Թալիշ…Աւերուած Պատմութիւն

0 0
Read Time:3 Minute, 32 Second

p6 Talish

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Թալիշ, Արցախ

1992-ից ի վեր հայկական Թալիշ գիւղը երկու անգամ աւերուել է եւ երկու անգամ տեղահանուել: Առաջին տեղահանութեան ժամանակ Արամ Օհանեանը փրկում էր իր երեխաներին, իսկ մի քանի օր առաջ` իր թոռներին:
«Ես թոռներիս պահել էի իմ մարմնով, որպէսզի նրանց կեանքը փրկեմ կարկուտի նման թափուող ռումբերից: Հիմա հաւաքել եմ անվնաս մնացած իրերը եւ տեղափոխւում ենք այլ վայր», ասաց Օհանեանը:
Լեռնային Ղարաբաղի ամենահին ու խոշոր բնակավայրերից մէկը` Թալիշը, գտնւում է Մռաւ լերան անտառապատ սարալանջին: 1992-ին ատրպէյճանական զինուժը գրոհով վերցրեց գիւղը, եւ Օհանեանը շրջակայքի շուրջ 40 հազար հայերի հետ փախաւ ու կարողացաւ փրկել իր ու երեխաների կեանքը:
Գրեթէ երկու տարի Թալիշը մնաց ատրպէյճանական զինուժի վերահսկողութեան տակ ու աւերուեց: 1994-ի ապրիլին, երբ հայկական ուժերը հակառակորդին ստիպեցին նահանջել, Օհանեանը եւ միւս գիւղացիների մի մասը վերադարձան եւ վերականգնեցին աւերուած տունը:
2016-ի Ապրիլ 2-ի գիշերը, երբ ատրպէյճանական զինուժը սաստիկ հրետակոծեց Թալիշը, Օհանեանները` ամուսին եւ կին, հարսը, երեք երեխաների հետ, փոքրը` չորս ամսեկան, քնած էին իրենց սենեակներում: Որդին զինուորական է, այդ գիշեր դիրքերում էր:
«Երեխաները չէին հասկանում, թէ ինչ է կատարւում, բայց ռումբերի պայթիւնից վախեցած` բարձրաձայն լացում էին: Հարսս գրկել ու մարմնով ծածկել էր չորս ամսեկան փոքրիկին, ես ու կինս` միւս երկուսին: Արկերի կարկուտ էր», իր աւերուած տան մէջ կանգնած պատմում էր Օհանեանը:p6 Talish-1_4
Թալիշը Լեռնային Ղարաբաղի ծայր հիւսիսային հատուածում է` սահմանակից ատրպէյճանական գիւղերի: Ռմբակոծութիւնից մի քանի ժամ յետոյ գիւղի բնակչութիւնը տարհանուեց: Գիւղի ծայրամասում գտնուող տներում մնացել էին մի քանի ծերեր: Ապրիլի 2-ի առաւօտեան գիւղ էր մտել ազրպէյճանական խափանարարական խումբ: Ատրպէյճանցիները գնդակահարեցին Վալերա Խալափեանին եւ նրա կնոջը` Ռազմելային, կտրեցին նրանց ականջները: Նրանք գնդակահարեցին 1924 թուականին ծնուած Մարուսեա Խալափեանին:
Ատրպէյճանական զինուժը գրաւեց հայերի մի քանի ռազմական յենակէտեր, որոնք մի քանի օր անց հայերը վերագրաւեցին: Ատրպէյճանական զինուժին յաջողուեց շփման գծի հարաւ-արեւելեան հատուածում գրաւել Լելէ թեփէ բլուրը եւ հինգ ռազմական յենակէտեր:

Ինչպէս Սկսուեց Չորսօրեայ Պատերազմը

Ապրիլի 1-5-ի պատերազմը, որ պատճառ դարձաւ հարիւրաւոր զոհերի ու վիրաւորների հայկական ու ատրպէյճանական կողմերից, անակնկալ պէտք չէ համարել, քանի որ 1994-ի մայիսեան անժամկէտ զինադադարից ի վեր հակամարտութեան կողմերը մտել էին սպառազինութիւնների մրցավազքի մէջ, բանակցային գործընթացը, լայն հաշուով, փակուղում էր, իսկ Ատրպէյճանը հրապարակաւ յայտարարում էր հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու իր վճռակամութեան մասին:
Չորսօրեայ պատերազմի արդիւնքում մարդկային կորուստներից բացի, կողմերը տուեցին նիւթական եւ զինական բաւականին մեծ կորուստներ: 1994-ի մայիսին հաստատուած սթաթիւս-քուոն, սակայն, չփոխուեց, բացառութեամբ մի աննշան տարածքի, որն անցաւ ազրպէյճանական զինուժի վերահսկողութեան տակ:

Ինչպէ՞ս սկսուեց չորսօրեայ պատերազմը: Ներկայացնենք հիմնական չորս հնարաւոր բեմագրութիւններ:

Առաջին Բեմագրութիւն. Խափանարարական Գործողութիւնից`
Լայնածաւալ Ռազմական Գործողութիւններ

Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը ազրպէյճանական խափանարար խումբը ներթափանցեց Թալիշ, սակայն գլխովին ջախջախուեց: Խմբին օգնութեան շտապեց ազրպէյճանական ՄԻ 24/35 ուղղաթիռը, որը խոցուեց Մռաւ լերան արեւելքում: Այսպէս, ռազմական գործողութիւնները ծաւալուեցին եւ ընդգրկեցին Արցախ-Ատրպէյճան շփման գծի ողջ երկայնքը: Կողմերը օգտագործեցին ծանր հրետանի, այդ թւում` «Սմերչ» եւ «Կրատ» համազարկային համակարգեր: Գնդակոծւում էին ինչպէս ռազմական, այնպէս էլ քաղաքացիական թիրախները: Չի բացառւում, որ եթէ ազրպէյճանական կողմին յաջողուէր գրաւել Թալիշ եւ հարեւան Մատաղիս գիւղերը, ապա, ոգեւորուած ձեռք բերուած յաջողութիւնից, նրանք հետեւակի ռազմական գործողութիւններով առաջ շարժուէին շփման գծի տարբեր հատուածներից, հիմնականում` Աղտամ-Ստեփանակերտ ուղղութեամբ:

Երկրորդ Բեմագրութիւն. Ձախողուած Կայծակնային Յարձակում

Ազրպէյճանը փորձեց կայծակնային յարձակում իրականացնել եւ գրաւել հայկական բնակավայրեր կամ շրջաններ: Այդ տարբերակի օգտին է խօսում այն իրողութիւնը, որ ազրպէյճանական կողմը ապրիլի 1-ի նախօրէին շփման գծի երկայնքով իրականացրել է ծանր զինատեսակների եւ անձնակազմի մեծաթիւ տեղաշարժ: Այդ տեղաշարժի մասին, ինչպէս մամուլի ասուլիսում պնդեց Արցախի նախագահ Բակօ Սահակեանը, արցախեան կողմը ունեցել է համապատասխան տեղեկատուութիւն` հակահետախուզութեան աշխատանքի շնորհիւ: Ատրպէյճանական կայծակնային յարձակումը ձախողուեց արցախեան բանակի, առաջին հերթին` հրետանու գրագէտ, անձնուրաց աշխատանքի շնորհիւ:

Երրորդ Բեմագրութիւն. Ռուսաստանի «Թաքուն Ձեռքը»

Այս օրերին արեւմտեան, մասամբ նաեւ հայկական լրատուական, փորձագիտական ու քաղաքագիտական հանրութիւնը աշխուժօրէն շրջանառում է այն վարկածը, համաձայն որի, Ռուսաստանը հրահրել է ռազմական բախումներ, որպէսզի կողմերը ռազմական գործողութիւնները դադարեցնելու համար դիմեն Մոսկուային, իսկ վերջինս կազմակերպի հանդիպում, որի արդիւնքում ռազմական գործողութիւնները դադարեցուեն, իսկ հետագայում հակամարտութեան գօտում տեղակայուեն ռուսական խաղաղապահ ուժեր: Եւ իրօք, Քրեմլինի միջնորդութեամբ Մոսկուայում կայացաւ հանդիպում Հայաստանի ու Ատրպէյճանի զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտերի պետերի միջեւ եւ ռազմական գործողութիւնները դադարեցուեցին:

Չորրորդ Բեմագրութիւն. Թուրքիոյ Եւ Իսլամական Պետութեան «Թաքուն Ձեռքը»

Հայկական, մասամբ նաեւ ռուսական լրատուական, փորձագիտական ու քաղաքագիտական հանրութիւնը աշխուժօրէն շրջանառում է այն վարկածը, համաձայն որի, Արցախ-Ատրպէյճան շփման գծում ապրիլեան առաջին օրերի պատերազմական գործողութիւններում շահագրգռուած է Թուրքիան եւ նրա միջոցով` ահաբեկչական Իսլամական պետութիւնը: Թէ այս վարկածը ինչպիսի հիմքեր ունի, միանշանակ դժուար է ասել, սակայն փաստ է, որ Թուրքիան ակնյայտօրէն պաշտպանում եւ աջակցում է Ատրպէյճանին, իսկ Իսլամական պետութեան կազմում կռւում են հարիւրաւոր ատրպէյճանցիներ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles