Սարքովի Քաղաքական Դաշտ

droshak
«Դրօշակ»ի Խմբագրական
Մարտ 13, 2015
Բոլորովին վերջերս սկսուեց եւ դեռ չի աւարտուել մեր երկրի, քաղաքական կարգավիճակով երկրորդ, կուսակցութեան փլուզումը: Այն ուժը, որը կատարուածից ընդամէնը 1-2 օր առաջ կարող էր թուալ հզօր եւ անսասան, այնպէս փլուզուեց ինչպէս թղթէ տնակը` քամուց: Նման երեւոյթը, ինչն արտառոց կը լինէր այլ երկրների համար, այդպէս չէ մեր դէպքում:
Դրանում համոզուելու համար կարելի է պարզապէս արձանագրել այն կերպափոխութիւնները, որ տեղի են ունեցել գործող խորհրդարանում (գործող խորհրդարանը ընդունենք օրինակ, որովհետեւ հիմնական քաղաքական դերակատար ուժերը ներկայացուած են հէնց այստեղ, իսկ արտախորհրդարանական ուժերին, նիւթական օրէնսդրական եւ այլ պատճառներով, ակտիւ ինքանդրսեւորման հնարաւորութիւն տրուած չէ):
Եւ այսպէս ներկայ գումարման խորհրդարանական վեց խմբակցութիւններից «Քոնկրէս»ն ու «Ժառանգութիւն»ը պառակտուած են, «Օրինաց Երկիր»-ը սկզբում կոալիցիա ձեւաւորեց բացարձակ յաղթանակ տարած Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան հետ, այնուհետեւ լքեց կոալիցիան իրեն յայտարարելով ընդդիմադիր ուժ: Օրինացերկրականների նախագահը հրաժարուեց Անվտանգութեան խորհրդի նախագահի պաշտօնից, իսկ կուսակցութեան նախարարները գերադասեցին դուրս գալ կուսակցութիւնից եւ պահպանել կառավարական աթոռները:
Եթէ հետ գնանք դէպի նորանկախ Հայաստանի ոչ երկար պատմութեան խորքը, ապա կը տեսնենք, որ քաղաքական դաշտի այլափոխութիւններն ու փլուզումները մեր քաղաքական կեանքի մշտական ու բնորոշ երեւոյթներից են: Կարելի է յիշել քաղաքական ուժերի, կուսակցութիւնների, որոնք եղել են մէկ բան, (գաղափարախօսութեան ու քաղաքական դաւանանքի առումով) սակայն վերածուել են բոլորովին այլ բանի, ինչպէս եւ դերակատարութիւն ունեցած կուսակցութիւնների, որոնք փաստացի գոյութիւն չունեն այսօր: Դրանց թւում ամենաակնառու օրինակն իհարկէ, անկախութեան ակունքներում կանգնած ՀայոցՀամազգային Շարժումն է, որի համահայաստանեան հզօր կառոյցները եւս փուլ եկան, տրոհուեցին հակոտնեայ մասերի, եւ որն այսօր գոյատեւում է խիստ սահմանափակ ներուժով: Այն պարագայում, երբ իրենց հիմնական դէմքը հանդիսացող ու երկրի առաջին նախագահը գլխաւորում է այլ ուժերի ու նոյնպէս հակադրութեան մէջ է իր քաղաքական կարիերան ապահոված Հ.Հ.Շ.-ի հետ:
Առանց չարախնդալու, կարելի է ասել, որ իր հնարաւորութիւններով ամբողջովին, (եւ դեռ մի բան էլ աւելի) Հ.Հ.Շ.-ին փոխարինած ներկայիս կառավարող ուժը դժուար թէ խուսափի իր նախորդի ճակատագրից, երբ մի օր, ցանկանայ թէ չցանկանայ, դառնալու է ընդդիմութիւն: Կարելի է մի պահ յիշել իշխող կուսակցութեանը մաս կազմող մեծահարուստներին ու պաշտօնեաներին համոզուելու համար, որ նրանք կը մեռնեն, բայց չեն կրի ընդդիմութեան «ծանր խարանն ու ճակատագիրը»: Իսկապէս ծիծաղելի կը լինէր այս ամէնը, եթէ այդքան տխուր եւ մանաւանդ մտահոգիչ չլինէր:
Խնդիրն ի վերջոյ քաղաքական այս կամ այն ուժը չէ, այլ երկրի քաղաքական դաշտը, որն էլ կազմում է պետական համակարգի միս ու արիւնը:
Ասուածն ամբողջութեան մէջ պատկերացնելու համար պէտք է նկատի ունենալ նաեւ կառավարման չինովնիկական բուրգը, որի կուսակցական ներկայացուցիչները ամէն օր հետեւում են քաղաքական դաշտում տիրող եղանակային փոփոխութիւններին, քամուն համընթաց, ճիշտ պահին ճիշտ կողմնորոշուելու եւ վերակողմնորոշուելու համար:
Աւելորդ է նշել նաեւ, որ նման պայմաններում անիմաստ է մտածելը մեզանում քաղաքական մշակոյթի աւանդոյթների ձեւաւորման մասին, որոնք հանդիսանում են կայացած պետութիւնների չգրուած սահմանադրութիւնները:
Մի պահ պատկերացնենք օրինակ Միացեալ թագաւորութեան միապետի խօսքի ազդեցութիւնը երկրում` անկախ անգամ սահմանադրօրէն իրեն վերապահուած իրաւասութիւններից: Կամ պատկերացնենք ընդդիմութեան նկատմամբ իշխող ուժի անձնաւորուած վերաբերմունք Գերմանիայում, ֆրանսիայում: Կամ կայուն պետականութեամբ մէկ այլ երկրում տարբեր ոլորտների կուսակցականացման երեւոյթը, քաղաքական ասպարէզ մտած մարդկանց ցատկոտումները կուսակցութիւնից-կուսակցութիւն եւ այլն:
Երեւոյթի մեղաւորների թւում կարելի է նշել.-
ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԵՏԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ՎԱՐՔԱԳԾՈՎ , երբ նրանք, գայթակղուեցին չկազմաքանդուած աւտորիտար համակարգերով ու հանրութեան մէջ այդպիսի մտայնութիւնների գոյութեամբ: Գերադասեցին ուղղորդել քաղաքական ողջ դաշտը, իշխանութեան ընձեռած հնարաւորութիւններն ու լծակներն օգտագործեցին ընտրական գործընթացներում յաղթանակ տօնելու համար,
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՅԼ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ, որոնք յաճախ կուսակցութիւնների ստեղծումը բիզնես նախագծերի հետ շփոթելով թխեցին ինչ որ ծրագրեր ու կանոնագրեր եւ փորձեցին ամէն գնով տաքուկ տեղ ապահովել «արեւի տակ»
ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՈՒԱԾԻՆ, որն իր ստացած դասերի հիման վրայ, քաղաքական ուժերի նկատմամբ քուէով արտայայտուած վերաբերմունք դրսեւորելու փոխարէն, այլ գործօնների թելադրանքով, կայացնում է որոշումներ, ոչ ըստ խղճի եւ տրամաբանութեան մտօք:
Կարելի է իհարկէ երեւոյթների պատճառների մասին աւելի շատ խօսել, բայց ախտաճանաչումներից աւելի կարեւոր է պատասխանելը այն հարցին, թէ հնարաւո՞ր է արդեօք այս կերպ շարունակել ներքաղաքական գործընթացները եւ երազել ուժեղ պետութեան մասին:
Նկատի ունենանք նաեւ, որ քաղաքականութիւնից են ածանցւում սոցիալ-տնտեսական իրավիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտն ու հասարակութեան ցուցաբերած արձագանքը:
Հայաստանն իսկապէս կանգնած է, քաղաքական համակարգի որակական բարեփոխման հրամայականի առջեւ:
Այս դաշտում, նոյնիսկ մեր ապագաղափարական ժամանակներում, գործունէութեան հիմք պէտք է ընդունուեն գաղափարները: Քաղաքական ուժերը պէտք է ձեւաւորուեն գաղափարների, քաղաքական նպատակների եւ ոչ թէ անձերի շուրջ: Իշխանութեան ձգտումը չի կարող շարունակուել որպէս ինքնանպատակ եւ ամէն գնով ձեռք գցելու արժէք:
Իսկ ով պէտք է այս վիճակին համարժէք գնահատական տա եւ ընդառաջ գնա բարեփոխումներին: Հասարակութիւնն ու իշխանութիւնները փոխկապակցուած են եւ մէկի կամ միւսի ուսերին բարդելը կը նմանուի հաւի ու ձուի պատմութեանը: Ամէն պարագայում մեքանիզմների յստակեցումն ու դրանց առաջարկը իշխանութիւնների եւ քաղաքական հանրութեան գործառոյթն է: Նոյն չափով որքանով, որ այդ գործընթացների տապալումը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*