Արա Պապեանի Վտանգաւոր Խօսքերը*

0 0
Read Time:5 Minute, 7 Second

p4-5 ara babian2

Էտիկ Անտրէասեան
(յապաւումով)

Խորենացու փողոցում քաղաքական վերլուծաբան եւ նախկին դիւանագէտ ներկայացած Արա Պապեանին թեթեւակի յիշեցնեմ, որ նախկին դիւանագէտ չի լինում: Դիւանագէտները ժամանակի հետ թողնում են այդ գործը, բայց չեն դադարում դիւանագիտօրէն մտածել եւ այնպիսի միտք արտայայտել, որ յետոյ նաեւ կարողանան արդարանալ ու բացատրել, թէ որտեղից է իրենց գլխում ծագել տուեալ միտքը:
Այո՛, միշտ չէ, որ դիւանագէտների գլխում լաւ մտքեր են ծագում: Պատահում է, որ նրանք նոյնիսկ, ներողութիւն արտայայտութեանս համար, անհեթեթութիւններ են դուրս տալիս: Արա Պապեանն էլ, ինչպէս պարզուեց, բացառութիւն չէ:
Եւ ուրեմն, սկսեմ այնտեղից, որ Ոստիկանատան գրաւումից ժամեր անց առաջիններից մէկը, եթէ ոչ առաջինը, Հ.Յ.Դ. ներկայացուցիչը դատապարտեց տեղի ունեցած զինուած յարձակումը եւ միանշանակ յայտարարեց, որ Հայաստանում այս մեթոտներով հարցեր չեն լուծուելու: Ես խնդրում եմ` ուշադրութիւն դարձնել «չեն լուծուելու» բայի ժամանակաձեւին, որ ստիպում է հասկանալ` նաեւ ապագայում չեն լուծուելու:
«Մոտուս վիւենտի» վերլուծական կեդրոնի հիմնադիր եւ նախագահ, իր բնորոշմամբ` նախկին դիւանագէտ Արա Պապեանը, ըստ երեւոյթին բաւականին յուզուած տեղի ունեցածից, սկսում է յանկարծ պաշտպանել Ոստիկանութեան գնդի վրայ զինուած յարձակումը, բայց եւ (տեսնես նրան ո՞վ էր խնդրել) դիւանագիտութիւն անել, թէ ինչպէս պէտք է տարուեն բանակցութիւնները իշխանութիւնների եւ զինուած խմբի միջեւ: Եւ ահա, նա այնքան է տարուել այս միջնորդական առաքելութեամբ, որ ձեռքի հետ էլ մի քանի նախադասութիւններ է նետել հրապարակ, որոնք, մեղմ ասած, յիմարութիւն են: Չի բացառւում, որ նա կամ յիշողութիւնն է կորցրել, կամ իրօք դադարել է դիւանագէտ լինելուց, ինչը, մեծ հաշուով եւ առաջին հերթին հէնց իր խնդիրն է:
Ահաւասիկ, նա Դաշնակցութեանը փորձել է մեղադրել պատանդառութեան եւ բռնութեան հարցերին երկու ակնոցով նայելու մէջ, եւ արդիւնքում ամէն ինչ խառնել է իրար` հաւասարութեան նշան դնելով «Սասնայ Ծռեր» խմբի` Հ.Հ. իշխանութիւնների դէմ ուղղուած գործողութիւնների եւ Լիզպոնի հերոսական հնգեակի` Թուրքիոյ դեսպանատան վրայ կատարած յարձակման միջեւ, որի նպատակը մէկն էր` ստիպել Թուրքիոյ եւ նրա երաժշտութեան տակ պարող երկրներին` հաշուի նստել հայոց պահանջատիրութեան հետ եւ մոռացութեան չտալ հարցը:
«Հիմա, որ Հ.Յ.Դ. դէմ է պատանդառութեանը եւ բռնութեանը` ո՞նց է «Լիզպոնի տղոց նահատակութիւնը» նշում»: Զարմանում է Պապեանը: Իսկ ո՞ւմ նահատակութիւնը նշի, պարոն Պապեան, գուցէ պէտք է նշել բոլոր այն թուրք առաջնորդների «նահատակութի՞ւնը», որոնց մեր քաջորդիները հատ-հատ գտել ու սատկացրե՞լ են ողջ աշխարհում:
Պատմական փաստ է, որ Լիզպոնում Թուրքիոյ դեսպանատան վրայ յարձակման, ապա նաեւ դեսպանի կեցավայրի գրաւման գործողութեան պատասխանատուութիւնն ստանձնել է Հայ Յեղափոխական Բանակը: Պահպանուել է նաեւ ուղարկուած տպագիր հաղորդագրութիւնը, որի մէջ ասուած է.- «Իմացէք` մենք ինչ ենք անում: Ազատասէր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել: Մենք ամէն ինչ կորցրել ենք եւ այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շէնքն ու մնալ փլատակների տակ: Սա ինքնասպանութիւն ու խելագարութիւն չէ, այլ բարձրագոյն նուիրատուութիւն ազատագրական պայքարին: Թող միջազգային հանրութիւնը մեզ արկածախնդիր անուանի կամ ահաբեկիչ ու դահիճ` ոչինչ: Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետեւ թուրքական իշխանութիւնն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանութեանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրաւունքները: Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը: Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինուած պայքարն է: Նախնիների ազատ եւ անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրաւունքն է»:
Արա Պապեանը, որ ոչ վաղ անցեալում լծուած էր միջազգային իրաւունքի տեսանկիւնից Հայոց ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հայոց պահանջատիրութեան ամրապնդման գործին, ծանօթ չէ՞ր վերաբերեալ յայտարարութեանը:
Եւ էլի մի փոքրիկ նկատառում. Լիզպոնի հնգեակն այնքան էլ մտահոգ չէ, թէ ինչպէս կ՚անուանեն իրենց` ահաբեկիչ, թէ մի ուրիշ բան: Նրանք գիտակցում են, թէ ինչու են զէնք վերցրել: Հետաքրքիր է` ի՞նչ կասի Արա Պապեանն այն մասին, թէ ինչո՞ւ են իրենց տրուող անցանկալի որակումներից այդպէս նեղսրտում «սասնայ ծռերիէ տղաները, մանաւանդ, որ նրանք հէնց Արա Պապեանի թեթեւ ձեռքով են նոյնացւում «Լիզպոնի Տղոց» հետ:
Արա Պապեանի «քաջագործութիւնները» (հիմա ով Խորենացու փողոցում հերոսացնում է տղերքին, համարւում է քաջ) Լիզպոն-83-ի յիշատակութեամբ չեն աւարտւում: Մարդը երկրորդ սայթաքումն է թոյլ տուել եւ ճակատագրի բերումով` կրկին Դաշնակցութեան հարցում:
Նա ասում է` որպէս բանակցութիւնների միջանկեալ քայլ, «Իշխանութիւնները պարտաւոր են ազատ արձակել բոլոր, ըստ ընդդիմութեան բնութագրման, քաղաքական բանտարկեալներին: Այդ ցուցակն արդէն փոխանցուել է»: Անձամբ ծանօթ չեմ այդ ցուցակին, բայց կարող եմ ասել, որ ես էլ այնտեղ անուններ ունեմ աւելացնելու: Մեր հարեւանն էլ ունի, երրորդը, չորրորդը, վերջապէս բոլորը կարող են աւելացումներ անել եւ իշխանութիւններից պահանջել, որ քաղբանտարկեալներին այդ ցուցակով ազատ արձակեն: Այդ ո՞վ է որոշել պարոն Պապեան, որ հէնց միայն ընդդիմութեան կազմած ցուցակով պէտք է մարդկանց ազատեն: Վերջապէս նաեւ բացատրէք հասկանանք` ո՞վ է այսօր ընդդիմութիւնը:
Այս խրթին իրավիճակը, սակայն, որեւէ կերպ չի խանգարում Պապեանին, որ նա որպէս քաղբանտարկեալների ազատման նախադէպ ներկայացնի «Վահան Յովհաննիսեան+30» գործը: Պէտք է ասեմ, որ Պապեանին դարձեալ լքել է դիւանագիտական ճկուն միտքը եւ նա վերածուել է փողոցի սովորական պոպուլիստի, ընդ որում մոռանալով, որ 90-ականներին իշխանութիւնների հիմնական ընդդիմախօսը Դաշնակցութիւնն էր, որը ենթարկւում էր ամենատարբեր հետապնդումների, այդ թւում` արտաքսում էին, ձերբակալում, մինչեւ իսկ ողջ կուսակցութիւնը կասեցնում: Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ միայն հնարաւոր դարձաւ բանտերից ազատել Դաշնակցութեան ղեկավարներին, որոնք յայտնուել էին այնտեղ ոչ թէ անհատական եւ ապացուցուած մեղադրանքներով, այլ որովհետեւ Հայաստանում հալածւում էր մի ողջ քաղաքական ուժ: Իսկ «Վահան Յովհաննիսեան+30» խմբի հետ առնչուող մէկ անձ մեղադրուեց ոստիկանի սպանութեան մէջ, ինչի համար ցայսօր գտնւում է ցմահ բանտարկութեան մէջ: Ինչ վերաբերում է միւսներին, քաղաքական հետապնդումներով հանդերձ իշխանութիւնը այլ մեղադրանք չէր ներկայացրել բացի. «Իշխանութիւնը բռնի փոխելու կոչերից»:
Իսկ ի՞նչ է կատարւում Խորենացու փողոցում: Արդէն յայտարարում են, որ բարձրաստիճան ոստիկանի սպանութիւնը դժբախտ պատահար է, Արա Պապեանը պահանջում է ազատ արձակել ընդդիմութեան ներկայացրած քաղբանտարկեալներին, ընդ որում` առանց հաշուի առնելու նրանցից որեւէ մէկի արած-չարածը: Ու հարց եմ տալիս հիմա Պապեանին` դիւանագէտ եղած տարիներին քանի՞ այդպիսի երկիր էք այցելել, որտեղ ընդդիմութեան ցուցակով է որոշւում բանտարկեալի տեսակը` քաղաքակա՞ն, թե՞ քրէական: Եւ այդ որ երկրում է պատահել, որ մեղաւորներին ու մեղադրեալներին ազատ արձակեն ոչ թէ օրէնքի տառի, այլ մի խումբ զինեալ տղերքի եւ նրանց համախոհների պահանջով:
Իհարկէ, բոլորիս ցանկութիւնն է, որ Ոստիկանութեան գնդի գրաւման այս պատմութիւնը հանգուցալուծուի խաղաղութեամբ եւ նոր զոհեր ու նոր բանտարկեալներ չլինեն: Բոլորս հայ ենք, բոլորս էլ հասկանում ենք, թէ ինչ կարող է նշանակել ընտանիքի հոր, կերակրողի, զաւակի բանտարկութիւնը: Հասկանում ենք նաեւ, թէ ինչ է մարդկային կորուստը հայ ընտանիքի համար: Եւ այս պահին պարտաւոր ենք ուղղակի ճիշտ կեցուածք դրսեւորել եւ Արա Պապեանի նման չտրուել ինչ որ անհարկի գրգռմունքների, որոնք ոչ միայն օգուտ չեն տալիս գործին, այլեւ վտանգաւոր են իրադարձութիւններն այլ ուղղութեամբ տանելու տեսանկիւնից:
Չեմ զլանայ եւս մէկ անգամ կրկնել Վանաձորից իմ լաւ բարեկամ Լեւոն Սարգսեանի հանճարեղ յորդորը` այնպէս չանենք, որ Խորենացու «Ողբը Խորենացու» ողբերգութիւն դառնա:
Ամենավերջում էլ մէկ հարց դիւանագէտին. «Վերջին շրջանում յաճախ էք յիշում Դաշնակցութեանը, պատճառնե՞ր ունէք»:

*ԾԽ.- Յօդուածագիրը «Խօսքեր»ի փոխարէն գործածած է «Ֆրազներ»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles