
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Նիւ Եորք
Լուսանկարները` հեղինակի
Հոկտեմբորի 26-ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց ամենօրեայ Ազգային վարժարանի Գալուստեան սրահին մէջ, մեծ շուքով նշուեց Թարգմանչաց տօնը: Դրօշակների ներս բերման արարողութիւնից յետոյ հնչեցին Միացեալ Նահանգների եւ Հ.Հ. օրհներգները:
Ցերրեկոյթը աղօթքով բացեց Սրբոց Նահատակաց եկեղեցու հովիւ` Արժ․Տ․Աբրահամ Քհնյ․Մալխասեանը: Ներկաներին բարի գալուստ մաղթեց վարժարանի տնօրէնուհի, վաստակաշատ մանկավարժ` Զարմինէ Պողոսեանը: Օրուայ յայտագրին մասնակցեցին` փոքր, միջին եւ բարձր դասարանների աշակերտները, որոնց կատարմամբ հնչեցին` Ա․Իսահակեանի, Ե․Չարենցի, Պ․Սեւակի, Վ․Դաւթեանի, Խ․Դաշտենցի, Ս․Մուրատեանի եւ ուրիշների բանաստեղծութիւնները : Կատարուեցին նաեւ «Թարգմանչաց Տօն», «Ոսկէ Դար», «Փոքրիկ Հայաստան», եւ հայրենասիրական խմբերգներ:
«Դարեր շարունակ հայ ժողովուրդը գրիչը ձեռքին ստեղծագործելով , մշակոյթ ստեղծելով տուել է պատասխանը այն չարերէին, որոնք հայ ժողովրդին ցանկացել են ջնջել այս երկրի վրայից: Հայ ժողովուրդը արդար, միամիտ, աշխատասէր, պատուաբեր, հայրենիք ստեղծող, հայրենիքով ապրող, կռունկեան երգեր երգելով ժողովուրդ է: Այսօրուայ, այս երեխաների բեմից արտասանած բոլոր բանաստեղծութիւնները գալիս են վկայելու, որ այս բոլորը շարունակութիւնն է Մեսրոպ Մաշտոցեան այն զգացմունքներին, որոնք եկու հազար տարի առաջ Սահակ Պարթեւի հետ միասին տուեցին հայ ազգին ոսկէ գրեր, որ մենք գոյատեւենք եւ ստեղծագործենք: Թող Աստուած օրհնի մեր այս մատաղ սերուդին, նրանց մանկավարժներին արեւշատութիւն, քաջ առողջութիւն : Յատկապէս կ՚ուզենայի նշել վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանին, որն իր ջանքն ու եռանդը անմնացորդ ձեւով տալիս է այս մատաղ սերունդի դաստիարակութեանը» մեր զրոյցի ժամանակ ասաց, ցերեկոյթի պատուաւոր հիւր, Հ.Հ. վաստակաւոր եւ ճանանաչուած խմբավար Խորէն Մեյխանէճեանը: Օրուայ պատուաւոր հիւրերից էին նաեւ Նիւ Եորքի «Համազգային»ի անդամներ` Սօնիա Պզտիկեանն ու Արմինէ Մինասեանը :