Զարթի՛ր Լաօ՛, Միացի՛ր Ազգի Գիտակից Հատուածի Պահանջին

0 0
Read Time:5 Minute, 3 Second

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Այսօր էլ, երբ մեր ամբողջական գոյութիւնն է վտանգուած, որը ոչ թէ հեռակայ տեսիլք է, այլ` անմիջական իրականութիւն, մեր ժողովուրդը դեռ չի ըմբռնում, որ իր քաղաքական գիտակցութեան չգոյութեան հետեւանքն է այս ահաւոր վտանգը, որը մեր վզին փաթաթեց այս իշխանութիւնը, որի պատասխանատուն նաեւ մենք ենք մանրավաճառի, գաւառային մեր մտածողութեան պատճառով:

Ներքոյ դրուած լուսանկարը մեր երկրի կարեւորագոյն` Հադրութի շրջանն է, Հին Թաղեր գիւղը եւ Խծաբերդը, որն այսօր գրաւուել է ազերիների կողմից: Լերան լանջին փռուած այս փոքրիկ տարածքը, որի անունը հիմա հայերէն տառերով ենք կարդում, վաղը կը փոխարինուի թուրքականով, հայ ընտանիքներն էլ կը փոխարինուեն թուրք փախստականների ընտանիքներով:

Բերձորի սկզբնամասում գտնուող մէկ այլ գիւղ` Արիաւան, կամ` Աղվնոյ, լերան ստորոտում փռուած, որի լերան գագաթից ազերիների ազատ երթեւեկն է անցնում, նոյն ճակատագրին է մատնուելու, եւ դեռ` մի շարք գիւղեր, որքան էլ բնակիչները ձգտեն պաշտպանել, որքան էլ բնակիչները կապուած լինեն իրենց հողին ու տարածքին: Վայրագ, զինուած թշնամուն փոքրիկ խմբերով չես կարող յաղթել:

Այսպիսի յաւելեալ նուաճումների ազատ իրաւունք է տրուած թուրքերին  այսօրուայ Արցախի եւ Հայաստանի դրամակուլ դաւադիր իշխանութեան, նրանց գործակիցների կողմից, ահա թէ ինչո՛ւ թշնամու այդ արարքի դէմ ոչ մէկ դատապարտում ենք լսում ներկայ իշխանութիւնից: Վստահաբար նրանց կնքած գաղտնի համաձայնութեան կէտերից է այն:

Արցախի ոչնչացումը դեռ բաւարար չհամարելով` Հայաստանի նոյն դաւադիր իշխանութիւնները, Թուրքիոյ եւ ազրպէյճանի հետ յարաբերութիւնների սերտացման ստորագրման նոր համաձայնագիր են մշակում, գուցէ եւ արդէն ստորագրել են: Ո՞վ գիտէ:

Մեր ժողովուրդը փոխանակ այս ամէնը ահազանգօրէն ընկալելու, միակամօրէն աշխատելու քանի դեռ ուշ չէ ինչ որ բան փրկել, իր ճակատագրին տէր կանգնել, դեռ կողմնապահօրէն աջակցում է ներկայ դաւադիր իշխանութիւններին, ծառայում նրանց անվերապահօրէն` արհամարհելով անգամ իր վաղուայ լինելիութիւնը:

Չմտածելով, որ վաղը, երբ այս իշխանութեան ղեկավարը եւ նրա կազմը իրենց տրուած առաջադրանքն աւարտեն, այդ ծառայութեան համար ստացած դրամներով նրանք փախչելու, փրկուելու են, իսկ քառատակ, զրահներով, սեւ մեքենաների շքախմբով նրա պաշտպաններդ, խաղաղ ցոյցի ելած ժողովրդին յօշոտողներդ, մնալու էք անհայրենիք, կորչելու էք որպէս ազգ:

Սթափուենք: ՄԵԶ` ԺՈՂՈՎՈՒՐԴԻՍ, ՍԱ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՅՍՕՐՈՒԱՅ ՓՐԿՈՂ ԿԱՐԳԱԽՕՍԸ, ՈՐԻ ՄԷՋ ՄՏՆԵԼՈՒ Է ՆՈՅՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱԼԱԾՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԴԱՒԱՃԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒ ՆՐԱ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ, ՆՐԱՆ ԱՊԱՀՈՎԱԲԱՐ ՓԱԽՑՆՈՂ ԻՐ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ:

Բա՛ւ է այլեւս ապրենք միայն հայրենասիրական բանաստեղծութիւններով ու երգերով, որոնցով մինչ այսօր յագուրդ ենք տուել մեր զգացումներին, հաշտուել ենք մեզ վիճակուածին` բթացնելով վրէժի, ցասումի, պայքարի, մեր ունեցածին փարուելու, ատամներով այն պաշտպանելու յատկութիւնը:

ՎԵՐՋԱՊԷՍ, ԶԱՐԹԻ՛Ր,  ԼԱՕ՛, ՄԻԱՑԻ՛Ր ԱԶԳԻ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՏՈՒԱԾԻ ՊԱՀԱՆՋԻՆ: Սա է այսօրուայ հրամայականը:

ԶԱՐԹԻ՛Ր, ԼԱՕ՛, սա միայն երգ չէ, սա Արաբոյի երգն է, Մուշի, Սասունի ազատատենչ ժողովրդի` սուլթանի դէմ պայքարի ելած մեր հայրենակիցների մեզ կտակած երգն է, որը դարձրել ենք խնճոյքների ու թշնամու դէմ մեր բթացող զգացումները շոյող երգ միայն եւ ոչ` գործողութիւն:

Այսօր հայ սուլթանը եւ նրան ծառայող պալատականներն են տիրում մեր երկրին, որոնց ոչ թէ ատելութեան զգացումից ելնելով պիտի մաքրենք, այլ` գիտակցօրէն: Քաղաքական խորը գիտակցութեան ըմբռնումով, վերլուծելով նրանց գործած եւ դեռ գործելիք, օրէ օր արդէն անկառավարելի դարձող այն վնասները, որոնք մեզ անմիջական ազգային ոչնչացման են տանում:

Երկուսուկէս տարի տարբեր միջոցներով, ազգանուէր վերլուծաբանների հաղորդագրութիւններով ժողովրդին փորձեցինք տեղեկացնել, Լեւոնի կողմից, այս իշխանութեան Արեւմուտքի` Միացեալ Նահանգների շահերի համար, որը համընկնում է յատկապէս մեզ համար վտանգաւոր թուրքական շահերին, նրան իշխանութեան բերուած լինելու մասին: Ա՛յն Արեւմուտքի, որը ողջ Մերձաւոր Արեւելքը արեան մէջ խեղդեց եւ շարունակում է դեռ խեղդել Սուրիայում եւ նրա մերձակայքում, որից անմասն չմնացինք մենք:

Քաղաքական մեծ վերլուծաբան պէտք չէր լինել հասկանալու, որ յաջորդ հարուածը մենք ենք կրելու, յատկապէս երբ մեր երկիրը կործանող մանրէն` որպէս վարչապետ, արդէն առաքուած էր քաղաքական այդ առաքելութեամբ:

Ժողովուրդը, սակայն, նախընտրեց քաղաքական անդամալուծութիւնը իրատեսութիւնից եւ ոչխարի հնազանդութեամբ հետեւեց ինքնահռչակ վարչապետ յայտարարուածի ջղագար ատելութեան քարոզներին, որով եւ ամբողջովին կտրուեց իրականութիւնից: Ոչ միայն կտրուեց, այլ իրականութիւնը ներկայացնողներին մեկուսացրեց:

Այսօր Միացեալ Նահանգների նորընտիր փոխնախագահ Կամալա Հարիսը իր ազգային անվտանգութեան խորհրդական է նշանակել երկու ահաւոր թրքամէտ անձանց` Նենսի Մըքելտաունին եւ Ռոհինի Քոսօղլուն, որը է՛լ աւելի է ամրապնդում գալիք վտանգը մեր տարածաշրջանում, եւ որը արդէն մուտք է գործել մեր երկիր:

Սթափուէ՛ք, նոր արհաւիրք է պատրաստւում մեր դէմ:

Մեր ժողովուրդը ի վերջոյ սթափուելո՞ւ եւ տեսնելու է, թէ ո՛վ է իրապէս իր պաշտպանը:

Արցախում, երբ ռուսական խաղաղապահ ուժերն են մեր միակ պաշտպանը ազերի- թուրք ոտնաձգումի դէմ, մենք ցոյցեր ենք կազմակերպում ռուսների դէմ: Սա մի՞թէ քաղաքական ինքնասպանութիւն չէ:

Մենք կորցրել ենք ներքին թշնամու հետ հաշուեյարդարի կարողութիւնը,այն վերածել ենք իրար դէմ հաշուեյարդարի, որը եւ մեզ հասցրեց այս վիճակին:

Կորցրել ենք ազգը ամէն ինչից վեր դասելու այն գիտակցական ուժը, որը մարդկանց համախմբում ու դարձնում է ժողովուրդ:

Ժամանակին ՀՅԴ էր այդ գիտակցութիւն սրսկողը, այդ ուժով գործեցին մեր ազգի փրկարարները:

Այդ կուսակցութեան նուիրեալները մինչեւ իսկ իրենց կեանքը վտանգելով` հաւատով, մարմնով առերես թրքացան, մտան նրանց որջերը, բարձր պաշտօնների տիրացան, որ ծառայեն իրենց ժողովրդին:

Վահան Փափազեան, փառահեղ մի անձ, թուրք գիշատիչներից` Թալէաթից, էնուերից անգամ յարգանք վայելող:

Մանազկերտցի Աւետիսը, որը նոյնիսկ անուանափոխուել, դարձել էր Մեհմետ էֆենտի, որպէս լրտեսական ցանցի պաշքոմիսարի, իր հսկողութեան տակ էր պահում ֆիտայիներին, որ նրանցից մազ չպակսի: Նրանց չի կարողացել գնել թուրքը եւ այնպիսի ճկունութեամբ են նրանք աշխատել, որ կասկած իսկ չեն յարուցել: Ամէն վտանգ աչքի առաջ առած` ծառայել են, որ փրկեն իրենց ժողովրդին: Ահա դաշնակցական ոգու եւ Դաշնակցութեան այսօրուայ ոխերիմ թշնամի, օտարի առջեւ կորաքամակ կանգնող, ողբալի վարչապետի եւ նրա հետեւորդների տարբերութիւնը:

Այսօր իշխանութիւնը դարձրել ենք անձնական նախասիրութիւնների շուկայ, ուր ընտրութիւնը ոչ թէ երկրի պետականութեան ամրապնդման առաջնահերթ անհրաժեշտութիւնն է դարձել, այլ ո՞ր ուժին է պատկանում այդ անձը, ո՞ւմ կողմից է նշանակուած եւ այսպէս շարունակ:

Մենք ազգակործան այնպիսի մեծամտութեամբ ենք տառապում, որ չենք սովորում մեր շրջապատից: Իսրայէլը արդէն որերորդ անգամ է ետ բերում Նեթանիահուին, որ իր լրումին հասցնի երկրի ամբողջականութեան հարցը: Կաշառակերութեան եւ կողոպուտի մէջ մեղադրուողին նրանք ետ են բերում` տեսնելով երկրի համար նրա ներդրած անասելի կարողութիւնը:

Ի հակադրութիւն իրենց` մենք կործանում ու վարկաբեկում ենք նոյնիսկ մեր երկիրը ոտքի կանգնեցրածներին, միջազգային յարաբերութիւններում որպէս երկիր մեզ հաստատածներին, Արցախի ազատագրման եւ նրա պահպանման համար իրենց կեանքը նուիրաբերածներին:

Մենք կորցրել ենք մեր ինքնուրոյն մտածելու, գնահատելու կարողութիւնը: Մենք դարձել ենք հօտ, որին միշտ մի այծ է պէտք, որ առաջնորդի, թէկուզ` անկարող, թէկուզ` դաւաճան:

Բա՛ւ է: Կա՛նգ առէք: Ազգովին համախմբուենք, տեղ տանք բոլոր նրանց, որոնք այս պահին համախմբուած` փորձում են երկիրը փրկել, ազատել, մաքրել, այս դաւադիր, կազմակերպուած դաւաճանների վոհմակից:

ԶԱՐԹԻ՛Ր, ԼԱՕ՛ եւ մի՛ թոյլ տուր, որ այս դաւադրութիւնը քո գլխին բերածները ազատուեն դատից, մեծից մինչեւ փոքր պէտք է դատուեն: Երկրից փախածներին պէտք է գտնել ու մէկիկ-մէկիկ ետ բերել երկիր: Պէտք է գործենք ազգովին, միաժամանակ, միահամուռ, հաստատակամ, յանուն մեր երկրի եւ մեր փրկութեան:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles