Երկու Տարի Առանց Քեզ

0 0
Read Time:2 Minute, 24 Second

 

Յուլիսեան տաքուկ առաւօտ էր: Թւում էր` սովորական, ոչ մի օրերից չտարբերակուող օր պիտի սկսուէր: Սակայն այդ օրը մեր գերդաստանի  համար դարձաւ ամենալուսաւորը, ամենագունագեղն ու ամենաերջանիկը, քանզի լոյս աշխարհ եկար դու` նոր կարգավիճակ տալով մօրդ ու հօրդ, հօրեղբօրդ ու հօրաքրոջդ: Երկինքն աւելի պայծառացաւ` չնայած հեռու-հեռուներում լսւում էր թնդանօթի համազարկ եւ ինքնաձիգների ճարճատիւն: Քո ծնունդով մի նոր զինուորի սիլուետ (ստուէր, խմբ․) գծագրուեց երկնակամարում, որ պիտի դառնար Արցախ աշխարհի տէրն ու տնօրէնը…

Պապդ Արտակ կոչեց քեզ, Արտակ, գուցէ աչքի առաջ ունենալով քաջ Մոկացուն, որ Աւարայրի դաշտում յանուն հաւատքի նահատակուեց…

Մուտքդ մեր գերդաստան ոչ միայն երկար սպասուած էր, այլեւ` ցանկալի: Դու նման չէիր բոլոր այն մանչուկներին, որ այդ ժամանակ լոյս աշխարհ էին եկել (անգամ հօրեղբօրդ որդին` Արմէնը):

Քո մէջ կար անսովոր, ինքնատիպ ու իւրայատուկ մի բան, որ առաջին իսկ հայեացքից զգացւում էր: Յաճախ փորձում էի ինչ-որ անուն տալ այդ զգացողութեանը` խորաթափանցութիւն, թէ իմաստասիրութի՞ւն: Եւ հիմա եմ հասկանում, որ այդ երկուսն էլ միախառնուած էին իրար ու քո քո մշտական ուղեկիցներն էին…

Մանկապարտէզ, դպրոց, բուհ, թէ շարքային բանակ. ամէնուր աչքի էիր ընկնում քո մաքրամաքուր ազնուութեամբ ու շիտակութեամբ, ճշտախօսութեամբ ու կարգապահութեամբ, ընկերներին չդաւելու կարգախօսով եւ հայրենիքին ու հարազատներին անմնացորդ նուիրուելու պատրաստակամութեամբ…

Ուրիշ էր անգամ նայուածքդ ու ժպիտդ` խորախորհուրդ, վարակիչ, կեանք պարգեւող ու կեանքի վերադարձնող: Քեզ հետ մէկ անգամ շփուողը երբեք չէր կարող մոռանալ այն բաւականութիւնը,  այն դրական էներգիան (ուժը, խմբ․), որ ճառագում էր քեզնից…

-Մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր,- լսում էինք քո մասին ասուածը եւ հպարտանում, որ դու մերն ես, մեր հարազատը, ինչքան բախտաւոր ու երջանիկ էինք քեզնով…

Ուրիշ էր նաեւ հարսանիքդ` սովորականից տարբերուող։ Այլ կերպ էլ չէր կարող լինել, քանզի ամէն ինչ քո սիրասուն քրոջ երեւակայական աշխարհի արգասիքն էր…

Զաւակիդ` Ռուբէնի, ծնունդն աւելի է ամբողջացրել քո կերպարը` հոր ու ամուսնու կարգավիճակով… Աշխարհը` աշխարհ, քո բալիկը` մի նոր աշխարհ: Սակայն պատերազմ կոչուածը տակնուվրայ արեց ամէն ինչ…

Առաջին անգամ չէր, որ խաղաղ, անվրդով կեանքդ փոխարինեցիր գորշ համազգեստով։ Ապրիլեան պատերազմի օրերին եւս ռազմի դաշտում էիր եւ յաղթանակով վերադարձար…

Սակայն այս մէկն այլ էր. Նախապէս ամէն ինչ պլանաւորուած, անգամ ջահէլ-ջիւանների նահատակումը, միայն թէ ամուր կառչած մնան իրենց աթոռներին:

Հրաշք լինէր եւ դուք` անմահներդ , վերադառնայիք իսկ աթոռներն էլ փոշիացներին այդ անտոհմ, անհայրենիք, անհաւատ փառասէրներին, որ Հայաստան աշխարհս ու Արցախս շնչէին, դուրս գային հաշմուած վիճակից…

Դարձեալ արեւ էր այդ օրը, դարձեալ ոսոխը բոլոր ուղղութիւններով կրակ էր թափում, բայց դու քո ընկերների հետ կանգնած էիր Ձեզ վստահուած դիրքում` «ոչ մի քայլ հետ» կարգախօսով ու մեծ հաւատքով, արցախցին կը յաղթի…

Բայց թշնամին գտաւ ձեզ` չխնայելով ո՛չ ձեր մատաղ կեանքը, ո՛չ էլ` ձեր հարազատների սիրատոչոր զգացմունքերը:

Ասուպներ դարձա՛ք, որ շողշողաք երկնակամարից ու լուսաւոր պահէ՛ք հազար կողմից խոցուած Արցախ աշխարհս…

Երկու տարի առանց քեզ, առանց քո լիաթոք ժպիտի եւ խորախորհուրդ հայեացքի…

Չկայ առաւել անտանելի պատիժ, քան մեր այս կարգավիճակն է…

Հրաշք լինէր ու դու վերադառնայիր, խինդով լցնէիր դատարկուած տունդ, ժպիտ պարգեւէիր տիկնոջդ, ծնողներիդ, սիրասուն, հրաշք Ռուբէնիդ եւ բոլոր-բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին քեզ, ի՛մ անմոռանալի, անգնահատելի Արտակ…

 

Հօրաքոյրդ՝ Լիանետա Իշխանեան

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles