
ԷՏԿԱՐ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Վերջին շրջանում իրենց ընդդիմադիր կամ ոչ իշխանական համարող կուսակցութիւնների առաջնորդները ծրագրային ելոյթներ ունեցան, եւ դա այն պարագայում, երբ ընտրութիւններ մօտ ապագայում նախատեսուած չեն: Վերջերս ծրագրային բնոյթի քաղաքական դիրքորոշումներ են արտայայտել նաեւ հասարակական գործիչներից եւ քաղաքացիական գործիչներից շատերը: Նրանցից շատերը նշել են, որ անհրաժեշտ է ձեւաւորել միասնական քաղաքական օրակարգ` այսօրուայ ծանր վիճակից Հայաստանը դուրս բերելու համար:
Մի կողմ դնելով այն հարցը, թէ արդեօք անկեղծ են բոլոր նման յայտարարութիւնները, արձանագրենք, որ քաղաքական եւ քաղաքացիական ակտիւի մեծ մասը յայտարարում է, որ ծայրայեղ դժգոհ է ներկայիս վարչախմբից եւ չի ցանկանում համակերպուել Հայաստանում հաստատուած ստատուս քուոյին: Մնացած հարցերում ընդդիմադիր էլիտան միասնական մօտեցում չի ցուցաբերում: Տարբեր են այս ծանր վիճակի բնութագրութիւնները, տարբերւում են նաեւ ելքերի վերաբերեալ մօտեցումները: Ըստ այս ծանր վիճակի բնութագրութիւնների եւ ելքերի վերաբերեալ առկայ մօտեցումների` հայաստանեան ընդդիմադիր ընտրանին կարելի է բաժանել երեք հիմնական խմբի:
Առաջին խումբը նշում է, որ այս ծանր վիճակի` պատճառը հիմնականում այն է, որ Սերժ եւ Տիգրան Սարգսեանների քաղաքականութիւնը ամէն ինչում ձախողուել է, ինչի արդիւնքում Հայաստանում առկայ է ծայրայեղ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ, որը կարող է կործանել պետութիւնը: Ուստի, ըստ այդ խմբի, առաջնահերթ քաղաքական խնդիրը պէտք է լինի իշխանափոխութեան հասնելը եւ այնպիսի իշխանութիւն ձեւաւորել, որը կ՛իրականացնի ճիշտ ընկերային-տնտեսական ծրագիր եւ երկիրը դուրս կը բերի խորը ճգնաժամից:
Երկրորդ խմբի դիրքորոշումն այն է, որ միայն լաւ սոցիալ-տնտեսական ծրագիր ունեցող առողջ թիմի իշխանութեան գալով չէ, որ պէտք է դուրս գանք այս ծանր վիճակից: Ըստ այս խմբի, նախ եւ առաջ այն է, երբ պետութիւնը չի յարգում մարդու հիմնարար իրաւունքները, չկայ քաղաքական մրցակցութիւն, տիրում է իրաւական անհաւասարութիւն, իշխող կուսակցութիւնը, պետութիւնը եւ խոշոր բիզնեսը սերտաճած են, դատարանները կամայական որոշումներ են կայացնում, երբ պետական որոշումները կայացւում են ոչ թէ Սահմանադրութեան, այլ` քրիմինալ օրէնքների հիման վրայ: Վերոնշեալ խումբը այդ ծանր իրավիճակից ելքը տեսնում է ազատ եւ արդար ընտրութիւնների համար պայմանների եւ իշխանութիւնների ճնշումներին դիմագրաւող մեխանիզմների ստեղծման մէջ:
Երրորդ խումբն էլ պնդում է, որ այս ծանր վիճակը առաջին հերթին թոյլերի նկատմամբ ամէնուրեք իրականացուող բռնութիւններն են, ցածրաճաշակ դոմինանտ մշակոյթը, անկիրթ միջավայրը, քրիմինալ բարքերի գերիշխանութիւնը, ծայրայեղ աղքատութիւնը, անպաշտպանուածութիւնը, էկոլոգիական աղէտները, հարուստների եւ աղքատների միջեւ ծայրայեղ անհաւասարութիւնը, ազնուական ընտանիքը, գերիշխող ֆէօտալական բարքերը եւ այլն: Վերոնշեալ խմբի ներկայացուցիչները “այս ծանր իրավիճակից ելքը տեսնում են մարդկանց մտածողութիւնը փոխելուն ուղղուած լուսաւորչական գործունէութիւն ծաւալելու եւ տարբեր կոնկրէտ իրաւունքների պաշտպանութեան տեղական միութիւններ ստեղծելու, յստակ տեղայնական խնդիրների շուրջ շարժումներ ստեղծելու, տարբեր մակարդակի իշխանական մարմինների վրայ կետային ճնշում իրականացնելու եւ այլ նմանատիպ գործողութիւններ իրականացնելու մէջ:
Ինչպէ՞ս է հնարաւոր այս ծանր վիճակի այսքան տարբեր ընկալումների առկայութեան պայմաններում ստեղծել միասնական քաղաքական օրակարգ: Կարծում ենք` այն հնարաւոր կը լինի ստեղծել միայն այն դէպքում, եթէ գտնուեն այնպիսի խնդիրներ եւ այդ խնդիրներին հասնելու գործողութիւններ, որոնց մէջ խմբերից իւրաքանչիւրը կը գտնի իր համար խիստ շահեկան մի բան, եւ եթէ դրանցում չլինեն այնպիսի կէտեր, որոնք բացարձակապէս անընդունելի են խմբերից որեւէ մէկի համար:
Կարծում ենք, որ այդպիսի օրակարգ կարող է ձեւաւորել խորքային, համակարգային փոփոխութիւններին միտուած, հասարակութեան տարբեր շերտերը եւ խմբերը ներառող քաղաքացիական շարժումը, որի հեռաւոր նպատակը կը լինի Հայաստանում ժողովրդավարական, իրաւական, սոցիալական պետութեան հիմնումը, եւ որը հէնց իր ներսում կը բացառի ոչ դեմոկրատական վարքի որեւէ դրսեւորում եւ իր շարքերում չի հանդուրժի այդպիսի վարք դրսեւորող անհատներին:
Հասկանալի է, որ միասնական նպատակը դեռ բաւարար չէ վերոնշեալ երեք էական խմբերի կողմից միասնական օրակարգ ձեւաւորելու համար: Ընդհանուր նպատակ ունենալը դեռեւս չի ենթադրում գործողութիւններ, որոնք միանշանակ ընդունելի եւ ցանկալի կը լինեն բոլորի համար: Սակայն, երբ շարժումը վերոնշեալ նպատակին մօտենալու համար իր առջեւ դնի այնպիսի կարճաժամկէտ խնդիրներ, որոնք կը կարեւորուեն բոլորի կողմից, այդ դէպքում մեծ է հաւանականութիւնը, որ կողմերը կը գան ընդհանուր յայտարարի: Այդպիսի կարճաժամկէտ խնդիրներ կարող են լինել, օրինակ` ներկայիս վարչախմբի կողմից մարդկանց օգտագործման ենթարկող մեքանիզմների, հիմնարկների կամ զեղծարարութեան ցանցերի վերհանումը, իշխանութիւնների նկատմամբ արդիւնաւէտ ճնշում իրականացնող հանրային հիմնարկների ստեղծումը եւ այլն: