«ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՈՒՂԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԷՐ», ԿԸ ՅԱՅՏՆԷ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ

p3 interview    vahram

Ստորեւ, լոյս կ՛ընծայենք հարցազրոյց մը, կատարուած «Ապառաժ»ի (Նունէ Հայրապետեան) կողմէ,Արցախի Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանի հետ, Արցախի Հանրապետութեան հռչակման 25-ամեակին առթիւ.-

Հ.-Պրն Բալայեան, այս տարի տօնում ենք Արցախի Հանրապետութեան հռչակման 25-ամեակը, ի՞նչ տօն է այն Ձեզ համար: Այսօր, քառորդ դար անց, ինչպէ՞ս էք արժեւորում մեր կատարած ընտրութիւնը:

Պ.- Իմ խորին համոզմամբ, 25 տարի առաջ Արցախի Հանրապետութեան հռչակումը հայ ժողովրդի նորագոյն պատմութեան ամենակարեւոր իրադարձութիւններից մէկը դարձաւ: Իրագործուեց բազում սերունդների դարերի երազանքը: Մեզ պարտադրուած պատերազմի արդիւնքում յաջողուեց ոչ միայն փրկել մեր հայրենիքի մի մասը, այլեւ ազատագրել պատմական հայրենիքի մի փոքրիկ հատուածը, որն այսօր մեր հանրապետութեան անբաժան մասն է: Այնպէս որ` դա մեծ ձեռքբերում էր, ինչն իրականութիւն դարձաւ ողջ հայութեան ներուժի կենտրոնացման շնորհիւ: Մեր ընտրած ճանապարհը` տնտեսական, քաղաքական դժուարութիւններով հանդերձ, ճիշտ էր: Իհարկէ, մենք այսօր բազմաթիւ խնդիրներ ունենք, որոնք լուծուած չեն, սակայն դրանք չպէտք է շեղեն մեզ հիմնական ճանապարհից:
Երբ սկսուեց Արցախեան շարժումը, ժողովրդի մօտ այնպիսի տպաւորութիւն կար, որ բոլոր հարցերին հեշտ ու հանգիստ լուծումներ են տրուելու: Իհարկէ, դա չկատարուեց: Որպէս հասարակագէտ, ես այդ ամէնին հանգիստ եմ նայում, որովհետեւ հասարակական զարգացման գործընթացները ոչ միշտ են համապատասխանում ժողովրդի երազանքներին, սա օրինաչափութիւն է: Աշխարհի շատ ժողովուրդներ այդ ճանապարհն են անցել: 25 տարին փոքր ժամանակահատուած չէ, սակայն միւս կողմից էլ բաւարար չէ մեր երազանքների իրագործման հնարաւորութիւնների առումով: Կարեւորն այն է, որ ունենք պետականութիւն, եւ այն ամէն օր ու ամէն ժամ պէտք է յղկել եւ ձգտել կատարելութեան հասցնել:

Հ.- Անկախութեան տարիների ի՞նչ կարեւոր ձեռքբերումներ կ՚առանձնացնէիք:

Պ.- Մենք մեր պետութիւնն ի սկզբանէ կառուցել ենք իրաւական տեսանկիւնից գրագէտ յաջորդականութեամբ` հիմքում ունենալով անկախութեան, պետականութեան, ինքնիշխանութեան եւ ժողովրդավարութեան սկզբունքները: Ընդհանրապէս, մեր ժողովրդի անկոտրում կամքն ու լաւատեսութիւնը միշտ էլ եղել են մեր բոլոր յաջողութիւնների հիմքում, իսկ նրա անվտանգութեան երաշխաւորը մեր ամենամեծ ձեռքբերումն է` ուժեղ եւ մարտունակ բանակը:

Հ.- Ո՞րն էք համարում պետականաշինութեան տարիներին թոյլ տրուած ամենամեծ սխալը:

Պ.- Ամենամեծ սխալներից մէկն այն էր, որ մենք խորհրդարանական կառավարումից անցանք կիսանախագահականին: Իմ համոզմամբ, կառավարման այդ մոդելը պատմականօրէն արդարացրել էր իրեն, քանի որ խորհրդարանական պետութիւնն առաւել ժողովրդավարութիւն եւ իշխանութեան ու ժողովրդի առողջ փոխյարաբերութիւն է ենթադրում: Երկրորդ սխալը ղարաբաղեան հիմնահարցի հետ կապուած քաղաքական գործընթացներին է առնչւում: Մեր դիւանագիտութեան սխալների պատճառով մենք դուրս մնացինք հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացից: Ինչպէս յայտնի է, դեռեւս ԵԱՀԿ Պուտափեշթեան գագաթնաժողովում մենք ներկայացուել էինք որպէս հակամարտութեան կողմ, բացի այդ, Մ.Ա.Կ.-ն ունի երեք բանաձեւ, որոնցում նշուած է, որ Ղարաբաղեան պատերազմն ընթանում էր Ատրպէյճանի եւ տեղական ուժերի միջեւ, ինչը եւս մէկ անգամ ապացուցում է, որ համաշխարհային հանրութիւնն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը ոտքի է կանգնել եւ սեփական ուժերով փորձել պաշտպանել իր անկախութիւնը: Կատարուեց աններելի սխալ: Այնպէս ստացուեց, որ Հայաստանի Հանրապետութիւնն իր վրայ վերցրեց բանակցային գործընթացը, եւ գործնական քայլերի բացակայութեան պայմաններում, փաստօրէն, յետագայ տարիներին այն գնաց ճահճացման ու յայտնուեց փակուղում: Որպէս սխալներից մէկը պէտք է նշել նաեւ, որ մենք, ցաւօք սրտի, հասարակական ու տնտեսական կեանքը կառուցեցինք` որդեգրելով բոլշեւիզմի սկզբունքները` ամէն ինչ ոչնչացնելով ու սկսելով զրոյից: Հրաժարուեցինք պետական սեփականութիւնից եւ փորձեցինք մեր կեանքը կազմակերպել մասնաւոր սեփականութեան հիմքերի վրայ, ինչը սխալ էր, եւ, իմ կարծիքով, նաեւ դրանով է պայմանաւորուած, որ մենք չենք կարողանում դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Գտնում եմ, որ պէտք է մէկ հարթութեան վրայ դնել տնտեսավարման երեք` պետական, մասնաւոր ու կօօպերատիւ սեփականութեան ձեւերը: Այդ դէպքում միայն մենք կ՚ապահովենք տնտեսական մրցակցութիւն, եւ երկիրն աւելի արագընթաց կը զարգանայ:

Հ.- Արցախեան շարժումն սկսուեց Հայաստանի հետ միաւորման գաղափարով: Սակայն յետոյ իրադարձութիւններն այլ ընթացք ունեցան: Հնարաւոր համարո՞ւմ էք ապագայում երկու հայկական հանրապետութիւնների միաւորումը:

Պ.- Իհարկէ, Շարժումը մենք սկսեցինք միացման գաղափարով: Ես համոզուած եմ, որ ժողովրդի մօտ այսօր էլ կենսունակ է այդ գաղափարը: Ճիշտ է, մենք տարբեր գործօնների ազդեցութեամբ ստիպուած եղանք մեր պետական-հասարակական կեանքը կազմակերպել այլ եղանակով, ինչը չի նշանակում, որ մենք հրաժարուել ենք մէկ միասնական հայրենիքի գաղափարից, եւ ինձ թւում է, որ Արցախի Հանրապետութեան ձեւաւորումն ու ամրապնդումն այս ճանապարհի մի հատուածն է, քանի որ Հայաստանի հետ վերամիաւորուելու եւ պետականութեան գաղափարներն առանձին երեւոյթներ չեն: Սա բաւական դժուար գործընթաց է, եւ մենք պէտք է աշխարհին ցոյց տանք, որ Արցախի ժողովուրդն արժանի է ինքնուրոյն ապրելու եւ պետականութիւն ունենալու:

Հ.- Ապրիլեան պատերազմը դժուար փորձութիւն եղաւ ոչ միայն մեր հանրապետութեան, այլեւ ողջ հայութեան համար: Ձեր կարձիքով, ինչպե՞ս դուրս եկանք այդ փորձութիւնից եւ ի՞նչ դասերով:

Պ.- Ապրիլան պատերազմից մենք պատուով դուրս եկանք: Այստեղ պէտք է հաշուի առնել, որ յանկարծակի յարձակուողը միշտ էլ առաւելութիւն է ունենում: Մեր զինուորի անվեհեր ոգու եւ անձնուրաց հայրենասիրութեան շնորհիւ այդ առաւելութիւնը զրոյի հասցուեց: Իմ խորին համոզմամբ, ռազմական գործողութիւնների շարունակման դէպքում դրանք թշնամու տարածքներ էին փոխադրուելու: Միաժամանակ, այդ օրերի ընթացքում մենք նաեւ մեր սխալներն ու թերացումները բացայայտեցինք, որոնք խաղաղ օրերում այնքան էլ չեն երեւում. դրանք եւ՜ առաջնագծում համապատասխան կահաւորանքի, եւ տեխնիկական միջոցների բացակայութիւնն է, եւ նոր զինատեսակների անհրաժեշտութիւնը, եւ՜ նոր զինուորական միաւորումների ստեղծումը:

Հ.- Ազգային Ժողովի պատգամաւորներն այսօր հետեւո՞ւմ են այդ սխալների ու թերացումների վերացմանը:

Պ.- Պիտի ասեմ, որ վերջին ամիսներին թէ՜ մեր հանրապետութեան, թէ՜ Հ.Հ. խորհրդարանականները բաւական ակտիւ ներգրաւուած են մեր սահմանների պաշտպանութիւնն ամրապնդելու գործընթացին: Խորհրդարանում ունենում ենք փակ քննարկումներ, որոնց ընթացքում բարձրաձայնւում են խնդրահարոյց հարցերը: Մենք նաեւ հետեւում ենք բանակի հզօրացման նպատակով հանգանակուած գումարների նպատակային եւ արդիւնաւէտ օգտագործմանը: Իհարկէ, ի սկզբանէ էր պէտք այսպիսի աշխատաոճ որդեգրել` բազմաթիւ սխալներից խուսափելու համար:

Հ.- Ո՞րն է այսօր մեր ամենագլխաւոր անելիքը:

Պ.- Մենք պէտք է դառնանք բանակ-պետութիւն: Հասարակութեան իւրաքանչիւր անդամ իրեն պէտք է զգայ որպէս հայրենիքի զինուոր: Մեր ժողովուրդը պէտք է գիտակցի, որ սա մեր պատերազմն է եւ մենք պատուով պէտք է այն աւարտին հասցնենք: Այսօր պատերազմական իրավիճակում է աշխարհի մեծ մասը: Եւրոպական երբեմնի ամենախաղաղ քաղաքներն այսօր ապրում են ահաբեկչական նոր պայթիւնների սպասումով, իսկ մեր թշնամին կանգնած է ճակատից այն կողմ: Նորից կրկնեմ, ունենք բազմաթիւ դժուարութիւններ, սոցիալ-տնտեսական անյաղթահարելի թուացող խնդիրներ, սակայն դրանք յաղթահարելի են, եթէ կան սեփական հողը չլքելու կամք եւ վճռականութիւն:
Հ.- Մեր հասարակութիւնն այսօր ամենաշատը մտահոգուած է տարածքային զիջումների մասին խօսակցութիւններով եւ ոչ թէ սոցիալ-տնտեսական հարցերով: Ի՞նչ կ՚ասէք այս առնչութեամբ:

Պ.- Հողեր յանձնելու մասին խօսակցութիւնները գալիս են դրսից, դրանք հրամցւում են մեր ժողովրդին` փորձելու ստուգել նրա դիմադրողականութիւնն ու հետեւել արձագանգին: Ամբողջ աշխարհում չկայ մի նախադէպ, երբ Սահմանադրութեամբ ամրագրուած տարածքը յանձնւում է մէկ այլ երկրի: Պէտք չէ պարտուողական մտածելակերպ ունեցողներին հետեւել, նման պահուածքը կործանման կարող է տանել: Մեր ժողովուրդը պէտք է վստահ լինի, որ արդէն քառորդդարեայ հերոսական պատմութիւն ունեցող մեր անկախ հանրապետութիւնն ունի յստակ ամրագրուած տարածքներ, որոնք պաշտպանւում են` առանց հաշուի առնելու, թէ երրորդ երկրներն այս առնչութեամբ ինչ դիրքորոշում ունեն: Այս մտածելակերպով միայն մենք յաջողութիւնների կը հասնենք բոլոր ուղղութիւններով:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*