
Մայիս 17-ին արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում կայացաւ “Երկու ժողովուրդ, մէկ ճակատագիր. յոյների ցեղասպանութիւնը (1914-1923)“ խորագրով սեմինարը` նուիրուած Պոնտոսի յոյների ցեղասպանութեան տարելիցի օրուան` Մայիսի 19-ին: Սեմինարի բանախօսներն էին պատմական գիտութիւնների թեկնածու, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի աւագ գիտաշխատող Գէորգ Վարդանեանը, որ հանդէս եկաւ “Յոյների ցեղասպանութիւնը 1914-1923 թուականներին. ընթացքը եւ հետեւանքները“ թեմայով, պատմական գիտութիւնների թեկնածու, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի աւագ գիտաշխատող Թեհմինէ Մարտոյեանը, ով դասախօսեց “Զուգահեռ ցեղասպանութիւն. յոյն եւ հայ բնակչութեան ոչնչացման քաղաքականութեան իրագործումը Զմիւռնիայում (1922թ. Սեպտեմբեր)“ թեմայով, եւ Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի յանձնախմբի անդամ Յովիկ Գասապեանը, որ խօսեց “Հայ Դատի յանձնախմբի համագործակցութիւնը պոնտոսցի յոյների կազմակերպութիւնների հետ. մտածումներ եւ մօտեցումներ“ թեմայի շուրջ: Սեմինարին մասնակցեցին` Հայաստանում յունական համայնքի անդամներ, գիտնականներ, թրքագէտներ, լրագրողներ, յունահայեր եւ ուսանողներ:
Սեմինարը մեկնարկեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն, բանասիրական գիտութիւնների թեկնածու Հայկազուն Ալվրցեանի բացման խօսքով, որ մասնաւորապէս նշեց, որ Պոնտոսի յոյների ցեղասպանութիւնը բաւականին ծանր երեւոյթ է յատկապէս ցեղասպանութիւն ապրած ժողովուրդների համար: Ըստ Հ. Ալվրցեանի, քանի դեռ չի ամոքուել ցեղասպանութեան թողած սպին, եւ ժողովուրդը չի ստացել դրա հատուցումը, այն հետզհետէ խորանալով` աւելի մեծ վէրք է դառնում: Մեր ժողովուրդները դեռ չեն կորցրել հաւատը, որ կը հասնեն հատուցման` քաղաքական պայքարի ճանապարհով: Հ. Ալվրցեանի խօսքով, մենք նաեւ համոզուած ենք, որ միայնակ չենք այդ պայքարի ճանապարհին, իսկ հայերը, յոյները եւ ասորիներն այդ առումով ունեն միմեանց հասկանալու մեծ ներուժ: Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէնը նաեւ շեշտեց, որ մենք` հայերս, չենք կարող անտեսել միւս ժողովուրդների ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրերը: Հ. Ալվրցեանն այնուհետեւ մասնակիցներին ներկայացրեց բանախօսներին եւ նրանց թեմաները:
Առաջին բանախօսը` Գէորգ Վարդանեանը, ելոյթում յայտնեց, որ մինչեւ ցեղասպանութիւն եզրի` գիտական շրջանառութեան մէջ մտնելը յոյներն իրենց այս ողբերգութիւնն անուանել են “Մեծ աղէտ“, “Մեծ ողբերգութիւն“, “կոտորած“ եւ այլն: Ըստ բանախօսի, երբ ասպարէզ եկաւ ցեղասպանութիւն եզրը, ակադեմական գործունէութեամբ զբաղուող մեծ գիտնականներ սկսեցին յոյների տեղահանութիւնները եւ կոտորածները եւս համարել ցեղասպանութիւն: Գ. Վարդանեանի խօսքով, այդ ուղղութեամբ մեծ աշխատանքներ են տարուել յատկապէս վերջին 2 տասնամեակում, եւ այս առումով յատկապէս բացառիկ նշանակութիւն ունեցաւ 2007 թ. Ցեղասպանագէտների միջազգային միութեան կողմից, ինչպէս հայերի, այնպէս էլ յոյների եւ ասորիների ցեղասպանութիւնների ճանաչումը, որպէս ճենոսայտ: Ըստ բանախօսի, թէեւ յոյների ցեղասպանութիւնն արդէն իսկ ճանաչուել է մի քանի պետութիւնների եւ միջազգային կառոյցների կողմից, այնուամենայնիւ, այս ցեղասպանութիւնը դեռ նոր է մտել միջազգային ասպարէզ` ինչպէս ճանաչման, այնպէս էլ գիտական ուսումնասիրութեան առումով: Գ. Վարդանեանի համաձայն, կարելի է արձանագրել, որ յոյների ցեղասպանութեան ուսումնասիրումը եւ ճանաչման համար մղուող պայքարը գնում են այն հետքերով, որ թողել է Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան պատմութիւնը: Յոյների ցեղասպանութիւնը, ըստ բանախօսի, յարաբերականօրէն բաժանւում է մի քանի փուլերի: Առաջին փուլը, թերեւս, 1913-14 թուականներն են, երբ սկսուեցին յոյների առաջին զանգուածային տեղահանութիւնները: Երկրորդ փուլ կարելի է համարել Ա. Աշխարհամարտի տարիները` 1914-18 թուականները, իսկ երրորդը` 1919-1922 թթ. յոյն-թրքական պատերազմի տարիները: Ինչպէս նշեց բանախօսը, յոյն եւ հայ ժողովուրդների ճակատագրերը նման էին նաեւ այն առումով, որ նրանք երկուսն էլ, չնայած Օսմանեան կայսրութիւնում իրենց գտնուած իրաւազուրկ վիճակին, մեծ յաջողութիւններ էին գրանցել տնտեսական ասպարէզում: Ի հարկէ, Թանզիմաթի բարեփոխումները 19-րդ դարում ունեցան օրէնսդրական ձեւակերպումներ եւ, կարծես թէ, ուզում էին ինչ-որ չափով շտկել իրավիճակը, սակայն, չնայած այդ օրէնսդրական ձեւակերպումներին, յոյների դրութեան մէջ, ընդհանուր առմամբ, որեւէ փոփոխութիւն չնկատուեց: 20-րդ դարասկզբին յոյները գտնւում էին այն խոցելի իրավիճակում, ինչ որ` արեւմտահայերը: 1908 թ. երիտթուրքերի յեղաշրջումից յետոյ ինչպէս արեւմտահայութիւնը, այնպէս էլ յոյները որոշակի յոյսեր էին փայփայում իրենց դրութեան բարելաւման առումով, սակայն վրայ հասան Պալքանեան պատերազմները (1912-13), որոնք լաւ հնարաւորութիւն էին` փորձարկելու Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան սալոնիկեան զոյգ` երրորդ եւ չորրորդ համագումարների որոշումները, ըստ որոնց, երկու ժողովուրդների ճակատագրի նկատմամբ որդեգրուել էր միասնական նպատակ` բռնի օսմանացում կամ թրքացում: Ինչպէս նշեց բանախօսը, արդէն երկրորդ Պալքանեան պատերազմից սկսուեցին եւ յատկապէս 1914 թ. գարնանը մեծ ծաւալով շարունակուեցին յոյների առաջին զանգուածային տեղահանութիւնը եւ առանձին կոտորածները: Խօսքը վերաբերում է Արեւմտեան Փոքր Ասիայի, Եգէական ծովափի եւ, ի հարկէ, Արեւելեան Թրակիայի յոյն բնակչութեան արտաքսմանը: Ըստ նրա, Կոնստանդնուպոլսի յունական տիեզերական պատրիարքարանի տուեալների համաձայն, այս քաղաքականութեան պատճառով բռնագաղթուեց մօտ 280 հազար մարդ: Ա. Աշխարհամարտի տարիներին հակայունական քաղաքականութիւնն աւելի համակարգուեց: Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանեան կայսրութիւնում բուռն թափով իրականացուեցին յոյների տեղահանութիւններ ու կոտորածներ: Դեռ նախքան պատերազմը, Օսմանեան կայսրութիւնում ընդունուեց օրէնք, ըստ որի, ինչպէս հայ, այնպէս էլ յոյն տղամարդիկ ընդգրկուեցին բանուորական գումարտակների (ամալիէ թապուրլարը) մէջ, որի իրական նպատակը ոչ թէ այս աշխատուժի օգտագործումն էր, այլ` քրիստոնեայ տղամարդկանց ոչնչացումը: Ըստ բանախօսի, հակայունական քաղաքականութեան աշխուժացում նկատւում է յատկապէս 1916 թուականից, մանաւանդ` Պոնտոսում: Սակայն, ի հարկէ, դա չի նշանակում, որ օսմանեան պետութեան միւս շրջանները զերծ մնացին դրանից: 1913-ից մինչեւ 1918 թուականի վերջը տեղահանուեց մօտ 774 հազար յոյն: Գ. Վարդանեանի կարծիքով, Մուտրոսի զինադադարի կնքումն ամենեւին էլ չդադարեցրեց յոյների դէմ ուղղուած հալածանքները: Զինադադարի կնքումից կարճ ժամանակ անց սկսեցին ձեւաւորուել, այսպէս կոչուած, թրքական ինքնապաշտպանական խմբեր, որոնց հիմնական նպատակը պայքարն էր` ընդդէմ յոյների եւ հայերի: 1919 թ. Մայիսին, երբ սկսուեց յոյն-թրքական պատերազմը, հակայունական այս արշաւն աւելի համակարգուեց: Ընդհանրապէս 1919-22 թուականները խորհրդանշական են այն առումով, որ այս տարիներին առաւել մեծ ծաւալով շարունակուեցին յոյների հալածանքները, եւ Պոնտոսում այս մի քանի տարիների ընթացքում տեղահանութիւնների, կոտորածների եւ բռնութիւնների պատճառով թրքական դաժանութիւններին զոհ գնաց շուրջ 350-353 հազար յոյն: Գ. Վարդանեանն ընդգծեց նաեւ, որ հակայունական այս քաղաքականութիւնը ծրագրուած եւ լաւ մշակուած էր: Նա նաեւ շեշտեց, որ թէեւ այս քաղաքականութիւնը սերտօրէն կապուած էր տուեալ ժամանակաշրջանում ընթացող յոյն-թրքական պատերազմի հետ, սակայն այն նախկինում եղած հակայունական քաղաքականութեան շարունակութիւնն էր: Բանախօսը նաեւ անդրադարձաւ, այսպէս կոչուած, “Բնակչութեան փոխանակման մասին“ (Միւպատելէ անլաշմասը) պայմանագրին` կնքուած Թուրքիայի եւ Յունաստանի միջեւ: Գ. Վարդանեանի դիտարկմամբ` այս պայմանագրով մինչ այդ տեղի ունեցած յոյների բոլոր տեղահանութիւնները համարւում էին փոխանակում: Ինչպէս շեշտեց բանախօսը, Լոզանում յունական պատուիրակութեան ղեկավար, Յունաստանի վարչապետ Վենիզելոսը ժամանակին ասել է, որ թերեւս ճիշտ կը լինէր այս պայմանագիրն անուանել ոչ թէ “բնակչութեան փոխանակման“, այլ` “Թուրքիայից յոյն բնակչութեան վտարման պայմանագիր“:
Երկրորդ բանախօսը` Թեհմինէ Մարտոյեանը, Զմիւռնիայի 1922 թ. Սեպտեմբերին տեղի ունեցած հայ եւ յոյն բնակչութեան ոչնչացման քաղաքականութեան իրագործման թեման կարեւորեց յատկապէս այն հանգամանքով, որ այն հանդիսանում է ոչ միայն հայոց, այլ նաեւ` յունաց ցեղասպանութիւնների աւարտն ազդարարող գործողութիւնների մի ամբողջ ծրագիր:
Թ. Մարտոյեանն իր զեկոյցը զուգորդեց` հին Զմիւռնիան եւ այս հրաշալի քաղաքում 1922 թ. սեպտեմբերին կատարուած ահասարսուռ դէպքերը պատկերող նկարների ցուցադրութեամբ:
Ըստ բանախօսի, քրիստոնեաներին ոչնչացնելու թրքական քաղաքականութիւնը ուղղակի ընդունուած մի ժանր էր, համաձայն որի, ոճրագործն իր համար ստեղծում էր մի այնպիսի յարմարաւէտ ինքնապաշտպանական բնազդ, որով իր համար որոնում էր արդարացումներ, թէ բոլոր քրիստոնեաները` լինեն կանայք, ծերեր կամ երեխաներ, վնասակար են: Իսկ այն, ինչ վնասակար է, պէտք է ոչնչացուի: Բանախօսը մէջբերեց տոքթոր Նազըմի հետեւեալ խօսքերը. “…Միթէ՞ էակները, նոյնիսկ բոյսերը չեն ապրում ուտելով եւ ոչնչացնելով միմեանց: Միգուցէ դուք կ՛ասէք` “Արգելէ՛ք նրանց, չէ՞ որ դա բարբարոսութիւն է“:
Ինչպէս շեշտեց Թ. Մարտոյեանը, այս դէպքերի առումով էլ խօսքը գնում է կանխամտածուած, նախապէս ծրագրուած, մշակուած պետական քաղաքականութեան մասին, որն իրագործուեց անշեղօրէն: Բանախօսի խօսքով, Զմիւռնիայի 1922 թ. դէպքերի ուսումնասիրութեան մէջ առաջին հերթին ուշադրութիւն է յատկացւում Զմիւռնիայի հրդեհին, որը կարծես թէ ինչ-որ չափով վերացնում է այն ոճրագործութեան հետքերը, որ տեղի էր ունեցել 1922 թ. Սեպտեմբերին: Թ. Մարտոյեանի համաձայն, ամէն ինչ սկսուեց 1922 թ. Սեպտեմբերի 9-ին, երբ առաւօտեան ժամը 11:00-ին թրքական բանակը մտաւ Զմիւռնիա: Միանգամից սկսուեցին կոտորածները, բռնաբարութիւնները, դաժան հալածանքները: Ըստ բանախօսի, այն վարկածը, թէ Զմիւռնիան այրել են հայերը եւ յոյները, չի համապատասխանում իրականութեանը, քանի որ առկայ են բազմաթիւ օրինակներ, համաձայն որոնց, Զմիւռնիայի քաղաքապետարանի ջրցան մեքենաները, անցնելով քաղաքի փողոցներով, ջրի փոխարէն` պենզին էին լցնում, բացի այդ, ռումբեր տեղադրում սալարկ քարերի տակ: Այդ ամէնը, բնականաբար, տեղի էր ունենում յունական եւ հայկական թաղամասերում: Բացի դրանից, պենզինով թրջում էին լաթերը եւ պատուհաններից ներս նետում: Այս դէպքերի ողջ ընթացքում թրքական թաղամասի բնակիչ թուրքերն ուրախ երգ-երաժշտութեան տակ տօնում էին իրենց յաղթանակը: Բոլոր ականատեսները նշում են, որ հրդեհը տեղի ունեցաւ հայ եւ յոյն բնակչութեան ոչնչացումից յետոյ, քանի որ յանցագործը (այս դէպքում‘ պետութիւնը) փորձում էր թաքցնել իր ոճրագործութեան հետքերը, քանի որ դժուար էր այրուած մարմինները հաշուել եւ որոշակի թուաքանակ սահմանել:
Թ. Մարտոյեանն ընդգծեց, որ Զմիւռնիոյ 1922-ի դէպքերը միջազգային իրաւունքի տեսակէտից վստահաբար ցեղասպանական արարք են, քանի որ համապատասխանում են ՄԱԿ-ի հռչակագրի դրոյթներին: Բացի դրանից, պետութիւնը համարւում է ցեղասպան, իսկ նրա ոճրագործութիւնը‘ ցեղասպանութիւն, երբ գոյութիւն ունեն պետութեան կողմից տրուած հրամաններ: Տուեալ դէպքում առկայ են հրամաններ, համաձայն որոնց, բնակչութեան ոչնչացումը պէտք է անշեղօրէն իրականացուէր: Բանախօսը ցուցադրուող նկարներից մէկում ներկայացրեց Նուրէտտին փաշայի (Զմիւռնիա ներխուժած թրքական բանակի հրամանատարը) հրամանը, որում հրահանգուած էր, թէ ինչպէս պէտք է իրականացուէր ոչնչացումը: Ինչպէս ընդգծեց Թ. Մարտոյեանը, իր ուսումնասիրութեան արդիւնքում ինքը եկել է այն եզրայանգման, որ 1922 թ. Զմիւռնիայում տեղի ունեցածն իսկապէս ցեղասպանութիւն էր: Այդ մասին են վկայում ոչ միայն հրամանները, այլ նաեւ‘ ականատեսների, ժամանակակիցների թողած տեղեկութիւնները, սկզբնաղբիւրները, նկարները եւ այլն: Բանախօսը նաեւ յայտնեց, որ Զմիւռնիայի կոտորածից հրաշքով փրկուած հայ եւ յոյն տարագիրներն ապաստանեցին հիւրընկալ Յունաստանում, որտեղ անգամ թատրոնների շէնքերը, դպրոցները, զօրանոցներն ազատուեցին, որպէսզի տարագիրները կարողանան օթեւանել այնտեղ: Բանախօսը ելոյթի վերջում անդրադարձաւ նաեւ այն հոգեկան ցնցումին, որ ստացել էին Զմիւռնիայի կոտորածից վերապրած հայերն ու յոյները:
Երրորդ բանախօսը‘ Յովիկ Գասապեանը, անդրադարձաւ այն հարցին, թէ պոնտական հարցն անխտիր բոլո՞ր յոյներին է վերաբերւում, թէ՞ միայն պոնտոսցի յոյներին, եւ ո՞րն է յունական հարցի բովանդակութիւնը: Նա շեշտեց, որ այսօր պաշտօնապէս Յունաստանի եւ Թուրքիայի միջեւ ոչ մի ազգային խնդիր չկայ‘ բացառութեամբ մէկ հարցի: 1970-ական թուականների կէսերից ի վեր միակ խնդիրը, որ առկայ է այս երկրների միջեւ այն հարցն է, թէ որտեղից են սկսւում Յունաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները‘ Եգէական ծովի վրայ: Այսօր Յունաստանը, իբր պետութիւն, որեւէ այլ խնդիր չունի Թուրքիայի հետ: Ըստ բանախօսի, մնացեալ խնդիրները պարզապէս “դիւանագիտական սեթեւեթանք“ են: Յ. Գասապեանի խօսքով, վերջին տասնամեակում պոնտոսցիները, անդրադառնալով Հայկական հարցին, մօտեցան Յունաստանում Հայ դատի յանձնախմբին եւ ունեցան որոշ հանդիպումներ: Նրանց յուզում էր այն հարցը, թէ ինչպէս հայերը կարողացան Հայկական հարցն արծարծել համայն աշխարհում: Եւ եթէ անգամ եղան երկրներ, որոնք չընդունեցին Հայոց ցեղասպանութիւնը, այնուամենայնիւ աղմուկը միշտ կայ‘ ի տարբերութիւն պոնտական հարցի: Ինչպէս նշեց բանախօսը, իր պատասխանը եղել է հետեւեալը. “1965-ին, երբ սկսուեց Հայ դատի պայքարը, հայերը չունէին պետութիւն, սակայն սփիւռքում այն ստացաւ լայնածաւալ արձագանգ“: Բանախօսը նաեւ ընդգծեց, որ սխալ են “պոնտոսցիների ջարդ“, “պոնտոսցիների աղէտ“ կամ “պոնտոսցիների կոտորած“ արտայայտութիւնները: Միայն վերջերս են սկսել կիրառել պոնտոսցի յոյների ցեղասպանութիւն եզրը: Յ. Գասապեանը նաեւ կարեւորեց հետեւեալ խնդիրը. պոնտոսցիների ցեղասպանութեան հարցն այսօր գաղափարական հիմք ունի՞, թէ՞ ոչ: Ըստ նրա, պոնտոսցիների ցեղասպանութեան հարցը գաղափարական հիմքի պակաս է զգում, քանի որ սահմանուած չէ որոշակի պահանջատիրութիւն: Նա ընդգծեց, որ այդ խնդիրը հիմնաւորման կարիք ունի, եւ հարցը չի կարող վերջանալ միայն ներողութեան ակնկալիքով: Բանախօսի կարծիքով, պոնտոսցիների հասարակութիւնը պէտք է ի վերջոյ հասկանայ, թէ ինչ է ինքն ակնկալում ցեղասպանութեան ճանաչման պայքարից: Նա նաեւ կարեւորեց աշխարհի տարբեր երկրներում պոնտոսցի յոյների այնպիսի գրասենեակների հիմնումը, ինչպիսիք են‘ Հայ դատի գրասենեակները: Յ. Գասապեանը նաեւ անդրադարձաւ Հայաստանի կողմից յոյների ցեղասպանութեան պաշտօնապէս ճանաչման հարցին‘ նշելով, որ Յունաստանն ինքը տուեալ պահին ողջունելի չի համարել այդ քայլը: Բանախօսը շեշտեց, թէ իր ցանկութիւնն է, որ պոնտոսցի յոյների կազմակերպութիւնները Հայ դատի յանձնախմբերի հետ համագործակցեն որոշակի ծրագրի համաձայն: Յ. Գասապեանի խօսքով, եթէ պոնտոսցի յոյները ցանկանում են, որ իրենց պայքարն արդիւնաւէտ լինի, պէտք է նախ որոշեն, թէ ինչպէ՛ս պէտք է տանեն իրենց պայքարը: Հայ դատի յանձնախումբը միշտ նրանց յայտնել է, որ պատրաստ է համագործակցութեան: Բանախօսը նաեւ անդրադարձաւ այն թիւր կարծիքին, թէ հայերը ցանկանում են ցեղասպանութիւնը միայն իրենց մենաշնորհը դարձնել: Բանախօսը ներկաներին հաղորդեց, որ ինքը պոնտոսցի յոյների կազմակերպութիւնների ներկայացուցիչներին յստակ յայտնել է, որ նման խնդիր գոյութիւն չունի: