Ինչի՞ Մասին Են Խօսում Ընտրութիւնների Արդիւնքները

հրապարակուեցան Ազգային Ժողովի ընտրութիւնների նախնական արդիւնքները: 6-րդ գումարման Ազգային ժողովին կազմուած կը լինի չորս քաղաքական ուժերից` Հ.Հ.Կ., Հ.Յ.Դ. կուսակցութիւներ, «Ծառուկեան» եւ «Ելք» դաշինքներ: Այս ուժերի վերջնական դասաւորութիւնն Ազգային ժողովում պարզ կը դառնայ առաջիկայում` ընտրական օրէնսգրքով սահմանուած կարգով կատարուելիք մաթեմատիկական հաշուարկներից: Այսուհանդերձ, Ապրիլի 2-ին կայացած ընտրութիւնները եւ արձանագրուած արդիւնքները թոյլ են տալիս անելու մի քանի դիտարկում:

1. Արդարացուեցին սպասելիքները ընտրական նոր համակարգից այն մասով, որ զգալիօրէն նուազեցուել են ընտրատեղամասում նախկինում արձանագրուող ընտրախախտումները` կապուած լցոնումների, կրկնաքուէարկութիւնների, մահացածների եւ արտերկրում գտնուողների փոխարէն քուէարկելու հետ: Այս կեղծարարական մեխանիզմների գործադրման չէզոքացումը փոքրացրել է նաեւ ընտրատարածքներում եւ դրանց յարակից տարածքներում արձանագրուող բռնութիւնների, բախումների շրջանակը: Ընտրախախտումների ծանրութեան կենտրոնը ընտրական իրաւական համակարգից տեղափոխուել է ընտրական մշակոյթի ու աւանդոյթների` այս պահին անուերահսկելի թուացող եւ հէնց դրանով երկարաժամկէտ կտրուածքով վտանգաւոր տարածութիւն:

2. Նոր ընտրական համակարգը չյանգեցրեց քուէարկութեանը մասնակցող ընտրողների թուի էական փոփոխութեան, ինչի անխուսափելիութեան մէջ համոզուած էր քաղաքական ուժերի մեծ մասը: Եթէ 2012-ի ընտրութիւններին մասնակցել էր ընտրողների մօտ 62.5 տոկոսը, այս անգամ նրանց թիւը գրեթէ 61 տոկոս էր. տարբերութիւնն ակնյայտօրէն մեծ չէ: Բայց սա ոչ թէ ընտրութիւններին չմասնակցածների փոխարէն քուէարկելու արդիւնք էր, այլ` իրական ընտրողների մասնակցութեան աննախադէպ մեծ չափի: Եթէ նկատի ունենանք ոստիկանութեան այն հաւաստիացումը, որ 2.5 մլն ընտրողների թիւը ներառում է նաեւ Հայաստանից դուրս գտնուող քաղաքացիներին, ապա պարզ է դառնում, որ Ազգային Ժողովի այս ընտրութիւններին մասնակցել է Հայաստանում գտնուող ընտրողների մօտաւորապէս 70-80 տոկոսը: Համացանցում եւ հեռուստատեսութեամբ ցուցադրուող տեսանիւթերից պարզ երեւում էր, որ ընտրատեղամասէր քուէարկութեան էին գալիս նոյնիսկ գրեթէ շարժուել չկարողացող, զառամեալ ծերունիները, հաշմանդամները:

3. Նման ցուցանիշը պայմանաւորուած է ընտրողների հաւաքագրման, ցուցակագրման, մոբիլիզացման, նիւթական շահագրգռմամբ ուղղորդման նպատակով ֆինանսական եւ վարչական հսկայական ռեսուրսների տիրապետող մասսայական կուսակցութիւնների, հիմնականում` Հ.Հ.Կ.-ի ռեյտինգային թեկնածուների շտապների իրականացրած աննախադէպ աշխատանքով: Ոչ երկրորդական դեր է կատարել նաեւ ընտրակաշառքը, սակայն, ինչպէս լինում է միշտ, քանի դեռ չկայ արձանագրուած փաստ, որեւէ մէկին դրանում մեղադրել գործնականում հնարաւոր չէ: Հաւաքագրումն առաւել վայրի դրսեւորումներ է ունեցել մարզային աւելի քիչ վերահսկուող կամ չվերահսկուող գիւղական համայնքներում, ինչի վկայութիւնն էր բազմաթիւ համայնքների` հրապարակուած արդիւնքներով Հհկ-ի օգտին տրուած մօտ 70-80 տոկոս քուեն: Ամէն դէպքում` անհատական բարձր ցուցանիշներ արձանագրելու, ներսում առաւելագոյն արդիւնքներ ունենալով` Ազգային Ժողով անցնելու հնարաւորութիւն ձեռք բերելու` ռեյտինգայինների ներքին մրցակցութիւնն ամենամեծ ծառայութիւնը մատուցեց նրանց առաջադրած կուսակցութիւններին: Կարելի է համարձակ ասել, որ Ազգային Ժողովի ընտրութունների այսպիսի պատկերը, Հանրապետական կուսակցութեան տարած յաղթանակը մեծ չափով ապահովեցին հէնց ռեյտինգային թեկնածուները` համամասնական ընտրութիւնները գործնականում վերածելով անհատների ընտրութեան: Այս ընտրութիւններով հաստատուեց ընտրողների խոցելիութիւնը, անպաշտպանութիւնը ապաքաղաքական, հիմնականում` հոգեբանական ճնշման ներգործութեան վրայ հիմնուած տեխնոլոգիաների առջեւ: Այս հարցը դառնում է ներքաղաքական օրակարգի ամենահրատապ խնդիրը: Ընտրութիւնների վրայ ռեյտինգային թեկնածուների ունեցած հսկայական, համամասնական ընտրակարգի տրամաբանութիւնից դուրս եկող ազդեցութիւնը փաստում է, որ ընտրական օրէնսգիրքն ունի լրջագոյն վերանայումների կարիք:

4. Հանրապետականներու այս յաղթանակը ցոյց տուեց, որ իշխող կուսակցութիւնը վերահսկում է իրավիճակը, եւ ընտրութիւններից առաջ ներքին վերափոխումների որոշակի ցնցումներն էական ազդեցութիւն չեն թողել թիմի մոբիլութեան, միասնականութեան վրայ: Հանրապետականներիյաջողութեան երկրորդ գրաւականը վարչապետ Կարեն Կ՚արապետեանի անհատական բարձր վարկանիշն էր: Արդիւնքների վրայ նրա վարկանիշի զգալի ազդեցութիւնն ամրապնդում է Կ՚արապետեանի դիրքերը Հհկ-ում, թոյլ տալիս նրան պահպանել Հանրապետականների որակական փոփոխութեան կուրսը: Սակայն ռեյտինգային թեկնածուների հզօր ազդեցութիւնը հաստատում է, որ այդ բարեփոխման ճանապարհին ամենամեծ մարտահրաւէրը շարունակելու է մնալ օլիգարխիայի հնարաւոր ուժեղ դիմադրութիւնը: Կ՚արապետեանի կառավարութիւնն իր ծրագրերն իրականացնելիս անգամ մեծագոյն ցանկութեան դէպքում չի կարող հաշուի չառնել ԱԺ մեծամասնութեան մէջ նրանց տեսակարար կշիռը:

5. Հ.Յ.Դ.-ի եւ «Ելք»-ի` Ազգային Ժողով անցնելը, որքան էլ համեստ ցուցանիշներով, որակ է հաղորդելու նոր Ազգային ժողովին` մեծացնելով նրա քաղաքական դերը: Եթէ Հ.Յ.Դ.-ի վարքագիծը խորհրդարանում կանխատեսելի է` հաշուի առնելով նախորդ տարիների նրա փորձը, ապա «ելքե-ի երիտասարդ ներուժը, կրէատիւ մտածողութիւնը, նախաձեռնողականութիւնը նոր շունչ են հաղորդելու խորհրդարանին: Հ.Յ.Դ.-ին Ազգային Ժողով բերեց նրա կայուն, վստահելի եւ արժէքաւոր ընտրազանգուածը, ինչպէս նաեւ հաշուետուողականութեան վրայ խարսխուած ընտրարշաւը: «Ելք»-ը` որպէս քաղաքական միաւոր, նախընտրական պրոցեսի արգասիք է, եւ գոյութեան կարճ ժամանակահատուածի համեմատ, թիմային կազմակերպուած աշխատանքի, որոշումների կայացման ժողովրդավարական մեխանիզմների կիրառման եւ հետաքրքիր քարոզարշաւի շնորհիւ արձանագրած նրա արդիւնքը փոքր չպէտք է համարել: «Ելք»-ը Ազգային ժողովում կը ներկայացնի, այսպէս կոչուած, արեւմտեան «թեւ»ը եւ կը նպաստի քաղաքական մշակոյթի ձեւաւորմանը:

6. Ազգային Ժողով չանցան 5-րդ գումարման ուժերից երեքը` «Ժառանգութիւն»ը, «Օրինաց երկիր»ը, Հ.Ա.Կ.-ը: Հասարակութիւնը, ի դէմս նրանց, մերժեց անուղղելի, անբովանդակ գործունէութիւնը, քաղաքական անկայունութիւնն ու ծայրահեղականութիւնը եւ Արցախի հարցում անհամաչափ զիջողականութիւնը: Հ.Ա.Կ.-ը տապալեց Արցախի հարցով «խաղաղութիւն տարածքների դիմացէ բանաձեւի «հանրաքուենէ: Սա կարեւոր ուղերձ է միջազգային հանրութեանը եւ Ադրբեջանին: Կարելի է ասել, որ Հ.Հ.Շ.-ի,«Օրինաց երկիր»ի, Կոմկուսի դարաշրջանն աւարտուեց: Ցաւալի է, որ ջախջախիչ պարտութիւն կրեց, ընդհանուր առմամբ, լիպերալ դաշտը: Սպասելի, բայց ամէն դէպքում ցաւալի էր «ազատ դեմոկրատներ»ի պարտութիւնը, որի հիմնական պատճառը, թերեւս, յստակ արեւմտամէտ արեւելումն էր: Սակայն Ազգային ժողովը զրկուեց այդ կուսակցութեան մէջ ընդգրկուած փորձագիտական, մտաւորական լուրջ, արժէքաւոր շրջանակից:

Գէորգ Աղաբաբեան
(յապաւումով)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*