
Տիգրան Չանտոյեան
Երեւան
Մօտ ութ ամիս անց, Թուրքիայում կ’անցկացուեն նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ, որոնց ընդառաջ քաղաքական եռուզեռն արդէն սկսուել է: Վեցեակի սեղանը, այսինքն ընդդիմադիր վեց կուսակցութիւնների դաշինքի` քեմալական Ժողովրդական-Հանրապետական Կուսակցութիւն (CHP- Cumhuriyet Halk Partisi), «Լաւ» (İYİ Parti), Ժողովրդավարական (Demokrat Parti), «Ապագայ» (Gelecek Partisi), «Ժողովրդավարութիւն եւ առաջընթաց» (Demokrasi ve Atılım Partisi), «Երջանկութիւն» (Saadet Partisi) կուսակցութիւնների պայմանական անուանումը, շարունակում է ներդաշինքային բանակցութիւնները միասնական ընտրացուցակի եւ նախագահի միասնական թեկնածուի առաջադրման շուրջ: Ըստ ամենաշատ շրջանառուող վարկածների, ենթադրւում է, որ ընդդիմադիր վեց կուսակցութիւններ միասնական նախագահի թեկածուն կը լինի Ժողովրդական-Հանրապետական Կուսակցութեան նախագահ Քեմալ Քըլըչտարօղլուն:
Թուրքիոյ պաշտպանական արդիւնաբերութեան գործակալութեան նախագահ Իսմայիլ Տէմիրը յայտարարել է, որ եթէ ամերիկեան Էֆ-16 կործանիչներ գնելու վերաբերեալ գործարքը ձախողուի, ապա Թուրքիան կարող է ռուսական արտադրութեան Սու-35 կործանիչներ գնել: Սա, անշուշտ աւելի է սերտացնելու ռուս-թրքական յարաբերութիւնները առաջացնելով աւելի ընդգծուած փոխկախուածութիւններ: Միւս կողմից էլ Թուրքիոյ պետական դրամատուները, հետեւելով մասնաւորներին, հրաժարուել են ռուսական «Միր» վճարային համակարգի օգտագործումից: Թուրքիայում «Միր» վճարային համակարգերին աջակցում էին հինգ խոշորագոյն դրամատուները` մասնաւոր Denizbank-ը, Is bankasi-ն եւ պետական Halkbank-ը, Ziraat bankasi-ն ու VakifBank-ը: Ռուսիոյ նախագահի խօսնակ Տմիտրի Փէսքովը այս մասին յայտարարել է, որ «Միր» քարտերից թրքական դրամատների հրաժարման պատճառը Թուրքիոյ վրայ Ա․Մ․Ն․-ի գործադրած աննախադէպ ճնշումն է: «Հասկանալի է, որ դրամատները եւ տնտեսուարող միջոցները գտնւում են Ա․Մ․Ն․-ի աննախադէպ ճնշման տակ: Իհարկէ, մենք պէտք է համատեղ միջոցներ փնտռենք այս ճնշմանը հակազդելու համար, որպէսզի չվնասենք մեր առեւտրատնտեսական համագործակցութեանը եւ մեր միլիոնաւոր զբօսաշրջիկներին չզրկենք յարմարաւէտ պայմաններից»,-ասել է Փէսքովը: Սակայն Ռուսաստանի հետ սիրախաղեր տալով հանդերձ Թուրքիան չի ընդունում Տոնեցք, Լուկանք, Զապորոժիէ եւ Խէրսոն շրջանների միացումը Ռուսաստանին: Ըստ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութեան կայքում տեղադրուած յայտարարութեան. «Դեռեւս 2014 թուականին որդեգրած դիրքորոշման համաձայն` մենք մերժում ենք Ուքրայինայի Տոնեցք, Լուկանսք, Խէրսոն եւ Զապորոժիէ շրջանների միացումը Ռուսաստանի Դաշնութեանը»,- ասւում է յայտարարութեան մէջ: Արտաքին գործոց նախարարութիւնը գտնում է, որ կատարուածը միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտում է:
Նիւթական վիճակը այնքան բարւոք չէ նաեւ Թուրքիայում: Նախագահ Էրտողանը կոչ է արել Կեդրրոնական դրամատան մինչեւ տարեվերջ շարունակել նուազեցնել տոկոսադրոյթները հասցնելով 10 տոկոսից ցածր` մարտահրաւէր նետելով ներդրողներին եւ տնտեսագէտներին, ովքեր ասում են, որ տոկոսադրոյթների բարձրացումն անհրաժեշտ է գնաճը 80 տոկոսից բարձր պահելու համար: «Տոկոսադրոյթը իջեցուել է մինչեւ 12 տոկոս, այսուհետ թանկացում չի լինելու, այն աւելի է ընկնելու: Դա կը նուազեցնի նաեւ գնաճը», ,- ասել է Էրտողանը է: Ան յոյսով է, որ իշխանութիւնները կ’ապահովեն, որ հիմնական տոկոսադրոյթը յետագայում եւս կրճատուի եւ դրանից յետոյ, որպէսզի մինչեւ տարեվերջ դրոյթաչափը միանիշ ցուցանիշի հասնի: Այնուհանդերձ, ի հեճուկս դրա Թուրքիայում սղաճը արագացել է մինչեւ 83,45 տոկոս` նախորդ ամսուայ 80,21 տոկոսի դիմաց։ Ըստ վիճակագրութեան ազգային հիմնարկի տուեալների` տարեկան սղաժը 181,37 տոկոսից արագացել է մինչեւ 186,27 տոկոս: Սա, բնականաբար, գալիք ընտրութիւններին ընդառաջ բացասական է ազդելու Էրտողանի «Արդարութիւն եւ Բարգաւաճում» կուսակցութեան վարկանիշին վրայ:
«Թրքական Հոսք» կազատարով դէպի Եւրոպա ռուսական կազի արտահանման ծաւալը Սեպտեմբերի վերջին շաբթուայ ընթացքում նուազել է 20-25 տոկոսով` անցեալ ամսուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշների համեմատ: Պուլկարա-թրքական սահմանին գտնուող «Ստրանճայ 2-մալքոչլար» կէտով կազի արտահանումը Սեպտեմբերի վերջին շաբաթուայ ընթացքում կազմել է մօտ 32,5-38,1 միլիոն խրամեթր, մինչդեռ Օգոստոսին նոյն ժամանակահատուածում ծաւալը հասել է մօտ 43,5-48 միլիոն խրամեթրի: Իսկ Թուրքիան շարունակում է «կազային գերտերութիւն» դառնալու իր երազանքի հետեւից «մեծ քայլերով» գնալ: Թուրքիոյ ելեկտրականութեան եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Տոնմեզը յայտնել է սեւծովեան կազի արդիւնահանման հարցում «հերթական մեծ քայլի» յաղթահարման մասին. «Սեւծովեան կազը եւս մէկ քայլ յաղթահարուած է. Ամէն օր քայլ առ քայլ մօտենում ենք մեր նպատակին: Seven Arctic նաւը գտնւում է Թուրքիայում»,- գրել է նա «Թուիթըր»-ի իր էջում: Թուրքիան գրեթէ 10 միլիառ տոլար կը ներդնի Սեւ ծովի Սաքարեայ հանքավայրից 540 միլիառ խրամեթր կազ արդիւնահանելու եւ փոխադրելու նախագծում, որի համաձայն` հանքավայրից առաջինկազը Թուրքիա պէտք է հասնի 2023 թուականին:
Այս շաբաթ Շուէտից պատուիրակութիւն է մեկնելու Թուրքիա` Անգարայի կողմից «ահաբեկիչներ» որակուած անձանց արտայանձնման շուրջ բանակցելու համար: Շուէտի արդարադատութեան նախարարութեան անդամները կը լինեն Թուրքիայում` այդ հարցի շուրջ իրենց թուրք գործընկերների հետ թեքնիք հարցերի շուրջ բանակցելու համար: ՆԱԹՕ-ի անդամ Թուրքիան Յունիսին հանել է Շուէտի եւ Ֆինլանտայի` ՆԱԹՕ-ին անդամակցելու արգելքը, շաբաթներ տեւած լարուած բանակցութիւններից յետոյ եւ որպէս գործարքի մաս` Անգարան ներկայացրել է մարդկանց ցուցակը, ում կը ցանկանար, որ երկրները արտայանձնեն, սակայն դրանից յետոյ հիասթափութիւն է յայտնել այդ հարցում առաջընթացի բացակայութեան կապակցութեամբ: Շուէտի ռազմավարական արտադրանքի տեսչութիւնն էլ յայտարարել է, որ վերացրել է դէպի Թուրքիա ռազմական պիտոյքների արտահանման արգելքը այն բանից յետոյ, երբ Սքանտինաւեան երկիրը որոշել է միանալ ՆԱԹՕ-ի ռազմական դաշինքին եւ համաձայնել է յաղթահարել Թուրքիոյ առարկութիւնները: Շուէտն ու Ֆինլանտան փաստացի արգելել են զէնքի արտահանումը Թուրքիա 2019 թուականին` Սուրիա ներխուժելուց յետոյ, ընդ որում, հետ է կանչուել առկայ թոյլտուութիւնները եւ դրանից յետոյ նոր թոյլտուութիւններ չի տրամադրուել, թէեւ պաշտօնական արգելք չի եղել: Սա որակելով որպէս աջակցութիւն Սուրիոյ հիւսիսի քիւրտերին Էրտողանը սպառնացել է արգելափակել Շուէտի եւ Ֆինլանտայի` ՆԱԹՕ-ին անդամակցելու դիմումները. «Քանի դեռ մեր երկրին տրուած խոստումները չեն կատարուել, մենք կը պահպանենք մեր սկզբունքային դիրքորոշումը։ Մենք ուշադիր հետեւում ենք, թէ արդեօք կը կատարուեն Շուէտի եւ Ֆինլանտայի տուած խոստումները, եւ, իհարկէ, վերջնական որոշումը պէտք է կայացնի մեր խորհրդարանը»,- ասել է Էրտողանը:
Հարեւան Վրաստանում նախապատրաստական աշխատանքներ են տարւում Ատրպէյճանի, Թուրքիոյ եւ Վրաստանի զինուորականների մասնակցութեամբ ՆԱԹՕ-ի շրջանակում համատեղ յատուկ նշանակութեան ստորաբաժանումների «Կովկասեան Արծիւ-2022» զօրավարժութիւնների անցկացման համար, ինչպէս նաեւ «Յաւերժութիւն-2023» եւ «Կովկասեան Արծիւ-2023» համակարգչային հրամանատարաշտապային վարժանքների կազմակերպման համար: Թուրքիան փորձում է տարածաշրջանում գերակայութիւն ձեռք բերել նաեւ այս ուղղութեամբ:
ի զինուորականների մասնակցութեամբ ՆԱԹՕ-ի շրջանակում համատեղ յատուկ նշանակութեան ստորաբաժանումների «Կովկասեան Արծիւ-2022» զօրավարժութիւնների անցկացման համար, ինչպէս նաեւ «Յաւերժութիւն-2023» եւ «Կովկասեան Արծիւ-2023» համակարգչային հրամանատարաշտապային վարժանքների կազմակերպման համար: Թուրքիան փորձում է տարածաշրջանում գերակայութիւն ձեռք բերել նաեւ այս ուղղութեամբ: