Արցախի Ազգային Ժողովը Հակադարձեց Փաշինեանին

0 0
Read Time:2 Minute, 15 Second

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի Ազգային ժողովը հակադարձեց Փաշինեանին` հրապարակելով հետեւեալ յայտարարութիւնը, որուն մէջ կը շեշտուին Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեան ու ենթակայ կողմ ըլլալուն սպառնացող վտանգները եւ մարտահրաւէրները.-

Ղարաբաղեան հիմնախնդրի տարեգրութեան ողջ ընթացքում պարբերաբար շրջանառւում են հիմնախնդրի էութիւնը խեղաթիւրող եւ նենգափոխող յայտարարութիւններ, որոնք բարդացնում ու խճճում են հակամարտութեան համապարփակ եւ վերջնական կարգաւորման գործընթացը: Անթոյլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների կողմից Արցախի ենթակայ կողմ ըլլալը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նուազեցնող ցանկացած յայտարարութիւն: Տարակուսելի է, որ վերջին նման յայտարարութիւնը հնչել է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի կողմից` դեկտեմբերի 24-ին զանգուածային լրատուամիջոցների եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ընթացքում:

Արցախի ճակատագիրը որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել եւ չի լինելու: Արտայայտելով Արցախի Հանրապետութեան հանրային եւ քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը` մեր անհամաձայնութիւնն ու վրդովմունքն ենք յայտնում հարցազրոյցի ընթացքում հնչած մի շարք վնասակար եւ վտանգաւոր ձեւակերպումների ու գաղափարների առթիւ:

Մտահոգութիւն է առաջացնում այն փաստը, որ 1988 թուականի ազգային-ազատագրական պայքարի` ղարաբաղեան շարժման արդիւնքների խորապատկերին հնչեցւում են ձեւակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թուականի սեպտեմբերի 2-ին հռչակուած եւ միջազգային իրաւունքի կանոններին լիովին համապատասխան ձեւաւորուած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան գոյութիւնը եւ նրա տեւական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղութեամբ:

Նախորդ տարիների բանակցային գործընթացում հայկական կողմերի իրաւական եւ քաղաքական հիմքերը եւ մեր ազգային շահերի պաշտպանութիւնն այդ համաթեքսթում որեւէ հակասութեան մէջ չէր մտնում միջազգային կառոյցների եւ միջնորդների ներկայացրած դիրքորոշումների հետ:

Այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երբեք չի անտեսուել միջնորդների կողմից նախկինում ներկայացուած առաջարկութիւններում, հաստատւում է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահների կողմից տրուած պարզաբանումներում:

Բանակցային գործընթացում տարբեր տարիների քննարկուած աշխատանքային տարբերակների եւ բանակցային ձեւաչափի հնարաւոր փոփոխման մասին շահարկումները մտահոգիչ եւ վտանգաւոր են:

Անընդունելի ենք համարում Արցախի հայկականութիւնը կասկածի տակ դնող եւ հնարաւոր օտար տարրերի ներկայութեան կարեւորութիւնը ընդգծող յայտարարութիւնները, որոնք մերժելի ու պարսաւելի են Արցախի ազատութեան եւ անկախութեան համար իրենց կեանքը զոհաբերած հազարաւոր հայորդիների յիշատակի դիմաց:

Գլուխ խոնարհելով արցախեան գոյապայքարի բոլոր նահատակների առջեւ, միաժամանակ երախտագիտութիւն ենք յայտնում համայն հայութեանը, մասնաւորապէս Հայաստանի Հանրապետութեան մեր հայրենակիցներին` Արցախի կողքին կանգնելու, նրա տառապանքներն ու զրկանքները միասին կիսելու համար:

Հայկական երկու հանրապետութիւնների եղբայրական փոխյարաբերութիւնների հիմքում տարիներ շարունակ անխափան գործել է դեռեւս 1992 թուականի յուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի ընդունած որոշումը, որը յստակ սահմանել է միջազգային հանրութեան լիիրաւ անդամ Հայաստանի Հանրապետութեան վերաբերմունքը միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետութեան նկատմամբ: Այդ որոշմամբ Հայաստանը պարտաւորւում է «հետեւողականօրէն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը եւ նրա բնակչութեան իրաւունքների պաշտպանութեանը»: Սահմանւում է նաեւ, որ «Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշուած կը լինի Ազրպէյճանի կազմում»: Այս բանաձեւն արդիական է նաեւ այսօր:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովրդի եւ իշխանութիւնների դիրքորոշումը Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ անկախութեան հարցում, յայտարարում է` անընդունելի է առանց Արցախի իշխանութիւնների տեսակէտը հաշուի առնելու դիրքորոշում յայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրաւասութիւն ունեն միայն Արցախի Հանրապետութեան քաղաքացիների կողմից ընտրութիւնների միջոցով ձեւաւորուած իշխանութիւնները:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles