Յօդուածներ

Եթէ Այսպէս Շարունակենք…

 

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Ինձ միշտ զարմացրել է, թէ ինչպէ՛ս են կործանուած, անհետացած պետութիւնների ժողովուրդները անտարբեր շարունակում իրենց կեանքը, միայն տօնից տօն իրենց երգ ու պարով, այն էլ` արդէն աղաւաղուած, յիշելով իրենց ազգութեան մասին:

Հիմա տեսնում եմ, որ մենք ենք ազգովին գնում այդ ուղղութեամբ:

Հաշուըւած օրեր են մնացել մեր երկրի ճակատագրական ընտրութիւններին, եւ թւում էր անցնող 8 տարիների ընթացքում մեր ազգային կեանքում տեղի ունեցած անդառնալի կորուստները մեր ժողովրդին միաւորելով` միասնաբար ուղղորդելու էր մեր երկրի փրկութեան համար ոտքի կանգնելու, միասնաբար պայքարելու, ամէն գնով ազատուելու ներկայ իշխանութիւնից, որպէսզի գոնէ կարողանանք շարունակել մեր գոյութիւնը մեր փոքրացած երկրում, սակայն ի ցաւ, ի վարկաբեկում եւ ի լուրջ մտահոգութիւն բոլորիս, այլ վիճակի ենք ականատես լինում:

Advertisement Subscribe Today

Ներկայ թրքամէտ իշխանութեան հետեւորդների, իր աթոռը կորցնելու անվստահութիւնից ամբողջովին ցնորուած ղեկավարին ծափահարողների վոհմակը, երբ շարունակում է բազմանալ, մեր երկրի դէպի կործանում տանող խօսուն փաստն է դառնում մեր դիմագծի հիմնայատակ ոչնչացման փայլուն պատկերը, որն աւելիով խորացնում է մեր գոյատեւման վտանգը, մեր` որպէս ազգի, միասնական շարունակութեան հնարաւորութիւնը:

Որովհետեւ մեր պայքարը այլեւս ոչ միայն ներկայ ղեկավարութիւնից ազատուելն է, այլ այդ թրքամէտ իշխանութեանը հաւատարմօրէն հետեւող, նրանց երկրպագող, գնուած, խեղուած ամբոխին խելքի բերելն է, որոնք սուտով, հայրենիքի վաճառքով, բռնութեամբ ու կորուստներով լեցուն 8 տարիներին անգամ մերժեցին իրականութիւնը տեսնել, շարունակեցին նոյն ոգեւորութեամբ պաշտպանել իրենց երկիրը կործանողին: Նրանք նոյնիսկ չեն խնայում իրենց երեխաներին, իրենց հետ տանում են  հայհոյանքներով, վայրենի ճչոցներով, տգիտութեամբ,  բռնութեամբ լեցուած նրա հանդիպումներին, որ դառնան աներես, ստախօս, հայրենիք վաճառող: Ահա այս ամբոխին է յանձնուած մեր ճակատագիրը, մեր երկրի ապագան, որը եւ տեսանելի է դարձնում մեր կործանումը:

Ընտրարշաւների որակը դիտելիս մտածում ես, թէ ե՞րբ այսքան ոչնչացանք, ե՞րբ այս աստիճանի փլուզուեցինք, որ մի հսկայ վոհմակ, տարբեր շրջաններից բերուած կանայք ու տարեց տղամարդիկ, դպրոցականներ, ուսումնական հաստատութիւնների ներկայացուցիչներ, տնօրէններ, ուսուցիչներ ուրախութեամբ ու հպարտանքով հետեւում են իրենց եւ իրենց զաւակների ապագան թշնամու ոտքերի տակ փոշիացրած, երկիրը թրքամէտ ճահճի մէջ մխրճած իշխանութեան անբարոյ ներկայացուցչի երթին:

Ինչ-որ տեղ դեռ կարելի էր արդարացնել իրենց մոլորուածութիւնը ու ցաւել իրենց կուրութեան համար, բայց երբ տեսնում ես, թէ ի՛նչ նուիրումով են ընդունում իրեն, ինչպէ՛ս են իրենք էլ քաշքշում, լռեցնում խօսել փորձողներին, ծեր մայր կամ կին, մասնաւորապէս արցախցիներին, կորուստ տուած ծնողներին, ուրախ ծափահարում, ինքնակամ մասնակից դառնում կնոջը հայհոյանքներով, վայրենաբար, քաշքշող ղեկավարի խուլիկանական արարքին, շարունակելով մաս կազմել այդ ղեկավարի երթին, արդէն ոչ թէ ցաւում, այլ խորշում ես քո ժողովրդից:

Մի՞թէ մի փողոցային իր խելագար կեցուածքով, իր դիմակաւոր պաշտպանների ձերբակալութիւնների ահ ու սարսափով կարողացաւ հայի ծիներից ջնջել երկրի սէրը, ոչնչացնել կնոջ վրայ ձեռք չբարձրացնելու հայի սրբութիւնը` նոյնիսկ ֆետայիների կողմից ժառանգաբար մեր սերունդներին հասած:

Անկախ ընտրութեան նախապատուութիւնից հարց է, ո՞ւր մնաց հայ մօր հանդէպ սէրն ու յարգանքը, որով ընդամէնը մի քանի շաբաթ առաջ` Մայրերի տօնին, մեծ ու ճոռոմ խօսքերով մեծարել են իրենց մայրերին: Չէ՞ որ այդ նոյն կինը կարող էր այդ վոհմակից ոեւէ մէկի մայրը լինէր: Բայց ո՛չ, այդ վոհմակի մայրերն էլ իրենց որդիների պէս այս ոչնչութեան անզգայ, կաշառուած հպատակներն են, որ այդպիսի երիտասարդներ են դաստիարակել:

Այդ ամբոխի բութ հայեացքները, նրանց քծնող ծափերը հնարաւոր չէ  համատեղել այն երիտասարդների, աղջիկների ու կանանց հետ, որոնք իրենց եւ երկրի ապագայով մտահոգ` համարձակօրէն այդ փողոցային ղեկավարի դէմքին բարձրաձայնում են`  երկրին ու ժողովրդին բերած նրա աւերները, նրա ստախօսութիւնը, Արցախի եւ Հայաստանի տարածքների յանձնումը, բանակի ոչնչացումը, թշնամու հետ նրա թաքուն պայմանաւորուածութիւնների շարանը, որը վերջ չունի, որը դեռ թաքուն շարունակւում է, ո՞ր մէկը թուել… գուցէ սկսել Հոկտեմբեր 27-ից, Մարտի 1-ից, 2018-ից, որովհետեւ ի սկզբանէ իր գլխաւորութեամբ եւ իր մասնակցութեամբ ու քողարկումով, այլոց վերագրելով իր գործած այս ոճիրները իր ժողովրդի դէմ, դարձան մեր բնաջնջման սկիզբը: Այս տականքը դեռ էն գլխից է թշնամի մեր երկրին ու ժողովրդին, իսկ մենք անգիտօրէն հետեւել ենք իրեն:

Աշխարհին այլեւս գաղտնիք չէ երկրներ խորտակելու Արեւմուտքի անմրցելի յատկութիւնը: Նրանք այնպիսի հմտութեամբ են Նիկոլի նման տականքներ գտնում, իրենց նպատակներին ծառայեցնում, որ մինչեւ հանրութիւնը գլխի է ընկնում, այլեւս երկիր չեն ունենում: Նրանք այնպիսի ճարպիկութեամբ են կոծկում, թաքցնում իրենց ընտրեալի կեղտերը, որ ժողովրդին հնարաւորութիւն չի տրւում բացայայտելու, մինչեւ ի վերջոյ մի օր բացայայտւում է, որ երկիրն այլեւս իրենց չի պատկանում:

Սա այն պահն է, որ իր գործած բոլոր չարիքները պէտք է անդադար տարածել այնքան, որ իրեն հետեւող խուժանը ի վերջոյ հասկանայ, որ նա իրենց տանում է կործանման, ինչպէս ծրագրուած, թշնամու հետ համաձայնեցուած մեր հայրենասէր զաւակներին երկրի փրկութեան կանչով անտարբերօրէն տարաւ ու ոչնչացրեց, ինչպէս Արցախի ժողովրդին ցիրուցան արեց, ինչպէս Արցախի ղեկավարներին թշնամուն յանձնեց եւ հիմա էլ յանդգնում է նրանց մեղադրել:

Ինչպէս երեւում է, մեր ժողովրդի լսողութիւնն էլ է ոչնչացրել այս խեղկատակը, որովհետեւ երբ ինքնիրեն պատռելով հաւաքուած ամբոխին  բացայայտօրէն իր տգիտութիւնն է ներկայացնում` իր ղեկավարած երկրի դարաւոր պատմութիւնը աղաւաղելով, ոչ մէկը նոյն վայրկեանին չի լռեցնում, չի հակադարձում, ականջները կախ լսում են, որովհետեւ իր այլանդակ վոհմակով կերել, ոչնչացրել է իր հետեւորդների ուղեղները, նրանց բոլոր բջիջները: Վաղը  նա նոյն ճղճղոցով, ըստ իր վերադաս Ալիեւի հրամանի, ընդունելու է 300 հազար ազերիների` յայտարարելով, որ իրենց դարաւոր հայրենիքն է սա, եւ այս նոյն խուժանը նոյն պատրաստակամութեամբ է վերաբերուելու, որովհետեւ այսպիսի անասնական անտարբերութիւնն է ոչնչացել ազգերին:

Ուզում եմ հարցնել. այսօր էլ, երբ այդպէս հաւատարմօրէն թրեւ էք գալիս այդ ազգասպանի ետեւից, մի՞թէ 8 տարին քիչ էր յագենալու համար նախկինների, ՀՅԴ-ի, սփիւռքահայութեան իրեն քննադատող հատուածի հանդէպ նրա թունաւոր պառակտումներից, նրա ստերից, նրա հայհոյանքներից, որ հիմա էլ նոյն պատրաստակամութեամբ լսում ու լռում էք, երբ  թիրախաւորել է բոլոր նրանց, որոնք 44-օրեայ թշնամու հետ իր պայմանաւորուած պատերազմից կենդանի են վերադարձել: Որովհետեւ, ըստ թուրքի հետ պայմանաւորուածութեան, պէտք է ոչ մի հայ զինուոր կենդանի վերադառնար, արցախցի կենդանի չմնար, որովհետեւ նրանք բացայայտելու են իր դաւաճանական արարքները, բոլոր սուտերը` կապուած մեր բանակի, թշնամու հետ իր կնոջ գործարքի, մեր զինուորներին դիտաւորեալ մահուան ուղարկելու եւ ամենացաւոտը` Շուշիի յանձնման հետ կապուած: Ահա թէ ինչո՛ւ նա սարսափում է նոյնիսկ Արցախ անունը լսելիս, գիտի, որ դա իր կառափնարանն է: Ահա թէ ինչո՛ւ նա արգելել է իր ներկայութեամբ այդ անունը հնչեցնել:

Ո՞ւր է մեր մտածող զանգուածը, մի՞թէ կրկին լռելու են` շարունակելով ապրել  նոյն ողորմելի երեսապաշտ հոգեբանութեամբ, չպահանջելով ոչ մի բացայայտում Արցախի հարցում, սահմանազատման հարցում, գործադրուող բռնութիւնների եւ ապագայի հարցում: Իրենց լռութեան արդիւնքում Արեւմուտքի կողմից առատօրէն վճարուող մի քանի հարիւր վարձկաններ` ամուր կառչած իրենց տրուող կաշառքներից, փորձում են թրքահպատակ ներկայ իշխանութեանը կրկին երկարակեցութիւն տալ:

Այս ամէնի հետ ցաւալի է տեսնել, թէ ինչպէ՛ս մեր ժողովուրդը աշխարհում եւ յատկապէս մեր տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական վտանգաւոր  իրադարձութիւններից հետեւութեան չի յանգում, նոյնիսկ արհամարհում է աշխարհի եւ նոյն իրենց պաշտելի Արեւմուտքի բարձրաստիճան դիրքի անձանց զգուշացումները` մեր երկրի, մեր գոյութեան համար վարած վտանգաւոր քաղաքականութեան վերաբերեալ:

Աշխարհի նոր տէրերը աշխարհաքաղաքական նոր յարաբերութիւններ են ստեղծում, իսկ մենք դեռ մեր գաւառական մտածողութեամբ մեզ նետել ենք թուրքի կրունկի տակ ու սպասում ենք, թէ ե՛րբ են մեզ ի սպառ ճզմելու, դեռ գլխիկոր հետեւում ենք փողոցային մի խելագարի, որովհետեւ ատում ենք ռուսներին եւ պարծենում, որ այս ոչնչութիւնը մեր երկիրը դարձրեց Արեւմուտքի եւ Եւրոպայի «բարեկամը»: Իրենց թւում է սնանկացած, իր գլուխը կորցրած Եւրոպան շատ է սիրում մեզ, «կը պաշտպանի» մեզ, երկրի սուտասան ղեկավարը` երկտակուած, նրանց հրամաններն է կատարում, Արցախի գլխացաւանքից վերջնականապէս ազատուել ենք, Ալիեւի հետ համաձայնութիւնները անխոչընդոտ շարունակւում են, ազերի իրենց եղբայրները ազատ ել ու մուտ են անում, իրենց «հայրենի» տները այցելում, պատերազմի վտանգ չկայ, քանի որ թշնամու առջեւ խոնարհուած հրամանատար ունենք, երկրում առատ ուտելիք կայ, ամէնուրեք համերգներ, լեցուն ճաշարաններ, ամէն ինչ լաւ է, շուտով «Թրամփի ուղի»-ն կը բացուի, առաւել առատ կ՛ապրենք, բնականաբար պէտք է կրկին իրեն ընտրել:

Գոնէ այս օրերին երկիրը կործանած այդ հոգեկան հիւանդի երթից կտրուէք եւ նայէք ձեր հարեւան երկրին, որը հզօր Ամերիկայի դէմ կանգնած` չի զիջում, չի ասում Հորմուզը տամ, ինչ որ ուզում են` տամ, երկիրն էլ թող կիսեն, միայն պատերազմ չլինի, միայն հանգիստ ապրեմ:

Այդ երկիրը, ի պատիւ եւ խոնարհում իրենց, ազգային բարձրագոյն գիտակցութեամբ  առաջնորդներ ու մտաւորականներ ունի, որոնց մեծ հաւատով հետեւում է ժողովուրդը: Որքան էլ ամերիկա-իսրայէլեան ուժերը փորձեցին խախտել, ժողովրդին կաշառքով յիմարացնել, իշխանափոխութիւն, յեղափոխութիւն անել, չստացուեց: Ժողովրդի հայրենասիրութիւնը յաղթեց:

Իսկ մենք 8 երկար տարիներ, գիտենալով հանդերձ ներկայ իշխանութեան հայադաւ գործունէութիւնը, պահեցինք ու փայփայեցինք իրեն եւ իրեն մեզ պարտադրողները` Արեւմուտքն ուրախութեամբ ընդունեց մեր ինքնակամ ոչնչացումը, քանի որ իրենցից յաւելեալ ջանքեր չներդրուեց մեզ կործանելու համար: Մենք ազգովին մեզ կործանեցինք` ինքներս մեզ զոհաբերելով այս թրքահարճին:

Քանի որ չկարողացան Ցեղասպանութեամբ աւարտին հասցնել մեր գոյութիւնը, մեծ տէրութիւնները մեր միջից ընտրեցին իր ազգի դէմ ինքնակամ ցեղասպանութիւն անողին, որ այս անգամ իրենք զերծ մնան պատասխանատուութիւնից: Ահա թէ ինչո՛ւ Արեւմուտքը կաւատութեան իր հին դերի մէջ մտած` աշխատեց եւ դեռ աշխատում է կրկին վերընտրել իրեն, մեր երկրի լիակատար ոչնչացմանը հասնել իրենց ծառայող այս հտպիտի միջոցով, որի համար դրամ եւ ծառայութիւն չեն խնայում:

Այս ամբողջ չարիքի պատճառն այն է, որ մեր ժողովուրդը ներքուստ այնքան է թունաւորուած իր պաշտելի վարչապետի ստերով, որ արհամարհում է նոյնիսկ օտար մեծագոյն վերլուծաբանների կողմից արուող զգուշացումները մեր երկրի վերաբերեալ:

Այս պահին ողջ աշխարհի ուշադրութիւնը կենտրոնացած է Իրանի վրայ, մենք էլ սահմանակից լինելով, գաղտնիք չէ իրենց, որ մենք դարձել ենք Արեւմուտքի կամակատարը, ուստի սրտացաւօրէն զգուշացնում են մեզ մեր ճակատագրի մասին` յիշեցնելով, որ Արեւմուտքը միայն երկրներ կործանող է:

Ոչ միայն մեր մաշկի, այլ մեր եւ աշխարհի աչքի առջեւ կատարուած եւ շարունակուող ցեղասպանութեան ականատեսներն ենք, ուրեմն պէտք է աւելիով զգուշ լինենք, որ Արեւմուտքի միջոցով ստեղծուած խաղերին կրկին զոհ չդառնանք, որ` աչալուրջ լինենք ու թոյլ չտանք, որ կրկին կեղծեն ընտրութիւնները, որ` կուլ չգնանք իրենց հին խաղերին:

Այս ընտրութիւնները մեր գոյատեւման ընտրութիւններն են, եւ չենք կարող անտարբեր կեցուածք ցուցաբերել, մենք շատ անելիքներ ունենք` ուղղելու, չեղեալ համարելու ներկայ թրքամէտների բոլոր համաձայնութիւնները, աչալրջօրէն հետեւելու, որ թշնամու հետ համաձայնեցուած գրաւոր, տեսագրուած ոչ մի փաստաթուղթ չոչնչացնեն (եթէ անշուշտ դեռ չեն ոչնչացրել), իսկ դրա համար ճիշդ ընտրութիւն է պէտք:

Ուզում եմ հաւատալ, որ իրենց թեկնածութիւնը դրած անձինք, ոչ թէ պաշտօնի, այլ երկրին եւ ժողովրդին իրապէս փրկելու, ծառայելու համար են ոտքի ելլել, որ որքան էլ իրար մէջ տարաձայնութիւններ ունեն` որպէս կուսակցութիւն ու անհատներ, սակայն ընտրուելու դէպքում անկեղծօրէն միաւորուելով` իրենց ողջ ուժն ու խոստումները ներդնելու են մեր երկրի փլուզուած անկախութիւնը եւ ազգային արժէքները վերականգնելուն, որ` իրենցից մէկի ընտրուելու դէպքում իրենց ձայները նուիրելու են միայն ու միայն երկրի փրկութեան համար ընտրուած անձին:

Որ իշխանութեան գալով` չեն ներելու ու պատժելու են երկիրը վաճառած ներկայ իշխանութեան բոլոր անդամներին, բոլոր նրանց, որոնք մասնակցեցին, որոնք ականատես եղան ու լռեցին, որոնք մինչ այսօր կոծկում են երկրին պատճառած անդառնալի աղէտները, ողջ համակարգին անխտիր, այս 8 տարիներին օրէնսդիր մարմինների բոլոր աշխատակիցներին, որոնք ծառայեցին ոչ թէ երկրի օրէնքին, այլ` միայն ու միայն թրքահպատակ իշխանութեան եւ նրա անձնական շահերը պաշտպանելու համար:

Մեր երկիրը ի վերջոյ արժանի է իրական հայրենասէր, իր ղեկավարած երկրի պատմութեանն ու տարածքներին գիտակ, իր սահմանները չզիջող, իր հողի իւրաքանչիւր փշրանքին նուիրուած, նրա ամրապնդման, նրա յարատեւութեան համար պայքարող, հաւասարակշիռ, ուսեալ, դիւանագէտ ղեկավարի:

Իսկ դրա համար, այս օրերին մեր առօրեան, մեր ձեռնարկները մոռանալով, ամբողջովին կենտրոնանանք փրկելու մեր երկիրը,  կանխենք կործանուած ազգ դառնալու մեր գլխին կախուած վտանգը:

Առանց երկմտելու` Ո՛Չ ներկայ իշխանութեան եւ նրա հետ առնչուող ոեւէ անձի:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button