
(թարգմանուած` ֆրանսերէնէ)
Արդէն գրեթէ տասնհինգ տարի է, որ Թուրքիան Եւրոպական Միութեան անդամակցութեան թեկնածու է: Մի ժամանակաշրջան, որն ինքնին ձախողում է նշանակում: Այդ անդամակցութիւնը տեղի չունեցաւ, բայց եթէ այն պատահաբար իրականութիւն դառնար, դրա նշանակութիւնն ու տարողութիւնը շատ հեռու կը լինէին քան այն ինչ մենք ունէինք 1999-ին, երբ Թուրքիային թեկնածու երկրի կարգավիճակ շնորհուեց:
Նախքան եւրոպական նախագծի տխրահռչակ էվոլիւցիան քննութեան առնելը եւ ինչպէս նաեւ մեր` հայկական հարցի տեղը այդ նախագծում եւ ուղիղ գնանք եզրակացութեան. եւրոպական Թուրքիան չի կարող իրականութիւն դառնալ, քանի որ դա սխալ մեկնաբանութեան արդիւնք է, այսինքն` մի գաղափար, որն իր մէջ հակասութիւն է պարունակում: Թուրքիան կառուցուել է որպէս Եւրոպայի ժխտում եւ իր անդամակցութիւնը կարող է միայն նշանակել հաւասարման երկու տեղերից մեկնումէկի անհետացումը: Այս դէպքում, Թուրքիան ըստ էութեան 1915-ից ի վեր չի փոխուել, եւ եթէ այդպէս էլ չփոխուի, նրա անդամակցութիւնը “ԵՄ“ պարզապէս կը նշանակէր, որ Եւրոպան այլեւս գոյութիւն չունի որպէս քաղաքական նախագիծ:
ԵՒՐՈՊԱ.
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹԻՒՆ
Պատմականօրէն եւ աշխարհագրականօրէն Եւրոպա հասկացութիւնը թեժ քննարկումների առարկայ է եղել: Պոլ Վալերիի յայտնի ձեւակերպմամբ` “Ասիայի փոքրիկ հրուանդանի“ արեւելեան սահմանները յստակ չեն: Եթէ շատերը, ինչպէս Շարլ Տը Կոլը, նրա սահմաններն անցկանում են Ուրալեան լեռներով, ոմանք էլ գերադասում են այն վերջացնել Վոլգա գետով: Ընդհանուր առմամբ ընդունուած է, որ Հարաւ-Արեւելքում նա աւարտւում է Կովկասով, բայց շատերը հայերին ու վրացիներին դասում են եւրոպացիների շարքին: Հարաւում` Բալկանները, Յունաստանը եւ նոյնիսկ Սթամպուլը համարւում են Եւրոպայի մաս, սակայն դեռ յիսուն տարի առաջ Արեւելքն սկսւում էր Վիեննայից այն կողմ:
Իրականում, գոյութիւն ունի մի հզօր ինտելեկտուալ աւանդոյթ, որի համաձայն Եւրոպան Հոգու մայրացամաք է: Ըստ այնմ, Եւրոպան այն վայրն է, ուր յաջորդաբար տեղի են ունենում բազմաթիւ “հրաշքներ“, որոնք աննախադէպ են մարդկային պատմութեան մէջ: Ամենաքիչը` Յունական փիլիսոփայութիւնը եւ այն ազատ կամքի աստուածաբանութիւնը, որը եղաւ քրիստոնէութիւնը, իսկ ըստ ցանկութեան` Վերածնունդը եւ Բողոքական բարեփոխումը, եւ/կամ Լուսաւորութեան դարը, արդիւնաբերական յեղափոխութիւնը եւ նրա քաղաքական բնական հետեւանքը` Ֆրանսիական յեղափոխութիւնը:
Այս պատմութեան մէջ թուրքերը մեծ հաշուով բացակայ են, բայց դա բաւարար չէ նրանց եւրոպական ընտանիքից դուրս մղելու: Ի վերջոյ, Վերածնունդը եւ Լուսաւորութեան դարը առաւել ցայտուն դրսեւորուել են յատկապէս մեր մայրցամաքի արեւմտեան մասում, իսկ աւելի քիչ չափով` նրա հիւսիսային մասերում ու Դանուբի աջ ափին: Սակայն, սերբերին ու ֆիններին առանց կասկածի համարում ենք եւրոպացիներ: Դեռ աւելին, կաթոլիկութեան եւ ուղղափառութեան միջեւ առաջացած վիհը մայրցամաքի պատմութեան մէջ այնքան խորը արմատներ գցելով հանդերձ, այսօր ոչ ոք դրանից եւրոպացի լինել կամ չլինելու չափանիշ չի սարքում (բայց նոյն հաշուով, հայերին հազիւ մի կերպ են եւրոպացի համարում): Ի վերջոյ, եթէ Եւրոպան ինքն իրեն յաճախ նոյնացրել է իսլամական նուաճման փորձերի դէմ մաքառող քրիստոնեայ աշխարհի հետ եւ քաղաքական այս իմաստով “Եւրոպա“ բառը յայտնւում է Պուատիէի ճակատամարտում (732թ) -, ապա այսօր չի կարելի ասել, որ այդ գիտակցութիւնը դեռեւս գոյութիւն ունի մեր աշխարհամասում, որտեղ տիրում է համատարած աթեիզմը, որտեղ կան մահմետական հզօր փոքրամասնութիւններ եւ նոյնիսկ երկրներ, որոնք ձեւաւորուել են հիմնականում Իսլամով` ինչպիսիք Ալպանիան ու Պոսնիան:
Հասնելով Փոքր Ասիա, առաջին հազարամեակի սկիզբին, թուրքմեն ժողովուրդները կարող էին շատ լաւ ինտեգրուել եւրոպական ազգերին, ինչպէս արեցին հունգարացիները կամ պուլկարացիները, որոնք ժամանագրական առումով նրանց նախորդել էին կարճ ժամանակ առաջ: Նրանք այդ բանը կարող էին անել, մանաւանդ որ նրանց ում այսօր մենք համարում ենք “թուրքեր“` ժառանգներն են Ասիայից եկած այն 700 հազար թուրքմենների, որոնք Փոքր Ասիայում բնակուող հինգ միլիոն մարդկանց հետ սկիզբ դրեցին մի նոր սերնդափոխութեան: Այս վերջինների մէջ էին որոշ չափով եւրոպացի հայերը, իսկ էլ աւելի շատ` յոյները: Ո՞ր ոլորտում է, որ թուրքերն այն ժամանակ չկարողացան եւրոպականանալ, եւ ընդհակառակը` ձուլելով տեղաբնիկներին նրանց խորապէս արեւելքցի դարձրին:
ԵՒՐՈՊԱ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹԻՒՆ
Մի ամբողջ գիրք կը պահանջուէր այս հարցի պատասխանը տալու համար: Առանց նրբերանգների մէջ մտնելու, կարող ենք այնուամենայնիւ յայտարարել որ Թուրքիան եւրոպական չէ, քանի որ նրա քաղաքական առաջնորդները մշտապէս հրաժարուել են այն բարոյական արժէքներից (նոյնիսկ քաղաքական դաշտից դուրս), որոնք պէտք է հանգեցնէին անկախ մտածողութեան առաջացմանը: Նոյնը վերաբերում է գոյքի սեփականութեանը` փադիշահը մարդկանց պարտադրում էր իր բացարձակ տիրապետութիւնը: Սուլթանները երբեք չ՛ուզեցին նորմատիւ այն բանականութեան առաջացումը, որը, ինչպէս Արեւմուտքում, չէր ենթարկուելու որեւէ քաղաքական կամ կրօնական դոգմայի:
Իրականում, այնուամենայնիւ, սոցիալական եւ քաղաքական աւանդոյթների բարեփոխման միջոցով` երկիրը եւրոպականացնելու երկու փորձեր եղան: Սակայն, առաջինը ձախողուեց, իսկ երկրորդը շեղուեց իր բուն նպատակից: Թանզիմաթները փշրուեցին օսմանեան սոցիալական գերիշխող ուժերի կողմից, որոնք միաժամանակ մերժեցին թէ՛ կայսրութիւնում կառուցուածքային բարեփոխումներ անցկացնել եւ թէ՛ հաւասար իրաւունքներ տրամադրել իրենց ոչ մահմետական հպատակներին: Թուրքիան երբեք չճանաչեց եթէ ոչ տառը` այլ գոնէ ոգին այն բազմաթիւ հանդուրժողականութեան հրովարտակների, Մարդու եւ քաղաքացու իրաւունքների հռչակագրի կամ Քրեմիյոյի հրամանագրի*:
Երկրորդ փորձը, որը ես սիրով կը բնութագրէի որպէս շեղում, եղաւ Երիտթուրքերի եւ նրանց ժառանգներ` քեմալականների կողմից: Երիտթուրքերը նախանշանն էին այն ինչին, որ մի քիչ աւելի ուշ անելու էին ֆաշիստներն ու բոլշեւիկները. նրանք հիմնականում ընդունեցին եւրոպական արդիականութեան գործիքները` մերժելով նրա հիմքում ընկած քաղաքական փիլիսոփայութիւնը` այն առաջադիմականութիւնը, որն էապէս ազատական կամ սոցիալդեմոկրատական էր: Պատահական չէ, որ հէնց առաջին համաշխարհային պատերազմից առաջ երիտթուրքերը վերացրին կայսրութեան վերջին ազատական մուսուլմաններին` ինչպէս Մահմուտ Շեվքեթին: Ինչ վերաբերում է բուն Հայոց Ցեղասպանութեանը եւ յոյների հետագայ արտաքսմանը, նրանք տառացիօրէն իրականացրին կայսրութեան եւրոպական մասը մարմանաւորողների սպանութիւնը` նրանց ում միջոցով ներմուծուել էին արեւմտեան տեխնիկական նորարարութիւնները, ինչպէս նաեւ Եւրոպայի ոգին` աննախադէպ սոցիալական միջոցառումների շնորհիւ, որոնք են, օրինակ` սպորտը, թատրոնը եւ ի հարկէ հանրայայտ քննադատական մտածողութիւնը:
Սպանելով հայերին, Թուրքիան սպանեց իր մէջ եղած ամբողջ եւրոպականը, ճիշտ այնպէս, ինչպէս հրեաների սպանդով` նացիստներն իրենց դուրս դրեցին եւրոպական քաղաքակրթութիւնից: Բայց, ինչպէս Գերմանիայի, այնպէս էլ Թուրքիայի համար ոչինչ վերջնական չէր: Այդուհանդերձ, քեմալականների գալուստով (այսինքն` երիտթուրքերի քաղաքական նախագծի ակնյայտ շարունակութեամբ) այդ ընտրութիւնը ինչ-որ կերպ հաստատուեց: Առաջ քաշելով նախորդ վարչակարգի յանցագործներին, շարունակելով Փոքր Ասիայի ժողովուրդներին բռնութեամբ բնաջնջելու իր գործունէութիւնը եւ իրականացնելով պետական ժխտողականութիւն եւ ըստ այդմ փորձելով ջնջել իր անցեալի ու իր ոճրագործութեան տարբեր բաղադրիչները` թրքական պետութիւնը յստակօրէն ցոյց է տալիս Եւրոպայի եւ նրա արժէքների շարունակական մերժումը:
ԱՅԼԵՒՍ ՄԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ
ՉԵՆՔ ՄԻԱՒՈՐՈՒՄ, ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐ
ԵՆՔ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Եւրոպական ոգով կոփուած ոչ մի քաղաքական գործիչ չէր կարող պատկերացնել, որ մի օր թեկնածուի կարգավիճակ կը շնորհուէր նման մի երկրի` թէկուզ եւ ներքին կամ անտրանտլանտեան աշխարհաքաղաքական ճնշումների ներքոյ: Ամէնեւին անկարեւոր չէ, որ այդ յատկացումը հնարաւոր եղաւ միայն վերջին իսկական Եւրայանձնաժողովից յետոյ` մարմնաւորուած Ժակ Դելորի մանդատով (ինչ կարծիք էլ որ ունենայ Դելորն այսօր թրքական թեկնածութեան մասին): Մօտաւորապէս հէնց այդ ժամանակ էր, որ Եւրոպայի քաղաքական հայեցակարգը տեղի տուեց ինստիտուցիոնալ անհոգի մի մեխանիզմի:
Այս իմաստազրկման բազմաթիւ պատճառներից մէկն էլ սերնդափոխութեան հետ է կապուած: Ուզում եմ կրկին բերել Եւրայանձնաժողովի վերջին նախագահների օրինակը. Դելորը 1940-ին տասնհինգ տարեկան էր, Բարրոզոն` 1968-ին տասներեք տարեկան: Պատմական պատասխանատուութեամբ տոգորուած եւ երկու կործանարար հակամարտութիւններով ձեւաւորուած պահանջատէր քաղաքական գործիչներին յաջորդեցին նրանց ժառանգների չափից դուրս ազատական եւ ամնեզիկ քմահաճոյքները: Արեւմուտքում գերիշխող ազատական պատրանքի եւ Արեւելքում տիրող հետ կոմունիստական հիասթափութեան միջեւ գաղտնի համաձայնութիւնը թերեւս վերջին 25 տարիների ամենամեծ եւրոպական թիւրիմացութիւնը եղաւ: Եթէ 2004-ի Մեծ ընդլայնումը պատմական անհրաժեշտութիւն էր, ապա նրա ընթացքը տեղի ունեցաւ շատ կոպիտ կերպով` ցանկացած տեսլականի բացայայտ զոհաբերմամբ: Աշխարհագրական սահմանների տարածական մերժումը ճշգրտօրէն համապատասխանում է պատմական յիշողութեան անցողիկ մերժմանը, այսինքն` ինքնութեան հաստատման մերժմանը: Նոյն քայլով, ֆրանսիայի եւ հոլանտիայի քաղաքացիներն իրենց քուէով իսկ մերժեցին թէ՛ գերազատական բովանդակութեամբ ե՛ւ թէ անսահմանափակ տարողութեամբ անմարմին այն Եւրոպան, որը, ի տարբերութիւն Մոնէի պատկերացման, այլեւս չի միաւորում մարդկանց, բայց համախմբում է պետութիւններ:
Ոչ ոք չի կասկածում, որ 2005թ հանրաքուէների բացասական արդիւնքներում թրքական հարցը շատ կարեւոր դեր է խաղացել, ինչպէս մշտապէս ցոյց են տուել յաջորդական բազմաթիւ հարցումները: Այս ընթացքում, երբ Եւրոպան հետզհետէ խրւում է մի ճգնաժամի մէջ, որի միայն փրփուրն է տնտեսական, Թուրքիայի հարցը (միեւնոյնն է` հայկական հարցը) շատ որոշակի դեր է խաղում Եւրոպայի գաղափարի առաջընթացների եւ յետընթացների մէջ: Նրանք, ովքեր առաջ են մղում ցեղասպանութեան ճանաչման նախապայմանը` հենւում են Եւրոպայի այն գաղափարի վրայ, որը Հոգու մայրցամաքն է: Նրանք, ովքեր տեխնիկական չափանիշների ու վիճակագրական տուեալների ֆիլտրով են ուզում տեսնել Թուրքիան` պաշտպանում են Եւրոպա-աշխարհը, Վիեննայի պայմանագրի Եւրոպան, որտեղ Թուրքիան իսկապէս կարող է իր լեգիտիմ դերը խաղալ` ելնելով իր շահերից: Այս երկու պատկերացումները առկայ են թէ՛ ձախամէտ, թէ աջամէտ շրջանակներում, ինչպէս նաեւ Ցեղասպանութեան ճանաչման պահանջն ու դրա խոչընդոտման փոքր ինչ ամօթալի փորձերը:
Սակայն, ցաւոք, մտավախութիւն կայ, որ Ռոմեն Ռոլանի, Շտեֆան Ցվայգի, Ռեյներ Մարիա Ռիլկեի, Ֆերդինանդ Պեսոայի կամ Պոլ Վալերիի ժառանգները ժամանակաւորապէս տանուլ տան պայքարը եւ որ թրքական պետութեան համար գոյաբանօրէն անխոցելի այս Հոգու Եւրոպան ուժաթափուի: Մօտ ապագայում կարծես թէ մեզ սպասւում է ազգայնականների Եւրոպան, որը գիտենք ինչ տուեց եւ որտեղ Անգարայի վարչակարգը աւելի տարբեր չէ քան Մոսկուայինը, Մինսկինը, կամ այն “եւրոպական“ հասարակութիւններում, որտեղ բարգաւաճում են Հրոյ խաչերը, Ստահլելմը, Սքուադրիստները… կամ Գորշ գայլերը: Ինչ-որ տեղ այս Եւրոպան արդէն միացել է Թուրքիային:
(*) Decret Cremieux – Այս հրամանագրով 1870ին ալճերիացի հրեաներին ֆրանսայի քաղաքացիութիւն էր շնորհւում