Վարդիթեր Մկրտչեանի Հաւաքածոն…Որպէսզի Ջաւախքում Չվերանայ Թոնիրը, Ասեղի Քոստիկը, Փայտէ Մուրճը Եւ Այլ Հին Իրեր

files-2

 

Աղունիկ Յովհաննիսեան

Վարդիթեր Մկրտչեանը 2011 թուականից Նինոծմինդայի շրջանի Փոկայ գիւղի դպրոցի փոքրիկ գրադարանում ստեղծել է հնութիւնների եւ բազմաթիւ արժէքաւոր իրերի հաւաքածուների անկիւն, անձամբ հաւաքել եւ համարակալել ողջ հաւաքածոն:
«Յիշում եմ, թէ մայրս ամէն օր ինչպիսի առանձնայատուկ խնամքով էր մաքրում եւ դասաւորում մեր կարասները, այդ ժամանակ փոքր էի, առանձնապէս բան չէի էլ հասկանում, մօրս այդ գործը դիտարկում էի որպէս տան մաքրութեան եւ եղած- չեղածը դասաւորելու հերթական քայլերից մէկը», -պատմում է տիկին Վարդիթերը: Տարիների հետ շատ բան է փոխուել մարդկանց կեանքում, ժամանակակից տեխնիկայի միջոցով բազմաթիւ իրեր դուրս են հանուել կենցաղից, կանանց խոհանոցներից, այդ թւում եւ կարասիները, սակայն տան մի անկիւնում պահպանուել էին Վարդիթերի մօր կարասիներից մի քանիսը: Նա որոշել է գտնել ու տէր կանգնել դրանց, որոնք էլ դարձել են հաւաքածոյի առաջին նմուշները: poka_library_522705087
Վարդիթեր Մկրտչեանը մօտ 41 տարի է` աշխատում է Փոկայի դպրոցի գրադարանում: Ուսուցիչներին հաւասար նա էլ բազում սերունդներ է ճանապարհել` մեծահոգաբար եւ պատուով կատարելով իրեն վստահուած գործը: Ոստի եւ նպատակայարմար է գտել գրադարանի փոքրիկ մի անկիւն յատկացնել եւ հնութիւնների իր հաւաքածոն դասաւորել այդտեղ:
«Երկար տարիներ նուիրեցի գրքեր պահպանելուն, հաւաքելուն, ինչն այնքան էլ հեշտ գործ չէր մեր խեղճ եւ անտեսուած Ջաւախքում: Հիմա էլ, երբ տեսնում եմ, թէ ինչպէս են սերունդները մոռանում մեր անցածը, շատ եմ տխրում: Տխրում եմ, որ վերանում է թոնիրը, աւելի շուտ` համընդհանուր չկայ, վերացել են եւ շարունակում են վերանալ բազում հետաքրքիր եւ արժէքաւոր իրեր, ինչպէս, օրինակ, փայտից պատրաստած մուրճը (նախկինում օգտագործել են սայլի մեխերն ամրացնելու համար), ասեղի քոստիկը` (կաշուէ փոքրիկ գրպանիկ յիշեցնող իր, որտեղ պահել են ասեղները), ձկի նքուկը` գործիք, որով գործել են ձուկ բռնելու ցանցը: Սրանք եւ էլի շատ նմուշներ, հաւաքում եւ պահպանում եմ, այն ամէնն ինչ ձեռքս ընկնի»,- շարունակում է տիկին Վարդիթերը:

filesՀին իրերի կողքին կան նաեւ նորերը: Այն հարցին, թէ այս իրերի ներկայութիւնը ինչպէս կը բացատրի, տիկին Վարդիթերը մեղմ ժպիտով ասում է. «Որպէսզի հինը նորի հետ համակցենք, զուգահեռ հին իրերին հաւաքում եմ նաեւ նորը` դպրոցի աշակերտների ձեռքով պատրաստածը»:
Տիկին Վարդիթերը հաւաքել է նաեւ գրողներին վերաբերող նիւթեր, որտեղ կան հայ մեծանուն գրողների եւ արուեստագէտների բազում ստեղծագործութիւններ, նրանցից պահպանուած մասունքներ, ինչպէս, օրինակ, Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրից` Օշականից բերուած հող ու ջուր, որը տիկին Վարդիթերը անձամբ է բերել, Աբուլի գագաթ բարձրացած մի խումբ երիտասարդների ձեռքով բերուած հող, Արեւմտեան Հայաստանից բերուած հող եւ Վանայ լճի ջուր:files-1files-3

Կայ նաեւ 1915-ի Եղեռնից մազապուրծ եղած մարդկանց տուեալների հաւաքածոյ, այդ թւում եւ Փոկայում բնակութիւն հաստատած 6-ամեայ Հայկանուշ Տէրտէրեանի մասին, որը հօր հետ Արեւմտեան Հայաստանից, քիլոմեթրներ քայլելով, փրկուել է կոտորածից եւ հասել Փոկայ:
Տիկին Վարդիթերը առանձնացրել է մի անկիւն, հաւաքելով բոլոր այն մարդկանց տուեալները, ովքեր ինչ-որ բանի են հասել, աւարտելով Փոկայի միջնակարգ դպրոցը եւ կրթութիւնը շարունակելով դարձել են բժիշկ, պատմաբան, գրող եւ այլն. «Թող ճանաչեն եւ իմանան ինչպիսի մարդիկ է տուել մեր դպրոցը»,-հպարտութեամբ ներկայացնում է նա: Դպրոցում տիկին Վարդիթերի այս գործունէութիւնը ոգեւորիչ է եղել, եւ աշակերտները նոյնպէս իրենց աւանդն են ներդրել այդ գործում եւ ամէն հարցում աջակցում են նրան:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*