Դանիէլ Վարուժանի (1884-1915) Կեանքն Ու Ազգային Գործունէութիւնը

0 0
Read Time:4 Minute, 53 Second


Համադրեց՝ ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ

«Դեռ հազիւ թիթեռնիկներ որսալու հասակիս մէջ, հայրս պանդխտած է Պոլիս, իսկ մայրս՝ ձմեռնային երկար երեկոները թոնրատանը նստած՝ երեւակայութիւնս օրօրած է ենիչերիներու եւ գայլերու պատմութիւնով» գրում է ան իր մասին:

«Գիւղին դպրոցը հազիւ սկսած էի ժամագիրք կարդալ սովորել, զիս տարած են Պոլիս, 1896ի կոտորածի օրերուն, ուր հայրս արեան սարսափի մէջ փնտռելէն յուսահատ՝ բանտին մէջ գտած եմ այն տխուր օրերուն ստօրէն ամբաստանուած»:

Պոլսում Վարուժանը յաճախում է Սագըզ Աղաճի Մխիթարեան դպրոցը, ապա՝ Քաղկեդրոնի վարժարանը, ուր, ասում է ինքը, «երկար ատեն պատանեկութիւնս երազած է Մոտայի ծովափին եւ Դուրեանի ոսկորներուն յԻսկիւտար: Արձակուրդներս ընդհանրապէս անցուցած եմ հօրս քով, Խավիար խանը, հայ պանդուխտներու հառաչներու եւ վէրքերու տրոփիւնին ունկնդիր»:

Դպրոցական նստարանին վրայ արդէն, պատանի Վարուժանը սկսում է գրել ոտանաւորներ եւ, առհասարակ, մեծ սէր է ցոյց տալիս դէպի գրականութիւնը եւ, ինչպէս յատուկ է պատանիներին, յօրինում է սիրահարական ոտանաւորներ: Դպրոցի տեսուչ Հ. Արիստակէս Գասգանտիլեանը առաջնորդում է նրան գրական փորձերում եւ տեսնելով նրա ընդունակութիւնները, 1902ին, ուղարկում է Վենետիկ՝ Մուրատ-Ռաֆայէլեան վարժարանը, ուր մնում է չորս տարի:

Մխիթարեան դպրոցում Վարուժանը ստանում է իր հիմնական կրթութիւնը եւ խորապէս ծանօթանում հայ մատենագրութեան, դասական նոր գրականութեան: Նրա վրայ ուժեղ տպաւորութիւն են թողնում Ալիշանի երկերը: Այստեղ է ձեւակերպւում եւ նրա լեզուն ու գրական ոճը: Նրա լեզուի վրայ, մասնաւորապէս, զգացւում է Մխիթարեան ազդեցութիւնը: Բնականաբար, Վենետիկում էլ, «քաղաք մը, ուր առանց պատկերի մտածել կարելի չէ», Վարուժանը շարունակում է երազել ու բանաստեղծութիւններ յօրինել: «Հոն է որ կը գրեմ «Սարսուռներ»ը», վկայում է ինքը: Վենետիկում զարգացաւ նրա բանաստեղծական ճաշակն ու երեւակայութիւնը:

Մխիթարեան վարժարանում, դարձեալ ինքն է վկայում, «առիթ եմ ունեցեր ուսումնասիրելու իտալական գրականութիւնը եւ յետոյ մեծամոլ խոկումներ ունեցած եմ միշտ գունածփիկ ու հրաշափառ քաղաքին մէջ, ուր վերջալոյսները ժամերով ոսկի ու արիւն կը հոսին լռանիստ ջրանցքներուն մէջէն»: Անկասկած, իր ստեղծագործութիւնների մէջ Վարուժան որոշ մաս ունի եւ Դանթէի շնչից, առհասարակ, իտալական դասական գրականութիւնից:

Մուրատ-Ռաֆայելեան վարժարանի կէս վանական անձուկ մթնոլորտը չէր կարող բաւարարութիւն տալ Վարուժանի ըմբոստ ոգուն: Նա լաւ յիշողութիւններ չունի այնտեղից: «Մխիթարեանները սիստեմատիկ ազդեցութիւն չեն ներգործած հոգիիս վրայ: Հոն ունեցած եմ ոչ կարող ու ոչ աշխատող հայերէնի ուսուցիչ: Կարդացած եմ Ալիշանը, ու տեսած եմ գերեզմանը, եւ այսքան», գրում է նա:

Հոգեւոր դպրոցների մթնոլորտը ամէն տեղ էլ գրեթէ միեւնոյն է: Եւ ուսուցիչներն էլ, աւելի կամ պակաս, մեծ մասամբ նման տիպարներն են, քանի որ նրանց պարտականութիւնը ոչ թէ ազատ մտքով զարգացած անհատներ, այլ եկեղեցական ասպարէզի համար աստուածավախ, խոնարհ, որոշ մտայնութեամբ կաղապարուած սպասաւորներ դաստիարակելը: Եւ հասկնալի է, որ Վարուժանը չէր կարող գոհ լինել Մխիթարեան վարժարանից: «Այդ չորս տարիները, ինծի համար եղած են նաեւ ըմբոստացումների տարիներ ընդդէմ վարժարանական անմիտ վարչութեան մը, զոր վերջ ի վերջոյ կրցած ենք տապալել կարգ մը ռուսահայ եւ թրքահայ ընկերներու հետ ասում է նա»:

Դաշնակցականի հոգի ունեցող երիտասարդի համար բնական էր խորշանքը վանական մթնոլորտից, որ բացի իր ընդհանուր անհրապոյր կերպարանքից, սովորաբար լեցուն էր նաեւ ներքին մանր-մունր խարդաւանքներով, եսերի բախումներով, նախանձով ու պայքարով՝ աստիճանի ու դիրքի համար:

Բայց միւս կողմից, պէտք չէ ուրանալ, որ Վարուժանը, հակառակ իր պնդումին, ի հարկէ, մեծապէս օգտուել է Մխիթարեան հայագիտութիւնից, հարուստ մատենադարանից եւ հայկական ազգային միջավայրից: Դեռ Մխիթարեան վարժարանում էր Վարուժանը, որ «Բազմավէպ»ի մէջ առաջին անգամ հրատարակեց իր մի քերթուածը՝ «Ալիշանի Շիրիմին Առջեւ»:

1906ին Վարուժանը աւարտում է Մուրատ-Ռաֆայէլեան դպրոցը: Աբտուլ Համիտի իշխանութեան ամենամռայլ օրերն էին: Նա վարանում է վերադառնալ Պոլիս, մանաւանդ որ միշտ, երազել էր բարձրագոյն կրթութիւն ստանալ եւրոպական որեւէ կենտրոնում: Եւ Հ. Արսէն Ղազիկեանի եւ ուրիշների աջակցութեամբ յաջողում է անցնել Բելգիա, ուր Կանտի համալսարանում ուսանում է գրականութիւն եւ քաղաքական եւ տնտեսական գիտութիւններ: Չորս տարի էլ մնում է Կանտում: Յամառօրէն հետեւելով գիտութեան՝ միեւնոյն ժամանակ Վարուժանը չի լքում քնարն ու գրիչը, շարունակում է ստեղծագործել: Այստեղ էր, որ նա գրեց սարսռազդեցիկ «Ջարդը», որ լոյս տեսաւ 1908ին, Փարիզում:

Կանտում է յօրինուել եւ հրատարակուել «Ցեղին Սիրտը» հատորի մեծ մասը: Իր կեանքի այդ շրջանի մասին Վարուժանը գրում է․ «Կրնամ ըսել, թէ ամենէն խոր անձնական տառապանքները ես կրեցի Կանտի մէջ։ 1904-7 շրջանն էր, երբ հայութիւնը կը խեղդուէր սուրի ու սովի մղձաւանջին մէջ, ու ես չուզեցի տեղ տալ իմ անհատական ցաւերուս, գրեթէ բռնի լռեցուցի իմ սիրտս»:

Իր բարձրագոյն ուսումը լրացնելուց յետոյ, 1909ին Վարուժան վերադարձաւ հայրենիք եւ երկու տարի ուսուցչութիւն արաւ Սեբաստիայի Ազգային Արամեան վարժարանում: Այստեղ նա կազմեց իր ընտանեկան բոյնը՝ ամուսնանալով իր սիրած օրիորդին հետ: Մտերմացաւ Սեբաստացի Մուրատի հետ եւ դպրոցից դուրս գործօն մասնակցութիւն ունեցաւ նաեւ հանրային եւ ՀՅ Դաշնակցութիւն կուսակցական կեանքում՝ ջերմ սէր եւ անջինջ յիշատակ թողնելով սեբաստացի հայրենակիցների սրտում: 1910ին, Պոլսում լոյս տեսաւ նրա « Ցեղին Սիրտը» բանաստեղծութիւններու հատորը:

1912ի ամառուանից սկսած, Վարուժանը ընտանիքով փոխադրուեց Պոլիս՝ ստանձնելով Բերայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ վարժարանի տնօրէնութիւնը:

Պոլիսը Սեբաստիա կամ Եւդոկիա չէր: Այստեղ էր կեդրոնացած արեւմտահայութեան մտաւոր կեանքն ու արուեստը, նաեւ մտաւորականութեան ընտրանին: Վարուժանն էլ, բնականաբար, հոգեկան աւելի մեծ գոհացում գտաւ Պոլսում, աշխոյժով ու եռանդով լեցուեց: Նա իր ազատ ժամանակը անց էր կացնում «Ազատամարտի»ի շուրջ համախմբուած մտաւորականութեան շրջանակում: Մասնակցում էր մշակութային ձեռնարկներին: Հրատարակեց «Նաւասարդ» տարեգիրքը Յ. Ճ. Ս. Սիրունիի հետ: Գրեց «Հացին Երգը» բանաստեղծութիւնների շարքը, որի հրատարակութիւնը, աւա՛ղ, չվիճակուեցաւ իրեն տեսնելու: «Այդ հատորին մէջ, երգուած պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատութիւնը եւ գիւղական կեանքի խաղաղ մեծութիւնները», գրում է նա: «Հացին Երգը» լոյս տեսաւ 1921ին, Պոլսում:

Հազիւ երեսուն տարիները լրացրել էր Վարուժանը, բայց իր ստեղծագործութեամբ արդէն իսկ գրականութեան առաջնակարգ դէմք էր դարձել: Այդքանը, սակայն, նրան չէր բաւարարում: Արդար իրաւունքով նա ձգտում էր աւելիին: «Բաղձանքս էր, ապագային մարդերուն նուիրել հզօր երգ մը, որ հայրենիքը ինծի պէս արարած մը ծնած ըլլալուն գոնէ չզղջայ», գրում էր նա իր նամակներից մէկում: Հայրենիքը, ի հարկէ, առանց դրան էլ չի զղջացել, բայց, անշուշտ, Վարուժանը դեռ նոր էր ոտք կոխում հասունութեան շրջանը եւ, եթէ ողջ մնար, տակաւին ի՛նչ «հզօր երգեր» պիտի նուիրէր իր ազգին, որի հանդէպ հաւատացեալի պաշտամունք ունէր:

Վրայ հասաւ համաշխարհային առաջին պատերազմը: Ապա, 1915 Ապրիլեան Մեծ Եղեռնը: Հարիւրաւոր հայ մտաւորականների հետ Վարուժանն էլ ընկաւ ոճրագործ գազանների ձեռքը: Չանկըրիի դժոխքից նրան ազատելու բոլոր ճիգերը անցան ապարդիւն։

Վարուժանը ոչ միայն հայ մտաւորական էր, այլեւ անուանի դաշնակցական, բորենի Թալէաթ չէր կարող հրաժարուել նրա արիւնը խմելու հաճոյքից էլ: Եւ իրեն գաղափարակից ու բախտակից միւս բոլոր մտաւորականների հետ, Վարուժանն էլ նահատակուեց: Ե՞րբ, ո՞ւր, ինչպէ՞ս, ո՞վ կարող է ասել: Դահիճները բնաջնջեցին Վարուժանի մարմինը, բայց նա իր գործով անմեռ կը մնայ հայ ժողովրդի հոգում։

(Քաղուած «Յուշապատում Հ.Յ. Դ. 1890-1950»էն)

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles