Ատրպէյճանը Գիշերային Պատերազմ Է Սկսել

0 0
Read Time:4 Minute, 4 Second

p4-5_baku-420x236Գէորգ Դարբինեան

(յապաւումով)
Արցախի Պաշտպանութեան բանակը տեղեկացնում է, որ Յունուարի 21-ի գիշերը` ժամը 03:00-ի սահմաններում, Հակամարտ զօրքերի շփման գծի Քարվաճառի ուղղութեամբ ատրպէյճանական զինուժի ձեռնարկած հետախուզական ներթափանցման փորձը կասեցնելիս մէկ պայմանագրային զինուոր է զոհուել, եւս մէկը` վիրաւորուել:
Նախօրէին ատրպէյճանական կողմը մէկ օրուայ, աւելի ճիշտ` մէկ գիշերուայ կտրուածքով աննախադէպ քանակով` թուով ութ ներթափանցման փորձ էր կատարել, որոնցից մէկի ժամանակ դիպուկահարի արձակած կրակոցից զոհուել էր հայ ժամկէային ծառայող: Անցած քսան օրուայ ընթացքում հայ-ատրպէյճանական սահմանագծին ծաւալուած մարտերի ժամանակ հայկական կողմն արդէն ութ զոհ, երկու վիրաւոր է տուել:
Մարտերն ուղեկցւում են հակառակորդի կողմից աննախադէպ քանակութեամբ փոքր տրամաչափի հրետանային համակարգերի կիրառմամբ: p4-5 gg

Հաշուի առնելով թէ՚ այս հանգամանքը, թէ՚ արձակուող կրակոցների, թէ՚, յատկապէս, յարձակումների աննախադէպ աճը` կարելի է ասել, որ Ատրպէյճանն իսկական գիշերային պատերազմ է սկսել` Հայաստանի եւ Արցախի ճակատներում հայկական բանակներին արդէն քսան օր շարունակ ստիպելով գտնուել լիարժէք պատերազմական արտակարգ վիճակում: Թէ ո՞րն է սրա պատճառը, առանձին վերլուծութեան առարկայ է: Տուեալ պահին պէտք է արձանագրել, որ Ատրպէյճանի զինուած ուժերը հետեւողականօրէն լծուել են տարեսկզբին պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի կողմից բանակին տրուած այն հրամանի կատարմանը, ըստ որի` «…հանգիստ չպէտք է զգան ատրպէյճանական հողերում», եւ որ հողը նրանց, այսինքն` հայկական բանակի զինուորների ոտքի տակ պէտք է այրուի:
Յունուար 12-ին` Զաքիրովի այս յայտարարութիւններից մօտ մէկ շաբաթ անց, գրեթէ նոյնպիսի հրահանգ հնչեցրեց նաեւ Հ.Հ. պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը: Մարզահամերգային համալիրում առանձին զօրամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ խորհրդակցութեան ժամանակ նախարարը յայտարարեց. «…Պէտք է հետախուզական գործողութիւնների դէմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք բոլոր ստորաբաժանումների մարտունակութիւնը բարձրացնելու համար, գործողութիւնների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք եւ որոշ դէպքերում նախայարձակ լինենք` չսպասելով, որ գործողութիւններ կատարի հակառակորդը»:
Այս յայտարարութիւնից անցել է աւելի քան մէկ շաբաթ, սակայն, դատելով պաշտօնական եւ ոչ պաշտօնական տեղեկատուական հոսքերից, հայկական բանակի կողմից նախայարձակ լինելու որեւէ դրսեւորում, նշան չկայ: Հայկական կողմը խօսում է բացառապէս պաշտպանական գործողութիւնների եւ բացառապէս հակառակորդի նախայարձակ գործողութիւնների ժամանակ կրած կորուստների մասին: Այնպիսի տպաւորութիւն է, որ Օհանեանի հրահանգն ուղղուած էր ոչ թէ հայկական բանակին եւ սպայակազմին, այլ ատրպէյճանցիներին:
Նման իրավիճակներում, իհարկէ, ամենավտանգաւորը եւ բացառելին կողքից բանակի վրայ ճնշումներ գործադրելն է, հրամանատարութեանը ոչ արհեստավարժ խորհուրդներ տալը, ինչ-որ գործողութիւնների դրդելը: Սակայն պաշտպանութեան նախարարն ինքն է, փաստօրէն, համարում, որ հակառակորդին զսպելու, նորանոր արկածախնդրութիւններից զերծ պահելու լաւագոյն միջոցը որոշ դէպքերում նախայարձակ պատժիչ գործողութիւնների դիմելն է: Հետեւաբար, առնուազն անհասկանալի է դառնում, թէ ո՞րն է նորանոր երիտասարդ կեանքեր արժեցնող նման անշտապողականութեան պատճառը: Վերջին օրերի կորուստների առթիւ, նախարարի այս յայտարարութիւնը ոչնչով առայժմ չի տարբերւում հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցումից յետոյ Հայաստանից եւ Արցախից արուած եւ դեռեւս որեւէ համոզիչ գործողութեամբ չհիմնաւորուած այն յայտարարութիւններից, թէ թշնամուն անհամաչափ աւելի դաժան հարուած է հասցուելու, որի ականատեսը Հայաստանեան եւ Արցախեան հանրութիւնը չեն լինում: p4-5 kkk
Մինչդեռ` ուզենք, թէ չուզենք, այս անորոշութիւնն ակամայ նպաստում է ատրպէյճանցիների` ակնյայտօրէն փոխուած տեղեկատուա-քարոզչական քաղաքականութեանը: Իւրաքանչիւր կասեցուած փորձի մասին պաշտօնական տեղեկատուութեան մէջ Արցախի Պաշտպանութեան Բանակը եւ Հ.Հ. Պաշտպանութեան Նախարարութիւնը անպայման շեշտում են, որ թշնամուն ելման դիրքեր ետ են շպրտել` պատճառելով մարդկային կորուստնէր` առանց յստակ փաստեր նշելու: Միակ բացառութիւնը եղել է Յունուար 11-ին Տաւուշի մարզի Բաղանիս համայնքի սահմանային հատուածում ձեռնարկուած յարձակման փորձը: Դրա վերաբերեալ տեղեկատուութեան մէջ նշւում էր հակառակորդի կողմից միջդիրքային հատուածում առնուազն մէկ զոհ թողնելու մասին, որի դին յաջորդ օրը, ըստ Հ.Հ. Պաշտպանութեան Նախարարութեան մամուլի քարտուղարի դիմատետրի (ֆեյսպուք) գրառման, հայկական կողմը, տարօրինակ հապճեպութեամբ յանձնեց հակառակորդին:
Մինչդեռ` Ատրպէյճանի թէ՚ պաշտօնական եւ թէ՚ ոչ պաշտօնական աղբիւրները հնարաւոր կորուստների մասով բացարձակ լռութիւն են պահպանում: Այս ընթացքում Պաքուն յայտարարել է ընդամէնը մէկ վիրաւոր ունենալու մասին: Եւ դա այն դէպքում, երբ, չհերքելով մարտական գործողութիւնների դիմելու հանգամանքը, հակառակորդն ակամայ հաստատում է իր կողմից նախայարձակ լինելու փաստը, իսկ յարձակուող կողմը, որպէս կանոն, պաշտպանուողից աւելի շատ կորուստներ է ունենում: Եթէ նախկինում այդ երկրի պաշտպանական գերատեսչութիւնը սահմանագծին ունեցած կորուստները ներկայացնում էր որպէս դժբախտ պատահարների հետեւանքներ, ապա հիմա, առհասարակ, արգելում է կորուստների մասին որեւէ տեղեկատուութեան հրապարակում: Նման քաղաքականութիւնը կենսունակ կարող է լինել միայն ամբողջական գրաքննութեան պայմաններում, իսկ Ալիեւեան «Սուլթանաթ»ում հիմա հէնց այդպիսի պայմաններ են:
Սակայն տեղեկատուական այս արգելքը ուղղուած է ոչ թէ ներքին լսարանին, այլ հայաստանեան հասարակութեանը յուսահատութեան հասցնելուն: Հաշուարկը թերեւս այն է, որ, անընդհատ լսելով միակողմանի կորուստների մասին, հայ հասարակութիւնն, ի վերջոյ, կորցնելու է բանակի եւ նրա որակների նկատմամբ ունեցած վստահութիւնը, հասարակութեան ներսում սկսելու են խուճապային տրամադրութիւններ հասունանալ: Սակայն 2015-ի սկզբից, երբ հակառակորդի մօտ արդէն նկատուեցին քարոզչական մարտավարութեան փոփոխման առաջին նշանները, արդէն պարզ էր, որ Պաքուն գնում է իրավիճակի սրման ուղղութեամբ` նոյնիսկ մարդկային անիմաստ կորուսների առջեւ չկանգնելու ճանապարհով, ինչն արդէն իսկ պէտք է լուրջ ահազանգ լինէր հայկական կողմի համար, եւ ինչի մասին մենք գրել ենք: Այս իմաստով հայկական կողմն ակնյայտօրէն ուշացել է: Ընդ որում` թե՚ ռազմական եւ թե՚ դիւանագիտական ուղղութիւններով: Ատրպէյճանը փորձում է օգտուել Գիւմրիի ողբերգութեան պատճառով հայկական կողմի հնարաւոր զգօնութեան թուլացումից, բայց առաւելապէս Ուքրայինայում ստեղծուած նոր իրավիճակի վրայ միջազգային հանրութեան ուշադրութեան գերկեդրոնացումից, որի հետեւանքով Արցախի հիմնահարցի կարգաւորումը գրեթէ ամբողջութեամբ դուրս է մնացել օրակարգից:
Այս ընթացքը կասեցնելու եւ Ատրպէյճանի գիշերային պատերազմի խորացումը կանգնեցնելու ամենա-առաւելագոյն տարբերակը, կարծես, դառնում է Երեւանի կողմից Արցախի բանակցային գործընթացից դուրս գալու սպառնալիքի հնչեցումը: Գուցէ այս կերպ միջազգային հանրութիւնը եւ ԵԱՀԿ Մինսքի Խմբակի երկրները հայեացքով շրջուեն նաեւ դէպի այս հակամարտութիւնը եւ փորձեն զսպել Ատրպէյճանին: Եթէ դա տեղի չի ունենայ, գոնէ պարզ կը դառնայ, որ պէտք է նախապատրաստուել պատերազմի:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles