
ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Յունիս 2020
«Դասեր, որ պէտք չեն գալու» բանաստեղծութիւնների ժողովածուն երիտասարդ բանաստեղծուհի՝ Նունէ Լեւոնեանի երկրորդ գիրքն է:
Բանաստեղծուհի Նունէ Լեւոնեանի ստեղծագործութիւններին առաջին անգամ ծանօթացայ «Գրանիշ» գրական կայքէջում: Բանաստեղծուհին ծնուել է Երեւանում: Աւարտել է Երեւանի պետական համալսարանի հոգեբանութեան եւ փիլիսոփայութեան բաժանմունքը: Ինչպէս նշել է իր ինքնակենսագրականում, գրել է սկսել դպրոցական տարիներից: 2006 թուականին լոյս է տեսել նրա բանաստեղծութիւնների առաջին ժողովածուն՝ «Յոյս» խորագրով:
Նունէ Լեւոնեանի «Դասեր, որ պէտք չեն գալու» ժողովածուն լոյս է տեսել 2015 թուականին: Առաջին հայեացքից, գրքի վերնագրին նայելիս, ընթերցողի մօտ առաջանում է այն հարցը, թէ ի՞նչ դասեր են, որ կեանքում պէտք չեն գալու: Եւ այդպէս, ընթերցողը փորձում է փնտռել ու գտնել հարցի պատասխանը, մի փնտռտո՛ւք, որին շատ պարզ բառերով արձագանգում է բանաստեղծուհին.-
Ես ամէն ինչից քաղում եմ դասեր,
Որ պէտք չեն գալու:
Ակնյայտօրէն, առօրեայ կեանքում ամենասովորական երեւոյթներից, աննշան իրադարձութիւններից անգամ կարելի է դասեր քաղել, որոնք,- բանաստեղծուհու բառերով,- կարող են նոյնիսկ պէտք չգալ: Իսկ արդեօք մարդկային կենսափորձի հոլովոյթին մաս չեն կազմո՞ւմ նաեւ այդ պէտք չեղող դասերը:
Ստեղծաբանութեան նորարարական իւրովի շունչ, իւրովի մօտեցում են ներկայացնում Նունէ Լեւոնեանի ստեղծագործութիւնները, որոնք ընթերցողին տանում են իմացական խորհրդաւոր աշխարհի տարածքները:
Չափաւոր խելագարութիւն է, սիրելիս.
կ՛անցնի, չմտածես, կ՛անցնի:
Կը վերադառնանք քո փափաքած անդունդը՝
տագնապներից, կրքից հեռու:
Չափաւոր վաղեմութեան մոտիւներ են.
վայելում ենք շեղումը օրուայ:
Յաւերժի պատկերն ու անունը
փոխում ենք վայրկեանը մէկ.
Կ՛անցնի, չմտածես, կ՛անցնի:
Մի օր, երբ գանք սկզբնակէտին՝
սնուցուած այսօրուայ տագնապով,
մեր բոլոր խոստումներ-պատքերը
իրենց ուժն ընդմիշտ կը կորցնեն:
Սիրելիս, չափաւոր երջանկութիւն է,
չափաւոր վախեր են, որոնք կ՛անցնեն…
Նունէ Լեւոնեանի բանաստեղծութիւններում իրերի եւ մարդկանց յարաբերակցութիւնն ու ներազդեցականութիւնը յագեցուած են հոգեբանական ու զգացական խոր արմատներով, մի երեւոյթ, որը նաեւ ինչ-որ տեղ գունաւորւում է փիլիսիփակայան պատկերացումներ ստեղծելու իւրովի թռիչքներով: Շէնքերն ու մարդիկ առարկայական ու ենթակայական իմաստով անտարբերութիւն եւ լրջութիւն են դրսեւորում բանաստեղծուհու մտաշխարհում.-
Շէնքերը նորից իրար են նայում
անտարբեր ու լուրջ.
լուրջ ու անտարբեր.
Արձակուրդներից հին հագուստները
վերադառնում են՝
նորից չմաշուած:
Եւ մարդիկ էլի հագնում են դրանք,
Հագնում են դրանք լուրջ ու անտարբեր,
Եւ ինչ-որ մէկի կանչող հայեացքին
Պատասխանում են անտարբեր ու լուրջ:
Բայց այդ ամէնը ինձ հետ կապ չունի,
Աշխարհը եւ ես ապրում ենք իբրեւ
նոր հարեւաններ.
Եւ զարմանում ենք միշտ հանդիպելիս,
Քմծիծաղում ենք լուրջ ու անտաբեր:
Մարդու եւ բնութեան իշխանը համարուող ծառի միջեւ յարաբերակցութեան նոր մօտեցում է արտայայտում Նունէ Լեւոնեանի «Ես եւ ծառը» բանաստեղծութիւնը: Խօսքի եւ մտածողութեան ինքնօրինակութիւնը նորովի կառոյցով ու զգացումներով է արտայայտուած այդ քերթուածում, ուր բանաստեղծուհին հակադրութիւնների եւ նմանութիւնների նորախոհ զուգահեռներ է գծում իր եւ ծառի միջեւ.-
Ես ու ծառը ծերանում ենք հաւասարաչափ.
բայց ծառը դրանից ողբերգութիւն չի ապրում
եւ ամէն աշնանամուտին
բանաստեղծութիւններ չի գրում տերեւաթափի մասին:
Ես ու ծառն ունենք ընդհանրութիւններ.
սիրում ենք պճնուել եւ գեղեցիկ լինել մահու չափ.
բայց ես թոյլ չեմ տալիս,
որ պատահական մարդիկ
տապից հովանան իմ ստուերում:
Ուշագրաւ է Նունէ Լեւոնեանի «Ճանապարհ. աղմուկ, հեռացող լոյսեր» տողերով սկսուող բանաստեղծութիւնը, որը նման է նկարչական պաստառի վրայ խորանարդապաշտական գծագրութիւնների, ընդ որում, բանաստեղծութեան տողերը խորանարդապաշտական համայնապատկերի տեսք են ստանում: Բանաստեղծական տողերում չկան խոնարհուած բայեր, գործողութիւններն ու երեւոյթները անժամկէտ են: Փաստօրէն իրարամերժ, իրարախոյս, իրարայաջորդ պատկերների մի ամբողջութիւն է բանաստեղծութիւնը, հիւսուած ճանապարհի ու շարժման մէջ:
Ճանապարհ, աղմուկ, հեռացող լոյսեր.
Մայթերին փռուած անծայր սեւութիւն,
Վառուած ծխախոտ եւ ցաւող ուսեր,
Հզօր շարժիչի փառահեղ թնդիւն:
Ակերից փախչող ո՜ղջ կենսագրութիւն,
Ճանապարհ, մի գիծ կէտերի միջեւ,
Ճանապարհ, բայց ո՞ւր, յետեւից առա՞ջ,
Թէ՞ տուեալ պահին՝ առջեւից դէպ ետ:
Ճանապարհ, ծիծաղ, ոգեւորութիւն,
Մարդու մէջ դրուած՝ շարժման հանդէպ սէր,
Ճանապարհ՝ ընթացք, սակայն այս դէպքում՝
Շարժումների մէջ քարացած մի կէտ:
Իտալացի աշխարհահռչակ գեղանկարիչ, գիտնական, Լէոնարտօ Տա Վինչիի բնութագրմամբ, բանաստեղծութեան եւ գեղանկարչութեան մէջ գոյութիւն ունի համակցուած ներդաշնութիւն, ընդ որում, ասել է նա, «Գեղանկարչութիւնը բանաստեղծութիւն է, որը տեսնում են, իսկ բանաստեղծութիւնը գեղանկարչութիւն է, որին լսում են»: Նունէ Լեւոնեանի ստեղծագործութիւններում այդ լսուող գեղանկարչութիւնը յաճախ միահիւսւում է հոգեկան իրավիճակների, փիլիսոփայական մտքերի դրսեւորման բարդ խորաքանդակներում:
Թող հոսեն բոլոր ջրերը դէպի
Արեւելք, յետոյ՝ դէպի արեւմուտք,
Իսկ յետոյ՝ նորից դէպի արեւելք,
Յետոյ էլ հոսեն, որտեղ կամենան,
Իսկ ես ձեռքերը լուանում եմ իմ՝
Անցնող-գնացող բոլոր ջրերում:
«Դասեր, որ պէտք չեն գալու»: Ընթերցողը բանաստեղծութիւնների սոյն հատորում կը գտնի մեր ժամանակների մարդու յուզական, անհանգիստ, բայց բարութեան հորիզոնները փնտռող իրարամերժ առեղծուածային ներաշխարհը: Բանաստեղծուհին ամէն ինչից դասեր քաղելով հանդերձ, լաւատեսական մօտեցմամբ է նայում կեանքին: «Նոր տաշտակ տուր ինձ, Տէր իմ, տուր ամենալաւը»,- որպէս աղօթք բարձրաձայնում է բանաստեղծուհին, աղերսելով, որ Տէրը ամենալաւը պարգեւելով վերականգնի նաեւ կոտրուածը:
1991 թուականի Հայաստանի վերանկախացումը նոր ալիք բացեց հայրենի երիտասարդ, մասնաւորաբար իգական սեռի գրողների առջեւ, որպէսզի կարողանան հանդէս գալ՝ երրորդ հազարամեակի ակնկալաքներին ու նորարարութիւններին համահունչ՝ նոր ասելիքներով ու մօտեցումներով: Արդարեւ, 37-ամեայ երիտասարդ բանաստեղծուհի՝ Նունէ Լեւոնեանը, այդ սերնդի ներկայացուցիչներից է, ով նոր խօսքով, նոր խոստում է արձանագրում մեր ստեղծաբանութեան արուեստում: