի ազգասիրութիւնով, նրա ելոյթներով, որը 64 տարի միասին ապրեցին ու վայելեցին իրենց ընտանիքի եւ համայնքիս սէրն ու յարգանքը: Հայրենասէր էր ու համեստ. կեանքի մէջ տաքն ու պաղը տեսած էր ու միշտ օգտակար եղած իր համայնքին-ազգին: Մի շարք բարեգործութեան կողքին, նաեւ այսօր երկար տարիներէ ի վեր որդեգրած որբեր ունի Հայաստանի մէջ: Դառնալով թոռնիկներին Սրբազանը ասաց “Մեծ հայրիկները չեն մեռնի քանի որ կայ նրա հայրենաշունչ հոգին ձեր հոգու մէջ: Հայրենիքը եւ հայ լեզուն միք մոռնայ“:
Յովհաննէս Մկրեանի յուղարկաւորութեան երկար շարքը դանդաղօրէն մօտեցաւ Սիտր Կրով Գերեզմանատան, ուր հաւաքուած էր հոծ բազմութիւն, իր վերջին յարգանքի տուրքը մատուցելու ազնիւ ու համեստ մարդուն: Արժ. Հովիւ Տ. Մեսրոպ Լագիսեանը դամբանական կարդաց դրուատելով նրա հայասիրութիւնն ու հայերէն խօսելու կարեւորութիւնը ազգապահպանման խնդրում:
Թաղման արարողութիւնից յետոյ յուղարկաւորները հրաւիրուեցին “Միթօս“ ճաշարանը հոգեճաշի ուր ներկայ էր հոծ բազմութիւն: Վերջաւորութեան Յարութիւն եւ Րաֆֆի Մկրեանները շնորհակալութիւն յայտնեցին ներկաներին, մօտիկ ու հեռու ցաւակցողներին եւ մասնաւորապէս նրանց ովքեր հեռու քաղաքներից ու երկրներից էին եկել յարգելու իրենց հօր յիշատակը:
Մօտիկից ծանօթ լինելով Մկրեան ընտանիքին յաճախ եմ վայելել նրանց հարազատ ընդունելութիւնը, Պրն. Յովհաննէսի պարզ ու վեհանձն կեցուածքն ու նրա մշտական ժպտերես դէմքը, յաւերժ կենդանի պատկեր կը մնայ յիշողութեանս մէջ, եւ ընկհ. Նոյեմիի սիրալիր վերաբերմունքն ու գթառատութեան լուռ կատարելութիւնը անխախտօրէն մարդկային ամենալաւ ու բարի յատկութիւններից է կազմուած:
Կողքին նստած, իր թախիծը թեթեւացնելու միտումով, մտերմաբար իր զգացումները խնդրեցի. “Լաւ ամուսին էր ասաց նա, հայերէն խօսէք եւ օգնէք Հայրենիքին, ՄԵՐՆ Է, մեր նախնիները չտեսան Ազատ–Անկախ Հայրենիքը, մի լքէք: Միշտ իր խօսքն էր, “Սիրեցէք միմեանց, ծառայեցէք հայրենիքին, հայերէն, հայերէն խօսեցէք…“: Միշտ հպարտ էր իր ընտանիքով ու զաւակների հայրենասիրութիւնով: Ուրախ էր իր ութ սիրասուն թոռներով, որոնք մեծ հաճոյք էին պատճառում իրեն: Իննսուն տարի ապրեց ու կեանքից հեռացաւ մեծ գոհունակութեամբ“:
Յովհաննէս Մկրեանի մահուան քառասունքի նախօրեակին ընտանիքի հարազատներն ու մօտիկ ծանօթներն այցելեցին հանգուցեալի թարմ շիրիմը ուր Արժ. Տ. Նարեկ Թրթռեան հոգեհանգստեան արարողութիւնը կատարեց: Որից յետոյ ներկաները հրաւիրուեցին ընտանիքի բնակարանը հոգեճաշի: Իսկ քառասունքի օրուայ առթիւ հոգեհանգստեան յատուկ պաշտօն կատարուեց Փետրուար 23-ին Սբ. Սարգիս Եկեղեցում եկեղեցւոյ հովիւ Տէր Նարեկ Թրթռեանի եւ Աւ. Քհնյ. Տ. Մուշեղ Տէր Գալստեանի ձեռամբ: Ներկայ էին հանգուցեալի տիկինը, զաւակներն, ընտանիքի հարազատներն եւ եկեղեցին լեցուն ազգայիններով: Հոգեհանգստեան ճաշկերոյթը տեղի ունեցաւ “Միթօս“ Յունական յայտնի ճաշարանի մէջ, ուր դարձեալ ներկայ էր հոծ բազմութիւն յարգելու եւ պատուելու Յովհաննէս Մկրեանի անմոռաց յիշատակը: Թող հողը թեթեւ գայ վրադ ազնիւ հայ, ու թարմ շիրիմդ վարդի փնջերով զարդարուի: Յարգանք քո անթառամ յիշատակին ու քո ապրած օրերին:
ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ