
Հոկտեմբերի 20-ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի Գալուստեան սրահում մեծ շուքով նշուեց “Թարգմանչաց“ տօնը, որ անցաւ ջերմ մթնոլորտում։ Դրօշակների մուտքով ապա Ա.Մ.Ն.-ի եւ Հայաստանի օրհներգերով սկսաւ երեկոյթը։
Վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանի բացման խօսքից յետոյ, բեմահարթակը տրամադրուեց վարժարանի տարբեր դասարանների աշակերտներին։ Հնչեցին խմբակային երգեր, խմբավարութեամբ՝ Անահիտ Պօղոսեանի.- “Թարգմանչաց տօն“, “Ոսկէ Դար“, “Զինանշան“ եւ այլ երգեր։ Գեղարուեստական յայտագրում հնչեցին՝ ԴանիէլՎարուժանի, Եղիշէ Չարենցի, Աւետիք Իսահակեանի, Պարոյր Սեւակի, Համօ Սահեանի, ինչպէս նաեւ՝ Ժագ Յակոբեանի, Մուշեղ Իշխանի եւ ուրիշների ստեղծագործութիւններ։ Բանաստեղծութիւնների կատարմամբ հանդէս եկան՝ Օլիվիա Ներսիսեանը, Շանթ Ինճոյեանը, Կթրի Պարոն, Լեւոն Ռաքուբեանը, Դաւիթ Յովհաննիսեանը Մարիա Փափազեանը, Անահիտ Ինջիկուլեանը եւ ուրիշները։
Ցերեկոյթի աւարտից յետոյ վարժարանի սաներին եւ մանկավարժական ուսուցչական կազմին շնորհաւորեց եւ երախտագիտական խօսք ասաց Սրբոց Նահատակաց եկեղեցու հովիւ՝ Տէր Աբրահամ Քհնյ. Մալխասեանը։
Լուսանկարները՝ հեղինակի
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Նիւ Եորք