ՄԱՈՒԶԷՐԻՍՏՆԵՐԸ

mauser Armenian_Fedayees_1890-1896 (1)

Հաւանաբար չափազանցած եւ սուտ խօսած պիտի ըլլանք, եթէ յայտնենք թէ այս գրութիւնը մաուզէրի կամ մոսինի սուր ծայրով գրուած է…: Յօդուածագիրը՝ Արմենակ Փոխարեան տարբեր ակնոցով կը դիտէ եւ իր զգացումները կը փոխանցէ: Այս յօդուածը, նախապէս, հրատարակուած է «Հայրենիք Ամսագիր»ի Նոյեմբեր 1949-ի թիւին (27-րդ Տարի) մէջ:
Խմբ.

ԱՐՄԵՆԱԿ ՓՈԽԱՐԵԱՆ

Սրանից մօտ կէս դար առաջ , երբ դեռ 16¬17 տարեկան մի պատանի էի, մի ատրճանակ ձեռք բերի։ Մի օր, յանկարծ անակնկալ կերպով հայրս սենեակ մտնելով եւ ձեռքիս զէնքը տեսնելով սաստիկ վշտացաւ եւ ասաց.-
– Դո՞ւն էլ, որդի, այդ վտանգաւոր գործիքին սէր տուիր։ Դրանից քեզ, վնասից բացի, օգուտ չկայ։ Դո՞ւն էլ ուզում ես մարդ սպաննել, որ կորսուես թէ՛ հոգով եւ թէ՛ մարմնով։
– Հայր,- ասացի,- ինքնապաշտպանութեան համար է, որպէսզի տաճիկները նորից, ոչխարի նման, չկոտորեն մեզ։
– Ա՜յ, որդի, տաճիկն ու քիւրտը հարիւրաւոր տարիներով զէնքի սվոր են։ Դա նախախնամութեան կամեցողութիւնն է։ Անօրէնին զէնք ու դժոխք, իսկ հայ քրիստոնէին՝ հալալ աշխատանք ու արքայութիւն։
Ի՞նչ ասէի։ Տարիների ստրկութեան ու բռնութեան սարսափն էր խօսում դեռ հին սերունդի ներկայացուցիչ հօրս բերանով, կրօնական երկիւղածութեամբ աւելի պղտորուած։
Բարեբախտաբար, երիտասարդութիւնը Հ.Յ.Դաշնակցութեան, բանուոր քարոզի եւ մարտական խմբերի հերոսական կռիւների շնորհիւ, թոթափել էր իր հոգու վրայից իր հայրերի նախապաշարմունքները, սարսափն ու մահուան դողը, նա դարձել էր մարտունակ, յանդուգն եւ մեծ վտանգներ փնտռելու ու դիմագրաւելու պատրաստ։ Մեր ազատագրական շարժման այդ առաջին ուժեղ թափը, մի կենսատու աւիշի նման, համակել էր երիտասարդութեան սիրտն ու հոգին. նա ուղղել էր իր կռացած ողնաշարը եւ ընդունակ դարձել կատարելու ռազմական այնպիսի ձեռնարկներ, որոնց օրինակները պէտք էր գնալ¬փնտռել դարեր առաջ, երբ մեր բանակները մարզւում էին Մամիկոնեան քաջարի սպարապետների ձեռքում։
Հայ նոր երիտասարդի համար ստրկութեան անպատիւ լուծն անհանդուրժելի դարձաւ։ Նա սիրեց զէնքը, սիրեց ազատութիւնը եւ անվարան քալեց դէպի մահ՝ ձեռք բերելու համար այդ ազատութիւնը։ Հ.Յ.Դաշնակցութիւնը կատարեց այս հրաշալի հոգեփոխութիւնը։
***
Ես արդէն երիտասարդ էի։ Իմ փոքր ատրճանակն ինձ չէր բաւարարում այլեւս։ Երբ առաջին անգամ մեր զինուորներից մէկի ձեռքում մաուզէր ատրճանակը տեսայ, նա իմ խելքս տարաւ։ Առաջին աշխատանքիս արդիւնքը – տասն օսմ. ոսկի – վճարեցի եւ մի մաուզէր գնեցի։
Գրչով չեմ կարող բացատրել այն գրաւչութիւնն ու հմայքը, որ այդ զէնքը թողեց իմ վրայ։ Նա դարձաւ իմ կուռքն ու իմ պաշտամունքի առարկան։ Սրբութեան նման պահում, մաքրում, գուրգուրում, համբուրում էի զայն։ Գործատեղում՝ ուշքս մաուզէրիս վրայ էր։ Տուն վերադարձիս՝ անմիջապէս թաքստոցից հանում, քանդում էի նրա մասերը, որ 40¬ից աւելի էին, մաքրում, դասաւորում վարպետի նման, լցնում, դատարկում վարպետի նման, լցնում, դատարկում, կրկին լցնում եւ զմայլում նրա խողովակի փայլով ու չէի կշտանում։
Մաուզէր ունեցողներս կազմեցինք այսպէս ասած մաուզերիստների խումբը։ Եւ յաճախ գնում էինք նշանառւթեան։
Կեանքիս մէջ չեմ ունեցել աւելի մեծ հաճոյք, քան այն, երբ մէկ¬երկու վրիպումից, յետոյ, գնդակը նպատակին կպաւ։ Համբուրեցի մաուզէրս, նրա խողովակի գգլխիչ հոտը քաշեցի. վառօդի հոտն էր դա։ Երջանկութեան գերագոյն վայելքն ունէի…։
Ես նոյն մարդը չէի, երբ մաուզէրը կողքիս՝ դուրս էի գալիս։ Հոգեփոխուել էի եւ իմ մէջս խօսում էր առնական, տղամարդու վայել մի ոյժ, հպարտ ու կորովի։ Ես զինուոր էի…mause Van_1915_Armenian_preparations

Միայն, ափսո՜ս որ ես ազատ չէի մաուզէրս ըստ կամս գործածելու։
Երբ հանդիպում էի հայակերտ Ֆահիմին, Ջամալին, Իբոյին եւ մանաւանդ հրէշատիպ Ակեահ ոստիկանապետին, աչքերս բոցավառւում էին րոպէապէս եւ մի հզօր մղում թելադրում էր ինձ. «Քաշի՛ր մաուզէրդ եւ շանսատակ արա՛ սրանց»։ Բայց ես զսպում էի ինքզինքս, որովհետեւ Դաշնակցական էի, կուսակցական կարգապահութեան ենթակայ։ Ես էլ, մաուզէրս էլ պատկանում էինք մեր կուսակցութեան, իսկ կուսակցութիւնը պատկանում էր ազգիս, հայրենիքիս։ Երբ հնչէր մեր հայրենիքի մեծ ահազանգը, այն ժամանակ միայն պիտի խօսէին մեր զէնքերը։ Մաուզէրներն այդ ատեն գնդացիրի դեր պիտի կատարէին ։
Եւ, իսկապէս, Վասպուրականի Ապրիլեան հերոսամարտին, երբ թուրք զօրքերը Ջէվտէթ փաշայի սպառնագին հրամանով յարձակման էին դիմում, մեր մաուզէրների գնդակների տարափի տակ՝ թաւագլոր, գլխակորոյս փախուստ էին տալիս։ Ամբողջ մի ամիս նրանք չհամարձակուեցին իրենց որջերից մի քայլ առաջ գալ։
1908¬ի Օսմանեան խաբուսիկ Սահմանադրութիւնից առաջ, մի առաւօտ, ատակարգ մի շարժում տեսանք մեր այգու ետեւի փողոցում, «Դրախտ»ի* շուրջը։ Ասենք՝ ամէն օր իր դէպքն էր ու իրարանցումն ունէր, բայց այդ օրը տաճիկ զինուորները, երկու հարիւրի չափ, շրջապատել էին «դրախտ»ը։
Դաշնակցական երիտասարդներս կռահեցինք, որ ոստիկանութիւնը յեղափոխականների հոտ էր առել եւ պաշարել տուել «Դրախտ»ը։
Դժուար չէր մեզի համար մի քանի համազարկով ցրուել պաշարող զօրքը եւ հնարաւորութիւն տալմերոնց դուրս գալու։ Սակայն, առանց Կեդրոնական Կոմիտէի կարգադրութեան, մենք իրաւունք չունէինք մի քայլ առնելու։
Իսկոյն մեզանից մէկին ուղարկեցինք հրահանգ ստանալու։ Ստացանք հետեւեալ պատասխանը.¬
¬ Ո՛չ մի շարժում, ո՛չ մի ձեռնարկ։ Կարիք չկայ ընդհարում ստեղծելու եւ ժողովրդի կեանքը վտանգելու։ Պաշարուածներն եթէ իրենց նախաձեռնութեամբ կարողանան ազատուել, լաւ. ապա թէ ոչ՝ թո՛ղ զոհուեն. միայն ոեւէ դէպք չառաջանայ։
Շատ ճիշտ էր եղած հրահանգը, որովհետեւ տաճիկ կառավարութիւնը բազմաթիւ անգամներ թափել էր բազաթիւ անմեղների արիւնը, երբ չէր կարողացել մի վայրում ապաստանած յեղափոխականների ձերբակալել։
Մի քանի րոպէ անց՝ «Դրախտ,ից տասնոցի մի համազարկ լսուեց։ Տաճիկ զինուորները ահաբեկ փախան, եւ «Դրախտ»ում եղած երեք երիտասարդները դուրս գալով, այգիներից անցան եւ անհետացան…
Մեր օրերի յեղափոխական երիտասարդը չբաւականացաւ, սակայն, միայն մաուզէրով։ Նրա իտէալն էր՝ կողքից կախած մաուզէրի հետ ուսին ունենալ նաեւ մոսին հրացանը։ Մի երկսայրի դաշոյն էլ գօտում՝ արդէն նրա զինաւորումը կատարեալ էր։
Բոլոր տեսակի հրացանների մէջից մեր հայդուկների նախընտրածը մոսինն էր, ամուր, անդաւաճան եւ փորձուած մոսինը. մանաւանդ որ գնդակներ ճարելը հեշտ էր. ողջ մնային ցարական կառավարութեան զինապահեստները։
Քանի՜ քանի՜ անձնուրաց երիտասարդներ սեւ աշխատանքի լծուեցին, այդ սրբազան իրերը Ռուսաստանից Երկիր փոխադրելու համար։ Այս աշխատանքը կոչուեց «Ծծման Գործ»։ Նման մրջիւնների եռանդուն կարաւաններին, որոնք հակառակ մարդկանց ոտքի կոխան լինելուն, անդուլ աշխատում են, հայ երիտասարդներն էլ շալակեցին այդ մահուան գործիքները ու Երկիր հասցրին՝ ճանապարհին թողնելով բազմաթիւ զոհուած ընկերների դիակներ։
Հայ Յեղափոխականը միայն մաուզերիստ չէր, այլ աւելի շուտ՝ նա «մոսինիստ» էր։ Եւ քանի՜ քանի՜ հարիւրներ էին այդ անձնուրաց հերոսները, որոնք ինքնակամ, սիրայօժար զինուորագրուեցին հայ ժողովրդի ազատագրութեան Սուրբ Գործին համար։ Տարիներ ու տարիներ շարունակ խաչկապ ձգած փամփուշտակալներով քնեցին ու զարթնեցին, կռուեցին ու նահատակուեցին, ինքնաբուխ սիրով եւ աննախընթաց հերոսութեամբ նրանց զինուորագրութիւնը շրջան կամ ժամկէտ չունէր. ժամկէտը՝ ամէնի համար նահատակութիւնն էր։ Եւ ի՜նչ զարմանալի չարքաշութեամբ ու համբերութեամբ շարունակում էին զէնքի տակ մնալ 5 տարի, 10 տարի, 15, 20 տարի… Եւ ինչպէ՜ս չէին ձանձրանում այդ միշտ թափառական ու արկածալից կեանքից, միշտ վառօդ շնչելուց, խաղալ ուժանակի եւ տինամիտի հետ միասին, ռումբ պայթեցնելուց եւ դժոխային մեքենայ պատրաստելուց…
Եւ, յիրաւի, Հ.Յ.Դաշնակցութեան դրօշի տակ զինուորագրուած մաուզերիստ կամ մոսինիստ հայդուկները, մի քանի տասնեակ տարիների ընթացքին, յեղափոխական այնպիսի յանդուգն եւ աշխարհացունց ակտեր կատարեցին, որոնց նմանը չէին ունեցել Պալքանեան բոլոր ազգերի կազմակերութիւնները։ Դաշնակցական ահաբեկչի գնդակից չազատուեց ո՛չ մի մահկանացու, որ այդ կազմակերպութեան մահավճիռը կրեց։
Պանք Օթոմանի գրաւումը (մէկը նման բազմաթիւ ձեռնարկներից) մի քանի անձնուրաց հերոսների ձեռքով եւ նրանց դիւցազնական կռիւը հազար¬հազար կանոնաւոր զինուորների եւ բաշի-բոզուկների դէմ՝ Սասունցի Դաւիթի կռիւներն էին յիշեցնում։
Հ.Յ.Դաշնակցութեան ներշնչումով մարտունակ դարձած հայ մաուզերիստների խմբերն էին, որ փրկեցին կովկասահայութիւնը Նիկոլա ցարի կառավարութեան խարդաւանանքներով ստեղծուած հայ-թաթարական կռիւներից։ Նրանք էին որ հայ նորագոյն պատմութեան նուիրեցին Վան¬Վասպուրականի, Ուրֆայի, Շապին-Գարահիսարի եւ Սուետիայի փառաւոր հերոսամարտերը։ Նրանց բանակներն էին նոյնպէս, որ անհաւասար ուժերով կռուեցին տաճկական բանակների դէմ ու մեր պատմութեան աւանդ թողին Ղարաքիլիսէի, Բաշ-Աբարանի եւ Սարդարապատի փառաւոր ճակատամարտերը. ապա համաշխարհային ամենակուլ փոթորիկներից միջից ստեղծեցին Հայաստանի անդրանիկ Հանրապետութիւնը 1918 թուի Մայիսի 28-ին։
Յարգանք եւ պատի՛ւ ձեզ, մեր անմահ եւ քաջածին ընկերներ, հայ ազատագրական շարժման մէջ ձեր բաժինը թէեւ ամէնից դժուարինը, բայց ամէնից փառաւորն եղաւ։ Դուք այդ գործին զոհաբերեցիք կամովին ինչ որ ամենաթանկն է աշխարհում՝ ձեր երիտասարդի ծաղիկ կեանքն ու մաքուր արիւնը։ Ես անկարող եմ մէկիկ¬մէկիկ պատմել ձեր կատարած գործերը։ Եւ յետոյ, որի՞ն յիշատակել եւ որի՞ն չմոռանալ… կարելի՞ է երբ եւ իցէ չյիշել Նիկոլ Դումանը, Վարդանը, Արաբօն, Հրայրը,Վազգէնը, Անդրանիկը, Սեպուհը, Սմբատը, Սերոբները, Գէորգ Չաւուշը, Կայծակ¬Առաքելը, Բուլկարացին, Մճօն, Խեչոն՝ Դաշնակցական, Իշխանը, Սարգիսը, հրեշտակատիպ Բաբգէն Սիւնին, Արմէն Գարօն, Վարդգէսը, Մկրտիչ Եօթնեղբայրեանը եւ դեռ հարիւրաւորներ… Կարելի՞ է, երբ եւ իցէ մոռանալ Սեբաստացի Մուրատը, որու առնական կեցուածքը, յանդգնութիւնն ու հայրենասիրութիւնը յիշեցնում էին Մամիկոնեան քաջաբազուկ եւ սպիտակաձի Մուշեղ սպարապետին։ Մուշեղի նման Մուրատն էլ իր ամբողջ կեանքն անցկացրեց կռիւների, կրակի մէջ, մինչեւ որ ընկաւ Պաքուի հերոսամարտում՝ ճակատից խփուելով։
Թո՛ղ օրհնուի յաւէտ ձեր յիշատակը, մեր անմահ զինուորներ, ձեր կատարած գործը գերիվեր է ամէն գնահատանքից։ Եթէ այսօր մենք ունենք մեր փոքր Հայաստանը, դա գինն է ձեր թափած արեան ու ձեր աննախընթաց հերոսութեան։ Եւ եթէ փոքրիկ Հայաստանը պիտի մեծնայ, պատռի իր նեղ գօտին եւ հասնի իր բնական սահմաններին, դա կը լինի դարձեալ ձեր նմանների արիւնովն ու անձնուիրութեամբ։ Ձեր յիշատակը միշտ կենդանի է մեր՝ ձեր շնորհիւ վերապրողներիս սրտում։
Կան հայեր այսօր, որ անտեղեակ են ձեր կեանքին, չեն տեսել ձեզ, չեն գործակցել ձեզ հետ, չեն կարդացել ձեր պատմութիւնը, կամ գիտնալով հանդերձ, քաղաքականութեան բերումով, անուանարկում են ձեզ, աշխատում են ցեխ շպրտել ձեր լուսաշող ճակատին։ Դա խոցում է մեր սիրտն ու անհնարին վիշտ պատճառում։ Բայց ձեր հոգիները թո՛ղ անվրդով մնան այս ուրացման հանդէպ։ Վարդան Մամիկոնեանի անունն էլ մի ժամանակ մոռացուած էր Հայաստանում։ Սակայն, այսօր նա ոգեւորութեան անսպառ աղբիւր է թէ՛ հայ մարտիկին եւ թէ՛ հայ գրողի համար։ Րաֆֆին ¬ հայ ազատագրական շարժումի վարպետ դարբինն էլ¬ արհամարհուած էր, որպէս շովէն¬ազգայնամով։ Բայց այսօր նրա ուրուագծած հերոսները շարժապատկերի պաստառի վրայ վերակենդանացած՝ ոգեւորում են հայ ժողովուրդը։
Կը գայ ժամանակը, երբ ձեր պատմութիւնը եւս, հայ մարտիկ, ոսկի տառերով պիտի արձանագրուի հայ տարեգրութեան մէջ ու ձեր յայտնի ու անյայտ ոսկորները հաւաքուելով, որպէս սրբազան մասունքներ, պիտի պահուեն Հայաստանի Պանթէոնում, իբրեւ պաշտամունքի, ոգեւորութեան եւ նեշնչման նշխարներ…
* «Դրախտ» կոչուածը Ջինով Միհրանենց բնակարանն էր, դաշտի բերանը, որտեղ մեր զինատար խմբերը, օրերով սար ու ձոր չափելուց յետոյ, կարող էին իջնել գիշերուան ամէն պահին։ Այնտեղ կարող էին հանգստանալ, մի բաժակ թէյով ու մի պնակ կերակուրով կազդուրուել։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*