«Արցախի Խնդիրը Մեր Խնդիրների Առանցքն Է», Կը Յայտնէ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակի Հաղորդակցութեան Պատասխանատու Պետօ Տէմիրճեան

0 0
Read Time:4 Minute, 48 Second

bedo interview

Ստորեւ, յապաւումով լոյս կ՛ընծայենք հարցազրոյց մը, կատարուած ւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հաղորդակցութեան պատասխանատու Պետօ Տէմիրճեանի հետ:

Հ.- Հայ Դատի գրասենեակների ու յանձնախմբերի խորհրդաժողովը հանգրուանեց Արցախում եւ ի հարկէ ոչ պատահականօրէն՝ հէնց Մայիսի 9ին: Ի՞նչ խորհուրդ եւ կարեւորութիւն է այն պարունակում:
Պ.- Ինչպէս ժողովի բացման ժամանակ նշեց Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանը, ուրիշ տեղ չէինք կարող լինել այս օրերին: Ապրիլեան քառօրեայ ճակատամարտից յետոյ – պատերազմ չեմ ասում, որովհետեւ պատերազմը չի աւարտուել – Արցախում ստեղծուած իրավիճակին տեղեակ լինելու ու Արցախին զօրակցութիւն յայտնելու նպատակով ժողովը շարունակուեց Ստեփանակերտում: Հայ Դատի ներկայացուցիչներս եկանք նորից ու նորից շեշտելու, որ մենք Արցախի կողքին ենք, Դաշնակցութիւնը իր ժողովրդի պահանջատիրութեան կողքին է, Արցախի խնդիրը մեր խնդիրների առանցքն է: Ինչպէս մեզ հետ հանդիպման ժամանակ շեշտեց Արցախի նախագահ Բակօ Սահակեանը՝ Արցախը եւ Դաշնակցութիւնը մէկ հասկացութիւն է, որովհետեւ նպատակն է նոյնը: Իրաւ, այդպէս է: Իւրաքնաչիւր Հայ Դատի աշխատակից այս խորհուրդը գիտակցում է ու առաջնորդւում դրանով:
Մեզ համար այսօր ոգեպնդող եւ յուսադրող է Արցախում լինելը, այստեղ գտնուելը ուժ ու եռանդ ստանալու միջոց է մեր քաղաքական բանակի համար: Մենք, այստեղ լինելով, տարբեր հարցեր քննարկելով, առաջարկութիւններ լսելով, Արցախի բարձրագոյն իշխանութեան հետ հանդիպելով՝ աւելի ենք ճշդում մեր յետագայ անելիքների ընթացքը:

Հ.- Ապրիլեան պատերազմական գործողութիւնները եւս մէկ անգամ հաւաստեցին, որ Ատրպէյճանի համար ընդունելի է միայն զէնքի լեզուն, խնդրի լուծման ռազմական ճանապարհը: Ո՞րն է այսօրուայ մեր գլխաւոր անելիքը՝ թէ՛ ներքին, թէ՛ արտաքին ճակատներում:
Պ.- Իրաւ, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ատրպէյճանը խաղաղ բանակցութիւն չեն ուզում, եւ սա գաղտնիք չէ: Առաջին իսկ վայրկեանից Էրտողանը յայտարեց, որ Ատրպէյճանի կողքին են եւ կը լինեն մինչեւ վերջ, այսինքն նրանք ձեռք-ձեռքի են գործում:
Ատրպէյճանը միայն պատերազմի եւ ուժի լեզուն է հասկանում եւ նա այս օրերին տեսաւ հայ զինուորի ուժը, ով կասեցրեց նրա առաջընթացը: Ինչքան էլ գրասենեակներում, մայրաքաղաքներում, քարտէզների վրայ Ատրպէյճանն ու ադրբեջանամէտ ուժերը որոշեն ու մշակեն յարձակումների ծրագրեր, Արցախի զինուորը տարբերւում է նրանց զինուորներից, որովհետեւ նա գիտի, թէ ինչի համար է պայքարում եւ հէնց այդ գիտակցութեամբ էլ յաղթել ու յաղթելու է: Ելնելով հայկական բանակի կեցուածքից, առանց մոռանալու զոհուածների յիշատակը, մենք՝ Հայ Դատի յանձնախմբերս, ողջ հայութիւնը, իշխանութիւնները, աւելի մեծ պարտաւորութիւն պէտք է ստանձնենք, որպէսզի նրանց թափած արիւնը արժեւորուած լինի, որպէսզի դէպքերը չկրկնուեն, հակառակորդը սանձուի:

Եւրոպայի Հայ Դատի պարագայում ասեմ, որ առաջին իսկ օրից աշխատանքի ենք լծուած՝ Եւրոպայի քաղաքական շրջանակներում հայամէտ կեցուածք ու մթնոլորտ ձեռք բերելու համար:

Հ.- Արցախի միջազգային ճանաչումն օրախնդիր է: Ի՞նչ աշխատանքներ են այսօր այդ ուղղութեամբ իրականցւում Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի կողմից:
Պ.- Աշխարհի տարբեր երկրների Հայ Դատի գրասենեակներն առաջնային են համարում իրենց աշխատանքներում Արցախի ճանաչման խնդիրը: Անշուշտ, ամէն տարածաշրջանում մենք տարբեր մօտեցումներ ենք դրսեւորում: Այդ պայքարն արդէն սկսուած է՝ Միացեալ Նահանգներում, Եւրոպայում եւ այլուր: Յիրաւի, սա դեռ ճանաչման այն մակարդակը չէ, որովհետեւ իւրաքանչիւր երկիր իր պետական շահերն ունի, բայց քայլ առ քայլ, ապաւինելով մեր միասնական աշխատանքներին, վստահ ենք՝ աւելի բարձր մակարդակներով ճանաչումն անխուսափելի կը լինի:
Արցախի Հանրապետութեան ճանաչման հարցը, իրօք, օրախնդիր է, եւ պիտի շարունակենք աւելի մեծ թափով աշխատանք տանել այդ ուղղութեամբ: Մեր այս հանդիպումը Արցախի նախագահի հետ առաւել մեծ մղում տուեց մեզ՝ նոր թափ հաղորդելու մեր ծրագրերին:

Հ.- Ապրիլի 2ին բռնկուած պատերազմը մի շարք դասեր տուեց մեզ՝ հայերիս: Ի՞նչ էք կարծում, որո՞նք եղան պատերազմի գլխաւոր դասերը եւ ի՞նչ անելիքներ ունենք:
Պ.- Ամենաառաջինը, որ տեսանք ու թշնամին էլ տեսաւ, դա այն է, որ մեր բանակը անխոցելի է: Ունեցանք շատ զոհեր՝ կեանքի գնով կանխելով թշնամու առաջխաղացումը: Արագ ու անմիջական հակագրոհի անցնելը փաստում է մարտունակութեան մասին: Կ՛ուզէի շեշտել նաեւ համահայկական համախմբման իրողութիւնը, որը երկրորդ բանակ դարձաւ, կանգնեց արցախցու կողքին: Ժողովուրդը, անկախ ընկերային վիճակից, անկախ քաղաքական-գաղափարական հայեացքների տարբերութիւնից, անկախ ճգնաժամից, անձնուէր համախմբուեց՝ բոլոր հարցերը մի կողմ դնելով: Սա, սակայն, պարտաւորեցնող դաս է, սա մղում է պատասխանատու կառավարման, պատասխանատու քաղաքական կեցուածքի, առկայ թերութիւնների շտկման՝ թէ՛ բանակի ներսում, թէ՛ երկրի կառավարման ոլորտում: Հայ զինուորը ոչ մի խնդրի ու թերացման չպիտի հանդիպի:
Միւս կողմից էլ՝ տեսանք, որ միջազգային հանրութիւնը ճիշդ գնահատական չտուեց կատարուածին, հաւասար նժարների դրեց կողմերին: Սա էլ է դաս՝ ապացուցելով նրանց երկդիմի կեցուածքը: Սա նաեւ մեզ՝ Հայ Դատի ներկայացուցիչներիս է հրամայականներ տալիս:
Տեղեկատուական պայքարում եւս աշխատանքներ պիտի տանենք:
Եւրոխորհրդարանէն ներս Յունուարի նստաշրջանում հակահայկական 2 բանաձեւ կար, մէկը տապալուեց: Այդ նիստը եւս դաս էր մեզ, ուրեմն քաղած դասերից պէտք շտկուել, ուղղուել, գործել, իրողութիւնը փոխել:

Հ.- Եւրոխորհրդարանի նախագահն ապրիլեան նիստում ասաց, որ «հայկական ուժերը պէտք դուրս բերուեն ադրբեջանական տարածքներից»: Այդ յայտարարութիւնից ոչ պակաս էլ խորհրդարանում հայկական պատուիրակութեան նախագահ Հերմինէ Նաղդալեանը յայտարարեց, որ «այդ տարածքները մենք չենք ուզում»: Ին՞չ էք կարծում, հայկական կողմից այս եւ նման այլ յայտարարութիւնները որքանո՞վ կարող են ազդել յետագայում եւս Եւրոխորհրդարանում հակահայկական բանաձեւերի ընդունմանը:
Պ.- Այո՛, ճիշդ էք, Փետրօ Ակրամունտը ադրբեջանամէտ կեցուածք է դրսեւորել, ու այդ ուղղութեամբ մենք եւ Իսպանիայի Հայ Դատը աշխատանքներ ենք տանում: Այդ աշխատանքների մասին այս պահին շատ բան չեմ կարող ասել, փակագծեր դեռ չեմ ուզում բացել, բայց նրան զսպելու աշխատանք ենք սկսել: Յուսանք՝ գալիք նստաշրջանին ինչ որ փոփոխութիւնների կը հասնենք նրա կեցուածքում:
Նշեմ, որ Ակրամունտի՝ ատրպէյճանամէտ պահուածքն այն գլխից էլ պարզ էր մեզ: Նա իր առաջին պաշտօնական այցը Բաքու կատարեց. սա դրա հաւաստիքն էր: Ընդհանրապէս, եւրոպական մի շարք հակակոռուպցիոն կազմակերպութիւններ զեկոյցներ են գրել, քննադատել նրա կոռուպցիոն կեցուածքը: Այսինքն՝ միայն Հայ Դատի գրասենեակը չէ, որ դա տեսնում ու ասում է:
Ինչ վերաբերում է Հ. Նաղդալեանին, ասեմ, որ ողջունելի էր Սթրազպուրկում նրա հանդիպումը Ակրամունտի հետ: Չգիտենք ինչ է խօսուել, բայց յուսով ենք Նաղդալեանը բացատրել է Ակրամունտին իր՝ ադրբեջանամէտ կեցուածքի ոչ ճիշդ լինելը: Անհասկանալի է, սակայն, այսօրուայ իրավիճակում Նաղդալեանի նման յայտարարութիւնը: Տեսանք Արցախից հնչած արձագանգն դրա վերաբերեալ: Կարծում եմ՝ Հ. Նաղդալեանը պէտք է աւելի զգոյշ լինի, յատկապէս երբ այսօր մեր ամէն մի քայլը կշռադատուածութիւն է պահանջում:
Սա էլ պատերազմից քաղելիք դասերից է:
Ճիշդ է, Եւրոխորհրդարանը անմիջական դերակատարութիւն չունի բանակցութիւններում, բայց նման յայտարարութիւնները մեր քաղաքական գործիչների կողմից կարող են քաղաղաքական մթնոլորտ ստեղծել՝ հակահայկական բանաձեւերի առաջ քաշելուն կամ՝ Ակրամունտի ատրպէյճանամէտ կեցուածքի յետագայ դրսեւորումներին:
Հրադադարը խաղաղութիւն չէ դեռ, ճակատամարտը դադարեցուեց բերանացի: Փաստաթուղթը եղաւ 1994 ու 1995ին, ինչը Ատրպէյճանն այսօր չի էլ ընդունում: Պատերազմը չի վերջացել, ուստի բոլորս մէկ պարտաւորութիւն ունենք՝ մեր հնարաւորութեան սահմաններում զինուոր լինել այս անաւարտ պատերազմում:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles