ԻՆՉԻ՞ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԱՏՐՊԷՅՃԱՆԸ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ

0 0
Read Time:3 Minute, 27 Second

az  ԳԵՒՈՐԳ ԱՂԱՊԱՊԵԱՆ
(յապաւումով)
Արցախի Պաշտպանութեան Նախարարութիւնն տեղեկատուութիւն տարածեց հակամարտ զօրքերի շփման գծի հիւսիսային ուղղութեամբ մարտական յենակէտերից մէկի վրայ ատրպէյճանական զինուժի յարձակման եւ դրա հետեւանքով հայկական կողմից երկու զինծառայողի զոհուելու վերաբերեալ: Այս դէպքում խօսքը գնում է ոչ թէ ատրպէյճանական զինուժի կողմից իրականացուած գործողութեան մասին, այլ յենակէտի վրայ յարձակման, այսինքն ճակատային ռազմական գործողութեան, ինչը թոյլ է տալիս ենթադրել, որ դրա նպատակը եղել է հայկական յետակէտի ոչնչացումը կամ գրաւումը:
Եթէ իսկապէս այդպէս է, ապա գործ ունենք հրադադարից յետոյ որակապէս նոր, շատ աւելի յանդուգն մարտական բազմաբեւեռ ձեւերով ռազմական գործողութիւնների անցնելու նոր մարտավարութեան հետ:
Դրան զուգահեռ Յուլիսի 30ից 31ն ընկած ժամանակահատուածում Տաւուշի միանգամից մի քանի գիւղեր ենթարկուեցին գնդակոծութեան, այդ թւում նաեւ Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գիւղը, որը վերջին մի քանի տարիների կտրուածքով առաջին անգամ է դառնում թիրախ: Աւելի վաղ տեղեկութիւն էր տարածուել այն մասին, որ հակառակորդը գնդակոծութեան է ենթարկել նաեւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գիւղը, որտեղ եւս մինչ այդ նման դէպքեր չէին արձանագրուել: Այն հանգամանքը, որ հակառակորդը Տաւուշի մարզի` առաւել խոցելի բնակավայրերից զատ նաեւ թիրախի տակ է առնում իր համար հասանելի հայկական նոր բնակավայրեր, խօսում է մի կողմից ռազմական բախումների մաշտապները եւ ճակատային գիծն ընդլայնելու, միւս կողմից հայկական ուժերին աւելի արագ պատասխան գործողութիւնների հարկադրելու նպատակների մասին:
Եթէ մինչ այս թւում էր, թէ Պաքուն նման գործողութիւններով ընդամէնը փորձում է հակամարտութեան եւ իր պահանջների վրայ հրաւիրել միջազգային հանրութեան ուշադրութիւնը, հաւաստել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր սպառնալիքների լրջութիւնը, ապա վերոնշեալ միտումները այլեւս ցոյց են տալիս, որ հիմնական նպատակը հայկական կողմին մաշտապային ռազմական արկածախնդրական մէջ ներքաշելն ու սադրելն է:
Ուշագրաւ է յատկապէս այն հանգամանքը, որ որքան հայկական կողմը փորձում է զսպուածութիւն ցուցաբերել` ըստ էութեան` խնդիր ունենալով միայն ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում ստիպել դադարեցնելու գիւղերի եւ դիքերի ուղղութեամբ ինտենսիւ կրակահերթերը, այնքան ատրպէյճանական կողմն աւելի յարձակողական է դառնում: Ըստ ամենայնի` Պաքուին նեարդայնացնում է սադրանքներին տուրք չտալու, պաշտպանութիւնից յարձակման չանցնելու հայկական կողմի որդեգրած մարտավարութիւնը, եւ փորձում է իրադրութիւնն աւելի ու աւելի սրելու միջոցով հայկական զինուժին հանել հաւասարակշռութիւնից: Դա սակայն, առայժմ չի յաջողւում:
Փոխարէնը Հայաստանեան եւ Արցախեան հասարակութիւնների մօտ արդէն հասունացնում է նման զսպուածութեան յետագայ պահպանման նպատակայարմարութեան շուրջ դիսկուրսը` ինչը մի կողմից լրացուցիչ ճնշում է բանակի նկատմամբ, միւս կողմից` ոմանց մօտ դրսեւորուող որոշակի խուճապայնութեան արտայայտութիւն է: Մինչդեռ իրավիճակի նման սրման պարագայում հայկական կողմի դրսեւորած սառնասրտութիւնը թերեւս թելադրուած է մտավախութեամբ, որ սա մի խաղ է, որը թելադրւում է բոլորովին էլ ոչ Ատրպէյճանից: Այսինքն նման վարքագիծ դրսեւորելու Ատրպէյճանի ինքնավստահութիւնը պայմանաւորուած է ոչ թէ սեփական ուժերի գերազանցութեան գիտակցմամբ, այլ իրավիճակը սրելու համար պատասխանատուութիւնից խուսափելու` դրսից տրուած երաշխիքներով եւ այն համոզմամբ, որ գոնէ այս պահին Հայաստանը որեւէ աջակցութիւն չի ստանալու դրսից, նաեւ իր ռազմավարական դաշնակցից:
Թէ ով կամ ովքեր են Արցախի հակամարտութիւնը ռազմական փուլ տեղափոխելու հարցում շահագրգիռ այդ ուժերը, կարելի է կռահել: Սակայն սա քննարկման այլ առարկայ է: Փաստն այն է, որ նման պարագայում յարձակողական գործողութիւնների դիմելը կարող է ջուր լցնել հէնց այդ երրորդ կողմի ջրաղացին եւ ապահովել նրանց նախանշած գործընթացի անշեղ իրականացումը: Այս իմաստով` շփման գծում հայկական կողմի հանդէս բերած զսպուածութիւնը արդարացուած կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ վերջնականապէս պարզ չէ` ինչ է կատարւում իրականում եւ որտեղից է սնւում ատրպէյճանական այս յարփակումը: Սակայն սա որեւէ պարագայում չի արդարացնում այն անտարբերութիւնը, որը հայկական կողմը դրսեւորում է դիւանագիտական ու քարոզչական ճակատում:
Միջազգային հանրութեան ներկայիս կեցուածքն առ այն, որ հակամարտութիւնը կարող է լուծուել միայն խաղաղ ճանապարհով, նշանակում է, որ պատերազմի վերսկսման պարագայում ողջ պատասխանատուութիւնը բարդուելու է այն կողմի վրայ, որը նախայարձակ է լինելու: Պարզ է, որ հայկական կողմին սադրելու Ատրպէյճանի հիմնական նպատակը նրան հէնց նախայարձակ լինելու մէջ մեղադրելն է, որի յաջողելու դէպքում Հայաստանը ոչ յարձակողի պիտակից, ոչ էլ պատերազմից ազատուելու որեւէ տարբերակ այլեւս չի ունենալու:
Ահա այս պայմաններում Արտաքին Գործոց նախարարութիւնն ընդհանրապէս կարծես ողջ անձնակազմով գնացել է անվերադարձ արձակուրդ` բացարձակ անհաղորդ մնալով սահմանին կատարուող իրադարձութիւններին, իսկ պաշտպանական գերատեսչութիւնները բաւարարւում են ընդամէնը լրատուամիջոցների հրապարակումներին անկանոն արձագանգելով, սահմանային դէպքերի մասին կարճ, տեղեկատուական բնոյթի հաղորդագրութիւններով ու կորուստների համար ցաւակցութիւններ յայտնելով: Հայկական կողմի տեղեկատուաքարոզչական այս բացայայտ անգործութիւնը, անկազմակերպուածութիւնը յանգեցրել է ընդհուպ նրան, որ երբ Տաւուշի մարզում կրակում են “Կարմիր խաչ“ի փոխադրակառքի ուղղութեամբ, հայկական կողմի կատարեալ անտարբերութեան պայմաններում Ատրպէյճանն է պաշտօնապէս յայտարարում, թէ հայերն իրենք են կրակել` Պաքուին վարկաբեկելու համար: Երեւանում հաւանաբար չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել, որ ժամանակակից աշխարհում եղանակ են ստեղծում ոչ թէ ռազմական գործողութիւնները, այլ տեղեկատուական ուղղորդուած հոսքերը, դրանց միջոցով որոշակի կերպարների, կանխակալ պատկերացումների ստեղծմամբ միջազգային կարծիքը ղեկավարութեան ենթարկելը, այդ ուղղութեամբ կողմերի դրսեւորած հետեւողականութիւնն ու ագրեսիւութիւնը: Այս առումով Երեւանում կատարեալ նախնադար է:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles