Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Նախագահ Դաւիթ Իշխանեանը Ուղերձը՝ Պաքուի Բանտէն․ «Շարունակելու Ենք Մեր Որդեգրած Գիծը»
Ողջունում եմ բոլորին:
Երէկ Պաքուի վերաքննիչ դատարանում տեղի ունեցաւ նախնական դատական նիստ` կապուած մեր բողոքարկման հետ: Փետրուարի 5-ի Պաքուի ռազմական դատարանի վճիռը մենք բողոքարկել ենք, եւ երէկ արդէն այդ դատը սկսեց: Յունիսի 2-ին նշանակուած է առաջին դատական նիստը:
Գիտէք, «խաղաղութիւն եւ դատավարութիւն» շատ իւրայատուկ են, մանաւանդ հաշուի առնելով այն հանգամանքը, որ այդ վճիռը` ձգձգումներով եւ արհեստական խոչընդոտներով, մեզ է փոխանցուել Ապրիլի 21-ին: Եւ զարմանալի չի լինի, եթէ ասեմ, որ մինչեւ հիմա ոչ պաշտպանական կողմը, ոչ մեղադրող կողմը ընդհանրապէս չեն ստացել այդ դատավճռի ամբողջական տեքստը․ ստացել են միայն քաղուածքը:
Երէկ իմ կողմից անձամբ միջնորդեցի, որպէսզի դատարանը թէ՛ պաշտպաններին, թէ՛ իմ բոլոր պաշտպաններին տրամադրի դատավճռի ամբողջական տարբերակը, ինչպէս նաեւ մեղադրական ակտի ամբողջական տարբերակը: Բայց դատարանը զարմանալիօրէն եւ ինչ-որ տեղ նաեւ հասկանալիօրէն մերժեց իմ միջնորդութիւնը:
2024 թուականի Դեկտեմբերի 17-ից մինչեւ հիմա ընթացող, մօտ երկու տարի ձգձգուող այս դատական գործընթացի ընթացքում մեղադրական ակտը նոյնիսկ պաշտպանական կողմը չունի եւ չի տրամադրւում:
Ես որեւէ առիթ կ’ունենամ խօսելու դատապրոցեսի մասին, կ’ունենամ նաեւ խօսելու ընդհանուր ընթացքի եւ հանրայնացման մասին: Այս անգամ, կարծում եմ, կը բաւարարուեմ դրանով:
Միայն պիտի ասեմ, որ նրանք, ովքեր կարողանան ծանօթանալ մեղադրական ակտի 15 բաժիններին, արդէն անմիջապէս կարող են պատկերացում կազմել, թէ ինչ է տեղի ունենում: Այսինքն` այդ «արդար, ազատ, բաց դատավարութիւն» ասուածը ֆիկցիայ է․ որեւէ բան չկայ, եւ այն ամբողջապէս վերահսկուող, գրաքննութեան տակ գտնուող հաշուէյարդարի դատավարութիւն է:
Այդ առումով նաեւ հանրայնացումը նոյն կերպ է տեղի ունենում` մամուլով մոլորեցնելով Ադրբեջանի հասարակութեանը եւ փորձելով մոլորեցնել նաեւ միջազգային հանրութեանը:
Երէկ ես նաեւ երկու հարց բարձրացրի․ առաջինը` բաց դատավարութեան կազմակերպման եւ օնլայն հեռարձակման վերաբերեալ: Նոյն առաջարկը ես արել էի առաջին ատեանի դատարանում, բայց այն մերժուել էր, եւ երէկ էլ կրկին մերժուեց:
Երկրորդ առաջարկս այն էր, որ լրատուամիջոցների ներկայացուցիչները, AZtv-ի ովքեր ներկայ են դատական նիստերին, որոշ դէպքերում արգելուեն մասնակցելու` իրենց ապատեղեկատուութեան եւ մանիպուլեատիւ գործողութիւնների պատճառով: Սա եւս մերժուեց:
Ինչեւէ, այս հարցը թողնենք մի կողմ: Կարծում եմ` այստեղ ոչ անյայտ կարեւոր պաշտպաններից մէկը իր խօսքի ընթացքում բարձրաձայնեց եւ պարզապէս ասաց, որ մենք մեր սերունդների առաջ ամաչելու ենք այսպիսի դատավարութիւն կազմակերպելու համար: Դա էր ամբողջ գնահատականը:
Ընդհանուր առմամբ պիտի ասեմ` դա թրաժիքոմետիա է, եւ Ֆրանց Քաֆքան կը ցանկանար ներկայ գտնուել այս դատավարութեանը, որպէսզի գրեր իր «դատավարութեան» երկրորդ մասը:
Յաջորդը, ինչի մասին ուզում էի խօսել, մարդու իրաւունքների պաշտպանին ուղղուած իմ բանաւոր դիմումն է: 2025 թուականի Մայիսի 6-ին ես բանաւոր կերպով դիմել եմ Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանին, որպէսզի նա որեւէ ձեւով ստանայ եւ իմ ընտանիքին փոխանցի դատավճռի ամբողջական` հայերէն եւ ատրպէյճաներէն տարբերակները:
Նոյն խնդրանքը փոխանցել եմ նաեւ Ատրպէյճանի օմպութսմենին, ով Մայիսի 5-ին մեր հետ հանդիպման էր: Ես դեռ Մարտի 12-ին նամակ էի պատրաստել, բայց երկու ամիս չէի կարողանում փոխանցել․ վերջապէս փոխանցեցի:
Խոստացել էի, որ որեւէ քայլ կարուի, որպէսզի ատրպէյճաներէն տարբերակը հասնի իմ ընտանիքին եւ հարազատներին, բայց մինչ այժմ ոչ Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանից, ոչ Ատրպէյճանի կողմից որեւէ նորութիւն չկայ: Ես սպասում եմ, ինչպէս նաեւ իմ ընտանիքը:
Դատավարութեան հետ կապուած պիտի ասեմ` սա ձգձգուող եւ քաղաքական գործընթացներին համապատասխանեցուող դատավարութիւն է: Եւ զարմանալի չէ, որ պիտի անդրադառնամ նաեւ այն նիւթին, որը կարծում եմ հանրութեան համար էլ հասկանալի կը լինի:
Երկու-երէք ամիս առաջ, երբ դեռ 2024 թուականի Յունուար-Փետրուար ամիսներին այստեղ էինք, պաշտօնական անձինք, ովքեր մեզ հետ շփւում էին, անուղղակիօրէն հասկացնում էին, որ «դուք այստեղ էք այնքան, որքան ցանկանան Հայաստանի իշխանութիւնները»:
Մենք սկզբում ուշադրութիւն չէինք դարձնում, զարմանում էինք` ինչպէս կարող է այդպէս լինել, ինչպէս կարող են մեր հայրենի իշխանութիւնները չցանկանալ, որ մենք վերադառնանք: Բայց այսօրուայ տեսանկիւնից արդէն ամէն ինչ պարզ է:
Ցաւօք, զարգացումները եւ այս դատավարութեան գործընթացը քաղաքական զարգացումներին, այդ թւում` Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին համապատասխանեցնելու առումով մեզ այլ կարծիք չեն թողնում: Այդ կարծիքը դառնում է համոզմունք:
Յատկապէս վերջին զարգացումների ֆօնին, երբ ղարաբաղցիների հասցէին իրականութեանը չհամապատասխանող յայտարարութիւններ են արւում: Ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի, բայց երբեւէ առիթ կը լինի դրա մասին խօսելու:
Բոլորի համար էլ պարզ է, թէ ով է մեղաւորը, ում գործունէութեան հետեւանքով է այս ամէնը տեղի ունեցել:
Ինչեւէ, արդէն մօտ երեք տարի է մենք այստեղ ենք: Պիտի ասեմ` ոչ սկզբունքայնութիւնը, ոչ ողջախոհութիւնը, ոչ ոգու եւ ոչ կամքի ուժը մեզ չեն լքել եւ չեն դաւաճանել: Այսուհետ էլ այդպէս է լինելու:
Ցաւալի է, ինչ որ կայ, բայց մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը:
Օգտուելով առիթից` շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր այն մարդկանց, կառոյցներին եւ կազմակերպութիւններին, որոնք իրենց ջանքերն են գործադրել, որոշումներ են կայացրել եւ յայտարարութիւններ արել, որպէսզի մեզ անյապաղ ազատեն: Այդ բոլոր կառոյցներն ու անհատները համոզուած են, որ մենք անմեղ ենք եւ պէտք է վերադառնանք մեր ընտանիքների կողքը:
Օգտւում եմ նաեւ առիթից` իմ ժողովրդին շնորհաւորելու Մայիսի 28-ի կապակցութեամբ` Հայոց պետականութեան վերականգնման օրուայ առիթով:
Մաղթում եմ ոգու, կամքի եւ միասնութեան ուժ: Պինդ եղէք: Առայժմ:

