
Երեւան
Նախընտրական կրքերը գնալով թէժանում են Թուրքիայում: Էրզրումում կազմակերպուած հանրահաւաքի ժամանակ սադրանքներ են տեղի ունեցել Թուրքիոյ ընդդիմադիր Ժողովրդավար Հանրապետական Կուսակցութեան անդամ, Պոլսոյ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դէմ: Միջադէպը տեղի է ունեցել Մայիս 7-ին Թուրքիոյ արեւելքում գտնուող Էրզրում քաղաքում: Բնակչութեան առաջ Իմամօղլուի ելոյթի ժամանակ մի քանի հոգի սկսել են քարեր նետել ամպիոնի եւ փոխադրակառքի վրայ, որով ժամանել են ելոյթ ունեցողները: Քաղաքապետի խօսքով` տուժել է 17 մարդ: Այս յարձակումին պատճառով նա հասցրել է խօսել ընդամէնը 15 վայրկեան, որից յետոյ հեռացել է տարածքից: Աւելի ուշ ընկերային ցանցերում հրապարակուել են այս փոխադրակառքի լուսանկարները` կոտրուած ապակիներով եւ վնասուածքներով: Պոլսոյ քաղաքապետը յայտարարել է, որ կատարուածի համար պատասխանատու է համարում տեղական իշխանութիւններին, որոնք, նրա կարծիքով, անվտանգութեան անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել եւ անգործութեան են մատնուել: Նա մտադիր է դատի տալ Էրզրումի նահանգապետին: «Դէպքի փաստով կատարւում է հետաքննութիւն, դատավարական գործողութիւնները շարունակւում են: Միջադէպում մեղաւոր ճանաչուած անձանց կալանաւորելու որոշում է կայացուել: Այս պահին կալանաւորուած է 13 մարդ: Քննութիւնը վարում են ինչպէս գլխաւոր դատախազութիւնը, այնպէս էլ արդարադատութեան տեղական մարմինները», – յայտնել են Թուրքիոյ արդարադատութեան նախարարութիւնից:
Ընդդիմադիր դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըճտարօղլուն քաղաքացիներին կոչ է արել ընտրութիւններում յաղթելու դէպքում տանը մնալ, քանի որ, ըստ նրա` ընտրութիւնների յաջորդ գիշերը իր կողմնակիցները կարող են բախուել Էրտողանի կառավարութեանը հաւատարիմ զինուած տարրերի հետ: «Մեր յաղթանակից յետոյ բոլոր քաղաքացիները պէտք է մնան տանը եւ ոչ թէ փողոցում տօնեն: Ինչ-որ մէկը կարող է անկարգութիւններ հրահրել, կարող են ինչ-որ մէկին սադրել, զինուած տարրերը կարող են դուրս գալ փողոց»,- ասել է նա:
Աւելի վաղ Քըլըճտարօղլուն յայտարարել էր, որ յաղթանակի դէպքում նա կը կարեւորի Թուրքիոյ անդամակցութիւնը ՆԱԹՕ-ին եւ «հաւասար յարաբերութիւններ կը փնտռի Ռուսաստանի հետ քննարկումներում»: Քըլըճտարօղլուն յայտարարել է նաեւ, որ Թուրքիան կարիք չունի գնելու ռուսական Էս- 400 զենիթահրթիռային համակարգերը, քանի որ «պարզ չէ, թէ ում դէմ դրանք օգտագործել»: Յաղթանակի դէպքում Քըլըճտարօղլուն խոստացել է նաեւ «ազդանշան տալ» եւրոպական երկրներին եւ վերսկսել Եւրոմիութեան Անգարայի անդամակցութեան շուրջ բանակցութիւնները: Քըլըճտարօղլուն վարում է նաեւ «ոչ ռուսամէտ» նախընտրական քարոզարշաւ: Մասնաւորապէս Twitter-ուն գրել է` «սիրելի՛ ռուս բարեկամներ, եթէ ցանկանում էք շարունակել մեր բարեկամութիւնը Մայիս 15-ից յետոյ, ձեր ձեռքերը հեռու պահէք թրքական պետութիւնից: Մենք դեռ պաշտպանում ենք համագործակցութիւնը եւ բարեկամութիւնը»:
Քըլըճտարօղլուն նաեւ յայտարարել է, որ ցանկանում է երկրի արտաքին քաղաքականութիւնը 180 աստիճանով շրջել եւ իրական ժողովրդավարութիւն բերել Թուրքիա․ նա նշել է, որ իր նախագահութեան օրօք երկիրը կը շրջուի դէպի Արեւմուտք: «Մենք կը շրջենք Թուրքիոյ արտաքին քաղաքականութիւնը 180 աստիճանով: Մենք մեր երկիր կը բերենք Եւրոմիութեան սահմանած բոլոր ժողովրդավարական կանոնները»,- ասել է նա ընդգծելով, որ փոփոխութիւնները կը տեսնեն ոչ միայն Թուրքիայում, այլեւ ամբողջ աշխարհում: Քըլըճտարօղլուն նաեւ ասել է, որ ցանկանում է վերակենդանացնել Թուրքիայի` Եւրամիութեանն անդամակցելու սառեցուած յայտը: «Մենք կը շրջուենք դէպի Արեւմուտք եւ արեւմտեան քաղաքակրթութիւն», -ասել է քաղաքական գործիչը: Միաժամանակ նա նշել է, որ կը ցանկանար լաւ յարաբերութիւններ ունենալ Ռուսաստանի հետ:
ՔըլըՃՏարօղլուն ներկայացրել է նախընտրական ծրագրերից մէկը, որը ենթադրում է արագ հաղորդակցութիւն Թուրքիոյ եւ Չինաստանի միջեւ, որի ճանապարհը անցնելու է Իրանով եւ միջին Ասիոյ թրքալեզու հանրապետութիւնների մոտով: Այս քարտէսը մեծ աղմուկ է բարձրացրել Ատրպէյճանում, քանի որ քարտէսում անցնող ճանապարհը շրջանցում է Ատրպէյճանը եւ թուրք ազգայնականների ու Ատրպէյճանի երազանք «զանգեզուրի միջանցք»–ը բացակայում է քարտէսում: «Այսօր կան այնպիսիք, ովքեր փորձում են Ատրպէյճանը դուրս թողնել այս ռազմավարական նախագծից, բայց նրանց ցանկութիւնները չեն կարող իրականանալ»է, – ասել է Ալիեւը` ակնարկելով Քըլըճտարօղլուի յայտարարութիւնները:
Թուրքիոյ նախագահի թեկնածու Մուհարեմ Ինչէն, որը գլխաւորում է «Հայրենիք»կուսակցութիւնը, Հինգշաբթի յայտարարել է, որ հանում է իր թեկնածութիւնը եւ դուրս է գալիս նախագահի պաշտօնի համար պայքարից: «Ես ուզում եմ, որ իւրաքանչիւր տուն իր ձայնը տա «Հայրենիք» կուսակցութեան օգտին: Իսկ ես հանում եմ իմ թեկնածութիւնը նախագահական ընտրութիւններից: Երջանիկ եղէք»,- ասել է նա: Որպէս այս որոշման պատճառ Ինճէն նշել է իր նկատմամբ ոչ համարժէք եւ չափից աւելի ճնշումը` տարբեր սադրանքների, մեղադրանքների եւ ապատեղեկատուութեան տեսքով: «ես աւելի քան 40 տարի քաղաքականութեան մէջ եմ, բայց այս տարիների ընթացքում ես չեմ տեսել այն, ինչ եղաւ վերջին 45 օրում: Ինչ-որ կեղծ կտրօննէր, կեղծ տեսանիւթեր: Իմ լուսանկարը տեղադրուել է իսրայէլական ինչ-որ փոռնոկայքում: Ո՛չ ոստիկանութիւնը, ո՛չ էլ դատախազութիւնը հետաքննութիւն չեն իրականացնում: Սա զրպարտութիւն է: Թրքական պետութիւնը չկարողացաւ պաշտպանել իմ հեղինակութիւնը»,- ասել է նա: Ինջեյն ընդգծել է, որ քարոզարշաւի ժամանակ իր դէմ նպատակաուղղուած յարձակում է իրականացուել` իրեն հեղինակազրկելու համար:
Քըլըճտարօղլուն համագործակցութեան առաջարկով դիմել է Մուհարեմ Ինճէին: Քըլըճտարօղլուի խօսքով նա Ինջէին առաջարկում է մի կողմ դնել հին վիրաւորանքները եւ միասին գործել
Իսկ ահա Էրտողանը Պոլսում հանրահաւաքի ժամանակ մեղադրել է ընդդիմութեանը եւ խոստացել «թաղել քուէատուփերում»: «Արդարութիւն եւ բարեկարգում կուսակցութիւնը եւ մեր դաշինքի միւս կուսակցութիւնները երբեք միասեռական չեն լինի, քանի որ ընտանիքը մեզ համար սուրբ է: Մենք քուէատուփերում թաղելու ենք նրանց, ովքեր հանդէս են գալիս միասեռականների օգտին»,-ասել է Էրտողանը: Վերջին տարիներին Էրտողանը խստացրել է իր հռետորաբանութիւնը այդ համայնքի նկատմամբ: Հանրահաւաքին ներկայ է եղել 1,7 միլիոն մարդ: Էրտողանը քննադատել է նաեւ իր գլխաւոր մրցակից Քեմալ Քըլըճտարօղլուին: «Իմ ժողովուրդը թոյլ չի տայ, որ հարբեցողները բեմ բարձրանան: Պարոն Քեմալ, Դուք կարող էք խմել տակառներով, ոչինչ Ձեզ չի բուժի: Իմ ժողովուրդն անհրաժեշտ պատասխանը կը տայ Մայիս 14-ին»,-ասել է Էրտողանը: Էրդողանը նաեւ մեղադրել է Քըլըճտարօղլուին նրանում, որ նա աջակցութիւն է ստանում արգելուած Քիւրտ կազմակերպութիւններից: «Մայիս 14-ին իմ ժողովուրդը կը տայ անհրաժեշտ պատասխանը: Մենք թոյլ չենք տայ Քըլըճտարօղլուին, որն աջակցութիւն է ստանում ահաբեկիչներից, պառակտել մեր հայրենիքը»,-ասել է Էրտողանը:
Ան ժողովրդին ուղղուած հեռուստաուղերձում յայտարարել է մօտ 700 հազար պետական ծառայողների աշխատավարձը 45 տոկոսով բարձրացնելու մասին: «Մենք որոշել ենք 45 տոկոսով բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձը, խօսքը 700 հազար մարդու մասին է: Այսպիսով, պետական ծառայողի նուազագոյն աշխատավարձը կը բարձրանայ մինչեւ 15 հազար լիրա»,- ասել է Էրտողանը: Նախատեսւում է նաեւ 10 տոկոսով բարձրացնել նրանց աշխատավարձը, ում հարազատները զոհուել են ահաբեկչութեան հետեւանքով կամ բանակում առաջադրանքներ կատարելիս: Ութ տոկոսով կը բարձրանայ նաեւ գիշերային հերթափոխի աշխատողների աշխատավարձը: Էրտողանը խոստացել է յուլիսին շարունակել աշխատավարձերի բարձրացումը:
Ան նաեւ յայտարարել է, որ Մայիս 14-ի ընտրութիւններից յետոյ մտադիր է նորից գործի լծել երկրի նոր սահմանադրութեան հարցը: «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիայում լինի ժողովրդի կամքով մշակուած սահմանադրութիւն: Դա կը լինի Թուրքիոյ դարի մեր տեսլականի ամենակարեւոր նպատակը: Մենք այդ հարցն օրակարգում կը դնենք ընտրութիւններից յետոյ»,- ասել է Էրդողանը:
Արեւմուտքի, եւ մասնաւորապէս Ա․Մ․Ն․-ի հասցէին հնչող մեղադրանքներն ու քննադատութիւնները շարունակում են մնալ իր կուսակցութեան նախընտրական քարոզարշաւի հիմնական բնութագրիչ գիծը: Ներքին գործերի նախարար Սոյլուն, ով որպէս պատգամաւորի թեկնածու առաջադրուած է Պոլսոյ ընտրական շրջանուճ, յայտարարել է, որ հանրապետութիւնում ուշադրութիւն չեն դարձնում Ա․Մ․Ն․ նախագահի յայտարարութիւններին, իսկ եթէ Անգարան վստահէր Ուաշինկթընին, երկրի ճակատագիրը նման կը լինէր Աֆղանիստանի ճակատագրին: «Էրտողանի օրօք արեւմտեան խնամակալութիւնը վերացուել է: Ներկայումս չկայ մի հիմնարկ, որը գտնուի գործադիր իշխանութեան ձեռքում, բայց լինի արեւմտամէտ: Կար ժամանակ, երբ Թուրքիայում զինուորականները կողմնորոշուած էին դէպի արեւմուտք: Եթէ ամերիկացի դեսպանները ինչ-որ բան էին ասում, դա դառնում էր գլխաւոր լուրը: Հիմա, եթէ ինչ-որ բան ասում է Ա․Մ․Ն․ նախագահը, Թուրքիան ուշադրութիւն չի դարձնում դրան»է,-ասել է Սոյլուն:
Սոյլուն կոչ է արել ցոյց տալ աշխարհում առնուազն մէկ տարածաշրջան, որը սկսել է ծաղկել Ա․Մ․Ն․-ի եւ Եւրոպայի գալով: Ըստ նրա` կան ուժեր, որոնք այժմ աշխատում են Թուրքիայի դէմ: «Միջազգային ընկերութիւնները աշխատում են, ամսագրերն ու թերթերը աշխատում են․․․»,- ասել է Սոյլուն: Նա յայտարարել է, որ Թուրքիան Կորուստներ է կրել այս ամենից: «Մեր ապագայ սերունդներն էլ են տուժելու: Որտե՞ղ է բարեկարգութիւն եղել, ո՞ւր մտել են Ամերիկան եւ Եւրոպան», – ասել է նախարարը:
Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերգէյ Լաւրովը վստահութիւն է յայտնել, որ Թուրքիայում համընդհանուր ընտրութիւնները կը լինեն արդար, թափանցիկ եւ կ’անցկացուեն առանց արտաքին միջամտութեան: «Օգտուելով ներկայիս առիթից` կը ցանկանայի թուրք գործընկերներին մաղթել համընդհանուր ընտրութիւնների բարեյաջող անցկացում: Այս ընտրութիւնները, որքան ես գիտեմ, արդէն սկսուել են երկրի սահմաններից դուրս: Վստահ եմ, որ դրանք լինելու են արդար, թափանցիկ, ապահովելու են թուրք ժողովրդի կամքի արտայայտումը` առանց որեւէ միջամտութեան», – Մոսկուայում Սուրիոյ հարցով արտաքին գործոց նախարարների քառակողմ հանդիպմանն ասել է Լաւրովը:
***
Էրդողանը 2023 թուականի ընթացքում կարող է հանդիպել իր սուրիացի գործընկեր Պաշար Ասատի հետ: Այս մասին յայտարարել է Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մեւլութ Չաւուշօղլուն: Խօսելով Մայիս 10-ին Մոսկուայում Թուրքիոյ, Սուրիոյ, Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործով նախարարների հանդիպումից յետոյ երկու առաջնորդների բանակցութիւնների հաւանականութեան մասին` նա նշել է, որ ակնկալում է, որ դա կը լինի ընթացիկ տարում:
Մարտ 16-ին Ասատը յայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Թուրքիոյ նախագահ Էրտողանի հետ Սուրիայից Թուրքիայի զօրքերի դուրս բերումից յետոյ:
Լաւրովը, Ապտոլլահիանը, Միքտաթը եւ Չաւուշօղլուն հանդիպել են յարաբերութիւնները կարգաւորելու եւ Դամասկոսի ու Անգարայի միջեւ հակասութիւնները վերացնելու նպատակով: Ապրիլի վերջին Մոսկուայում կայացել են նաեւ չորս երկրների պաշտպանութեան նախարարների բանակցութիւնները: Սուրիոյ պաշտպանութեան նախաևրարը ժամանակ յայտարարել էր, որ հանդիպման ընթացքում քննարկուել է երկրի տարածքից թուրքական զօրքերի դուրս բերման հարցը: Ղեկավարները նաեւ պայմանաւորուել են իրենց տեղակալներին յանձնարարել պատրաստել Անգարայի եւ Դամասկոսի յարաբերութիւնների առաջխաղացման ճանապարհային քարտէս, յայտարարել են Ռուսաստանի դիւանագիտական գերատեսչութիւնում: Նախարարները առարկայական եւ բացայայտ կերպով քննարկել են թուրք-սուրիական միջպետական յարաբերութիւնների վերականգնման հարցերը տարբեր տեսանկիւններից: «Մասնակիցները նաեւ պայմանաւորուել են յանձնարարել փոխարտգործնախարարներին նախապատրաստել ճանապարհային քարտէս Թուրքիոյ եւ Սուրիոյ միջեւ յարաբերութիւնների առաջխաղացման համար` չորս երկրների պաշտպանութեան նախարարութիւնների եւ յատուկ ծառայութիւնների աշխատանքի համաձայնեցմամբ»,-ասւում է յայտարարութեան մէջ: Կողմերը պայմանաւորուել են նաեւ առաջիկայում շարունակել բարձր մակարդակի շփումները եւ քառակողմ ձեւաչափով տեխնիկական բանակցութիւնները:
Նաեւ որոշուել է Սուրիայում ստեղծել ռազմական համակարգող կեդրոն Թուրքիոյ, Ռուսաստանի, Սուրիոյ եւ Իրանի մասնակցութեամբ:
***
Թուրքիայի արտգործնախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն` մեկնաբանելով Մոսկուայում կայացած բանակցութիւնների արդիւնքները, յայտարարել է Թուրքիոյ եւ Սուրիոյ միջեւ առաջնորդների մակարդակով հանդիպման հնարաւորութեան մասին: Չաւուշօղլուն յիշեցրել է քառակողմ հանդիպումը: «Մենք կը շարունակենք շփումները արտգործնախարարների մակարդակով: Այն բանից յետոյ, երբ կը մշակուի ճանապարհային քարտէսը եւ կը ձեւաւորուի անհրաժեշտ հիմքը, հնարաւոր են բանակցութիւններ առաջնորդների մակարդակով»,-ասել է նա:
Չաւուշօղլուն նաեւ յայտնել է, որ Ա․Մ․Ն․-ն Թուրքիոյ առաջարկել է իր Էս-400-ները փոխանցել Ուքրայինային: Երկիրը հրաժարուել է այդ առաջարկից: «Էս-400-ի վերաբերեալ մի քանի առաջարկ է եղել Ա․մ․ն․-ից: Մեզ ասացին` վերահսկողութիւն տրամադրէք: Սա առաջարկ է, որն անդրադառնում է մեր անկախութեանը: Այդ դէպքում որտե՞ղ է մեր անկախութիւնը»,-ասել է Չաւուշօղլուն: Նրա խօսքով` եթէ Թուրքիան զիջող լիներ, ապա Ուաշինկթընի հետ խնդիրներ չէր ունենայ: «Մեզ նոյնիսկ առաջարկել են ուղարկել դրանք Ուքրայինա, մենք ասել ենք` չի կարելի: Նման առաջարկներ եղել են»,-ասել է նա:
Չաւուշօղլուն յայտնել է նաեւ, որ Թուրքիան չի պատրաստւում միանալ Ռուսաստանի դէմ Ա․Մ․Ն․-ի եւ Եւրոմիութեան միակողմանի պատժամիջոցներին: «Մենք չենք միանայ միակողմանի պատժամիջոցներին, որոնք Ա․Մ․Ն․-ն ու Եւրոմիութիւնը սահմանել են Ռուսաստանի դէմ: Մենք ելնում ենք մեր շահից եւ մեր սեփական բարգաւաճումից»,-ասել է նա: Չաւուշօղլուն նաեւ քննադատել է Թուրքիոյ ընդդիմութեան` նախագահի միասնական թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցութեան նախագահ Քեմալ Քըլըճտարօղլուի յայտարարութիւնները` արձագանքելով լրագրողի խնդրանքին` մեկնաբանել ԺՀԿ առաջնորդի յայտարարութիւնն այն մասին, որ իշխանութեան գալու դէպքում նա առաջնահերթութիւն կը տայ Արեւմուտքի, այլ ոչ թէ Քրեմլի հետ յարաբերութիւնների զարգացմանը: «Դուք յիշում էք, որ հանրահաւաքներից մէկում նա լրիւ այլ բան էր յայտարարում: Նա ասում էր, որ Թուրքիոյ եւ Ռուսաստանի յարաբերութիւններին ոչինչ չի սպառնայ: Նա հետեւողական չէ իր յայտարարութիւններում»,-յաւելել է Չաւուշօղլուն: