ԻՆ՚Չ ՏՈՒԵՑ ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՒ ԻՆՉՈ՚Ւ ԿԱՐԵՒՈՐ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

0 0
Read Time:3 Minute, 34 Second

Sarkissian-AliyevԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

(յապաւումով)

Սոչիում Հայաստանի, Ատրպէյճանի նախագահներին բանակցութիւնների սեղանին նստեցնելու Ռուսաստանի քայլը, կայացած հանդիպման պրոթոկոլային մասից ստացած տպաւորութիւնը եւ նախագահների յղած ուղերձները թոյլ են տալիս կատարելու մի քանի նկատառում.-

 

ԱՌԱՋԻՆ.- Բանակցային գործընթացն այս հանդիպումից յետոյ մէկ միլիմեթրով անգամ առաջ չի շարժուել: Այդ մասին են վկայում մի կողմից Ռուսաստանի Արտաքին Գործոց  նախարար Սերգէյ Լաւրովի` բանակցութիւններից յետոյ արած մեկնաբանութիւնները, թէ ամենակարեւոր հարցերում դեռեւս դիրքորոշումների մերձեցում տեղի չի ունենում, միւս կողմից` երեք նախագահների` համատեղ յայտարարութեամբ հանդէս չգալու փաստը:

 

ԵՐԿՐՈՐԴ.- Ռուսաստանը փորձեց ապացուցել, որ ի տարբերութիւն Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսքի Խմբակի համանախագահող միւս երկրների` Միացեալ Նահանգների եւ Ֆրանսայի, իրեն յաջողուեց Ալիեւին եւ Սարգսեանին նստեցնել բանակցութիւնների սեղանին եւ որ դա միայն իր ուժերի սահմաններում է: Պատահական չէ, որ մինչեւ վերջին պահը պարզ չէր` Ալիեւն ու Սարգսեանը հանդիպելու են թէ ոչ դէմ առ դէմ կամ եռակողմ ձեւաչափով: Փաստացի դա պարզուեց միայն Սոչիում Օգոստոս 9-ին Սարգսեանի եւ Ալիեւի հետ առանձին-առանձին Փութինի կողմից հանդիպելուց յետոյ, որի անուղղակի ուղերձն այն էր, որ հէնց այդ հանդիպումների միջոցով Փութինը կարողացաւ համոզել կողմերին նստել բանակցութիւնների: Աւելին. թէ Ալիեւը եւ թէ Սարգսեանը հաւաստեցին, որ բանակցային գործընթացը շարունակելու կողմնակից են` ՄԽ կողմից ներկայացուած` Մատրիտեան սկզբունքների հիման վրայ: Այսինքն թէ` Ռուսաստանին յաջողուել է կողմերին ու յատկապէս Ատրպէյճանին վերադարձնել Մատրիտեան սկզբունքների շրջանակ:

 

ԵՐՐՈՐԴ.- Առաջին հայեացքից տարօրինակ էր Սոչիի հանդիպմանը միւս համանախագահողների բացակայութիւնը: Սա նշանակում է երկու բան: Նախ` որ սա Ռուսաստանի բացառիկ նախաձեռնութիւնն է, որի հետ իրենք կապ չունեն: Երկրորդ` միգուցէ նաեւ իրենք չեն խրախուսում միակողմանիօրէն նման հանդիպման կազմակերպումը` թերեւս մտավախութիւն ունենալով, որ սա վէճը բացառապէս իր միակողմանի կարողութեան շրջանակ ընդունելու եւ Միացեալ Նահանգներն ու Ֆրանսային դրանից դուրս մղելու յայտ է: Ի դէպ եռակողմ հանդիպման ժամանակ այս իրողութիւնը փաստացի հաստատեց Ատրպէյճանի նախագահը, երբ նշեց բանակցային գործընթացում Ռուսաստանի ներգրաւման կարեւորութիւնը: Կարելի է եզրակացնել, որ թէ Ատրպէյճանը եւ թէ Հայաստանը համաձայնել են այս ձեւին, եւ յառաջիկայում տեղի է ունենալու Արցախեան հիմնահարցի` դանդաղ դուրս մղում Մինսքի խմբի ձեւաչափից եւ տեղափոխում Ռուսաստանի միակողմանի միջնորդութեան շրջանակ: Լաւ է սա, թէ վատ, լուրջ վերլուծութեան կարիք ունի, սակայն մէկ բան ակնյայտ է. Որքան միջնորդների շրջանակը նեղանում է, այնքան դրանց ազդեցութիւնը կողմերի վրայ մեծանում է եւ թուլանում է փոխադարձ զսպումների մեքանիզմը: Այլ կերպ ասած` մեծանում է Ռուսաստանի` միակողմանի որոշումներ կայացնելու եւ կողմերին այն պարտադրելու հնարաւորութիւնը: Եւ որեւէ նշանակութիւն չունի այն փաստը, որ կողմերը համաձայնել են ընթացքը շարունակել Մինսքի խմբակի մշակած սկզբունքների հիման վրայ:

 

ՉՈՐՐՈՐԴ.- Ատրպէյճանը փաստացի կարողացաւ անարգել դէմարշով հեղինակազրկել Մինսքի խումբը եւ այն դարձնել անգործունակ: Գուցէ նոր ձեւի ի յայտ գալը, որը ի դէպ, նոր չէ եւ գրեթէ 2008-ին սկսուած մայենտորֆեան գործընթացի կրկնութիւնն է` բացառութեամբ սահմանագօտում առկայ իրավիճակից, բխում է առաջին հերթին Պաքուի շահերից: Դրա համար Ալիեւն ունի երկու պատճառ: Նախ` մեծանում է Մոսկուայի հետ գործարքի գնալու եւ մանեւրելու հնարաւորութիւնը: Երկրորդ` անցած տաս օրերին սահմանագօտում տեղի ունեցած բախումները, դիւերսիոն պատերազմի խայտառակ ելքը Ատրպէյճանի համար այս երկրի նախագահին կարող է մղել վերանայելու ռազմական գործողութիւնների մասշտաբները մեծացնելու, պատերազմական արկածախնդրութեան գնալուց առժամանակ խուսափելուն` շատ աւելի լաւ նախապատրաստուելու եւ բանակի մարտական ոգին, պատրաստուածութեան մակարդակը բարձրացնելու նպատակով: Այս տեսակէտից նոր բանակցային ձեւը, բանակցութիւնների սեղանին նստելու համաձանութիւն տալը Ալիեւի համար կարող է ծառայել որպէս լրացուցիչ ժամանակ շահելու հնարաւորութիւն: Հաշուի առնելով այս հանգամանքը` հայկական բանակը ոչ միայն պէտք է չքնի վերջին օրերի յաջողութիւնների  ,դափնիների“ վրայ, այլեւ սպառազինութեան մակարդակը բարձացնելու ուղիներ գտնի:

Միով բանիւ` Սոչիի ողջ հմայքը, ըստ էութեան Ռուսաստանի` նախաձեռնողականութիւնն իր ձեռքը վերցնելու ,թատրոնի“ մէջ է կայանում: Այսինքն սա ոչ թէ Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների, այլ Փութինի ,բենեֆիսի“ համար արուեց:   Բայց եւ այնպէս Սոչիի հանդիպումը Հայաստանի համար չափազանց կարեւոր եւ խօսուն էր: Շփման գօտում լաւ կազմակերպուած ինքնապաշտպանութեամբ եւ պատժիչ գործողութիւններով Հայաստանը յստակ ուղերձ յղեց նաեւ Ռուսաստանին, որ Արցախի հարցում առանց իր կամքը հաշուի առնելու ոչինչ չի լինելու, այսինքն չի լինելու միանշանակ այնպէս, ինչպէս կը ցանկանայ Ռուսաստանը: Խօսքը վերաբերում է առաջին հերթին խաղաղապահների տեղակայման եւ Արցախի ներկայիս տարածքների մի մասը Ատրպէյճանին զիջելու նպատակներին:  Հայաստանը, կարելի է ասել, ինչ որ իմաստով Մոսկուային կանգնեցրեց պարզ եւ բարդ դիլեմայի առաջ. կամ ատր-պէյճանա-ռուսական գործարքը չի կայանալու Հայաստանի շահերի վաճառքի գնով, կամ Հայաստանը գնում է բանակ եւ չի խուսափելու պատերազմից` դրանից առաջին հերթին Ռուսաստանի համար չափազանց տհաճ եւ անցանկալի հետեւանքներով: Եւ եթէ Ռուսաստանը պատրաստ է կրել այդ հետեւանքները, ապա թող լինի այնպէս, ինչպէս լինելու է: Հետեւանքը եղաւ այն, որ Ռուսաստանը ստիպուած եղաւ գործնական միջոցներ ձեռնարկել վերահաս պատերազմը կանխելու համար, քանի որ հասկանում է, որ դա յղի է լոգալ պատերազմը տարածաշրջանայինի վերածելու իրական վտանգով, որտեղ ինքը, ուզի թէ չուզի, ներգրաւուելու է մի իրավիճակու բացարձակապէս պատրաստ չէ միաժամանակ երկու ճակատով գործելուն:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles