Ազատութեան Հրապարակի Գիշերներում Ծնւում Է Հ.Հ. Քաղաքացին

0 0
Read Time:2 Minute, 31 Second

electricity-24

Գէորգ Աղապապեան
(Յապաւումով)
Յունիս 22, 2015

Ազատութեան հրապարակում չի դադարում Ելեկտրականութեան թանկացման դէմ սկսուած նստացոյցը, որի մասնակիցները սպառնում են նստացոյցը տեղափոխել Հ.Հ. նախագահի նստավայրի մօտ:
Բաղրամեան փողոցը, ինչպէս յայտնի է, հայաստանեան հասարակական-քաղաքական շարժումների «գերեզմանոց» է: Այստեղ Սեպտեմբերի 25, 1996-ին դրուեց Վազգէն Մանուկեանի շարժման վերջի սկիզբը, Ապրիլի 12, 2004-ին գիշերը ցուցարարների վրայ ուժայինների յարձակմամբ այստեղից սկսուեց ընդդիմութեան ճգնաժամը, Ապրիլ 2013-ին այստեղից Րաֆֆի Յովհաննիսեանը լքեց ժողովրդին` Ծիծեռնակաբերդում ոստիկանապետի հետ աղօթք կարդալու համար:
Արդեօ՞ք «Ո՛չ Թալանին» շարժումը կը կարողանայ ջարդել այս տխուր աւանդոյթը, պարզ կը դառնայ առաջիկայում, թէեւ շարժման կազմակերպման եւ գործողութիւնների կազմակերպման առանձնայատկութիւններն առանձնապէս լաւատեսութիւն չեն ներշնչում: Այնքան էլ լաւ չհիմնաւորուեց, թէ ինչու Ազատութեան հրապարակում թանկացման դէմ վճռական հանրահաւաքը պատրաստուեց ելեկտրականութիւնը թանկացնելու մասին որոշումը կայացուելուց յետոյ, այլ ոչ թէ դրանից առաջ: Չէ՞ որ, որ աւելի դիւրին է ստիպել կանխել անցանկալին, քան անդրադառնալ հետեւանքին: Յունիսի 19-ին հանրութիւնը Ազատութեան հրապարակ էր կանչուել հանրահաւաքի համար, բայց կազմակերպիչները դրա փոխարէն առաջարկեցին միանգամից նստացոյց սկսել: Թէեւ, որպէս ճնշման միջոց, դա առաւել ազդեցիկ է, յատկապէս, որ նստացոյցը կրում է անդադար բնոյթ, սակայն այս կտրուկ անցումները ցոյց էին տալիս, որ շարժումը կազմակերպւում է հախուռն, յընթացս կայացուող որոշումներով, եւ որ այնքան էլ կանխամտածուած չեն յետագայ քայլերը:
Ոստիկանութիւնն, ընդհանուր առմամբ, ադեկուատ է արձագանգում իրավիճակին: Դա ձեռք բերած փորձառութեան արդիւնք է: Ինքնավստահութեան ու հաւասարակշռութեան այս ցուցադրութիւնը նրա համար է, որ ցոյցին աւելորդ հասարակական-քաղաքական կշիռ չհաղորդուի, որ իրավիճակը վերահսկելու իմաստով հանրութեանը ներշնչուի իշխանութեան գերինքնավստահութիւնը: Բայց որքա՞ն դա կը շարունակուի: Ոստիկանութեան ինքնավստահութիւնը սնւում է Ազատութեան հրապարակում սպասուածից աւելի քիչ հանրոյթ տեսնելուց: Եթէ այն աւելորդ անհաշուենկատութիւն դրսեւորի, ոստիկանութեան համար խնդիր չի լինելու ցրել այդ աղբիւրը: Գուցէ ոստիկանութեան համար ամենաձեռնտու տարբերակը հէնց լինի այսքան փոքր ռեսուրսով, կազմակերպչական լուրջ խնդիրներով ցոյցը Բաղրամեան փողոց տեղափոխելու փորձը շարժումը դեռ չծնուած` օրօրոցում խեղդելը:
Եւ, այնուամենայնիւ, շարժման իրական խնդիրը, բոլորովին էլ ոստիկանութիւնը չէ եւ ոչ էլ, մեծ հաշուով, այս հախուռնութիւնը: Ազատութեան հրապարակի սահմաններում վերջինս նոյնիսկ առաւելութիւն է: Չկայ կազմակերպչական յստակ կեդրոն, չկայ նաեւ քաղաքական շահարկումների ենթարկուելու, կամայ թէ ակամայ տարբեր շահեր սպասարկողի վերածուելու վտանգ: Որեւէ մէկը չի կարող իրեն իրաւունք վերապահել իշխանութեան հետ մտնել առանձին բանակցութիւնների կամ գործարքների մէջ, որովհետեւ սա մի շարժում է, որտեղ իւրաքանչիւրն ընդամէնը ինքն իրեն է ներակայացնում: Հետեւաբար, չափաւոր զգացական ըլլալը, որը խարսխւում է երիտասարդական կիռքի, հաստատակամութեան եւ սկզբունքայնութեան վրայ, շարժման մաքրութեան, ապաքաղաքականացուածութեան հիմնական ցուցիչն է ու հրապարակն անտարբերների համար գրաւիչ դարձնելու գրաւականը: Շարժման իրական խնդիրը հանրային անշարժութիւնն է, իր իսկ յստակ ձեւակերպուած պահանջներին տէր կանգնելու պատասխանատուութիւնից խուսափելու կեցուածքը, մասնակցի, դերակատարի հոգեբանութիւնը հանդիսատեսի հոգեբանութեամբ փոխարինելու իրողութիւնը: Սա կրկնակի բարդացնում է իրավիճակը:
Ազատութեան հրապարակն իր տունը դարձրած առողջ երիտասարդութիւնը հիմա փորձում է միաժամանակ երկու խնդիր լուծել. վերակենդանացնել հայրենակիցների մէջ մահացած քաղաքացուն, ջարդել յարմարուողականութեան պեթոնապատ հաստ պատը եւ միաժամանակ լինել պահանջատէր: Որքան հրապարակը յաջողում է` որպէս պահանջատէր, նոյնքան առայժմ ձախողում է` իբրեւ վերակենդանացնող: Բայցեւայնպէս, թէ՚ մէկի եւ թէ՚ միւս իմաստով այս շարժման բովում, Ազատութեան հրապարակի գիշերներում ծնւում է Հ.Հ. քաղաքացին: Այն դեռ որակ չի կազմում, բայց հրապարակից յորդող իր լաւատեսութեամբ ու լուսաւորութեամբ խիստ վարակիչ է: Մնում է գտնել այդ վարակը տարածելու, համաճարակի վերածելու եղանակը: Նրանք գալիս են` փոխարինելու զէնքերը վայր դրած զանգուածին, գալիս են դառնալու քաղաքական-հասարակական լուրջ գործօն:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles