
Երեք մայրաքաղաքներից՝ Երեւանից, Պեռնից ու Անգարայից, Օգոստոսի 31-ի գիշերը Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների մասին հրատարակուած արձանագրութիւններն ու դրանց ժամանակացոյցը ալեկոծեցին միլիոնաւոր հայերի մտքերն ու հոգիները: Յաջորդ առաւօտն իսկ, Գերմանիոյ Հայ Ակադեմականների Միութեան (ՀԱՄ) վարչութիւնը որոշեց հաւաքուել ու անմիջապէս քննարկել ճակատագրական կոչուելու հանգամանքին հաւակնող փաստաթղթերն ու դրանցից բխող մտահոգիչ հեռանկարները: Սեպտեմբերի 2ին որոշում կայացուեց՝ առանց ժամ իսկ կորցնելու կազմակերպել համայնքային լայն քննարկում, հրաւիրել նաեւ Գերմանիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մշտական ներկայացչութեան ղեկավարներին: Գերմանիա աշխատանքի ժամանած ՀՀ նորանշանակ դեսպան Արմէն Մարտիրոսեանի գրասեղանին առաջին աշխատանքային օրն իսկ դրուեց ծրագրին մասնակցելու հրաւէրը: Ի պատիւ նոր դեսպանի, պէտք է ասենք, որ արժեւորելով համայնքի ու դեսպանութեան միջեւ միանգամից աշխատանքային-գործնական յարաբերութիւններ հաստատելու երկկողմանի ձգտումը, առաջնորդուելով հայ-թրքական յարաբերութիւնների մասին ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումն անձամբ ներկայացնելու, առհասարակ հարցի կարեւորութեան գիտակցութեամբ, ՀՀ դեսպանը յաջորդ օրը տուեց ծրագրին մասնակցելու իր ու դեսպանութեան երկրորդ քարտուղար Համբարձում Մինասեանի մասնակցութեան համաձայնութիւնը: Հարցի քննարկման հրաւէրին անմիջապէս դրական պատասխան տուեց նաեւ Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Գայանէ Ափինեանը: Երեք պետական այրերի կողքին քննարկմանը մասնակցեցին երեք սփիւռքեան ներկայացուցիչներ՝Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի նախագահ, դկտր. Շաւարշ Յովասափեանը, Եւրոպայի Հայ Դատի Պրիւքսէլի գրասենեակ:

Գրասենեակի Գերմանիոյ ներկայացուցիչ Անդրանիկ Ազնաւուրը եւ գերմանահայ համայնքի փորձառու գործիչ, դկտր. Րաֆֆի Պեկջտեանը: Քննարկումը վարում էր ՀԱՄ-ի նախագահ Ազատ Օրտուխանեանը: Հապճեպ կազմակերպուած բաւականին ներկայացուցչական ծրագրին ներկայ էին 90 մասնակիցներ, որոնց մէջ էին Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի վարչականները, Ախենի հայ համայնքի նախագահը, Սիլվա Կապուտիկեանի անուան Գերմանահայ Կանանց Միութեան նախագահուհին, Նոր Սերունդ երիտասարդական կազմակերպութեան ղեկավարները, Գերմանահայ Բժիշկների ու Բուժաշխատողների Միութեան, Քյոլնի Եկեղեցական Միութեան վարչութեան ներկայացուցիչները, Կենտրոնական Գերմանիոյ հայկական համայնքների հոգեւոր հովիւը, տարբեր քաղաքական հայեացքների յարող ակտիւ համայնքայիններ, ՀԱՄ-ի բազմաթիւ անդամներ, ուսանողներ: ՀԱՄ-ի վարչութիւնը ՀՀ-ից ու Գերմանիոյ տարբեր քաղաքներից բազմաթիւ մտահոգիչ նամակներ էր ստացել, որոնք, սակայն, ժամանակի սղութեան պատճառով երեկոյեան կարդալ հնարաւոր չեղաւ: Ժամը 16:00-ին յայտարարուած ծրագիրը սկսուեց ճիշտ ժամին ու դեսպանութեան ղեկավարների մասնակցութեամբ շարունակուեց երկուս ու կէս ժամ: Այնուհետեւ դեսպանն ու իր օգնականը մեկնեցին Պեռլին, որից յետոյ քննարկումը շարունակուեց մինչեւ 20 անց 30 ռոպէ: Քննարկմանը մասնակցող բանախօսներին ու ներկաներին բարի գալուստ մաղթելուց ու ակտիւ քննարկման հրաւիրելուց յետոյ ծրագրի վարողը բարձրախօսը տրամադրեց բանախօսներին, որոնք ներկայացրին հայ-թրքական յարաբերութիւնների բեկումնային զարգացումների մասին իրենց կազմակերպութիւնների ու հայոց երկու հանրապետութիւնների պաշտօնական տեսակէտները:

Անդրանիկ Ազնաւուրը քննարկումը սկսեց հետեւեալ արտայայտութեամբ. »Մենք դէմ չենք Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը, սակայն, ինչպէս միշտ շեշտել ենք՝ առանց նախապայմանի: Մենք այստեղ կասկած չենք արտայայտում ՀՀ իշխանութիւնների ազնիւ մղումների ու հայրենասիրութեան վրայ, բայց կարծում ենք, որ այս հարցում նրանք մեծ սխալ են գործում: Այս փաստաթղթերը ոչ թէ նախապայմաններ են պարունակում, այլ շատ աւելին: Ստորագրելով այս փաստաթղթերը նրանք մեզ եւ մեր սերունդներին դնում են չափազանց մեծ դժուարութիւնների առջեւ, անչափելի մեծ վնաս հասցնում մեր ժողովրդի իրաւունքներին: Կատարուող սխալի շտկումը ապագայում աներեւակայելիօրէն դժուար է լինելու: Նման համազգային տարողութիւն ունեցող բարդ հարցերի վճռահատումը այսպէս գաղտնի բանակցութիւնների ճանապարհով կատարելն ու հայ ժողովրդին մասնակից չդարձնելը գտնում ենք խիստ քննադատելի: Փաստօրէն Հայաստանի իշխանութիւնները մեր առջեւ դրել են պատրաստի ապուր: Կամ այո ենք ասելու կամ ոչ: Մենք այս պարագայում միայն ոչ կարող ենք ասել«:
Րաֆֆի Պետիկեանի կարծիքով »թուրքերը կրկին կեղծ են մեզ հետ: Ես որպէս ցեղասպանութիւնից մազապուրծ եղած ընտանիքի զաւակ ոչ մի հաւատ չունեմ մարդասպան պետութեան հանդէպ, համոզուած չեմ, որ թուրքերը Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդէպ որեւէ բարի բան կը ցանկանան անել«:
Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի նախագահ, դոկտր. Շաւարշ Յովասափեանը ներկայացրեց համայնքի ղեկավար կազմակերպութեան տեսակէտը. »Մեր գաղութի տեսակէտը այս հարցում մենք արդէն մեր մամլոյ հաղորդակցութեան միջոցով յայտնել ենք: Յարգելի պարոն դեսպան, չգիտեմ, այն Ձեզ համար թարգմանել են, թէ ոչ, ուստի եւ կրկնում եմ. Մենք, սփիւռքեան բազմաթիւ կազմակերպութիւնների նման, արձանագրութիւնների այս ձեւին խիստ դէմ ենք, այն համարում ենք չափազանց վնասակար ու վտանգաւոր մեր ժողովրդի համար, ՀՀ իշխանութիւններից պահանջում ենք այս տեքստը չստորագրել, այն վտանգում է մեր իրաւունքները մեր հայրենիքի նկատմամբ: ՀՀ կառավարութիւնից մենք մինչեւ հիմա ոչ մի մանրամասն ու ամբողջական տեղեկատուութիւն չենք ստացել«:

Ըստ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Գայանէ Ափինեանի »նախաստորագրուած փաստաթղթերը նոյնիսկ կարելի է համարել հայ դիւանագիտութեան յաջողութիւն, դրանք մեր ու օտարազգի պատմաբաններին հնարաւորութիւն կը տան Օսմանեան կայսրութեան արխիվներից հանել կարեւոր փաստաթղթեր ու պաշտպանել մեր շահերը«:
ՀԱՄ-նախագահ Ազատ Օրդուխանեանը ներկայացրեց կազմակերպութեան դիրքորոշումը արձանագրութիւնների վերաբերեալ. »Համազգային հիմնախնդիրները, ինչպիսիք են Հայոց ցեղասպանութեան, Արեւմտեան Հայաստանին վերաբերուող ամէն մի հարց, հայոց գրական լեզուի ուղղագրութեան եւ այլ համազգային ընդգրկում ունեցող հիմնահարցեր պէտք է լուծուեն համազգային ուժերով: Այսինքն՝ այսօր աշխարհում ապրում է մօտ 12 միլիոն հայ: ՀՀ-ն իր 3 մլն. բնակչութեամբ սոյն հարցերի լուծման գործում ունի միայն 25 տոկոս ձայնի իրաւունք, 75 տոկոսը պատկանում է սփիւռքին: ՀՀ իշխանութիւնները իրաւունք չունեն որոշումներ կայացնել 60 հազարանոց գերմանահայերի կամ 450 հազարանոց ֆրանսահայերի փոխարէն: Հայ-թրքական յարաբերութիւնները ոչ այսօր եւ ոչ էլ ապագայում չեն կարող լինել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններ, այլ հայ եւ թուրք ժողովուրդների յարաբերութիւններ են: Այսօր հայերի ուժը գտնւում է ոչ միայն ՀՀ-ի տակ, այլ նաեւ նրա շուրջ: Ցեղասպանութեան հարցը մնում է ուժեղ զէնք ՀՀ-ն ու սփիւռքը պաշտպանելու համար, այն չենք կարող կամաւոր յանձնել: Հերթական անգամ չենք ցանկանում ազգովի Գրիգոր Զօհրապ դառնալ, որը քայլում էր մահուան ճանապարհով, բայց դեռ հաւատում էր Թալաթ փաշայի բարեկամական խօսքերին, որը դահիճն արտայայտել էր իր մահուան հրամանը տալուց մի քանի ժամ առաջ: Մենք ցեղասպանութեան հետ ապրել ենք նաեւ հողասպանութիւն, այսինքն՝ սպանուել է ոչ միայն մեր ժողովրդի մեծ մասը, այլ մեզանից բռնի խլուել մեր սուրբ հայրենիքը: Արեւմտեան Հայաստանը, ի տարբերութիւն մեր անմեղ նահատակների, անդառնալի կորուստ չէ մեզ համար: Ի՞նչ է անում դահիճն այսօր՝ փոխհատուցելու համար իր զոհի ժառանգներին: Որպէս ներողութիւն, որպէս բարի կամքի դրսեւորման սկիզբ, նա գոնէ պէտք է նպաստի ՀՀ տնտեսութեան զարգացմանը, վերականգնի Արեւմտեան Հայաստանի պատմամշակութային ժառանգութեան մնացորդները, Սփիւռքի հետ բարեկամական յարաբերութիւններ ստեղծելու փորձեր անի, մտածի իրական փոխհատուցումների մասին: Աշխարհն ունի նմանատիպ փորձ, մենք Գերմանիայում ամէն օր ականատես ենք լինում դրան, միայն թուրքերը դա չեն ուզում տեսնել: Տնտեսական հարցերում մեր պետութիւնը նոյնպէս կը տուժի, եթէ շուտափոյթ չկարգաւորի երկրի տնտեսական օրէնսդրական դաշտը, այսօրուայ վիճակով մենք լրիվ անպաշտպան ենք թրքական տնտեսական յառաջխաղացքին դիմաց ու Թուրքիոյ համար հեշտութեամբ կարող ենք վերածուել ներմուծման ու տրանզիտի դաշտի«:

ՀՀ դեսպանը ցանկացաւ ականջալուր լինել բոլոր բանախօսների կարծիքներին եւ վերջում ներկայացրեց ՀՀ իշխանութիւնների տեսակէտը արձանագրութիւնների ստորագրման ու հայ-թրքական յարաբերութիւնների մասին: Պարոն Մարտիրոսեանի ներկայացրած մտքերն ամբողջութեամբ արտացոլում էին ՀՀ իշխանութիւնների տեսակէտները, որոնց հետ ոչ սփիւռքեան բանախօսները եւ ոչ էլ դահլիճում նստած որեւէ մասնակից չհամաձայնուեց: Պարոն դեսպանի ուշադրութեանը յանձնուեց Helsinki Final Act –ի այն պարբերութիւնը, որտեղ բացի սահմանների փոխադարձ ճանաչումից, տարածքային որեւէ պահանջների արծարծումն իսկ ապագայում բացառուած է: Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ նման պայմանագրի վերահաստատումով տարածքային որեւէ պահանջք մեր կողմից կը դառնայ պայմանագրի խախտում: Դահլիճը մտահոգ հետեւում էր քննարկմանը, այնտեղից ՀՀ ու ԼՂՀ դիւանագիտական բարձրագոյն ներկայացուցիչներին չարուեց աջակցական նոյնիսկ որեւէ թոյլ արտայայտութիւն, նրանց տեսակէտներին դէմ էին բոլորը: Այնտեղ պարզ ասուեց, որ մեզ համար, որպէս ցեղասպանութեան ենթարկուած ու հայրենազրկուած ժողովրդի զաւակներ, Արեւմտեան Հայաստանի նկատմամբ ունեցած մեր բնական իրաւունքը անժամանցելի է, թրքական պետութեան ու թուրքերի հետ աշխարհի որեւէ մասում բարիդրացիական յարաբերութիւններ հաստատելուց առաջ, նախ նկատի ենք առնելու մեր բնական իրաւունքի, նրանց կողմից մեր զոհերի յիշատակը յարգելու ձեւաչափերը: Առայժմ մենք Թուրքիոյ կողմից բարի կամքի դրսեւորման որեւէ լուրջ քայլ չենք տեսնում: Այստեղ՝ Եւրոպայում, ամէն օր, կեանքի ամենատարբեր բնագաւառներում, ականատես ենք լինում թրքական կողմի թշնամական քայլերին, մեր դէմ կազմակերպուած բազմամարդ ցոյցերին, Հայ դատի, հայկական համայնքների զարգացման դէմ գերմանական ու եւրոպական կուսակցութիւններում, պառլամենտներում, քաղաքական ու հասարակական ամենատարբեր հարթութիւններում թուրք գործիչների յամառ պայքարին, հայակործան քարոզչութեան, սպառնալիքներին, այստեղ լայնօրէն տարածուող թրքական մամուլի, հեռուստատեսութեան ու ձայնասփիւռի հակահայ հիստերիային: Այսինքն՝ մենք առայժմ չենք կարող ցոյց տալ թրքական պետութեան ու թրքական Սփիւռքի որեւէ բարի կամքի դրսեւորման, որեւէ զղջման արտայայտութիւն, ուստի հաւատ չունենք նրանց անկեղծութեան ու մեզ՝ հայերիս բարիացակամօրէն նրանց ընդառաջ գալու քայլերին:

Կազմակերպիչները նախապէս մշակել էին բազմաթիւ հարցեր, որոնք այսօր մտահոգում են ոչ միայն գերմանահայերին այլ Սփիւռքի լայն շրջանակներին: Ցաւօք, քննարկ-մանը երկուս ու կէս ժամուայ դեսպանի մասնակցութիւնը (նրա ու քննարկմանը ներկայ, բայց երկխօսութեանը չմասնակցած դեսպանութեան երկրորդ քարտուղարի Պեռլին մեկնելու անհրաժեշտութիւնը տաս ռոպէով ընդմիջեց քննարկման յուզախառն ընթացքը) ու քննարկմանը յատկացրած ընդհանուր չորս ու կէս ժամերը բաւարար չեղան սպառելու գոնէ հետեւեալ մի քանի հարցերի պատասխանները՝
1. Արդեօ՞ք ինչքանով են Հայաստանի իշխանութիւնները հասկացողութիւն դրսեւորում Սփիւռքում այժմ ներկայ եւ օրէ օր աճող դժգոհութիւնների հզօր ալիքի նկատմամբ: Եթէ կա՞ն հասկացողութեան որեւէ դրսեւորումներ, ապա որտե՞ղ եւ ինչպիսի՞ հարցերում է առ այսօր այն դրսեւորուել, տեսանելի եղել որեւէ՞ բանախօսի:
2. Ինչքանո՞վ է արդարացւում, ինչո՞վ է բացատրւում Հայաստանի իշխանութիւնների հայ-թրքական յարաբերութիւնների այս վերջին զարգացումների հարցում տեղեկատուական ու քարոզչական այս, կարելի է ասել գաղտնանման կեցուածքը: Արդեօ՞ք աւելի օգտակար չէր լինի, եթէ հարցը թէ հայրենիքում եւ թէ Սփիւռքում նախապէս դրուէր մեր ժողովրդի լայն զանգուածների քննարկման, հաշուի առնուէր մտաւորականութեան, Սփիւռքի փորձառու ազգային կառոյցների ու անհատների կարծիքը՝ մի շատ ընդունուած երեւոյթ, որին մենք ամէն օր Գերմանիայում ականատես ենք լինում: Այստեղ ամէն մի կարեւոր հարց գերմանական իշխանութիւնները ներկայացնում են հասարակութեանը, դրանք շաբաթներով ու ամիսներով ամենատարբեր մակարդակներով, զանազան ֆորումներում, հեռուստատեսութեամբ, ձայնասփիւռով, մամուլում քննարկման դնում, դրանից յետոյ միայն բազմակողմանիօրէն մշակուած ու մարսած հարցերը ներկայացւում օրէնսդիր մարմինների հաստատման:
3. Ինչպիսի՞ քաղաքականութիւն ունի այսօր Հայաստանի իշխանութիւնը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցում, ինչպէ՞ս պիտի շարունակուի այսուհետեւ այդ քաղաքականութիւնը փոփոխուող պայմաններում, ի՞նչ կոնկրետ քայլեր են մշակուել Հայաստանում այդ հարցի յետագայ զարգացման ուղղութեամբ, ինչպիսի՞ն պիտի լինի այս հարցում հայրենիքի ու Սփիւռքի համագործակցութեան ձեւաչափը: Սփիւռքի կառոյցներն արդեօ՞ք արդէն մտածում, ծրագրում են նոր ռազմավարական մօտեցումներ ու մարտավարական քայլեր, կանոններ:
4. Ինչպիսի՞ն է Հայաստանի իշխանութեան վերաբերմունքն այսօր Արեւմտեան Հայաստանի հարցի վերաբերեալ, ինչպիսի՞ն է թուրքերի կողմից հայերին փոխհատուցում տալու հայկական կողմի օրինական պահանջի հարցում Հայաստանի իշխանութիւնների վերաբերմունքը:
5. Հայաստանի իշխանութիւններն այսօր հայ-թրքական յարաբերութիւններում ինչպիսի՞ տեղ են յատկացնում Սփիւռքին, ո՞րը պէտք է լինի այս յարաբերութիւններում Սփիւռքի դերը: Ինչպիսի՞ դերակատարութիւն կարող է ստանձնել այս հարցում գերմանահայ 60 հազարանոց համայնքը, հաշուի առնելով, Գերմանիայում աշխարհի ամենամեծ թրքական համայնքի հարեւանութեան առկայութիւնը:
6. Հայաստանի իշխանութիւնների ներկայ քաղաքականութիւնը հայ-թրքական յարաբերութիւնների հարցում իշխանութիւնների նկատմամբ Սփիւռքում վստահութեան մեծ կորուստ է առաջացրել: Ցաւօք սրտի, վստահութեան այդ կորուստի ընթացքը ամէն օր, ամէն ժամ մեծանում է: Դա մեզ, մեր ողջ ժողովրդին, մեծ վնասներ է բերելու: Ի՞նչ լուծումներ կ’առաջարկէիք, ի՞նչ քայլեր էք տեսնում այդ մեծացող ճեղքի առաջն առնելու, այն նուազագոյնի հասցնելու ճանապարհին:
7. Արցախի հարցում ի օգուտ Ատրպէյճանի ամէն անգամ Թուրքիոյ իշխանութիւնների հարձակողական միջամտութիւնը արդեօ՞ք պանթուրքիզմի մի իւրօրինակ, մոտեռն դրսեւորում չէ: Թուրքիոյ իրաւասութեան մէջ չմտնող այդ հարցը արդեօ՞ք չի կարելի միջազգային ատեաններում ներկայացնել հէնց այդպիսին: Ե՞րբ Հայաստանի իշխանութիւններն իրենց բանակցութիւններում ու յայտարարութիւններում խեղճ կեցուածք ընդունելով Արեւմտեան Հայաստանի նկատմամբ, մեր բնական իրաւունքի հարցը ամէն անգամ լրակեաց շրջանցում են, աւելի սանձարձակ չե՞ն դարձնում թուրք դիւանագէտների ապօրինի միջամտութիւնն ու պահանջը Արցախի ազատագրուած հողերի հարցում:
8. Կաշառակերութեան, մաֆիական համակարգի, սոցիալական, քաղաքական, բարոյական, տնտեսական ծանր վիճակում տառապող, անօրինութեան ճիրաններում համարեայ մահամերձ լինող Հայաստանն արդեօ՞ք այսօր պատրաստ է այսպիսի հապճեպութեամբ համազգային այնպիսի հարցի լուծման գնալ, ինչպիսին հայ-թրքական յարաբերութիւնների զգայուն բնագաւառն է: Աւելի նպատակայարմար չէ՞ք գտնում այդ հարցերի ողջ համակարգը այսօր, առանց օր իսկ կորցնելու, Հայաստանի ԳԱ-ում, պետական համալսարանում ու Սփիւռքի գիտական ու քաղաքական կառոյցներում յատուկ եւ ազատ մասնագիտական ստուգման ու վերլուծութեան ենթարկել, քննարկումների դնել, լրջօրէն պատրաստուել դիւանագիտական դժուարին մարտահրաւէրներին, յետոյ նոր թուրքերի հետ յարաբերութեան մէջ մտնել :
Այս ու բազմաթիւ այլ հարցեր, որոնք այսօր կախուած են սփիւռքեան երկնակամարում ու նմանապէս տանջում են գերմանահայ համայնքին, այդ երեկոյան, ցաւօք, այդպէս էլ անպատասխան մնացին: Դահլիճում պետական այրերի ու միւս ներկաների կարծիքներում վառ արտայայտուած անհամաձայնութիւն, յստակ բեւեռացում կար: Մասնակիցներից մէկը երեկոն հակիրճ բնորոշեց »երկուսն ընդդէմ իննսունի, կամ հակառակը«: Ժողովրդի ու իշխանութիւնների միջեւ եղած անջրպետը մի թէ՞ արդէն անդունդի է վերածւում, միթէ՞ ժողովրդի ձայնը, այս հարցում արդէն ճիչն ու աղաղակը, չեն լսելու ՀՀ իշխանութիւնները: Իսկ 1991-ի անկախութիւնից ի վեր, Բաղրամեան պողոտայի գրասենեակներում երբեւէ լսե՞լ կամ զգացե՞լ են այդ ձայնի տագնապները, երեք նախագահներից ու նրանց ստեղծած կառավարութիւններից ո՞րն է փոխել ժողովրդի ծանր վիճակը, ո՞րն է լուրջ աշխատել նրա համար, ո՞րն է սիրուել ժողովրդական լայն զանգուածների համար: Ոչ մէկը: … ե՞րբ լսելի կը դառնայ ժողովրդի ձայնը: Պատասխանը շատ պարզ է՝ երբ ամէն հայ յարգի իր հոգու արդար ձայնն ու պայքարի դրա համար: Այնուամենայնիւ՝ կարեւորը փոխումեան դահլիճում առկայ էր՝ պետական ապարատը չշփոթուեց պետականութիւն կոչուող սրբութեան ու հայրենիքի հետ, իսկ օրուայ գլխաւոր խորհուրդը, որը մասնակիցներին բազմաթիւ մտահոգութիւնների հետ լաւատեսօրէն տուն ուղեկցեց, ասում էր՝ ամենակարեւորը՝ ներկայ եւ յետագայ անկանխատեսելի ու դժուարին օրերին սփիւռքեան հեռաւորութիւնից ազգային իղձերին, հայրենի հողին ու ժողովրդին նուիրուած մնալը, նրան կարեկցելը, նրանից իրէն անբաժանելի տեսնելն ու պահելն է:
Հայ Ակադեմականների Միութեան վարչութիւն
Հոկտեմբեր 1, 2009, Պոխում, Գերմանիա