ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

0 0
Read Time:5 Minute, 0 Second

ARF Supreme Body holds a rally on Freedom Square  ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Անգլիացիները վատ չեն զգում այն փաստից, որ Բրիտանիայի հողում իրենք առաջինը չեն: Նրանք հրաշալի գիտեն, որ նախքան իրենց նախնիների` անգլերի եւ սաքսերի` եւրոպական մայրցամաքից ոչ այնքան խաղաղ ճանապարհով կղզիներ տեղափոխուելը եւ դրանք բնակեցնելը այնտեղ հազարամեակներ շարունակ ապրել են բազմաթիւ կելտական ցեղեր, իսկ նրանցից առաջ` փիքթերը: Անգլիացիները չեն թաքցնում, որ նախորդներ են ունեցել, ընդհակառակը` խնամքով պահպանում են նրանց մշակութային կոթողները, գրքեր են գրում նրանց մասին, չեն խոչընդոտում այլազգի գիտնականների ուսումնասիրութիւններին: Եւ այսօր, երբ այդ ցեղերից մէկի յետնորդները` սկովտիացիները, որոշել են առանձնանալ եւ սեփական անկախ երկիրը ստեղծել, անգլիացիները զօրք չեն մտցնում Սկովտիա, չեն ընկնում ցեղապաշտական ջղագարութեան մէջ, չեն ստում ամբողջ աշխարհին սկովտիական հողում իրենց հին արմատների մասին, իրենց չեն վերագրում Սթոունհենճը եւ հին կելտական ասքերը, սկովտիացիներին չեն անուանում “յայտնի չէ, թէ որտեղից եկածներ“: Անգլիացիներն իրենց արժանավայել են պահում: Երեւի այդ պատճառով, չնայած շատ դառը պատմական յիշողութիւններին, Սկովտիայում այդքան շատ են անգլիացիների հետ ընդհանուր պետութեան պահպանման կողմնակիցները:

Ֆրանսացիները չեն ամաչում այն բանից, որ իրենց երկրի եւ ժողովրդի անուանումը ծագում է գերմանական ֆրանք ցեղախմբի անունից` չնայած գերմանացիների հետ բարդ ու ցաւագին պատմական յարաբերութիւններին: Հունգարացիները չեն ամաչում, որ իրենք ասիացի եկուորներ են Եւրոպայի սրտում: Պուլկարացիները չեն բարդոյթաւորւում իրենց մերձվոլկեան նախնիների պատճառով: Էսթոնացիները եւ լաթվիացիները ողբերգութեան չեն վերածում այն, որ մինչեւ 1918 թուականը երբեք անկախ չեն եղել:

Միայն Ատրպէյճանցիներն ու թուրքերն են, անդադար դէսուդեն ընկած, իրենց ինքնութիւնը որոնում: Քանի որ նրանց յայտնուելը Առաջաւոր Ասիայի մարդկային քաղաքակրթութեան թատերաբեմում նշանաւորուած է միայն աւերուած քաղաքներով ու տաճարներով, հրդեհուած գրադարաններով ու միլիոնաւոր սպաննուածներով, դա որեւէ մշակութային ժառանգութեամբ հաւասարակշռելու փորձերը իսկական մոլուցք է դարձել նրանց համար: Նրանք յայտարարում են, որ բոլոր մերձաւորարեւելեան հնագոյն ազգերը` շումերները, խէթերը, խուռիները, միտիացիները եւ աղուանները, իրենց նախնիներն են, որոնց հետ կապը, նրանց կարծիքով, կարող է “ազնուականացնել“ իրենց ծագումը: Նրանց կրթուած խաւի մեծ մասին բնորոշ թերարժէքութեան բարդոյթը ստիպում է ագահաբար սեփականացնել գրաւեալ կամ հարեւան ազգերի մշակութային ժառանգութիւնը. հայկական քրիստոնէական ճարտարապետութիւնը յայտարարւում է “աղուանական“ կամ վերագրւում “սելճուքեան արուեստին“ (թէեւ բարբարոսաբար ոչնչացւում է հէնց նրանց կողմից, ովքեր իրենց յայտարարել են աղուանների եւ սելճուքների յետնորդներ), կովկասեան ազգերի նախնիների ստեղծած ճարտարապետական յուշարձանները անուանւում են Ատրպէյճանցիների ժառանգութիւն, պարսիկ մեծ բանաստեղծները աներեւակայելի կերպով դառնում են Ատրպէյճանցիներ եւ այլն: Միաժամանակ իրենց հասարակութեանը ատելութիւն են ներարկում նրանց հանդէպ, ում փորձում են թալանել, իսկ իրապէս արժէքաւոր պատմական ժառանգութիւնը, որը թուրքերը թողել են իրենց նախահայրենիքում` Ալթայում եւ Եօթագէտքում, անարդարացիօրէն մոռացութեան է մատնւում:

Շատերը յիշում են, որ անցեալ տարուայ ապրիլին Պաքւում անցկացուեց Եւրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը: Յատուկ այդ առիթով Պաքւում լոյս տեսաւ “Ատրպէյճանական հնագոյն պետութիւնները“ գունագեղ ալպոմը` վեհաժողովի վեց աշխատանքային լեզուներով` Ատրպէյճաներէն, անգլերէն, հայերէն, վրացերէն, մոլտաւերէն եւ ուքրաներէն (հէնց այդպէս` այբբենական կարգով): Ալպոմը տպագրուած է թանկարժէք թղթի վրայ, նկարազարդուած գունաւոր լուսանկարներով եւ բաւականին լաւ նկարներով: Սակայն ամենակարեւորը, ի հարկէ, ծիծաղաշարժ, հնարովի “պատմական“ քարտէսներն են եւ Ատրպէյճանցի “գիտնականների“ անեկդոտանման բնագրերը, որոնց մասին չենք խօսի` դրանց գիտական զերօ արժէքի պատճառով: Գրքի հիմնական գաղափարը Ատրպէյճանական ժողովրդավարութեան հայր, ՊԱԿ-ի զօրավար Հայտար Ալիեւի այն խօսքերը հիմնաւորելն է, թէ Ատրպէյճանցի ժողովուրդը հինաւուրց եւ փառապանծ պետականութեան պատմութիւն ունի: Քանի որ դա ոչ մի կերպ չի համապատասխանում իրականութեանը, ալպոմի հեղինակները ստիպած են երկակի հնարք բանեցնել. նախ, այսպէս կոչուած, Ատրպէյճանական պետականութեան “փարախն են քշւում“ հին երկրներ եւ ազգեր, որոնք Ատրպէյճանի Հանրապետութեան եւ թուրքերի հետ ոչ մի կապ չունեն` Մանա, Միտիա, սկիւթներ, Ատրպատական: Երկրորդ` 18-րդ դարում ներքին խառնակչութիւնների պատճառով պառակտուած Հիւսիսային Իրանը յայտարարւում է “Ատրպէյճանական խանութիւնների“ տարածք, որոնց երկար ցանկում գաղտագողի խցկուած են Ղարաբաղը եւ նոր յօրինուած “Իրաւանը“:

Իսկ Ատրպէյճանցիները լիովին կարող էին բնական, խաղաղասէր ժողովուրդ դառնալ` միտուած ինքնուրոյն զարգացմանը, որի համար բաւականին նախադրեալներ կան, եթէ չլինէր անիծուած ու տանջալի թերարժէքութեան բարդոյթը, որը ստիպում է փնտռել, թէ ինչ կարելի է գողանալ, եւ անամօթաբար կեղծել պատմութիւնը` սեփականն ու հարեւաններինը: Այսպէս` անոք նորահարուստները գնում են ազնուական տիտղոսներ, յօրինում պատմութիւններ` հերոսացնելով ոչ ներկայանալի նախնիներին: Եւ երբեմն հասնում են իրենց նպատակին. հասարակութիւնը մոռանում է, որ իրենց նախնիները կեղտ մաքրողներ կամ աւազակներ են եղել: Իսկ միջազգային հանրութիւնը աչք է փակում ցեղասպանութիւնների ու մարդկութեան դէմ յանցագործութիւնների վրայ:

Պատմութեան նկատմամբ բռնութիւնը բնորոշ է թոյլերին: Ուժեղները պատմութիւնը կեղծելու կամ հերքելու կարիք չունեն: Սակայն հարստութիւնը երբեմն փակում է ոչ միայն ագահ շրջապատի աչքերը, այլեւ հէնց հարուստի: Ստացւում է փակ շրջան` դուք ձեզ համար պատմութիւն էք յօրինում եւ ինքներդ էլ դառնում էք դրա զոհը` ձգտելով դրան համապատասխանել: Փլեբէյական ծագումից բարդոյթաւորուած հարուստը, որը մարքիզի տիտղոս է գնել ու իր անունով տերեւիկ նկարել հին ընտանիքի տոհմածառին, կարող է սովորել կիրթ շարժուձեւ եւ երեխաներին Քեմպրիճ ուղարկել, սակայն նրա ու նրա յետնորդների թիկունքում դեռ երկար են հեգնանքով շշուկներ փոխանակելու: Սակայն այդ հեգնական ժպիտները հետզհետէ կը փակուեն թղթադրամներով, իսկ յետոյ սուտը կը ծածկուի մոռացութեան շղարշով ու շատ նման կը դառնայ ճշմարտութեանը:

Նման մի բան կարելի է դիտարկել ազգերի եւ հասարակութիւնների պարագայում. փողով կարելի է “գիտական“ ուսումնասիրութիւն կամ յարգի հանրագիտարանում յօդուած պատուիրել` ազգի կամ ցեղային հանրութեան պատմութիւնը եւ համաշխարհային քաղաքակրթութեան մէջ աւանդը “հնացնող“ ու “ազնուականացնող“: Բայց կայ մի առանձնայատկութիւն, որը տարբերակում է մարդկային հանրութիւնը միջազգայինից: Առաջինի դէպքում քաղաքացիական իրաւունքների համար երկարատեւ պայքարի արդիւնքում քիչ թէ շատ յաջողութեամբ հաստատուած է ժամանակակից օրէնքների համակարգ` հաստատութիւնների եւ անհատների յարաբերութիւնները կարգաւորող եւ հասարակութեան ենթականերին (սուբիեկտներին) տարատեսակ փոխադարձ ոտնձգութիւններից պաշտպանող: Այս ոլորտի վերջին ձեռքբերումներից է ստեղծագործական գործունէութեան բոլոր բնագաւառներում հեղինակային իրաւունքների պաշտպանութիւնը: Ազգերի իրաւունքները շատ աւելի վատ են պաշտպանուած, քան քաղաքացիական իրաւունքները: Դա ամբողջովին վերաբերում է սեփական մշակութային ժառանգութեան հանդէպ իրաւունքներին, որոնք բաւարար պաշտպանուած չեն միջազգային ուխտերով: Հէնց այստեղ էլ առաջ են գալիս արատաւոր շրջանի վտանգաւոր դրսեւորումներ, որոնք յանգեցնում են Ատրպէյճանական հասարակութեանը իր իսկ ընտրանիի կողմից պարտադրուած աղճատուած աշխարհընկալմանը. արհեստականօրէն ստեղծուած, յօրինուած պատմական “հզօրութիւնը“ անխուսափելիօրէն յանգեցնում է ներկայումս հզօրութեան հասնելու ձգտման: Հոգեբանութեան տարրական դասընթացից յայտնի է, որ թերարժէքութեան բարդոյթ ունեցող մարդիկ եւ հասարակութիւնները առաւել հակուած են լինում յարձակողականութեան եւ մեծամտութեան: Եւ Ղարաբաղեան հակամարտութեան ելքը չի երեւում այն պատճառով, որ պարտութեան հետեւանքով խորացած` Ատրպէյճանական թերարժէքութեան բարդոյթը քարիւղային զարթօնքի ազդեցութեան տակ սահուն վերածուել է մեծամտութեան մոլուցքի: Իսկ դա ծանր հիւանդութիւն է: Այն պէտք է բուժել: Իսկ վտանգաւոր հիւանդի բուժման մէջ ամենաշատ շահագրգռուած են նրանք, ում համար նրա ոչ համարժէք աշխարհընկալումը եւ յարձակողական պահուածքը ամենամեծ վտանգն են ներկայացնում: Այսինքն` մենք: Բուժման մեթոտների ընտրութիւնը մեծ չէ, եւ ժամանակն էլ այնքան շատ չէ, քանի որ հիւանդը դառնում է աւելի ու աւելի անկանխատեսելի ու վտանգաւոր: Արդեօ՞ք ժամանակը չէ հարեւաններին նրանց հասկանալի մեթոտով, այսինքն` “գլուխը մտցնելով“, բացատրել, որ իրենց սէրը սեփական երեխաների հանդէպ պէտք է ուժեղ լինի հայերի հանդէպ ատելութիւնից:

Յ. Գ.- Շնորհաւորում եմ Արցախի անկախութեան օրուայ առթիւ, սիրելի՛ հայրենակիցներ:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles