ԿԵԴՐՈՆԱԿԱՆՑԻԻՆ ԲԱՆՆ ԱՍԱՆԿ Է

0 0
Read Time:2 Minute, 3 Second

Մակար ի Գաղիա

18 Յունիս 2022

            Արմենակի ծիներուն մէջ անպայման հողմաղացներու դէմ կռուող Տոն Քիշոթ մը կայ, քանի որ իր կապարճը բնաւ պարապ չէ:

            Եկաւ Էլպիսին հետ: Պարտէզը, գարեջուրի ծանուցում ընող ամպհովանիին տակ նստեցանք: Արեւը կապար էր: Դուրսը կարելի էր գէթ շնչել: Օդափոխիչը պերճանք է եւ բնապահպանութեան թշնամի:

            Մակարուհին լիբանանեան չամիչի օշարակով զովացուց մեզ: Պիտի սպասենք սուրճը եւ Փարիզի Իլ-Սէն-Լուիի Պերթիյոն հռչակաւոր պաղպաղակը:

            Տեւաբար սայթաքող հայերէնի ինքնակոչ ակադեմիկոս է Կեդրոնականցին: Բայց իշխանութիւն եւ լսող չունի:

            Տաքէն եւ պաղէն չվախցող խնդրայարոյց Կեդրոնականցին, ծոցէն էջ մը հանեց:

            – Մակա՛ր, ո՞ւր կը տանին մեր ոսկեղնիկը: Կարծես երկիրը նորացնելու համար, պէտք է սկսիլ նորահայերէնով,- ըսաւ Արմենակ:  

            – Արմենա՛կ, նոյնիսկ երբ չեն պարտադրած, մենք չտեսութեամբ մեր լեզուն լքած ենք: Օտար լեզու եւ բառ գործածել ազնուականութիւն համարած ենք, այստեղէն այնտեղէն օտար բառեր որսալով կարծած ենք ընտրանի դառնալ, էլիդային մաս կազմել, Պոլսոյ լըվանթէններէն Հայաստան, Միջին Արեւելք, չեմ խօսիր Եւրոպայի եւ Ամերիկայի մասին, ուր արդէն լեզուն հալոցի մէջ է, մելդինկ փօթ:

            – Ճիշդ ես: Կրկին կազմեցի բառերու ցանկ մը, այս անգամ Տ տառով սկսող: Եթէ միջոց ունիս, ղրկէ նախագահին, վարչապետին, պատգամաւորներուն, մամուլին, նաեւ սփիւռքի, ուր կան այնքան նախագահներ, ղեկավարներ, դպրոցներ: Եթէ ճիշդ են երբ կ’ըսեն հայապահպանում, թող խաչակրութիւն կազմակերպեն այդ բառերուն դէմ: Կարդամ Տ տառով սկսող եւ որպէս հայերէն խօսուող եւ տպագրուող բառերը: Ցանկը կը նմանի նոր տնկուած ծառի, որուն փուճ պտուղները կ’աւելնան եւ օր մըն ալ հայերէնի ծառը պիտի չորցնեն:

            Եւ Կեդրոնականցին յուզուած ձայնով անձանձրոյթ կարդաց.

…տակտիկա, տակտիկական, տանդեմ, տաբու,  տարկետ,  տեխնոգեն, տեխնոգրատներ, տելապատիա, տեմպ, տենդենց, տենդցիոզ, տեռակտ,  տեռորիստ, տեստաւորուիլ, տետատետ, տետ-ա-տետ, տերիտորիա, տերմին, տերմինոլոգիա, տերուար,  տեքստ,  տեքստային, տեքստիլ, տիզայնըր, տիլիմ,  տիպիկ,  տիրաժեվորել, տիրանիա, ժտյունինգ, տնտեսական մոդել, տոլերանտ, տոմոգրաֆիա,  տոնայնությամբ, տոնուս, տոտալ, տոտալիտար, տոտալոզիզատոր, տուրիստ, տուբերկուլոզ, տուշոնկեքի կլիպը, տուրբուլենտություն,  մոնտաժվել,  տրագիկ, տրամպլին,  տրայեկտորիա, տրանշ,  տրանսֆորմացիա, տրավմա,  տրավմատոլոգ,  տրեյնինգ, տրիվիալ, տուրիստ, տուրիստական օբյեկտ,  տուրօպերատորներ,  տոքսիկ, տաբլետկա,  տրոս,  տրյապկա,  տերմինալ,  տրագիկ,  տրագիկոմեդիա,  տրադիցիոնալ,  տրակտ, տրամպլին, տրանսֆորմացնել, տրանս, տրանսպըրտ, տրանսպորտային, տրանզիտային, տրանսգենդեր,  տրանսենդենտ,  տրանսպորտ, տրանսվեստիտներ տրանսֆեր,  տրանսֆերտ,  տրանսֆորմացիա,  տրասսա,  տրավմատիկ,  տրավմա, տրանցացիոնալ, դրատիցիոնալ,  տրադիցիա,  տրեյլեր, տրեներ,  տրիադա,  տրիաժ,  տրիբուն,  տրիբունալ,  տրիո, տրյուկ, տրուբադուր…

          Կեդրոնականցին, շնչահատ, եզրակացուց.

            – Գոնէ նորահայերէնի գրպանի բառարան մը պատրաստեն, որպէսզի հայերէն թերթ կարդացող եւ հեռատեսիլը դիտող եւ լսող իրենց կարդացածը եւ լսածը հասկնան: Մակա՛ր, լաւ բիզնես կ’ըլլայ այդ բառարանը:

            Կեդրոնականցիին ասմունքային տրագիկոմեդիան վերջ գտաւ, երբ Էլպիս եւ Մամակարուհի սուրճ եւ Պերթիյոն բերին:

            Ամրան երկար ցերեկը դեռ կը շարունակուէր, երբ իրարու հրաժեշտ տուինք:

            Դրան առջեւ Արմենակ ըսաւ-

            – Չմոռնա՛ս, ցանկը Հայաստանի մեծին ու պզտիկին ղրկէ՛, որ տէր ըլլան հայու հողին հետ հայու հոգիին:

            Այսպէս է վերջին նիզակ ճօճող Կեդրոնականցին:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
100 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles