Արեւմուտքը Օրինաւոր Է Համարում Սահմանադրական Հանրաքուէի Արդիւնքները

0 0
Read Time:3 Minute, 23 Second

sahmanatroutyoun8

Գէորգ Դարբինեան
(յապաւումով)
Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքուէին Միացեալ Նահանգների եւ Եւրոմիութեան արձագանգը, ի տարբերութիւն Ա.Պ.Հ. դիտորդների, հնչեց քուէարկութիւնից զգալիօրէն յետոյ` երկու օր անց: Պրիւքսէլի դիրքորոշումը, որը «Ազատութիւն» ռատիօկայանին տուած հարցազրոյցում ներկայացրեց Հայաստանում Եւրոմիութեան պատուիրակութեան ղեկավար, դեսպան Փիոթր Սուիտալսքին, իմաստային առումով գրեթէ կրկնում էր Հայաստանում Ա.Մ.Ն. դեսպանատան կողմից տարածուած յայտարարութիւնը: Նրանց կողմից փաստացի երեք հիմնական շեշտադրում է արւում: Առաջին` որ փաստացի կայացած են համարում հանրաքուէն եւ նոր Սահմանադրութեան ընդունումը` շեշտը դնելով, մարդու իրաւունքների եւ ժողովրդավարական հիմնարկների կայացման եւ կառավարման համակարգի փոփոխութեան առումով, դրա տուած հնարաւորութիւնների վրայ: Երկրորդ` որ արժանահաւատ են որակում հանրաքուէի ընթացքում ընտրակեղծիքներ տեղ գտնելու մասին հասարակական-քաղաքական շրջանակներից հնչող քննադատութիւնը` առանց յստակեցնելու, թէ որքանով կարող էին դրանք ազդել հանրաքուէի վերջնական արդիւնքի վրայ: Եւ, չնայած դրան, նրանք կոչ են անում իշխանութիւններին` հանրաքուէի արդիւնքների օրինականութիւնն ապահովելու նպատակով քննութեան առնել ընտրախախտումների վերաբերեալ ներկայացուած փաստերն ու տեղեկութիւնները: Եւ երրորդ` նրանք էական են համարում հանրաքուէից յետոյ նոր ընտրական օրէնսգրքի ընդունումը, ընտրական համակարգի բարելաւումը` փաստացի դրա արդիւնքներով պայմանաւորելով իրենց վերջնական դիրքորոշումները ներհայաստանեան իրողութիւնների, սահմանադրական փոփոխութիւններով իշխանութեան հետապնդած իրական նպատակների կապակցութեամբ: Աւելի պարզ ասած` թէ՚ Միացեալ Նահանգները եւ թէ՛ Եւրոմիութիւնը հասկացնում են, որ իրենց համար ոչ թէ հանրաքուէի օրինականութիւնն է կարեւոր, այլ Սահմանադրութեան դրոյթների կատարման որակը, եւ որ հէնց այդ մասով են նրանց հիմնական սպասելիքները:
Այն հանգամանքը, որ, ընտրախախտումների իրողութիւնը դասաւորելով հանդերձ, նրանք միաժամանակ չէին շտապում վերջնական դիրքորոշում արտայայտել, վկայում է, որ թէ՚ Միացեալ Նահանգների եւ թէ՛ Եւրոմիութեան համար առաւել էական է եղել այն, թէ ինչպիսին են լինելու յետհանրաքուէական գործընթացը: Պատահական չէ, որ նրանց պաշտօնական տեսակէտների մէջ կարմիր թելով անցնում է մօտեցումը, որ հանրաքուէի օրինաւոր կամ ոչ օրինաւոր լինելու խնդիրը ոչ թէ իրենք են որոշողը, այլ հասարակութիւնը:
Այս տեսակէտից` պէտք է ենթադրել, որ Արեւմուտքի նման միջանկեալ, բայց աւելի շատ լաւատեսական շեշտադրումներով դիրքորոշման ձեւաւորման վրայ ազդել են յետհանրաքուէական երեք հիմնական գործօններ: Առաջինը «Ո՛չ»-ի ճամբարն ամբողջացնող ուժերի կողմից զանգուածային ընտրախախտումների վերաբերեալ բաւարար ապացոյցներ, փաստարկներ չներկայացնելն էր, սահմանափակ թուով ընտրատեղամասէր բացելու եւ վերահաշուարկ կատարելու յայտ ներկայացնելը: Սա էական գործօն է յատկապէս այն պատճառով, որ Արեւմուտքը սահմանափակ թուով դիտորդներ էր գործուղել Հայաստան, եւ դատողութիւններ անելու միակ աղբիւրը հէնց «Ո՛չ»-ի ուժերի կողմից ներկայացուելիք փաստերի առատութիւնը պէտք է լինէր:
Երկրորդ գործօնը հանրաքուէից յետոյ զանգուածային բողոքի բացակայութիւնն էր: «Նոր Հայաստան»է եւ Հ.Ա.Կ.-Հ.Ժ.Կ. կողմից շարժումը դադարեցնելու իրողութիւնից Արեւմուտքում, թերեւս, հետեւութեան էին եկել, որ եթէ մարդիկ դուրս չեն գալիս` պաշտպանելու իրենց քուէն, նշանակում է` համաձայն են արձանագրուած արդիւնքների հետ:

Եւ, վերջապէս, երրորդ գործօնը. թերեւս «Ո՛չ»-ի բեւեռում ակնյայտ պառակտուածութիւնն ու հատուածականութիւնը, ուժեղ այլընտրանքի բացակայութիւնն է, որը թոյլ չի տալիս Արեւմուտքին այդ բեւեռում գտնել բաւականաչափ ամուր հենման կէտ` փոփոխութիւնների տանելու` նրա կարողութեան հաւատալու եւ իշխանութեան հանդէպ աւելի կոշտ լինելու համար: Նման պայմաններում Արեւմուտքին մնում է պահպանել իշխանութեան հետ ունեցած կամուրջները, մանաւանդ, որ այդ փոփոխութիւններն ապահովելու դրական ազդակներն առայժմ միայն հէնց իշխանութիւնն է յղում: Խօսքը միայն իրաւապահ մարմինների կողմից ներկայացուած ընտրախախտումների ու ապօրինութիւնների մասին հաղորդումներին ընթացք տալու, առանձին դէպքերի առնչութեամբ հետաքննութիւններ սկսելու, իսկ մէկ դէպքում էլ, կարծես, քրէական գործ յարուցելու տրամադրուածութեան ցուցադրութեան մասին չէ: Սահմանադրական փոփոխութիւնների նախագծի մշակման ողջ ընթացքում իշխանութիւնը Արեւմուտքի հետ ամենասերտ համագործակցութեան պատրաստակամութիւն ցուցադրեց` ի դէմս Վենետիկի յանձնաժողովի հետ կանոնաւոր խորհրդակցութիւնների, որը չէր կարող հաշուի չառնուել հանրաքուէի նկատմամբ վերջինիս դիրքորոշումների ձեւաւորման ժամանակ:
Բայց թերեւս ամենահիմնական ազդակը եղաւ Եւրոմիութեան
հետ համագործակցութեան նոր շրջանակային փաստաթուղթ մշակելու եւ ընդունելու խոստումը: Պատահական չէր, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցութիւնների մեկնարկը Բրիւսելում Հ.Հ. Արտաքին Գործոց նախարար Եդուարդ Նալպանտեանը եւ Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ, Եւրոմիութեան միասնական արտաքին քաղաքականութեան եւ պաշտպանութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆետերիքա Մոքերինին տուեցին հէնց Դեկտեմբերի 7-ին, այսինքն` հանրաքուէի հէնց յաջորդ օրը, որով, ըստ էութեան, փակուեց Եւրոմիութեան կողմից հանրաքուէի հարցում կոշտ դիրքորոշում դրսեւորելու «պատուհան»ը:
Այս իրողութիւնները ստիպել են Արեւմուտքին նախապատուութիւնը տալ Հայաստանում ներքին գոյավիճակի պահպանմանը, որը նաեւ տեղաւորւում է աշխարհաքաղաքական լարուածութեան պայմաններում անկայունութեան նոր օ-ճախներ չստեղծելու` թէ Միացեալ Նահանգների եւ թէ՛ Եւրոմիութեան ընդգծուած քաղաքական ուղեգծում: Արեւմուտքը, փաստօրէն, նոր նշաձող է սահմանում` Հայաստանի իշխանութեան նկատմամբ դիրքաւորուելու առումով: Այդ նշաձողերն են` 2017-ի խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ ներքաղաքական ընտրական օրէնսգրքի մշակումը, Եւրոմիութեան հետ շրջանակային փաստաթղթի ստորագրումն ու Հայաստանի կողմից յստակ յանձնառութիւնների ստանձնումը, Միացեալ Նահանգների մասով` փտածութեան դէմ պայքարի յանձնառութեան լրջութիւնը, որը, կարծես, դարձել է Հայաստանում Ա.Մ.Ն.-ի դեսպան Ռիչըրտ Միլզի գործունէութեան հիմնական առաջնահերթութիւնը կամ առաջնորդող շարժառիթը:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles