
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ․- Երեքշաբթի, Ապրիլ 5-ին, Արցախի Ազգային ժողովը հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ անդրադարձաւ Արցախի ճակատագիրին վերաբերող հարցերու:
Յայտարարութեան մէջ կը նշուի.-
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը որպէս Արցախի ժողովրդի առաջնային լիազօրութիւն ունեցող բարձրագոյն ներկայացուցչական մարմին, արտայայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, կոչ է անում համահայկական մակարդակով ձեւաւորել համազգային համախմբում` Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:
Համոզուած ենք, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները, ունենալով սփիւռքի հայկական համայնքների լիարժէք աջակցութիւնը, մէկ բռունցք դառնալով միասնաբար կարող են դիմագրաւել տարածաշրջանային մարտահրաւէրները` պաշտպանելով մեր ազգային շահերը:
Աշխարհաքաղաքական իրողութիւնների այս բարդ ժամանակահատուածում, երբ Ազրպէյճանը փորձելով տապալել ռուսական խաղաղապահ առաքելութիւնը, շարունակում է հայկական բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է կազամուղը, փորձում ահաբեկել հայրենի հողում ապրող խաղաղ բնակչին, շարունակում զաւթել նորանոր տարածքներ` Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը վերահաստատում է Արցախի ժողովրդի կամքն ու վճռականութիւնը, 1988 թուականին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրաւունքից բխող Ազգային ազատագրական պայքարի տեսլականը:
1991 թուականի սեպտեմբերի 2-ի հռչակագրով, այնուհետեւ համաժողովրդական հանրաքուէի միջոցով Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր կանոններին համապատասխան ձեւաւորեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետութիւնը: 30 տարիների ընթացքում մենք անցել ենք յաղթանակների եւ անյաջողութիւնների միջով: 2020 թուականի սեպտեմբերի 27-ին մեզ պարտադրուած ու 44 օր տեւած պատերազմի հետեւանքով մենք ունեցանք մարդկային եւ տարածքային կորուստներ: Սակայն ոչինչ եւ ոչ ոք չի կարող մեզ զրկել ինքնորոշման եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքից: Խոնարհուելով մեր գոյապայքարի բոլոր նահատակների յիշատակի առաջ, մեր հաւատարմութիւնն ու պատրաստակամութիւն ենք արձանագրում հետեւողական լինել Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման եւ տարածքային ամբողջականութեան վերականգնման գործընթացներին:
2020 թուականի 44-օրեայ պատերազմից յետոյ հիմնովին փոխուել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատուած փխրուն խաղաղութիւնը պահպանւում է Արցախի Պաշտպանութեան բանակի եւ ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Ինչպէս ցոյց են տուել վերջին մէկուկէս տարիների իրադարձութիւնները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը: Ներկայ պայմաններում, Հայաստանի Հանրապետութեան կողմից Արցախի անվտանգութեան երաշխաւոր լինելու պարտականութեան ամրագրումը եւ համահայկական միասնութեան մթնոլորտի ձեւաւորումը միայն կարող են բաւարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխաւորելու համար:
Յարգելի՛ հայրենակիցներ,
Հայոց պետականութեան լինելիութեան եւ հայ ժողովրդի անվտանգութեան բանալին գտնւում է Արցախում: