Երկու Ժամանակ, Մէկ Իրականութիւն, Մէկ Դաս

0 0
Read Time:5 Minute, 9 Second

«Դրօշակ» 
Փետրուար 2022

Մի վերին իրաւարար կարծես պարզել է մեր առջեւ պատմութեան հայելին, եւ նրա արտացոլանքի մէջ տեսնում ենք մեր ժամանակը` իր հակասականութեամբ, յաղթանակներով եւ պարտութիւններով, մարտիրոսութիւններով ու դաւաճանութիւններով: Տասնամեակների հեռաւորութեամբ օտար ուժերի կողմից հայ ժողովրդի վզին փաթաթուած երկու յեղափոխութիւն` նոյն կարգախօսներով` արդարութիւն, ժողովրդավարութիւն, ժողովրդի իշխանութիւն եւ խաղաղութիւն: Բոլոր կարգախօսները` կեղծ, իսկ խաղաղութիւնը` մուրալու ճանապարհով, որի դիմաց յաղթած թշնամին պահանջում է թանկագին զոհողութիւններ: Երկու դէպքում էլ այս բեմադրութեան օտար նուագարարները պատմութեան ասպարէզ են իջեցնում նոյն ժողովրդի թափօնից կազմուած իրենց հինգերորդ շարասիւնը` ապազգային, արկածախնդիր եւ բացարձակապէս անպատասխանատու սեփական ժողովրդի ու երկրի ճակատագրի հարցում: Ժամանակի հարիւրամեայ շրջապտոյտի մէջ ահա երկու իրականութիւն, որն ապրեց եւ որի գահավէժ շրջապտոյտից դեռ դուրս չի եկել հայ ժողովուրդը:

Երկու դէպքում էլ ակնյայտ է, թէ ինչպէս են աւելի լաւ կեանքի մասին գայթակղիչ խոստումները հակադրութեան մէջ դրւում ժողովրդի զարգացման տրամաբանական ընթացքի, նրա պայքարի կենսական նպատակների եւ նոյնիսկ յիշողութեան ու ինքնութեան հետ, եւ հրէշաւոր ծրագրի հետեւանքները լինում են մարդկային ու տարածքային հսկայական կորուստները, համազգային մեծ շփոթը, յաղթանակող բանակի կազմաքանդումը, պետական, տնտեսական եւ սոցիալական համակարգերի քայքայումը, ինքնապաշտպանութեան բնազդի բթացումը, լուռ համակերպումը ներքին ու արտաքին նուաստացումներին եւ ցեղասպան հարեւանի պահանջներին կամազուրկ ենթարկուելը` որպէս թէ յանուն խաղաղութեան ու եղբայրութեան:

Դժուար էր երեւակայելը, որ 1920-ական թթ. փորձութիւնից յետոյ եւս մէկ անգամ հայ ժողովուրդը թոյլ կը տայ իր հետ խաղարկել նոյն ներկայացումը, բայց ճիշտ հարիւր տարի անց նա վերածուել է նոյնանման բեմադրութեան հլու դերակատարի եւ դեռ չի կարողանում յաղթահարել թշնամիների պարտադրած ճակատագիրը:

Պատմութեան այլ զուգադիպութիւններից են ազգային երկու ապստամբութիւնները, որոնցից մէկը տեղի է ունեցել 1921, իսկ միւսը` 1988 թուականին: Պատմութեան այս երկու աստեղային ժամերը հայ ժողովուրդը կերտեց` ըմբոստանալով օտարի պարտադրած անազատ գոյութեան դէմ, տեղի ունեցաւ համազգային աննախադէպ համախմբում անկախութեան ու ինքնիշխանութեան գաղափարի շուրջ, եւ երկու դէպքում էլ թուաքանակով փոքր ժողովուրդը կարողացաւ յաղթել իրենից բազմապատիկ առաւելութիւններ ունեցող բռնապետութիւններին:

1918 թ. փետրուարի 18-ին հայ ժողովուրդն ընդվզեց օտարի յեղափոխութեան հայ դրածոների իշխանութեան դէմ եւ, միակը լինելով ռուսական նորացուած կայսրութեան կազմում, թէկուզեւ կարճ տեւած յաղթանակի շնորհիւ դուրս շպրտեց երկրից ազգային պատկանելութիւնից զուրկ բոլշեւիկեան հեղկոմին եւ բեկեց պատմութեան կործանարար ընթացքը:

1988 թ փետրուարի 18-ին հայ ժողովուրդը Հայաստանի մայրաքաղաքում ոտքի ելաւ բնապահպանական հիմնահարցերի լուծման պահանջով, իսկ երկու օր անց իր բացարձակ աջակցութիւնը յայտնեց ադրբեջանական ստրկատիրութեան դէմ անկախութեան պայքարի դուրս եկած արցախահայութեան ազգային-ազատագրական շարժմանը: Ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը հաւատաց, որ յաղթելու է եւ յաղթեց` անցնելով պատերազմի ու զրկանքների դաժան փորձութիւնների միջով: Երբ նոյն ժողովրդի ծնունդ` օտարի դրածոները, 1990-ականներից սկսած, կասկածի տակ դրեցին այս պայքարի իմաստն ու վերջնական նպատակները, դրանով նրանք փաստեցին ու փաստում են իրենց դաւաճանական էութիւնը, որովհետեւ արցախեան պայքարը նախ եւ առաջ արցախահայութեան` ազատութեան ու անկախութեան հասնելու ձգտումով է թելադրուած, եւ եթէ մի ժողովրդի զաւակներ կարող են կասկածի տակ դնել իրենց եղբայրների ու իրենց հայրենիքի մէկ հատուածի ամենասրբազան իրաւունքի իրացումը, նշանակում է` նրանք դաւաճան են, օտարահպատակ եւ անբարոյական` իրենց գիտակցութեամբ, արեամբ եւ թերեւս ժառանգականօրէն:

Անկախութեան եւ ազատութեան համար պայքարը ժողովուրդների սրբազան եւ գերակայ իրաւունքի իրացումն է` անկախ նրանից` այդ պայքարը կը տարուի ներքին, թէ արտաքին թշնամիների դէմ: Իհարկէ, երբ նման պայքարները համընկնում են իրենց աշխարհաքաղաքական շահերին, մեծ տէրութիւնները խրախուսում եւ աջակցում են դրանց: Աւելին` նրանք յաճախ կազմակերպում եւ պետութիւններին ու ժողովուրդներին պարտադրում են իրենց դրածոների ձեռքով իրականացուած յեղաշրջումները եւ դրանց հետեւած բռնիշխանութիւնները` որպէս թէ ժողովրդական յեղափոխութիւններ ու ժողովրդավարական կառավարում, ինչի ականատեսը եղել ենք 1920 եւ 2018 թուականներին ու դրանց յաջորդած շրջաններում:

Դրսից օտարների հովանաւորութեամբ հրահրուած եւ իրականացուած «յեղափոխութիւններըէ, բնականաբար, աւելի հեշտութեամբ են յաջողութեան հասնում, քանի որ այդ օտարները ոչ միայն հովանաւորում, այլեւ ոտքի են հանում երկրի ներսում եղած` իրենցից սնուող ողջ հինգերորդ շարասիւնը` միաժամանակ մեծ ճնշում գործադրելով գործող օրինական իշխանութիւնների վրայ: Բնական ազգային յեղափոխութիւններ հնարաւոր չէ առաջացնել ցանկացած ժամանակ, որովհետեւ բացակայում է կաշառուած զանգուածը, որը արհեստական յեղափոխութիւնների կրիտիկական միջուկն է կազմում, չկան համապատասխան մեծ միջոցները, պետականօրէն կազմակերպուող լայնածաւալ քարոզչութիւնը, իսկ արտաքին դերակատարները ոչ թէ ճնշում, այլ աջակցում են իրենց ենթակայ դրածոյ ռեժիմներին:

Միւս կողմից` հասարակութեան հաւաքական գիտակցութեանը յատուկ է ոչ թէ յեղափոխական, այլ բնաշրջական վերափոխութիւնը, եւ ժամանակ է պահանջւում, մինչեւ նրա գլխում մեխուած մտայնութիւնները փոխարինուեն նոր, յաճախ հակառակ դիրքորոշումներով: Զանգուածային մտածողութիւնը պահպանողական է եւ յաճախ վատը, բայց շօշափելին չի ցանկանում փոխարինել խոստումնալից, բայց անորոշ հեռանկարով: Հետեւաբար որքան որոշակի ու վստահելի երեւա հնարաւոր ապագան, այնքան արագ ու վճռականօրէն կը բնաշրջուի հասարակական միտքը:

Ժողովրդային շարժումների ու յեղափոխութիւնների յաջողութեան համար անհրաժեշտ է, որ դրանց կարգախօսները համահունչ լինեն հանրութեան` տուեալ պահի կենսական ու առաջնային պահանջներին, ծրագրուած լինեն երկար ժամանակի համար, եւ այդ ծրագրերը յագեցած լինեն իրարայաջորդ գործողութիւնների խիտ ժամանակացոյցով: Չի կարող լինել մէկ փողոցի կամ հրապարակի յեղափոխութիւն. շարժումը պէտք է ընդլայնուի ու ընդգրկի թե՛ երկրի տարածքը, թե՛ բազմաշերտ բնակչութիւնը:

Հայոց ազգային-ազատագրական յեղափոխութեան տեսաբան ու առաջնորդ Քրիստափոր Միքայէլեանը սովորեցնում է. «այո՛, անցեալի կորուստները ճնշում, ճմլում են մեր սրտերն ու մտքերը, բայց չնմանուենք Թուկիդիտեսի այն հերոսին, որ կռուի միջոցին, փոխանակ իր հակառակորդի հարուածներին դիմադրելու, փոխանակ աշխատելու նրա մարմնի ամենազգայուն կէտերին հարուածներ տեղալու, ձեռքերը սեղմում էր մարմնի այն տեղերին, ուր ընկնում էին հակառակորդի հարուածները: Կասկած չկայ, որ այդպիսի մի ընթացք մեզ կը տանէր միայն դէպի անպայման կորուստ, այնինչ յարատեւ կռիւը դեռ շատ բան կարող է խոստանալ մեզ: Եւ ո՞վ գիտէ, թէ ինչ գոյնով պիտի լուսաբանուեն այսօրուայ մեր կորուստները 50-100 տարուց յետոյ, երբ դրանք կը կապուեն հետեւողականութեամբ` մեր կեանքում տեղի ունենալիք յետագայ երեւոյթների հետ: Ո՞ր ազգը արդեօք, — երբեմն ստրուկ, իսկ այժմ ազատ,— չէ մոռացել իր կրած զարհուրելի կորուստները: Ո՞րը արդեօք դրանցից կը փոխէր այսօրուայ իր ազատութիւնը նախկին վիճակի հետ եւ անցեալ կեանքի այնպիսի մի ընթացքի հետ, ուր ոչ մի զոհողութիւն չլինէր կատարուած: «չկայ մարդկութեան համար աւելի գեղեցիկ յոյս, քան մի ճնշուած ազգի յարութիւն առնելըէ,— ստիպուած է եղել խոստովանել նոյնիսկ այնպիսի մի հրէշ, որպիսին էր Դիզրայելին:

Յարատեւ կռիւ,— յաճախ եւ երկար ժամանակ, գուցէ անյաջող, չնայած երբեմն նոյնիսկ իր լայն ծաւալին,— ահա թէ ուր է մեր փրկութեան բանալին: Պահպանե՛նք, շարունակե՛նք կռիւը, որպէսզի լայնանայ, ընդարձակուի եւ ընդարձակուելով յարատեւի, ահա դէպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը: Չշեղուենք այդ ճանապարհից, որ սփռուած է յուսատու ապագայի գրաւիչ ծաղիկներովե*:

Այսօր դեռ ողջ է ու առաջին գծում է այն սերունդը, որը ոչ միայն տեսաւ հայութեան 1988 թ. փետրուարեան պոռթկումը, այլեւ եղաւ ազգային-ազատագրական պայքարի, Հայաստանի ու Արցախի անկախութեան կերտիչը: Նորից փետրուարն է, եւ նորից պէտք է յիշենք մեր պատմական անցեալի, հին ու նոր կորուստների, փետրուարեան եւ միւս փառապանծ ընդվզումների ու յաղթանակների մասին:

Կրկին վիրաւոր են Արցախն ու Հայաստանը, բայց հրապարակում ոչ միայն դասալիքներն ու ազգադաւներն են, այլեւ երեք սերունդ, որոնք թրծուել են նախորդ պատերազմներում: Պատմութեան հայելին մեր առջեւ է եւ, փետրուարների դասը ցուցանելով, յուշում է, որ պայքարը շարունակւում է, պե՛տք է շարունակուի մինչեւ յաղթական աւարտ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles