ԳԱՐՈՒՆ ՈՒ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐ
Գարուններ կան,
որ իրենց ծիծեռնակներն ունեն,
որ եղանակաւորում են
տարին, ժամանակը,
որ կեանքն է:
Կեանքը իր մեղեդին ունի,
իր երգը,
որ զրնգում է զանգի նման,
որ կախուած է մեր դպրոցում:
Նրա ղողանջը
բախտավորութեան մի խազ ունի,
եւ դուր է գալիս իմ սրտին:
Նոյն զգացումով եմ
զանգեր նկարում
ամանորեայ շնորհաւորաքարտերի վրայ…
Բախտաւորութեան մեղեդին եմ զրնգացնում,
որ սկիզբ է առնում մեր դպրոցից
ու տարածւում է,
հասնում է մերոնց ու ժամանակին,
որ մտնում ենք դասարան,
որ կեանքն է…
Ծիծեռնակները ծլվլում են
ու բոյն են շինում…
… Մենք ենք,
որ սիրաբանում ենք,
գաղտնի ժամադրութիւնների ենք գնում
ու առնում ենք համը…
… Որ ընտանիք ենք կազմում,
եղանակաւորում ենք համանուագը
հնչեղ խազերով,
ամանակով ու ժամանակով,
որ կեանքն է:
Կեանքն իր զեփիւռն ունի,
որ շրշում է մեր պարտէզում,
մեր դպրոցի բակում,
ու շոյում է ծառ ու ծաղիկ
ու վարդ,
որ աւելի բուրումնաւետ են
քան երազը…
… Ծառ ու ծաղիկ ու վարդ՝
մեր ունեցուածքը…
Դրանք մեր մտածումներն են,
մեր ցանկութիւններն են,
մեր հույզերն են,
մեր սէրերը…
… Որ վայելում ենք ժամանակի ընթացքում,
որ կեանքն է,
եղանակաւորուած,
զրնգացող եւ շրշող…
Այդ բոլորով է,
որ սիրում եմ ծիծեռնակներին,
որ սիրում եմ գարունը:


