

ԿԱՐԻՆԷ ԱՂԱՊԱՊԵԱՆ
Երեւան
“Այս հողերը միեւնոյն ժամանակ մեծ ցաւերի ու կոտորածների հողեր են. վերապրած շատ մեծ ցաւեր, ոչնչացուած մեծ արժէքներ կան, սակայն մարդկային բոլոր աղտերից մաքրուելու ճիգեր էլ կան: Ճիգերից ամենասուրբն էլ թշնամութիւններին դէմ դուրս գալն ու խաղաղութեամբ պայքարելն է“.- Եաշար Քեմալ
Ուխտաւորներով շարունակեցինք ճանապարհը մեծ ցաւերի ու կոտորածների մեր հայրենիքով եւ հասանք Պիթլիս:
“Ես Ուիլիըմ Սարոյեանն եմ` Արմենակ եւ Թագուհի Սարոյեանների չորրորդ զաւակը… Ես ծնուել եմ Ֆրէզնոյում (Գալիֆորնիա), բայց ծնողներս Պիթլիսցի են… Հոգ չէ, թէ մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մէջ էր, Պիթլիսը մեր մէջ էր, մենք էլ Պիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, յիշատակներով, երգում էինք մեր հին երգերը, պատմում Պիթլիսի պատմութիւնները…“:

Սարոյեանը իր սրտում փայփայած Պիթլիսը տեսաւ1964-ին: “Նա տեղացի երեխաների հետ այս ու այն կողմ վազեց, ամէն հանդիպածին “հայրենակից“ անուանեց, համբուրեց ծառերը, քարերն ու հողը, տեսաւ իր երազանքների ծովը` Վանայ լիճը, խմեց ջրից: Մի տուն գտաւ, որը հաւանաբար իր հայրական տունն էր, ծնկի եկաւ այդ տան աւերակների մօտ եւ երկար ժամանակ անձայն արտասուեց: Ատելութիւն չզգաց, բարկութիւն չ՛ապրեց“.-այսպէս էր յիշում Սարոյեանին ուղեկցողներից քիւրտ գրող Եաշար Քեմալը:
Քաղաքի մէջ վեր էր խոյանում անառիկ Պիթլիսի բերդը, որը կառուցուել է երեք ժայռերի վրայ եւ իրար է միացուած կամուրջներով: Երկարութիւնը երեք քլմ. է: Ներքեւում Պիթլիս գետն է: Եղել են երեք հայկական եկեղեցիներ, որոնք չեն պահպանուել:
Թողնելով Պիթլիսը` ճանապարհ ընկանք դէպի չքնաղ Վանայ լիճն ու Վանը: Լճի հիւսիսային մասում է գտնւում Սիփանը, որը Հայաստանի երկրորդ բարձր լեռն է 4434 մ., նման է Արարատին, իսկ դէմ դիմաց Նեմրութն է: Մեքենայով բարձրացանք գագաթը եւ մի չքնաղ տեսարան բացուեց մեր առջեւ, տեսանք մի գեղեցիկ լիճ, որն առաջացել է հրաբխային խառնարանում եւ որքան զարմացանք իմանալով, որ այն հարուստ է կարմրախայթ ձկնատեսակով: Պարզւում է` այդտեղ ձկներ են բաց թողել, դրանք բազմացել են, իսկ որսալու հնարաւորութիւն չկայ, լճի ափերը ժայռապատ են:

Իջնում ենք Նեմրութից, իսկ լանջերին ցորենի արտեր են: Անցնում ենք Դատուանով, մտնում Վան: Ճանապարհն անցնում էր Արտամետով: Մենք համտեսեցինք Արտամետի խնձորները, որոնք աննման բուրմունք ունէին եւ զարմանալիօրէն տարբերւում էին այլ խնձորներից նրանով, որ թափահարելիս ներսում կորիզները շարժւում էին եւ կտկտում:
Ուղեւորուեցինք դէպի Վարագայ լերան փեշին գտնուող Վարագայ վանքը: 2011թ.-ի Վանի երկրաշարժն իր հետքը թողել էր, պահպանուած առաջնային կամարներն ամբողջութեամբ քանդուել էին, խաչքարերը փլուել:
Երբ Գայանէն եւ Հռիփսիմէն Բիւզանդիայից գալիս են Արեւելեան Հայաստան, ճանապարհին վախենում են, որ իրենցից կարող են վերցնել Քրիստոսի խաչափայտի մասունքը, այն թաքցնում են այստեղ: Հետագայում եկողներն այդպէս էլ այն չեն գտնում: 7-րդ դարում Վանի եպիսկոպոսներից մէկն իր աշակերտի հետ գալիս է այստեղ ուխտի, գիշերը յայտնութիւն է լինում եւ երեւում է սուրբ խաչափայտի տեղը: Այդ տեղում հետագայում կառուցւում է Սուրբ Նշան եկեղեցին: 10-րդ դարում Գագիկ Արծրունին այն աւելի է գեղեցկացնում:

Վանում երկրաշարժից յետոյ շատ արագ վերականգնուեցին բնակելի տները, վեր բարձրացուեց Վարագայ վանքի պահպանութեան խնդիրը` իրենց մշակոյթի եւ լեզուի նախարարութեան կողմից: Անհրաժեշտ էր ստանալ Վարագայ վանքի սեփականատիրոջ թոյլտուութիւնը, անունը կար, ինքը չկար: Թուրք առաջադէմները հետաքրքրուեցին եւ գտան: Տէրը մահացել էր, իրաւունքն անցել էր որդուն, որ ամենայայտնի “Հաբերթուրք“ թերթի գլխաւոր խմբագիրն էր` Ֆաթիհ Ալթայլըն: Նա յայտնեց, որ ինքը միջոցներ չունի վերականգնելու, կարող է միայն պահպանել: Դա իր հօր ու պապի գիւղն է եղել, ինքը քառասուն տարի այդտեղ չի եղել: Եւ եթէ պետութիւնը ցանկութիւն ունի, կարող է վերցնել եւ վերականգնել: Մենք իմացանք, որ նա պատրաստակամութիւն է յայտնել Վարագայ վանքը յանձնելու Պոլսոյ հայոց պատրիարքարանին:
Մեկնեցինք դէպի Մհերի դուռը: Այն մի հետաքրքիր մարմարի զանգուած է, որի վրայ Ք.Ա. ութերորդ դարում փորուել են դռներ եւ համարուել է սրբատեղի, դրանք կոչել են գանձերի դռներ: Ըստ էպոսի Փոքր Մհերը փակուել է այստեղ աշխարհի անարդարութիւններից խռոված: Ասում են` տարին մի օր, Համբարձման ու Վարդավառի գիշերը նա իր հրեղէն նժոյգով դուրս է գալիս եւ երբ տեսնում է “գետինը չի դիմանում իր ծանրութեանը“, նորից փակւում է այնտեղ: Բայց մի օր դուրս է գալու այնտեղից եւ ազատի հայոց աշխարհը չար ուժերից:

Փոքր ինչ հեռւում երեւում էր Ռուսախինլին, որը եղել է Ուրարտու պետութեան մայրաքաղաքը, կայ նաեւ տաճար: Այստեղ, լեռներից եկած ջուրն ամբարուել է ջրամբարում, որը Վան քաղաքին ապահովել է խմելու ջրով: Հիդրոմասնագէտներն ասում են, որ շատ ժամանակակից ձեւով է կառուցուած: Այժմ այնտեղ զօրամաս է:
Վանի միջնաբերդում ենք, այն կառուցուել է 19-րդ դարում Ք.Ա. 935-825 թուականներին: Այստեղ էլ մարմարի մի հսկայական զանգուած էր, որի վրայ մի ամբողջ պատ սեպագիր արձանագրութիւններ էին: Ներսում վիմափոր տաճար էր` Արգիշտի եւ միւս Ուրարտական թագաւորների դամբարանը:
Վանի միջնաբերդից մի հիանալի տեսարան էր բացւում, հեռւում Այգեստան թաղամասն էր, իսկ ներքեւում աւերուած Քաղաքամէջը: 2-3 տարի առաջ Թուրքիոյ կառավարութիւնը մշակոյթի նախարարութեան հետ կազմել է ծրագիր, որով պիտի վերականգնուի Քաղաքամէջը` եկեղեցիները, մզկիթները, խանութները, արհեստանոցները եւ ծառայեցուի տուրիզմի զարգացմանը:

Այցելեցինք աշխարհին յայտնի Վանայ կատուների բուծարան:
Վանում ճաշակեցինք Վանայ տառեխը: Ջրի աղիութիւնը բարձր է` 19.1% եւ տառեխը միակ ձուկն է լճում:
Նաւարկեցինք դէպի Ախթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի եւ վայելեցինք Վանայ լճում լողանալու հաճոյքը:
Սուրբ Խաչ եկեղեցին կառուցուել է Գագիկ թագաւորի հրամանով 915-921 թուականներին, ճարտարապետը Մանուէլն է: 1117-1895թ. հանդիսացել է կաթողիկոսանիստ եկեղեցի, 1895-ից յետոյ յանձնուել է Պոլսոյ հայոց պատրիարքարանին: 1915-ի եղեռնագործութեան ժամանակ, այստեղ դաժանաբար կոտորել են հոգեւորականներին: Լքուած է եղել մինչեւ 1951 թուականը: Այդ ժամանակ զինուորականները փորձել են քանդել եկեղեցին: Մի զինուորական, ներքին կարգով տեղեկանալով, յայտնել է “Ճումհուրիյէթ“ թերթի թղթակից ազգութեամբ քիւրտ Եաշար Քեմալին: Այս վերջինն էլ լինելով առաջադէմ գրող, լրագրող եւ հրապարակախօս, տեսնելով, որ ուզում են քանդել, ինքն էլ հիացած լինելով եկեղեցու գեղեցկութեամբ, թոյլ չի տալիս, դիմում է բոլոր ատեաններին եւ հասնում է նրան, որ եկեղեցին չեն քանդում: Նա համոզում է իշխանութիւններին, որ եկեղեցին միայն հայերինը չէ, դա ամէն դէպքում այս երկրի ժառանգութիւնն է, եւ պէտք է պահպանուի: Եկեղեցին մնում է կանգուն, իսկ զինուորականն ու ինքը ենթարկւում են հալածանքների: 2005-ին որոշում է կայացւում եկեղեցին վերանորոգել պետութեան հաշուին, 2007-ին այն բացուեց որպէս թանգարան: Պոլսահայ պատրիարքարանը դիմեց վարչապետի աշխատակազմին, որ եկեղեցին դառնայ հոգեւոր վայր, այսինքն տարին մէկ անգամպատարագ մատուցուի: Եւ ահա 2010-ից ամէն տարի Սեպտեմբերի երկրորդ կիրակին, որը համընկնում է Սուրբ Խաչի տօնի հետ, տեղի է ունենում պատարագ:

Եաշար Քեմալը հիմա 94 տարեկան է: Երբ երկու տարի առաջ Էրտողանը ասում էր, որ Թուրքիայի տարածքում ապրող հայերին պէտք լինի կը վռնտենք, Քեմալը դարձեալ իր ձայնը բարձրացրեց ընդդէմ նրա:

Որպէս երախտագիտութիւն, Եաշար Քեմալն Սեպտեմբեր 4, 2013-ին Պոլսում պարգեւատրուեց “Գրիգոր Նարեկացի“ յուշամետալով, որը յանձնուեց Թուրքիա մեկնած Հայաստանի մշակոյթի նախարարութեան պատուիրակութեան կողմից: Խաչամետալը ստանալիս նա նշել է, որ ինքը ծնունդով Վանից է եւ հպարտ է, որ Գրիգոր Նարեկացու հայրենակիցն է:
Ուղեւորուեցինք դէպի Բերկրի ջրվէժ, մի հիանալի համայնապատկեր էր: Բերկրի գետը սկիզբ է առնում Թոնրակ լեռից եւ թափւում Վանայ լիճը: Մենք ոտաբոբիկ մտանք ջրերի մէջ, գայթակղութեանը չդիմանալով:
Շարժւում ենք Վանից Թոնրակ լեռան լանջերով, առջեւում Վասպուրական լեռներն են, ձախից Ծաղկանց լեռները, մտնում ենք Չալտրան, այստեղ 1514-ին տեղի է ունեցել Չալտրանի ճակատամարտը պարսիկների եւ թուրքերի միջեւ: Մինչեւ 16-րդ դարը Արեւմտեան Հայաստանում քրտեր չեն եղել: Նրանց Սեդիմը բերեց, քրտերը արագ էին բազմանում եւ նրանց միջոցով էլ թուրքերը պայքարեցին հայերի դէմ:


Երկար ժամանակ ճանապարհն անցնում էր Թոնրակ լեռան հրաբխային լաւաների միջով: Երեւում էին Իրանի սահմանային դիտակէտերը, իսկ հեռւում հպարտ Արարատը: Հասանք Բայազետի բերդին, որը Այրարատ նահանգի Կոգովիտ գաւառի Դարոյինքի բերդն է` կառուցուած 5-րդ դարում, աւելի ուշ անցել է արաբական նուաճողների ձեռքը, յետոյ սելճուկների, մոնղոլների, 4 անգամ ազատագրուել է ռուսների կողմից, չորս անգամ թուրքերի եւ ամէն անգամ տուժել են հայերը, տեղի է ունեցել զանգուածային կոտորած: Այստեղ է պայքարել Սամսոն Տէր-Պօղոսեանը` Խենթը: Այստեղ էր Իսհակ փաշայի պալատը, որը հայերն են կառուցել:
Անցանք Իգդիրով, այն 15-րդ դարում յիշատակւում է որպէս Ցոլակերտ: Իգդիրը 1921թ.-ին անցել է Ռուսաստանին, ապա Թուրքիային: Քանի որ Իգդիրը Ատրպէյճանին է մօտ, այստեղ ազերիները շատ են եւ քաղաքապետ ընտրւում էր իրենցից: Սակայն վերջին ընտրութիւններում` Յունուար 21, 2010-ին, քաղաքապետ ընտրուեց ազգութեամբ քիւրտ Մեհմետ Նուրի Գիւնէշը: Նա նշում էր, որ հայերն այստեղ որեւէ խնդիր չունեն, կարող են գալ, սա իրենց տարածքն է: Թուրքերը վրդովուած այդ փաստից, թէ հայերն ու քրտերը կը միանան եւ իրենց կը վտարեն այդտեղից, քիւրտ քաղաքապետին 1.5 ամիս անց ձերբակալեցին:
Առջեւում` մեզ էր սպասում հինաւուրց մայրաքաղաք Անին: