
Ուղիղ 28 տարի առաջ` Ապրիլ 14, 1992-ին, Ստեփանակերտի իր տանը սպանուեց Արցախի առաջին նախագահ, Հ.Յ.Դ. անդամ Արթուր Մկրտչեանը: Նա Արցախը ղեկավարել է ընդամէնը 97 օր, սակայն նրա անձը, կեանքի ուղին եւ ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագոյն պատմութեան մէջ: Արթուր Մկրտչեանի մասին շատ է խօսուել , նրա ներդրումն Արցախի որպէս պետութեան կայանալու հարցում անուրանալի է: Այս անգամ Արթուրն ինքն է խօսելու իր մասին: Ներկայացնում ենք տարբեր առիթներով Արթուրի արտայայտած տեսակէտները Արցախի , անկախութեան մասին , որոնք նրա ամենամեծ բնորոշումներն են:
Հարցնում է լրագրող Էդիկ Բաղդասարեանը: Նա այժմ «Հետք» առցանց պարբերականի գլխաւոր խմբագիրն է․«Եթէ ընտրուէք նախագահ` առաջի՞ն քայլերն այդ ուղղութեամբ․․․․ ինքնապաշտպանական»:
Արթուր Մկրտչեան ․«Առայժմ Ղարաբաղում մեծ աշխատանքներ են կատարուել, զգալի աշխատանքեր են կատարուել բանակի ստեղծման ուղղութեամբ, աշխարհազօր լինելու ուղղութեամբ: Ուրեմն առաջին հարցը կը լինի կանոնաւոր բանակ ստեղծելը , չնայած դա շատ դժուար կը լինի, որովհետեւ համաապտասխան միջոցները բացակայում են: Ամրացնել Ղարաբաղի բոլոր սահմաները եւ այնուհետեւ մտածել Ղարաբաղի ներսում ժողովրդի կենսաապահովման հարցերը լուծելու ուղղութեամբ»:
Արթուր Մկրտչեանն Արցախի մասին․«Արցախը կոպիտ ասած աղքատ բարեկամ չէ, որին պէտք է օգնել:Արցախը պէտք նուաճել , Արցախը պէտք է գրաւել , Արցախը պէտք է մերը դարձնել»:
Արթուր Մկրտչեանը Ատրպէյճանի հետ յարաբերութիւնների մասին․«Արցախի հանրապետութեան յարաբերութիւնները Ատրպէյճանի հետ պէտք է պայմանաւորուած լինեն նրանով , թէ Ատրպէյճանի հանրապետութիւնը ինչքանով կճանաչի հայ ժողովրդի իրաւունքն ` Արցախում ապրելու եւ յարաբերութիւնների յետագայ ընթացքը , եթէ ստեղծուի հող այդ յարաբերութիւնները վերսկսելու պէտք է ուրեմն կատարուի ոչ թէ այն մտայնութեամբ որ Արցախը կրկին ինչ-որ միջանկեալ կարգավիճակով ենթարկուի Ատրպէյճանին, այլ ինչպէս ասում են` հաւասարը հաւասարի հետ»:
Արթուր Մկրտչեան ․«Թող ոչ մէկի մտքով չանցնի , թէ Ղարաբաղում հայ չապրելով, Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Ընկերներ հողը նրանն է , ով այդ հողի վրայ ապրում է ու պաշտպանում այն»: