Չընտրողների Ընտրութիւնը

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Կեդրոնական ընտրական յանձնաժողովը ամփոփեց Մայիսի 14-ին կայացած՝ Երեւանի աւագանու ընտրութիւնների նախնական պաշտօնական արդիւնքները: Համաձայն դրանց՝ մայրաքաղաքի նոր աւագանիում Հ.Հ.Կ.-ն կրկին կ՛ունենայ որոշիչ մեծամասնութիւն՝ ստանալով ընտրութիւններին մասնակցած ընտրողների 71 տոկոսի քուէն, հետեւաբար՝ նաեւ ձեռք բերելով քաղաքապետ առաջադրելու եւ ընտրելու իրաւունքը: Սա նշանակում է, որ Տարօն Մարգարեանն առաջիկայ տարիներին եւս լինելու է Երեւանի քաղաքապետը: Ընդդիմութեան եւ քաղաքական փոքրամասնութեան դերում հանդէս կը գան «Ելք» դաշինքը, որն ստացել է ընտրողների 21 տոկոսի քուէն, եւ նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցութիւնը՝ վստահութեան 8 տոկոս ձայներով: Երեք ուժերն էլ անցնում են աւագանի, քանի որ ընտրական օրէնսգրքի պահանջով, Երեւանի աւագանին կարող է կազմուած լինել նուազագոյնը 3 քաղաքական ուժից, իսկ եթէ աւելի մեծ թուով ուժեր չեն մասնակցել ընտրութիւններին, դրանց համար չի գործում նուազագոյն շեմը անցնելու պահանջը: Սա նշանակում է, որ երեք ուժերի միջեւ տոկոսային նոյն յարաբերակցութիւնը կը լինի նաեւ աւագանիում, որտեղ, փաստօրէն, կը լինի մօտ 30 տոկոսանոց ընդդիմութիւն:Քուէարկութեանը նկատելիօրէն քիչ թուով ընտրողներ էին մասնակցել՝ երեւանցի ընտրողների ընդամէնը 41 տոկոսը: Սա այն դէպքում, երբ ընդամէնը մէկուկէս ամիս առաջ Ազգային Ժողովի ընտրութիւններին մասնակցեց երեւանցի ընտրողների 59 տոկոսը:

Խորհրդարանական ընտրութիւնների քաղաքական նշանակութիւնն անհամեմատելի է ՏԻՄ ընտրութիւնների հետ: Եւ այս իմաստով բնական եւ առարկայական է, որ աւագանու ընտրողներին մասնակցութիւնն աւելի փոքր է: Սակայն խզումն ամէն դէպքում անբնական մեծ է, եւ դա յստակ երեւում է 2012թ. Երեւանի աւագանու ընտրութիւնների ֆոնին: Այն ժամանակ մասնակցել էր ընտրողների գրեթէ 54 տոկոսը, ինչը նշանակում է, որ երեւանցի ակտիւ ընտրազանգուածի 15-20 տոկոսն այս անգամ պարզապէս «բոյկոտել է» ընտրութիւնները՝ կանխորոշելով ՀՀԿի՝ նման պատկառելի ցուցանիշով յաղթանակը:

Խնդիրն այն է, որ ընտրութիւններին չի մասնակցել քաղաքականապէս ակտիւ եւ հակաիշխանական տրամադրութիւններ ունեցող շրջանակը: Դրա մասին է խօսում այն փաստը, որ իշխանութիւնը՝ ի դէմս Հ.Հ.Կ.-ի, այս ընտրութիւններին հաւաքել է գրեթէ նոյնքան քուէ, որքան նախորդ ընտրութիւններին: 2012թ. աւագանու ընտրութիւններին Հ.Հ.Կ.-ն ստացել է մօտ 235 հազար քուէ, 2017թ. ԱԺ ընտրութիւններին՝ 241 հազար եւ Երեւանի աւագանու այս ընտրութիւններին՝ 240 հազար: Այսինքն՝ Հ.Հ.Կ.-ի ընտրող զանգուածի չափը փաստացի չի փոխուել: Եւ առաւելագոյնը, ինչին, իր ամբողջ միջոցներով հանդերձ, այս կուսակցութիւնը կարողանում է հասնել, ընդամէնը 240 հազար ընտրողի կամ Երեւանի ընտրողների ընդամէնը 29-30 տոկոսին զօրաշարժի ենթարկուելու է: Եթէ Հ.Հ.Կ.-ի էլեկտորանտը չի փոքրանում, նշանակում է ընտրութիւնները «բոյկոտել» է նրան չընտրող կամ նրան սկզբունքօրէն դէմ արտայայտուող զանգուածի մեծամասնութիւնը:

Այս իրավիճակը փաստում է, որ Հ.Հ.Կ.-ն շարունակում է յաղթել եւ բացարձակ իշխանութիւնը պահպանել ոչ թէ այն պատճառով, որ չափից դուրս ուժեղ է ու անյաղթելի, կամ որ ընտրողների «հաւաքագրման» աւանդական դարձած մեխանիզմները ամբողջական բնոյթ են կրել, այլ որովհետեւ այլընտրանքային բեւեռն է շարունակում մնալ չափից դուրս թոյլ ու մասնատուած: Նախընտրական շրջանում ընտրական գործընթացներէն ինքնակամ մեկուսացած, լուսանցքային դարձած ուժերը, անհատներն ամէն ինչ արեցին թէ՛ «Ելք»ի եւ թէ «Երկիր ծիրանի»ի նկատմամբ, որպէս իրական ընդդիմադիր ուժերի, կասկածները խորացնելու, ընդհուպ՝ իշխանական ծրագիր լինելու շուրջ համոզմունք ձեւաւորելու համար՝ այդ ամէնն ուղեկցելով անհանդուրժողականութեան, թոյնի, նախանձի հեղեղով: Միւս կողմից՝ այս երկու ուժերը նախընտրական շրջանում աւելի շատ թիրախաւորեցին միմեանց՝ էլ աւելի մեծացնելով համընդհանուր հիասթափութիւնը, կասկածամտութիւնը: Դա չէր կարող չազդել ընտրութիւնների ելքի եւ ընտրողների մասնակցութեան վրայ: Թէեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչեանը պնդում է, որ քուէարկողների սակաւութիւնը կապուած է ընտրութիւններին քիչ թուով քաղաքական ուժերի մասնակցութեան հանգամանքով, իրական պատճառն ընդդիմադիր կամ այլընտրանքային դաշտում ստեղծուած՝ առանց չափազանութեան ողբալի, խղճուկ եւ ճգնաժամային իրադրութիւնն է, ներքին վստահութեան խորագոյն բացը: Այլ իրավիճակում ընտրութիւններին քիչ թուով ուժերի մասնակցութիւնը ոչ թէ ձայները փոշիացնելու, այլ նրանց շուրջ մոբիլիզացուելու պատճառ կը լինէր:

Ինչեւէ, կասկած չկայ, որ եթէ «Երկիր Ծիրանի»ն չմասնակցէր ընտրութիւններին, չմասնակցողների ցուցանիշն շատ աւելի մեծ էր լինելու: Զարուհի Փոսթանջեանն ընդամէնը 2 ամսուայ ընթացքում 7 տոկոսանոց էլեկտորատ հաւաքեց հէնց ինքնամեկուսացած ընդդիմադիր ուժերի «անտէր» մնացած ընտրազանգուածի շնորհիւ: Սակայն դեռ փաստ չէ, որ նա վերջնականապէս է «իւրացրել» այդ ռեսուրսը: Նման եզրակացութեան համար դեռ վաղ է մի կուսակցութեան դէպքում, որն իր ինքնահաստատման միջոցը «Ելք»ին թիրախաւորելն է դարձրել:

Ինչ վերաբերում է վերջինիս, ապա դաշինքը փաստացի կարողացաւ պահպանել իր ընտրազանգուածքը՝ 69-71 հազարի սահմաններում: Եթէ նկատի ունենանք, որ սրանք ՏԻՄ ընտրութիւններ էին, ընտրողների թուի ապահովումը «Ելք»ի համար վատ ցուցանիշ չպէտք է համարել: Բայց սա ԱԺ ընտրութիւնների, դաշինքի կիրառած յարձակողական քարոզարշաւի անտարբեր ազդեցութեան հետեւանքն է: «Ելք»ը եւս ձեռք բերած ընտրազանգուածի կայունութիւնը պահպանելու եւ այն քաղաքական դրամգլուխի վերածելու խնդիր ունի, որի լուծումը կախուած է բացառապէս իր յետագայ գործունէութիւնից, սկզբունքայնութիւնից եւ նրանից, թէ որքանո՞վ կը լինի ամբողջական:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*