
Իրանահայ 92ամեայ բազմավաստակ բանասէր, Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի մատենադարանի եւ ձեռագիր գանձերի վաստակաշատ գիտաշխատող, աւելի քան 60 գրքերի հեղինակ, հաւատաւոր դաշնակցական Լեւոն Մինասեանը վախճանուել է Երկուշաբթի, Դեկտեմբերի 31ի երեկոյեան, Նոր Ջուղայում:
Ան ծնուել է 1920 թուի Յունիսի 8-ին Սպահանի շրջանի Փերիա գաւառի Խոյգան (վերին) գիւղում:
Նախ սովորել է ծննդավայրի դպրոցում, ապա 1933-38 թուականներին Նոր Ջուղայի Ազգային Երկսեռ Դպրոցում և Սպահանի անգլիական Ստիւարտ Մէմորէալ Քոլէճում: Հետագայում ինքնակրթութեամբ լրացրել է իր ուսման պակասը, իսկ երբ Սպահանում 1960 թուին բացուեց Գրական Համալսարանում Հայոց լեզուի եւ գրականութեան ճիւղ, երեք տարի եւս որպէս ազատ ունկնդիր մասնակցեց դրա դասընթացքին:
Դպրոցից դուրս գալով անցել է հայրենի գիւղը, ամուսնացել եւ մտել կեանքի մէջ: Մէկ տասնեակ տարի պաշտօնավարել է տեղի դպրոցում, որպէս ուսուցիչ, աւագ ուսուցիչ եւ Փերիա գաւառի հայկական դպրոցների Շրջանային Տեսուչ:
Գիւղում գտնուած միջոցին մասնակցել է տեղի ազգային մարմինների աշխատանքներին եւ հանդիսացել “Աբովեան“ գրադարանի հիմնադիրներից մէկը, ինչպէս եւ Փերիոյ Կրթասիրաց Միութեան Մասնաճիւղի հիմնադիրն ու նոյն միութեան գաւառի մասնաճիւղերի ներկայացուցիչը, ինչպէս եւ միւս գիւղերի գրադարանների եւ մասնաճիւղերի խրախուսողը:
Սկսեալ 1951 թուից, Նոր Ջուղայի Ազգային Դպրոցների Հոգաբարձութեան հրաւէրով, պաշտօնի է անցել Ջուղայի Ազգային Դպրոցներում, վարելով ուսուցչի, աւագ ուսուցչի եւ հայոց լեզուի առարկաների վերահսկիչի պաշտօններ: Դպրոցը թողել է 1981 թուին, եւ ստանձնել է Վանքի Սուրբ Ներսէս Շնորհալի գրադարանի վարիչի պաշտօնը:
Նոր Ջուղա տեղափոխուելուց յետոյ եւս, իր մասնակցութիւնն է բերել ու բերում տեղի ազգային մարմինների աշխատանքներին, վարչական կազմին, յոբելենական յանձնախմբերին, ինչպէս նաեւ Նոր Ջուղայի Համայնական Խորհրդին, Իրանա-Հնդկաստանի Հայոց Թեմական Խորհրդի, Կրօնական Խորհրդին, Աբգարեան Աւանդից Յանձնաժողովին,Փերիոյ Կրթասիրաց, Փերիոյ Հայոց Հիւանդանոցի Նոր Ջուղայի Մշակութային միութիւններին եւայլն:
Սկսեալ 1957 թուից սիրայօժար ձեւով վարել է Նոր Ջուղայի վանքի թանգարանի պատասխանատուութեան, իսկ 1972 թուից էլ տպարանի վերահսկողութեան աշխատանքները:
Գրել սկսել է դեռեւս աշակերտական նստարանից (16 տարեկանից), իր բանաստեղծութիւնը առաջին անգամ տպագրուել է 1938 թուին, Նոր Ջուղայում հրատարակուող պատանեկան խմորատիպ մի ամսագրում: Այնուհետեւ, սկսեալ 1940 թուից, աշխատակցել է հայ մամուլին իր իսկական, Նժդեհ, Մասիս եւ այլ ծածկանուններով: Ունի հազարից աւել բանասիրական, ճամբորդական, հանդիսագրական,տեղագրական, գրախօսական եւ այլ յօդուածներ ու բանաստեղծութիւններ, զանազան օրաթերթերում, ամսագրերում, տարեգրքերում եւ այլ պարբերականներում ու ժողովածուներում: Որոնցից յիշենք` “Ալիք“, “Այգ“, եւ “Ազդակ“ օրաթերթեր, “Լուսաբեր“, “Հասկ“, “Սիոն“, եւ “Շիրակ“, “Լրաբեր Հասարակական Գիտութիւնների“, ամսագրեր, “Րաֆֆի“, “Դրազարկ“ եւ “Հայագիտական Հանդէս“ (Հայկազեան Քոլէճի) տարեգրեր, իրանահայ օրացոյցներ, որոնց եկեղեցական տօներն եւս կազմել է սկսեալ 1960 թուից:
Ունի նաեւ պարսկերէն լեզւով յօդուածներ եւ այլ ժողովածուներում, որոնք գրուած են ի նպաստ Հայ պատմութեան, գրականութեան եւ արուեստի, ինչպէս եւ որոշ թուով պարսկերէնից թարգմանութիւններ բանաստեղծութիւնների:
Մինչեւ այժմ առանձին գրերով լոյս են տեսել վեց տասնեակից աւելի պատմական բանասիրական, տեղեկագրական, ուղեցոյցային եւ այլ աշխատութիւններ, որոնցից կարեւոր տեղ են բռնում, “Պատմութիւն Փերիայի Հայերի“ գիրքը տպագրուած Գէորգ Մելիտինեցի Գրական Մրցանակի յանձնախմբի կողմից, “Ցուցակ Նոր Ջուղայի Թանգարանի Ձեռագրերի“, “Փերիայի Հայ Աշուղները“, “Իրանի Հայկական Վանքերը“, “Նոր Ջուղայի Տպարանը“, եւայլն:
Ձեռագրաց ցուցակը հրատարակուել է Գալուստ Գիւլպէնկեան Հիմնարկութեան կողմից: Մի քանի տարիների հետեւողական ու բծախնդիր աշխատանքով դասաւորել է Ամենափրկիչ Վանքի դարաւոր արխիւը 1606 թուից մինչեւ 1960-ական թուերը, որի առաջին մասի` 1606 եւ 1900 թուականների ցանկերը, 1976 թուին, լոյս տեսաւ առանձին գրքոյկով, իսկ ամբողջականը 1983 թուին:
Ունի շուրջ մէկ տասնեակի հասնող անտիպ աշխատութիւններ, մասամբ լրացուած եւ ոմանք թերի որոնց վրայ եւս աշխատում է: Եղել է Նոր Ջուղայի տեղեկատուի խմբագրողներից մէկը եւ գլխաւոր աշխատակից:
Իր ուսուցչութեան երկարամեայ ծառայութեան համար 1972 թուին մի հանդէսում արժանացել է Ազգային դպրոցների Հոգաբարձութեան յատուկ գնահատանքին, 1973 թուին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Խորէն Ա. Վեհափառի ձեռքով պարգեւատրուել է Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ շքանշանով, 1977 թուին Դպրոցի Տեսչութեան կողմից ուսուցչութեան յատուկ պատւոյ նշանով, իսկ 1982 թուին մի հանդէսով տեղի է ունեցել նրա ուսուցչութեան 40-ամեայ մեծարանքի երեկոն, իր ուսուցչութիւնից հանգստեան կոչուելու առիթով, ուր եւս պարգեւատրուել է գնահատագրով ու այլ նուէրներով:
Մշակութային գծով սերտ կապի մէջ է եղել Մայր Հայրենիքի, յատկապէս Մատենադարանի, Միասնիկեան Գրադարանի եւ մեծ թուով բանասէրների, արուեստագէտների ու գրողների հետ, կարեւոր ծառայութիւն մատուցանելով ի մասնաւորի Հայ Հնատիպ Գրքերի ուսումնասիրութեան եւ երեւան բերելու խնդրում, որոնց առթիւ եղած յօդուածները տպագրուել են “Հասկ“, “Սիոն“ եւ այլ ամսագրերում:
1990 թուին Նոր Ջուղայում, ապա Թեհրանում տեղի է ունեցել Յոբելենական հանդէս նուիրուած իր ծննդեան 70 եւ գրական ու ազգային գործունէութեան 50-ամեակներին: Նման հանդէսներ տեղի են ունեցել նաեւ Հայաստանի Երեւան, Հրազդան, Աբովեան եւ Հոկտեմբերեան քաղաքներում 1991 թուին, իսկ Նիւ Եորքում եւ Լոս Անճելոսում 1992 թուին, որոնց բոլորի ընթացքում եւս ներկայ է եղել յոբելարը:
Այս առթիւ Գարեգին Բ. Վեհափառի կողմից արժանացել է պատւոյ գրի, Սփիւռքահայութեան հետ Մշակութային Կապի Կոմիտէի կողմից գնահատագրի, իսկ Երեւանի Մատենադարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի մետալիոնի:
Նամակագրական կապ է պահպանել Երեւանի Ազգային Գրադարանի, Մատենադարանի, Գրական Թանգարանի եւ այլ թանգարանների, բանասէրների, գրողների ու բանաստեղծների հետ: Առաջինն էր որ Յովհաննէս Շիրազի Կիսանդրին 1986 թուին իր նուիրատւութեամբ դրուեց Նոր Ջուղայի Վանքի Սբ. Ներսէս Շնորհալի գրադարանի մուտքի մօտ, Պարոյր Սեւակի կիսանդրու մօտ:
Այցելել է մի շարք արտասահմանեան երկրներ, որոնց թւում նաեւ հինգ անգամ Հայաստան: Իր առաջին այցելութեան տպաւորութիւնների գիրքը “Երազ Երկիր Հայաստան“ լոյս է տեսել 1980 թուին:
Ունի յիսունից աւելի տպագրուած աշխատութիւններ, ուղեւորութիւններ եւ ալլն, հայերէն եւ պարսկերէն լեզուներով:
Աւելի մանրամասնութեան համար տեսնել “Յոբելեան Լեւոն Մինասեանի“ գրքոյկը, տպուած Նոր Ջուղա 1991 թուին:
1997 թուին, Քէյմպրիճի Անգլիա Միջազգային Կենսագրական Կենտրոնի կողմից արժանացել է 1996-1997 թուականների ՏԱՐՈՒԱՅ ՄԱՐԴ կոչումին, կենսագրութիւնը տպագրուել է հայերէն ու պարսկերէն զանազան գրքերում, թերթերում ու պարբերականներում, ինչպէս եւ Նիւ Ճըրզիում լոյս տեսնող “Who՛s Who in the Wօrld“ -ի 1997 թուի համար 14-ի մէջ:
Երեք տասնեակից աւելի տարիներ է ինչ ինքն է կազմում Իրանահայ պատի օրացոյցների կրօնական տօների ցանկը: Գործնականապէս գիտէ մէկ տասնեակից աւելի արհեստ ու արուեստներ, ինչպէս` նկարչութիւն, երաժշտութիւն, լուսանկարչութիւն, դերձակութիւն, հիւսնութիւն եւ այլն…. Եղել է հաւատացեալ կուսակցական, զինանշանն է քանդակել իր մահճակալի կողքին, սիրել ու ծառայել է իր ազգի մշակոյթին մինչեւ վերջ: Հայրենիքին եւ հայ ազգին պատկանելութիւնը անսակարկ ՍՐԲՈՒԹԻՒՆ է եղել նրա համար:
2011 թուականի ընթացքում Հայաստանի Հանրապետութեան “Մայրենի լեզուի օր“ պետական տօնի կապակցութեամբ պարգեւատրուած կրթական գործիչների շարքում Սփիւռքում հայոց լեզուի պահպանման ու զարգացման գործում ունեցած իր ներդրման համար` Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան կողմից պատուոգրով պարգեւատրուել է իրանահայ վաստակաւոր բանասէր, Սպահանի հայոց թեմին ազգային դպրոցների ուսուցիչ եւ “Ալիք“ օրաթերթի աւելի քան վաթսուն տարիների աշխատակից Լեւոն Գ. Մինասեանը: Պատուոգիրը Սպահանի հայոց թեմին էր յղուել Իրանում Հ.Հ. լիազօր դեսպանի կողմից եւ Լ. Գ. Մինասեանին յանձնուել թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի միջոցով:
2012 Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան կողմից պարգեւատրւում է Ուիլիըմ Սարոյեանի մետալով Երկար տարիներ հայ մշակոյթին ծառայութեան համար: