
Խրիմի Ինքնավար Հանրապետութիւնում, Մարտ 30-ին կայանալիք հանրաքուէն` ուղղուած ինքնավարութեան աւելի բարձր կարգավիճակ ձեռք բերելուն, որն անցկացուելու է ռուսական զինուժի վերահսկողութեան ներքոյ, առաջին հայացքից, կարծես, բխում է Հայաստանի շահերից: Նախ` Ռուսաստանը Ուքրայինայից Խրիմի ամբողջական կամ մասնակի անջատումը, ինչպէս նաեւ Ուքրայինայի տարածք զօրք մտցնելու սպառնալիքը ներկայացնում է որպէս էթնիք ռուսների ֆիզիքական անվտանգութեան ապահովման երաշխիք, ինչը համապատասխանում է Արցախի հակամարտութիւնում Հայաստանի ունեցած դերակատարութեանը: Եւ երկրորդ` Ռուսաստանը հիմա գործում է Խրիմի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան դաշտում: Դա Հայաստանի համար կարող էր հիմք ստեղծել Արցախի ժողովրդի` ինքնորոշման իրաւունքն իրացնելու նկատմամբ Ռուսաստանից առնուազն հաւատարիմ վերաբերմունք ակնկալել:
Սակայն տուեալ դէպքում խնդիրը որեւէ առնչութիւն չունի միջազգային իրաւունքի սկզբունքների հետ: Ռուսաստանը սպառնում է զօրք մտցնել Ուքրայինա, որովհետեւ վտանգուած է համարում իր գերքաղաքական ազգային շահերը: Դա է պատճառը, որ Մոսկուան ոչ մի կերպ չի ուզում հասկանալ օրինաւոր ընտրուած նախագահից հրաժարուելու` Ուքրայինայի ժողովրդի ցանկութիւնը եւ Մայտան դուրս եկած հսկայական զանգուածներին շարունակում է համարել մոլորեալներ, ֆաշիստներ եւ պարզապէս լուսանձգայիններ: Իրողութիւնները մեկնելով այս նեղ, կայսերապետական տեսանկիւնից` Մոսկուան հէնց այդ պատճառով չի ուզում Մայտանում իրաւացիութեան հատիկ եւ ժողովրդի կամքի դրսեւորում տեսնել: Խրիմը, ըստ այդմ, նրա ձեռքին զուտ միջոց է` Ուքրայինային եւ միջազգային հանրութեանն իր հետ հաշուի նստել պարտադրելու համար:
… Իսկ այդ շահերը տարբեր տարածաշրջանններում կարող են տարբեր լինել: Յատկապէս Ուքրայինան կորցնելու` գերիրական հեռանկարից ելնելով Ռուսաստանի համար Հարաւային Կովկասը վերջնականապէս իւրացնելը կարող է, ինչ-որ պահից սկսած, դառնալ մտասեւեռում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Նախ` դա կարող է հանգեցնել Հարաւային Կովկասի երկրների անկախութիւնն ու ինքնիշխանութիւնն էլ աւելի սահմանափակելու ձգտումներին, որի թիրախում, բնականաբար, առաջինը Հայաստանն է: Երկրորդ` արեւմտեան ճակատում ունեցած ռազմավարական կորուստները Ռուսաստանը կարող է փոխհատուցել հարաւային ճակատում նոր ձեռբերումներով, որի տրամաբանութեամբ կարող է խաղարկուել Արցախեան խաղաթուղթը: Բաւական կը լինի ընդամէնը սահմանային` համեմատաբար աւելի լուրջ բախում հայկական եւ ազերի զինուած ուժերի միջեւ, եւ դա կարող է առիթ դառնալ Մոսկուայի համար` հակամարտութեան գօտի “խաղաղարարներ“ մտցնել` հիմք ընդունելով Անկախ Հասարակապետութիւնների եւ Հայաստանի հետ երկկողմ ռազմավարական համագործակցութեան շրջանակում ստանձնած պարտաւորութիւնները: Ուքրայինական ճգնաժամի խորացմանը զուգահեռ տեղեկատուութիւն տարածուեց այն մասին, որ Ատրպէյճանը զօրք ու զինամթերք է կուտակում Հայաստանի եւ Արցախի հետ, սահմանների ողջ երկայնքով: Դժուար է ասել` ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Պաքուն, բայց եթէ նա պատրաստւում է օգտուել Ռուսաստանի` Ուքրայինայում թաղուած լինելու իրավիճակից, ապա պէտք է նկատի ունենայ, որ ցանկացած արկածախնդրութեան դէպքում կարող է առհասարակ կորցնել նոյնիսկ Արցախին յարակից այն շրջանները, որոնց վերադարձման խնդիրը քննարկւում է բանակցութիւններում: Մեծ հաշուով` հայկական կողմի համար դա կը նշանակի Արցախի կարգավիճակի` միջազգայնօրէն ճանաչման բոլոր հնարաւորութիւններից զրկում: Բայց սա, կարծես, այն է, ինչ հայաստանեան իշխանութիւնների լուռ համաձայնութեամբ իր նամակում Փութինին խորհուրդ էր տալիս Զօրի Պալայեանը: Ուքրայինական ճգնաժամի խորացումը Հայաստանի համար յղի է վտանգաւոր հետեւանքներով: Միջազգային հանրութիւնը, աւելի ճիշտ` Միացեալ Նահանգները եւ Եւրոմիութիւնն առայժմ ընդամէնը քաղաքական, դիւանագիտական ճնշումներ են գործադրում Մոսկուայի վրայ` Ուքրայինա զօրք չմտցնելու համար: Նրանք հրաժարւում են մասնակցել “Մեծ ութնեակ“-ի` Սոչիում նախատեսուած գագաթաժողովին, Միացեալ Նահանգները սպառնում է մեկուսացման ենթարկել Ռուսաստանին եւ այլն: Սակայն արդէն պարզ է, որ եթէ կողմերը չկարողանան իրավիճակը յաղթահարելուն ուղղուած քայլեր ձեռնարկել, զարգացումները կարող են սահուն կերպով տեղափոխուել զինուած բախումների հարթութիւն` կապուած Խրիմի ինքնորոշման հանրաքուէն կանխելու` Ուքրայինայի ներկայիս իշխանութիւնների եւ յատկապէս գործնականում անվերահսկելի դարձած ուքրայինական ազգայնական խմբաւորումների ձգտումների հետ: Անգամ մի փոքրիկ սադրանքը բաւարար կը լինի, որպէսզի Փութինը որոշի օգտուել Խորհրդարանի կողմից իրեն տրուած` Ուքրայինա զօրք մտցնելու իրաւունքից: Եւ չի կարելի բացառել, որ դա կը հանգեցնի նաեւ Արեւմուտքի ու յատկապէս` ՆԱԹՕ-ի ռազմական միջամտութեան: Յայտնի է, որ ՀիւսիսԱտլանտեան դաշինքն արդէն յայտարարել է, թէ աջակցում է Ուքրայինայի տարածքային ամբողջականութեան պահպանմանը: Հայաստանը Անկախ հասարակապետութիւններու անդամ է: Եթէ զարգացումներն ընթանան նկարագրուած` այս վատթարագոյն բեմագրութիւնով, ապա չի կարելի բացառել, որ Մոսկուան յայտարարի, թէ իր անվտանգութեանն ուղղուած խնդիր է տեսնում եւ անհրաժեշտ է միջամտութիւնը: Թէ ի՞նչ է սա նշանակում, թերեւս կարիք չկայ մեկնաբանելու: