ԿԸ ՆՍՏԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՐՏԱԿՈՒՈՂ ՆԱՒԸ ԿԱՄ ԵՒՐԱՍԻՈՅ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԱՄՐՈՂ ՈՒՐՈՒԱԿԱՆԸ

0 0
Read Time:3 Minute, 34 Second

hg  ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
(յապաւումով)

Տաճիկիստանում Ռուսաստանի Արտաքին Գործոց նախարար Սերգէյ Լաւրովն ասել է, թէ մօտ ժամանակներս Հայաստանը կը դառնայ Եւրասիական Տնտեսական Միութեան լիարժէք անդամ:
Յայտարարութիւնն արուել է Եւրոմիութեան եւ Միացեալ Նահանգներու կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր, ոլորտային պատժամիջոցներ սահմանելուց յետոյ: Ուքրայինական ճգնաժամի պատճառով կիրառուած այդ պատժամիջոցները տարածւում են Ռուսաստանի ֆինանսական, ռազմաարդիւնաբերութեան եւ ելեկտրուժի ոլորտների մի քանի խոշոր ընկերութիւնների վրայ, որոնք տարբեր կարգավիճակներով ներկայացուած են նաեւ Ա.Պ.Հ. երկրների շուկաներում: Պատժամիջոցների տակ յայտնուած ընկերութիւնների համար սահմանափակուել է մուտքը ֆինանսական շուկայ:
Այս պայմաններում Մաքսային Միութեանը Հայաստանի մօտալուտ անդամակցութեան մասին Լաւրովի յայտարարութիւնը, ցոյց է տալիս, թէ Մոսկուան որքան է շահագրգռուած Եւրասիական Տնտեսական Միութիւնը շուտափոյթ կեանքի կոչելու հարցում:
Ռուսաստանի շահագրգռուածութիւնը հասկանալի է: Պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանի տնտեսութեան կրելիք հնարաւոր վնասները, որոնք նախնական հաշուարկներով կարող են կազմել հսկայական գումարներ, հնարաւորինս մեղմելու, փոխարինելու ամենայարմար տարբերակը դառնում է Եւրասիական ամբողջացման նախագծերի շրջանակում ընդգրկուած երկրների հետ աւելի սերտ, Արեւմուտքի կողմից աւելի քիչ վերահսկելի տնտեսական յարաբերութիւնների կառուցումը: Իսկ դրա համար Եւրասիական Տնտեսական Միութիւնն ամենա նպաստաւոր ծրագիրն է:
Եւ գրեթէ կասկած չկայ, որ ինքնափրկութեան մակոյկի դեր կատարող այդ միութիւնը գործարկելու համար Մոսկուան առաջիկայում կրկնապատկելու է ջանքերը: Բայց որքան Եւրոտնտեսութեան Միութեան ստեղծումը փրկութեան յոյս է Ռուսաստանի համար, նոյնքան կարող է գերեզման դառնալ Եւրոտնտեսութեան Միութեան անդամակցող կամ ատակ անդամներ հանդիսացող երկրների` Ղազախստանի, Պելառուսի, Հայաստանի եւ Ղրղզստանի համար:
Վերջիններս հրաշալի հասկանում են, որ Ռուսաստանն այս պարագայում շատ աւելի յիշեցնում է խորտակուող մի նաւի, որը կարող է ովկիանոսի յատակն իջեցնել նաեւ իրեն կցուած նաւակները: Խօսքն առաջին հերթին վերաբերում է Մաքսային Միութեան անդամ երկրներին` Ղազախստանին եւ Պելառուսին, որոնք Մայիսի 29ին Ասթանայում ստորագրեցին Եւրոտնտեսութեան Միութեան 2015ին գործարկելու մասին պայմանագիրը: Նախորդ օրը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարպաեւը հեռախօսազրոյցի միջոցով Ուքրայինական ճգնաժամի եւ դրա հետեւանքների հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի պետ: Այդ մասին պաշտօնական հաղորդագրութեան մէջ նշւում է, որ քննարկուել են նաեւ Եւրասիական Տնտեսական Միութեան “զարգացման հեռանկարներ“ը:
Հետաքրքրականն այն է, որ դրանից անմիջապէս յետոյ նախագահ Նազարպաեւը Ղազախստանի տնտեսութեան վրայ ուքրայինական ճգնաժամի հնարաւոր ազդեցութիւնների հարցը քննարկել է երկրի վարչապետի եւ իր ապարատի հետ: Եթէ այս հաղորդագրութիւնն ազատենք դիւանագիտական պաճուճապատանքից, ստացւում է, որ Նազարպաեւը քննարկել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման պարագայում ինչպէս ՌուսՂազախական երկկողմ տնտեսական յարաբերութիւնների, այնպէս էլ Եւրասիական տնտեսական միութեան գործարկման նպատակայարմարութեան հարցը:
Ինչ վերաբերում է Պելառուսին, ապա վերջինս արդէն անտարբեր է արեւմտեան պատժամիջոցների հանդէպ: Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մէջ նախագահ Լուքաշենքոն իր համար շատ աւելի հնարաւորութիւններ, քան վտանգներ է տեսնում: Բայց թէ Պելառուսին, եւ թէ Ղազախստանին միաւորում է այն, որ նրանք հակուած չեն յանուն Ռուսաստանի շահերի սպասարկման, Ա.Մ.Ն.ի եւ Եմի հետ յարաբերութիւններում բարդութիւններ ստեղծել իրենց համար եւ շարժուել Ռուսաստանի` տնտեսական ինքնամեկուսացման ճանապարհով: Նրանք այս դիրքորոշումը յստակեցրել են դեռ այն ժամանակ, երբ մերժեցին Ուքրաինական ապրանքների համար իրենց շուկաները փակելու Մոսկուայի առաջարկը: Եւ ահա ստեղծուել է մի իրավիճակ, երբ Եւրոտնտեսութեան Միութեան ստեղծումը վերստին պայմանաւորւում է հէնց այս երկու երկրների որդեգրելիք մարտավարութեամբ:
Իսկ դա իր հերթին կախուած կը լինի նրանից, թէ պատժամիջոցների հետեւանքով մինչեւ առաջիկայ Յունուար ինչպիսի ազդեցութեան կþենթարկուի Ռուսաստանի տնտեսութիւնը եւ դա որքանով կը սպառնայ իրենց ազգային տնտեսութիւններին: Ամէն դէպքում չի կարելի բացառել, որ դա շատ աւելի տեւական ժամանակ պահանջի, ինչը ստիպի Մինսքին եւ Ասթանային հնարաւորինս ձգձգել Եւրոտնտեսութեան Միութեան գործարկումը:
Բայց նոյնիսկ եթէ դա տեղի չունենայ, Արեւմտեան պատժամիջոցները թէ Մինսքի, եւ թէ Ասթանայի համար Ռուսաստանից նոր տնտեսական ու քաղաքական զիջումներ կորզելու հնարաւորութիւններ են ստեղծում:
Չի կարելի բացառել, որ յատկապէս Ղազախստանի պարագայում դա կþառնչուի նաեւ Հայաստանի անդամակցութեան հարցը եւս որոշ ժամանակով յետաձգելու պայմանի առաջադրմանը: Իսկ դա նշանակում է, որ չնայած Հայաստանին եւրասիական այդ “ակումբում“ տեսնելու` արդէն աւելի շօշափելի դարձող ցանկութեանը, Ռուսաստանը ստիպուած լինի կատարել Ասթանայի պայմանը: Առկայ իրավիճակում, երբ դժուար է ասել` Ռուսաստանի պատժամիջոցներն ինչպէս կþանդրադառնան Հայաստանի տնտեսութեան եւ այդ երկրից ներհոսող մասնաւոր ներդրումների վրայ, դա Երեւանին ոչ միայն ժամանակ շահելու, այլ նաեւ տնտեսութիւնը հնարաւորինս արդիականացնելու եւ ուղղուած քայլեր ձեռնարկելու հնարաւորութիւն կը տայ:
Եթէ Ղազախստանական եւ Պելառուսական կողմերը նոյնիսկ չփորձեն Ռուսաստանին շանտաժի ենթարկելու միջոցով կրկին նրանից հնարաւորութիւններ քաղել, Հայաստանը, հիմնուելով Ռուսաստանի համար Եւրոտնտեսութեան Միութեան իր անդամակցութեան հարցում ի յայտ եկող նոր հնարաւոր շահագրգռութիւնից, կարող է յանդգնել (լաւ իմաստով) իր պայմաններն առաջադրել` կապուած Արցախից մաքսակէտերով սահմանազատուելու հարցը վերջնականապէս օրակարգից հանելու հետ: Այսինքն որքան այս պատժամիջոցներն իրենց մէջ վտանգներ, այնքան էլ զարգացման կարողականութիւն են պարունակում:
Խնդիրը չի վերաբերում կրկին դէպի Եւրոմիութեան հետ համաձայնագրի ստորագրումը հերթական կտրուկ շրջադարձ կատարելուն: Դա ոչ միայն անլուրջ կը լինէր, այլեւ վերջնականապէս կը խաթարէր հայռուսական առանց այն էլ գրեթէ ձեւական բնոյթ կրող գործընկերային յարաբերութիւնները` դրանից բխող հետեւանքներով: Այս իրավիճակը Եւրոտնտեսութեան Միութեան կապանքներից ազատագրուելու եւ հնարաւորինս չէզոք տնտեսական ու քաղաքական դիրք գրաւելու յոյս է ստեղծում, որն ուղղակի չի կարելի վատնել:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles